Փետրվարի 13, 2013 թվական:
Շախտյորը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում ընդունել էր Դորտմունդի Բորուսիային: Ինձ բախտ վիճակվեց ներկա գտնվել այդ տոնին, երկրպագել Շախտյորին հրաշք Դոնբաս-Արենայում:
Մարզադաշտը լեփ-լեցուն էր դեռ խաղը սկսվելուց մեկ ժամ առաջ: Շուրջ բոլորս նարնջագույն-սև էր, միայն մարզադաշտի մի սեկտորն էին Գերմանիայից ժամանած երկրպագուները ներկել սև-դեղինով:
Երկրպագուների բարձր ծափահարությունների ներքո թիմերը դուրս եկան խաղադաշտ: Թիմերի մեկնարկային կազմերում ոչ մի անակնկալ չկար: Շախտյորի դարպասում տեղ էր զբաղեցրել Պյատովը, պաշտպաններն էին Ռակիցկին, Կուչերը, Ռացը և Սռնան, կիսապաշտպանությունում խաղում էին` Ստեպանենկոն, Ֆերնանդինյոն, Մխիթարյանը և Տեյշերան, հարձակվողներն էին Թայսոնը և Լուիս Ադրիանոն: Իսկ հյուրերը ասպարեզ են դուրս եկել այսպիսի կազմով` դարպասապահ` Վեյդելֆելլեր, պաշտպաններ` Պիշեկ, Սանտանա, Հումելս և Շմեյցեր, կիսապաշտպաններ` Գյունդոգան, Կել, Բլաշիկովսկի, Գյոտցե և Ռոյս, հարձակվող` Լևանդովսկի:
Երկու մարզիչներն էլ, ինչպես և սպասվում էր, ընտրել էին հարձակողական կազմ և հենց սկզբից սկսվեցին փոխադարձ գրոհները, առանց, այսպես ասած, փոխադարձ հետախուզության: Շախտյորը հենց սկզբից նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը և սկսեց խաղալ առաջին համարով, իսկ Բորուսիան ավելի վտանգավոր էր հակագրոհների ժամանակ: Չնայած բարձր տեմպին և դեպի դարպասը բազմաթիվ հարվածներին առաջին 20 րոպեների ընթացքում թիմերից ոչ մեկը չստեղծեց լուրջ գոլային պահ: 23-րդ րոպեին Շախտյորը Ֆերնանդինյոյի հարվածից հետո կարող էր բացել հաշիվը, սակայն Վեյդերֆելլերը գեղեցիկ սեյվով հեռացրեց գնդակը անկյունային: Մի քանի րոպե անց վտանգավոր հարված կատարեց Մխիթարյանը, բայց Բորուսիայի դարպասապահը նորից տեղում էր: Դոնբաս-Արենան սպասում էր գոլի և Շախտյորի ֆուտբոլիստները երկար չսպասեցրին: 34-րդ րոպեին Մխիթարյանը դաշտի կենտրոնում ստացավ գնդակը, շարժվեց դեպի մրցակցի դարպասը` շրջանցելով 2 պաշտպանի և փոխանցում կատարեց աջից միացած Թայսոնին, ով շեշտակի հարվածով գրավեց դարպասը: Մարզադաշտը պայթեց` ԳՈՈՈՈՈԼ... 1-0: Գոլից հետո Շախտյորը մի փոքր նվազեցրեց տեմպը. գրոհելու հերթը Բորուսիայինն էր: ԵՎ նրանց շատ շուտ հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: 41-րդ րոպեին հեռահար գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Ռոյսը: Գերմանացիներին գոլը վստահություն ներշնչեց և մինչև ընդմիջում նրանք կազմակերպեցին ևս մի քանի վտանգավոր դիրքեր, սակայն հուսալի էր խաղում Պյատովը, կամ հարվածները մի փոքր շեղ էին ստացվում: Իսկ Շախտյորը առաջին խաղակեսի վերջին րոպեներին պաշտպանվողի դերում էր: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց` 1-1: Թիմերը գնացին հանգստի:
Երկրորդ խաղակեսի հենց սկզբից Շախտյորը մարզադաշտի բուռն աջակցության ներքո մեկը մյուսի հետևից կազմակերպում էր վտանգավոր գրոհներ, ցույց տալով, որ իրեն միայն հաղթանակ է պետք: Վտանգավոր պահեր ունեցան Թայսոնը, Մխիթարյանը, Սռնան: 64-րդ րոպեին Մխիթարյանը տուգանային հրապարակի մատույցներում ստացավ գնդակը, մի փոքր առաջ շարժվեց և, երբ թվում էր թե փոխանցում կկատարի աջ եզր, անսպասելի հարված կատարեց դարպասին: ԳՈՈՈՈՈԼ.. Հիանալի գոլ: Կեցցես, Հենո: Մենք կրկին առջևում ենք: Խաղի մնացած րոպեները նորից անցան Շախտյորի առավելությամբ, իսկ Բորուսիան երկրորդ խաղակեսի ընթացքում աննկատ էր և այդպես էլ ոչնչով աչքի չընկավ: Հանդիպման 89-րդ րոպեին Շախտյորը մեծացրեց առավելությունը. անկյունային հարվածից հետո Բորուսիայի դարպասի մոտ խառնաշփոթ էր, և այդ իրավիճակում ամենաարագը կողմնորոշվեց Ֆերնանդինյոն, գնդակն ուղարկելով դարպասը:
Խաղն այդ հաշվով էլ ավարտվեց` 3-1: Շախտյորը շատ լուրջ քայլ կատարեց դեպի Չեմպիոնների լիգայի 1/4 փուլ տանող ճանապարհին:
Բրավո՛ Շախտյոր, բրավո՛ Դոնբաս-Արենա, բրավո՛ Հենրիխ Մխիթարյան: