5 փաստ ռուս խաղաղապահների հրամանատարի մասին - Mediamax.am

18002 դիտում

5 փաստ ռուս խաղաղապահների հրամանատարի մասին


Լուսանկարը` wikimedia.org


BBC-ի ռուսական ծառայությունը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ  Մուրադովի մասին հոդված է հրապարակել, որից Մեդիամաքսը մի քանի փաստ է առանձնացրել:

1.    Ո՞վ է գեներալն ազգությամբ

47-ամյա Ռուստամ Մուրադովը ծնվել է Դաղստանի Դերբենտի շրջանի Չինար գյուղում: Ազգությամբ թաբասարան է: Թաբասարանները Դաղստանի փոքրաթիվ բնիկ ժողովուրդներից են:

2012թ.-ին «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում Մուրադովը ասել է.

«Ես պահանջում եմ, որ սպաներն իմանան ազգային հոգեբանության առանձնահատկությունները, ես ինքս եմ պատմում, թե ինչ է Կովկասը»:

2.    Ինչո՞վ է Մուրադովն աչքի ընկել Չեչնիայում

1996 թ.-ին Չեչնիայի Վերխնի Ցենտորոյ գյուղը գրավելու գործողությունից հետո 23-ամյա լեյտենանտ Մուրադովը պարգեւատրվել է Արիության առաջին շքանշանով: Նա ղեկավարում էր հետախուզական վաշտը:

Մուրադովը Արիության երկրորդ շքանշանը ստացել է 2000 թվականին՝ Ասլան Մասխադովի շտաբը գրավելու համար:

Մինչեւ 2009 թվականը նա շարունակում էր ծառայել Չեչնիայում՝ Շալիում, ղեկավարելով 17-րդ մոտոհրաձգային բրիգադը:

3.    Ինչո՞վ է նա զբաղվել Դոնբասում

2016 թ.-ին, երբ Դոնբասում դադարեցին ակտիվ ռազմական գործողությունները, Ռուստամ Մուրադովը դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչը հրադադարի վերահսկման ռուս-ուկրաինական համատեղ կենտրոնում:

4.    Ի՞նչ էր անում Մուրադովը Դեյր-էլ-Զորի շրջանում

2017թ.-ին գեներալ-մայոր Ռուստամ Մուրադովը նշանակվել էլ Ռուսաստանի ռազմական խորհրդական Սիրիայում, որտեղ նա ղեկավարում էր ռուսական զորքերը Դեյր-էլ-Զորի շրջանում:

Այս գործուղման արդյունքում Վլադիմիր Պուտինը նրան շնորհեց Ռուսաստանի Հերոսի կոչում ՝ մարտական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության եւ հերոսության համար:

5.    Ե՞րբ է ստացել գեներալ-լեյտենանտի կոչում

Սիրիայից վերադառնալուց հետո Ռուստամ Մուրադովը ղեկավարում էր ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի 2-րդ համազորային բանակը, որի կազմի մեջ է մտնում խաղաղապահ բրիգադը:

Վերջին երկու տարիներին Մուրադովը զբաղեցնում էր Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալի պաշտոնը, իսկ 2020թ.-ի փետրվարին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին