4 փաստ Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավար Վասիլիս Մարագոսի մասին - Mediamax.am

exclusive
5824 դիտում

4 փաստ Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավար Վասիլիս Մարագոսի մասին


Վասիլիս Մարագոսը
Վասիլիս Մարագոսը
Վասիլիս Մարագոսը եւ Վահագն Խաչատուրյանը
Վասիլիս Մարագոսը եւ Վահագն Խաչատուրյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի աշխատակազմ

Վասիլիս Մարագոսը
Վասիլիս Մարագոսը

2023թ. սեպտեմբերի 4-ին նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերը հանձնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:

Մեդիամաքսը ներկայացնում է մի քանի փաստ Վասիլիս Մարագոսի մասին:

Փորձառու դիվանագետ

Վասիլիս Մարագոսը ծնվել է 1963 թվականին Հունաստանում: Սովորել է Աթենքի համալսարանում եւ բելգիական Université Libre de Bruxelles-ում, ուսումնասիրել է իրավագիտություն եւ քաղաքագիտություն:  

1996-ից 2005 թվականներին Վասիլիս Մարագոսը աշխատել է Սոֆիայում եւ Սկոպյեում Եվրոպական միության պատվիրակություններում: 2005 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Եվրամիության կառույցներում, եղել է Եվրոպական Հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար:

Վասիլիս Մարագոսը եւ Վահագն Խաչատուրյանը Վասիլիս Մարագոսը եւ Վահագն Խաչատուրյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի աշխատակազմ


Նախքան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնում նշանակվելը Վասիլիս Մարագոսը Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրենությունում Բոսնիա եւ Հերցեգովինայի եւ Կոսովոյի բաժնի ղեկավարն էր:

Մարագոսը եւ Հայաստանը

Եվրոպական Հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավարի պաշտոնում Վասիլիս Մարագոսը բազմիցս այցելել է Հայաստան:

2018 թվականի հունվարի 30-ին Երեւանում հանդիպելով ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, Վասիլիս Մարագոսը կարեւորել էր կողմերի միջեւ ակտիվ երկխոսության պահպանումն ու հետագա խորացումը:

«Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին ինչպես մասնավոր հատվածի խթանման, այնպես էլ ընդհանուր ներդրումների մասով: Պետք է գնահատել ներկա վիճակն ու առաջնահերթություններ սահմանել` որդեգրելով իրատեսական եւ թափանցիկ գործելաոճ»,- ասում էր նա:

Հաջորդ անգամ Մարագոսը Հայաստան էր եկել 2018-ի հունիսին՝ իշխանափոխությունից հետո:

2019 թվականի հունվարին Վասիլիս Մարագոսը Երեւանում արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ հանդիպմանը նշել էր, որ դատական ոլորտում կատարվող բարեփոխումները պետք է կրեն ոչ թե կոսմետիկ, այլ խորքային բնույթ:

Նույն թվականի հուլիսին Վասիլիս Մարագոսը դատական բարեփոխումները քննարկել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:

2019 թվականի հոկտեմբերին Վասիլիս Մարագոսը կրկին Երեւանում էր: ՀՀ Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը նա կարեւորել էր կրթության, էներգետիկայի, փոքր ու միջին ձեռնարկատիրության, գյուղատնտեսության, քաղաքացիական հասարակության, էլեկտրոնային կառավարման, արդարադատության ոլորտներում որոշակի ծրագրերի իրականացումը:
Վասիլիս Մարագոսը Վասիլիս Մարագոսը


2020 թվականի հունվարին Վասիլիս Մարագոսը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ քննարկել էր Հայաստանի մայրաքաղաքը «կանաչ» տրանսպորտով ապահովելու ծրագիրը:

Պլատոնը, Ռիլկեն եւ Կաֆկան

2007 թվականին Վասիլիս Մարագոսը պատասխանել էր Balkan Identities նախագծի հարցաշարին՝ հիշատակելով իր գրական նախասիրությունները:

Նա, մասնավորապես, ասել էր, որ իր ձեւավորման վրա ազդել են Պլատոնը, Արիստոտելը, Սոկրատը, նախասոկրատական փիլիսիսոփայությունը, Հին կտակարանը: Սիրելի բանաստեղծների թվում նա հիշատակել էր Թոմաս Սթերնզ Էլիոթին եւ Ռայներ Մարիա Ռիլկեիին, նշել էր նաեւ Կունդերայի եւ Կաֆկայի վեպերը:

Ինքնության ընկալումը

Վասիլիս Մարագոսն ասել էր, որ չի դիտարկում իր ինքնությունը որպես բացառիկ մի  բան, որն իրեն դուրս է դնում այլ համայնքներից: «Այդ պատճառով ես ատում եմ ազգայնականությունը, երբ մարդուն դասակարգում են նրա էթնիկական կամ այլ պատկանելիության հիման վրա: Ինքնությունս եւ դրա բազմաթիվ բաղկացուցիչները ես դիտարկում եմ որպես կամուրջներ դեպի այլ մարդիկ, որոնց հետ ինչ-որ ընդհանուր բան ունեմ», - ասում էր նա:

Վասիլիս Մարագոսը նաեւ նշում էր, որ պետք է տարանջատել ի ծնե տրված եւ ձեռքբերված ինքնությունը: Երկրորդը, նրա խոսքով, պայմանավորված է այն ընտրություններով, որոնք կատարել է հասուն տարիքում: «Եվրոպական ինքնությունը մի բան է, որը ձեռք եմ բերել տարիների ընթացքում», - նշել էր նա:

Պատրաստել է Արա Թադեւոսյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին