8 հարց ու պատասխան Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին - Mediamax.am

4019 դիտում

8 հարց ու պատասխան Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին



Հոկտեմբերի 20-ից մեկնարկել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով հայկական կողմում ԵՄ դիտորդական առաքելության (կարողության) գործունեությունը։ Այդ առիթով Հայաստանում ԵՄ Պատվիրակությունը փաստեր է ներկայացրել առաքելության վերաբերյալ։

1.    Ինչու՞ է ԵՄ-ը Հայաստան ուղարկում դիտորդական կարողություն:

ԵՄ դիտորդական կարողությունն արձագանքն է նախագահ Ալիեւի, վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի միջեւ քառակողմ հանդիպմանը ձեռք բերված համաձայնությանը։

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի առաջարկով՝ Դիտորդական կարողություն ստեղծելու մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 17-ին ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից։


Առաջին դիտորդ-փորձագետները «գետնի վրա» գործունեությունը սկսել են հոկտեմբերի 20-ից։ Առաքելության մանդատը ներառում է իրավիճակի դիտորդություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի մերձակա շրջաններում՝ աջակցելու երկու երկրների միջեւ վստահության կառուցմանը եւ հնարավոր դարձնելու ԵՄ առավել առարկայական աջակցությունը սահմանային հանձնաժողովներին։

2.    Ի՞նչ է անելու ԵՄ դիտորդական կարողությունը Հայաստանում:

Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունն իրագործելու է հետեւյալ երկու առանցքային առաջադրանքները.

1) աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության կառուցմանը՝ դիտարկելով երկու կողմերի հավատարմությունը հրադադարի պահպանմանը,

2) ռազմական դիրքերի եւ հրադադարի վերաբերյալ տեղի ունեցող զարգացումների առնչությամբ կանոնավոր եւ իրավիճակային զեկուցումների միջոցով ԵՄ խումբը կիրականացնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի դիտորդություն։ Դա հնարավոր կդարձնի ԵՄ առավել առարկայական աջակցությունը երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքներին։


Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունը կզեկուցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանամերձ շրջաններում տեղակայված ռազմական դիրքերի, հրադադարի զարգացումների վերաբերյալ։ ԵՄ դիտորդները նաեւ կտրամադրեն դիտարկումներ երկկողմ սահմանի երկայնքով տեղի ունեցող միջադեպերի, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող զարգացումների վերաբերյալ։ Նրանք չեն ունենա քննություն իրականացնելու դերակատարում։

3.    Ո՞րն է ԵՄ դիտորդական կարողության տեղակայման հստակ վայրը:

Պատասխանատվության գոտին (AoR) Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմն է։

4.    Արդյո՞ք ԵՄ դիտորդական կարողությունը ռազմական առաքելություն է:

Ոչ։ Կտեղակայվեն բացառապես քաղաքացիական դիտորդներ։

5.    Ի՞նչ կազմով է հանդես գալու ԵՄ դիտորդական կարողությունը:

Խումբը բաղկացած է առավելագույնը 40 ԵՄ քաղաքացիական դիտորդ- փորձագետներից, որոնք տեղակայվելու են երկու ամիս ժամկետով:

6.    Արդյո՞ք նմանատիպ ԵՄ դիտորդական կարողություն կտեղակայվի Ադրբեջանում:

Ոչ: ԵՄ դիտորդական կարողությունը կտեղակայվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում:

7.    Ո՞րն է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության դերը Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության տեղակայման գործում:

ԵՄ դիտորդական կարողության արագ ծավալումն ապահովելու նպատակով տեղակայվում են Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) փորձագետները: Վրաստանում ԵՄԴԱ-ն օպերատիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի որոշումը բացասական ազդեցություն չթողնի Վրաստանում դիտորդական կարողության վրա։ ԵՄԴԱ-ն կշարունակի Վրաստանում իր գործունեությունը բոլոր օպերատիվ ուղղություններում։


Սա ներառում է ամենօրյա շուրջօրյա դիտորդության ներկայություն վարչական սահմանագծերի երկայնքով՝ Վրաստանում եւ ավելի լայն տարածաշրջանում կայունություն ապահովելու համար:

8.    Արդյո՞ք ԵՄ դիտորդական կարողությունը եւ ԵԱՀԿ գնահատման առաքելությունը համագործակցում են:

Այս երկու առաքելություններն առանձին են եւ ունեն տարբեր մանդատներ:

ԵՄ դիտորդական կարողությունը կապի մեջ կլինի բոլոր համապատասխան միջազգային կազմակերպությունների, ներառյալ՝ ԵԱՀԿ-ի հետ: ԵՄ դիտորդական կարողության եւ ԵԱՀԿ-ի կողմից գործադրվող ջանքերի միջեւ համընկնում չկա:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին