Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս I - Mediamax.am

exclusive
9507 դիտում

Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս I


Երեւանն ու «Առագաստ» սրճարանը:
Երեւանն ու «Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Երեւանի «Փակ շուկան» 1952 թվականին:
Երեւանի «Փակ շուկան» 1952 թվականին:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղինակ` Ա. Պողոսյան:

Երեւանի «Կարապի լճի» շինարարությունը:
Երեւանի «Կարապի լճի» շինարարությունը:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղինակ` Համբարձումյան:

Երեւանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը` «Էրեբունի-Երեւան» շատրվանների պաշտոնական բացումից մեկ օր առաջ` 1968թ. հոկտեմբերի 22-ին:
Երեւանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը` «Էրեբունի-Երեւան» շատրվանների պաշտոնական բացումից մեկ օր առաջ` 1968թ. հոկտեմբերի 22-ին:

Լուսանկարը` Ռ. Հասրաթյանի արխիվից:


Լիանա Սահակյանի «Ռապսոդիա վարդագույնով» գիրքն ընթերցողին ետ է տանում դեպի 60-ականների Երեւան` իր բույրերով ու հնչյուններով: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2013թ. հրատարակված Լիանա Սահակյանի «Ռապսոդիա վարդագույնով» գիրքը` նվիրված 60-ական թվականների Երեւանին: Քանի որ գիրքը հրատարակվել է Մոսկվայում` փոքր տպաքանակով, այն հասանելի չէր բազմաթիվ երեւանցիների համար:

Ստանալով հեղինակի թույլտվությունը` որոշեցինք այն ներկայացնել մի քանի մասով` հայերեն եւ ռուսերեն լեզուներով: Կարծում ենք, «Ռապսոդիա վարդագույնով» կարելի է համարել Մեդիամաքս-ի «Երեւան. XX դար» հատուկ նախագծի յուրօրինակ շարունակությունը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գրքի առաջին մասը:

Նվիրում եմ սիրելի ամուսնուս՝ Տիգրանին եւ ի դեմս նրա՝ իմ սերնդակից բոլոր երեւանցիներին

Տարիքն առնելով, մարդը սկսում է հաճախ վերադառնալ հոգու խորքերում թաքնված այն թանկարժեք հուշերին, որոնք ժամանակի ընթացքում ոչ միայն չեն խամրում,այլեւ ձեռք են բերում նոր երանգներ  եւ իմաստներ: Ժամանակակից շատ հոգեբաններ խորհուրդ են տալիս չվերադառնալ դեպի անցյալը, իբր դա քայքայում է մարդու՝ ներկայով ապրելու ու ապագան հետամտելու ձգտումը: Սակայն հենց ինքը՝ Էյնշտեյնն է հանգել այն եզրակացությանը, որ ֆիզիկայի օրենքների համաձայն, գոյություն չունեն ժամանակային այնպիսի անջրպետներ, ինչպիսիք են անցյալը, ներկան ու ապագան. այդ ամենը մի ամբողջություն է: Իսկ եթե հարցին մոտենանք զգայական տեսանկյունից, ապա, հավանաբար, յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչը հատել ու մոռացության մատնել, ինչն էլ թողնել, որպես իր կյանքի եւ էության անքակտելի մաս: Գիտականորեն ասած, դա էլ էներգիայի պահպանման օրենքն է:

Առաջին անգամը չէ, որ փորձել եմ գրչի օգնությամբ ոչ միայն իմ, այլեւ ժառանգներիս  համար պահպանել նախնիներիս, որդիներիս, ինչպես նաեւ սեփական կյանքիս որոշակի ժամանակաշրջանները:

Իսկ հիմա ինձ մոտ ցանկություն առաջացավ վերստեղծել 50-ականների վերջից մինչեւ 60-ականների վերջի Երեւանը, քանի որ, իմ խորին համոզմամբ, դրանք մեր քաղաքի վերածննդի ամենահիշարժան եւ անկրկնելի տարիներն էին՝ Երեւանին բնորոշ բացառիկությամբ: Գիտեմ, որ յուրաքանչյուր սերունդ ունի Երեւանի հետ կապված իրեն հոգեհարազատ ժամանակահատվածը, սակայն տվյալ դեպքում սա կարոտախտ չէ իմ պատանեկության Երեւանի հանդեպ (այլ հարց է, որ քաղաքի ծաղկունքը համընկավ երիտասարդ տարիներիս հետ): Պարզապես ցանկանում եմ գոնե այս կերպ փորձել պահպանել հայրենի քաղաքիս մթնոլորտը՝ իր բույրերով ու հնչյուններով, անկրկնելի երանգներով, որոնք, ավաղ, այսօր մնացել են միայն սերնդակիցներիս սրտերում: 

1

1956 թվականի շոգ օգոստոսն էր: Մեր ընտանիքը նոր էր Կիրովականից Երեւան տեղափոխվել: Չեմ կարող ասել, որ մայրաքաղաքն ինձ՝ 8-ամյա աղջնակիս ապշեցրեց, ավելի շուտ խառնաշփոթի զգացում ապրեցի: Ինձ զարմացրեցին բակերում ու փողոցներում ճարպկորեն վազվզող, չափազանց թուխ, կիսամերկ տղաները: Բակերում դեռեւս կանգնած էին կավաշեն տնակները եւ  նույնիսկ մեր փողոցում, քաղաքի ամենակենտրոնում (Մոսկովյան նրբանցք), ցցված էր մի անհեթեթ տուն: Եվ, թեեւ, մենք եկել էինք գավառից, (սակայն պետք է նշեմ, որ  ծնողներս թիֆլիսեցիներ էին,եւ մենք ավելի շատ կապված էինք հենց Թբիլիսիի  հետ), Երեւանն ինձ մոտ հակասական զգացմունքներ առաջացրեց. չէի կարող հասկանալ՝ լայն փողոցներով քաղաք էր, թե՞ գյուղ:

Սկզբում մանկական երեւակայությանս վրա մեծ տպավորություն գործեց այն փաստը, որ ամռանը այդ տնակների բնակիչները քնում էին հենց բակում, հարեւանը՝ հարեւանի կողքին եւ ոչ ոք դա տարօրինակ չէր համարում:


Երեւանի «Փակ շուկան» 1952 թվականին:
Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղինակ` Ա. Պողոսյան:

Սակայն այս ամենն երկար չտեւեց, քանի որ քաղաքը սկսեց ֆանտաստիկ արագությամբ կերպարանափոխվել: Ես դա բացատրում եմ այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած մտավորականության մեծ հոսքով: Երեւան տեղափոխվեցին կարեւորագույն բնագավառների հեռանկարային մասնագետներ՝ Թբիլիսիից, Բաքվից եւ այլ քաղաքներից: Մեր ծնողներն արագ համախոհների խումբ ձեւավորեցին:  Բոլորը լի էին լավատեսությամբ, խանդավառությամբ եւ առողջ պատվասիրությամբ: Ստալինի մահից հետո մարդիկ արագորեն սկսեցին ազատվել տարբեր վախերից: Տեղի էր ունենում համընդհանուր մաքրագործում, որն այնուհետեւ անվանվեց հալոցքի (ռուսերեն՝ оттепель) ժամանակաշրջան: Մարդիկ զգում էին փոփոխությունների քամու շունչը եւ հույսի, ուժի եւ կերտելու ձգտումով լցվելով, տրվում էին առօրյա ուրախություններին:
 
Օրինաչափ է, որ ետպատերազմյան այդ մթնոլորտը բնական կերպով նպաստում էր նոր սերնդի ձեւավորմանը: Եկել էր քարերը հավաքելու ժամանակը… Այդ անցումային ժամանակաշրջանը համընկավ մեր մանկության ու պատանեկության հետ եւ ճակատագրական դարձավ:

Իմ հասակակիցներից շատերը, տեսնելով այսօրվա «ոսկե հորթի» պաշտամունքին ամբողջապես տրված իրականությունը, հակված են իդեալականացնել այդ ժամանակաշրջանը: Սակայն ամեն իմացություն բխում է համեմատությունից եւ այդ իդեալականացումն իր հիմքերն ունի: Սիրով է հիշվում պատմական այն շրջանը, երբ պատերազմից, զրկանքներից, սովից ու վախից կոփված մարդիկ ո'չ թե չարացան, այլ ընդհակառակը, դարձան համբերատար, բարի, առանց շահադիտության որեւէ նշույլի:

Մեր հայրերը սկսեցին կառուցել Երեւանը: Վեր խոյացան նոր, հիմնականում տուֆից կառուցված շենքեր: Երեւանը օր օրի վրա ավելի ու ավելի էր գեղեցկանում ու ժամանակակից դառնում եւ դրա հետ մեկտեղ կերպարանափոխվում էին բնակիչները:


Երեւանի «Կարապի լճի» շինարարությունը:
Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղինակ` Համբարձումյան:

Թուխ տղաները չգիտես ուր անհետացան, նրանց փոխարինելու եկան համակրելի ու ժամանակակից պատանիները: Մեկ ակնթարթում նոր պուրակներ ու զբոսայգիներ, կառույցներ, փողոցներ հայտնվեցին.. Հինգ տարվա ընթացքում քաղաքի կենտրոնից  անհետացան բարաքները: Մարդիկ տեղափոխվում էին բոլոր հարմարություններով օժտված ՝մանրատախտակե հատակներով, պատշգամբներով, լոջիաներով նոր բնակարաններ: 

2

Ազատության յուրահատուկ մի շունչ հանդիսացավ 1957 թվականին Մոսկվայում կայացած Երիտասարդության եւ ուսանողների փառատոնը, որի բարերար ազդեցությունը զգացին ԽՍՀՄ-ի բոլոր բնակիչները: Կարծես ընդլայնվեցին մինչ այդ փակ, ավտորիտար երկրի սահմանները: Զարմանալի չէր, որ ժողովուրդը բառացիորեն էր ընկալում խրուշչովյան այդ հալոցքը. Մեծամասամբ մարդիկ  միամիտ էին, եւ երկրի քաղաքական կյանքի չնչին փոփոխությունները նրանց հոգում ծնում էին անձնական ազատության եւ անկախության հույսեր: Եվ, չնայած նրան, որ իրականում դա միայն ազատության պատրանք էր, այն տեղ գտավ մարդկանց սրտերում՝ օգնելով ազատագրվել ու անվերապահ հավատալ պայծառ ապագային:

Մեր սերունդն անմիջապես, ոչ մի բան հաշվի չառնելով, իր վրայից թոթափեց կապանքներն ու վերափոխվեց  ժողովրդավար, բավարարված, ազատ մարդկանց:

Նույնիսկ դաստիարակության հարցում սրընթաց կերպով վերացան խիստ նահապետական հայացքները, որոնց փոխարինելու եկան ավելի լայնախոհ մոտեցումները, իսկ մեզ`երեխաներիս, ավելի մեծ ազատություն տրամադրվեց: Օրինակ, հայրս, Երեւան տեղափոխվելուց առաջ խստության մեջ էր դաստիարակում ավագ քրոջս, եւ ընդամենը երկու տարի անց կտրուկ փոխեց աշխարհահայացքը եւ թույլ տվեց, որ իր 19-ամյա դուստրը միայնակ մեկնի Մոսկվա`վերոհիշյալ փառատոնին:

Այդպես երեւանյան մտավորականությունը արագորեն
ազատվում էր իր նախապաշարումներից: Որպես խաղաղության եւ ժողովուրդների միջեւ բարեկամության խորհրդանիշ ռադիոից հնչում էր սեւամորթ Պոլ Ռոբսոնի ձայնը. «Քնի'ր,  փոքրի'կս»:

3

Հենց այդ ժամանակաշրջանում Հայաստան սկսեցին ժամանել արտասահմանյան հայազգի անվանի արտիստներ: Ֆրանսիայից Հայաստան երկար հյուրախաղերով ժամանեց հրաշալի դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը, որի այցը քիչ մնաց ավարտվեր ամուսնությամբ մեր հեռուստատեսության հանրահայտ հաղորդավարուհի Էլեոնորա Վարդանյանի հետ: Ես նրանց միասին տեսել եմ մեր ընկերների՝ Շավոյանների մոտ, ու գեղեցկուհի Էլեոնորան իմ մանկական երեւակայությունը ցնցեց. այն ժամանակ Երեւանում նման գեղեցկուհիներ քիչ կային: Սակայն նրանց ամուսնությունը տեղի չունեցավ եւ դաշնակահարը վերադարձավ Ֆրանսիա:


Երեւանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը` «Էրեբունի-Երեւան» շատրվանների պաշտոնական բացումից մեկ օր առաջ` 1968թ. հոկտեմբերի 22-ին:
Լուսանկարը` Ռ. Հասրաթյանի արխիվից:

Ռումինիայից ժամանեց հայտնի տենոր Կարպիս Զոբյանը` երգչուհի Զինաիդա Պալիի հետ: Սակայն երեւանցիների վրա ավելի մեծ ազդեցություն թողեց Ֆրանսիայից ժամանած էստրադային երգիչ Ժակ Դուվալյանը: Մոսկվայի փառատոնից հետո մենք արդեն ծանոթ էինք Իվ Մոնտանի արվեստին եւ նրա՝ մեզ համար այդքան անսովոր բեմի վրա պահելու ձեւին, եւ ահա Երեւան է ժամանում իր ոճով Մոնտանին այդքան հիշեցնող մի երգիչ, այն էլ` հայազգի: Նա եւս Հայաստանում մնաց մի քանի տարի, անկեղծ հավատալով իր պատմական հայրենիքի լուսավոր ապագային: Մեր համար զարմանալի էր, որ երգիչը բեմի վրա ոչ միայն երգում էր, այլեւ մտնելով կերպարի մեջ, շարժվում էր բեմում, պարում՝ ցուցադրելով նաեւ իր դերասանական հմտությունը: Զարմացնում ու հիացնում էր այն, որ «փոքր» ձայն ունենալով հանդերձ, նա դրան տիրապետում էր խիստ մասնագիտորեն: Նրա հանրահայտ շարժումը, երբ նա` հենց իր հեղինակային երգի՝ «Մրսում է Երեւանը...» բառերի տակ բարձրացնում էր բաճկոնակի օձիքն ու կուչ գալիս, հիշվում է առ այսօր: Դա մեր էստրադային արվեստում հեղափոխություն էր, քանի որ մինչ այդ ինչպես դասական, այդպես էլ էստրադային երգիչները բեմի վրա ունեին քարացած ու երբեմն անհեթեթ տեսք:

Իսկ նրա հագնվելու ոճը`նեղ շալվարը եւ ուսին անփութորեն գցած բաճկոնը,  երիտասարդների համար կրկնօրինակման առարկա դարձավ: Քաղաքում սկսեցին հայտնվել շատ նեղ շալվարներով եւ ուսերին նետված բաճկոնակներով երիտասարդներ:

Հյուրախաղերի միջնորդությամբ, սկզբում բավական երկչոտ, այնուհետեւ ավելի բուռն ձեւով մեր գիտակցության մեջ սկսեցին ներթափանցել Արեւմուտքի միտումները: Ու մեր էստրադային կոմպոզիտորները, այնպիսիք, ինչպիսիք են Արտեմի Այվազյանը, երիտասարդ Բաբաջանյանն ու Օրբելյանը եւ այլոք, հանդես եկան հրաշալի երգերով, իսկ էստրադային բեմում հայտնվեցին մոդայիկ հագնված երգիչներ, որոնք նաեւ ձգտում էին բեմի վրա իրենց ազատ ու բնական պահել: 50-ականների երգերը մեկը մյուսից լավն էին, քանի որ կոմպոզիտորները իսկական մեղեդու մասնագետներ էին: Ո՞վ չի հիշում «Գյուլնարա» ն, «Կարինե» ն ու Այվազյանի «Քարավան»-ը, «Առաջին սիրո երգը» կինոնկարի Բաբաջանյանի հեղինակած երգերը, կամ Օրբելյանի երգերը` անկրկնելի Բելա Դարբինյանի կատարմամբ: Դրանք մինչ օրս չեն կորցրել իրենց հմայքն ու ո'չ ոքի անտարբեր չեն թողնում, հատկապես, երբ սկսում ենք դրանք համեմատել այժմյան մեկ օրվա կյանք ունեցող երգերի հետ:

Շարունակելի:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին