2024 թվականի հունվարի 31-ին ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն հայտնել է, որ Հայաստանի պատմության թանգարանի եւ Բրիտանական թանգարանի միջեւ ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ 2024 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Երեւանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանի գլուխը։ Նման փորձ ձեռնարկվել էր նաեւ 2012 թվականին, սակայն այն հաջողությամբ չպսակվեց:
1. Ինչպե՞ս է Անահիտ դիցուհու արձանի գլուխը հայտնվել Լոնդոնում:
Արձանային մասունքը հայտնաբերվել է 1873 թվականին պատմական Փոքր Հայքի տարածքում՝ Գայլ գետի վերին հոսանքի շրջանում գտնվող Սատաղ բնակավայրում (ներկայում՝ Սադակ, Գյումյուշհանեի մարզ, Թուրքիա)։ Թվագրվում է մ.թ.ա. 2-4-րդ դարերին։
Հայտնաբերվելուց մեկ տարի անց ձեռք է բերվել Բրիտանական թանգարանի կողմից եւ մինչ օրս պահվում է Միացյալ Թագավորության մայրաքաղաքում։
2. Ի՞նչ նախապատմություն ունի «Անահիտ դիցուհու» գլուխը «տուն բերելու» նախաձեռնությունը:
2012 թվականի մարտին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) համակարգող Կարեն Ավագյանը հայտնել էր, որ Անահիտ դիցուհու արձանի մասունքները հայրենիք վերադարձնելու ուղերձի տակ հավաքվել է մոտ 20 հազար ստորագրություն:
2012թ. մարտի 7-ին ՀԵՀ-ը ակցիա էր կազմակերպել Մեծ Բրիտանիայի դեսպանության մոտ՝ պահանջելով վերադարձնել մասունքները:
3. Ի՞նչ էին ասում մասնագետները:
2012 թվականի մարտին Մեդիամաքսի խնդրանքով անդրադառնալով նախաձեռնությանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը նկատել էր, որ Բրիտանական թանգարանը գնել է Անահիտի բրոնզաձույլ գլուխն ու ձեռքերը, եւ դրանք թանգարանի անձեռնմխելի սեփականությունն են:
Լուսանկարը` Ֆոտոլուր
«Հայաստան դրանք կարող են բերվել միայն ժամանակավոր ցուցադրության համար, եւ այն էլ բոլոր միջազգային նորմերն ու փոխադարձ պայմանավորվածությունները հարգելու եւ իրականացնելու դեպքում»,- հավելել էր Անելկա Գրիգորյանը:
Նա ընդգծել էր, որ Անահիտ աստվածուհու մասունքները գտնվել են ներկայիս Թուրքիայի տարածքում եւ պետք է նկատի ունենալ, որ եթե անգամ թանգարանները համաձայնվում են վերադարձնել իրենց մոտ պահվող արվեստի նմուշները, դրանք վերադարձնում են այն երկիր, որտեղ հայտնաբերվել են: «Այս հանգամանքը հաշվի առնելով, չեմ կարծում, որ սա կոռեկտ նախաձեռնություն է»,- եզրափակել էր նա:
4. Ի՞նչ էր ասում Մեծ Բրիտանիայի դեսպանը:
Պատասխանելով Մեդիամաքսի հարցին, թե եղել են արդյո՞ք անցյալում նախադեպեր, երբ Բրիտանական թանգարանը հայրենիք է վերադարձրել այս կամ այն ժողովրդի մշակութային ժառանգության նմուշներ` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն ասել էր, որ «եղել են դեպքեր, երբ թանգարանը վերադարձրել է աբորիգենների ոսկրային մնացորդներ»:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Տարիներ շարունակ Բրիտանական թանգարանն իր յուրօրինակ նմուշները ցուցադրության է ներկայացրել աշխարհի մի շարք երկրներում: Ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելու հնարավորություն միշտ կա, եթե առկա է պատշաճ պայմանավորվածություն Բրիտանական թանգարանի եւ տվյալ երկրի գործընկեր թանգարանի միջեւ»,- նկատել էր դեսպանը:
5. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել:
2012թ. մարտին կայացած ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ արձանի մասունքները ժամանակավորապես կբերվեն Բրիտանական թանգարանից եւ կցուցադրվեն Հայաստանում:
Քեթրին Ջեյն Լիչն ասել էր, որ Հայաստանում արձանի մասունքների ցուցադրումը «երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման ուղղված լավ քայլ կլինի»:
Արմեն Աշոտյանն էլ նշել էր, որ ժամանակավոր ցուցադրումը այս նախաձեռնության առաջին արդյունքն է, սակայն հայկական կողմը մտադիր չէ դրա վրա կանգ առնել: «Մենք կպայքարենք արձանի մասունքների Հայաստան վերջնական տեղափոխման համար», - ասել է նախարարը:
Անահիտ դիցուհու արձանի գլուխը Երեւանում չցուցադրվեց ո՛չ 2012թ. սեպտեմբերին, ոչ էլ հետագա տարիներին:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: