1943 թվականն էր: Ընթացքի մեջ էր Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հայաստանի դպրոցներում, չնայած այդ ծանր շրջանին, դասերը ոչ միայն բնականոն ընթանում էին, այլեւ կազմակերպվում էին գրական խմբակներ, աշակերտների հետ հանդիպման էին հրավիրվում ժամանակի լավագույն գրողները, արվեստագետները:
Նման մի հանդիպում կազմակերպվել էր Երեւանի Մաքսիմ Գորկու անվան դպրոցում, որտեղ 1941-1977 թթ. հայոց լեզու եւ գրականություն էր դասավանդում ու գրական խմբակ վարում ուսուցչուհի Վարսենիկ Եսայանը: Խմբակի պարապմունքներին մի անգամ ներկա է եղել Ավետիք Իսահակյանը:
Գրականագետ Արփիկ Ավետիսյանը՝ մայրական տատիկս, տասնամյակներով զբաղվել է Իսահակյանի անտիպ, չհրապարակված նամակներն ի մի բերելով (նամականին լույս տեսավ 2017 թ.-ին):
Նամակներից բացի՝ տատիկիս անձնական արխիվում, առանձին թղթապանակում, հավաքված են նաեւ Իսահակյանի՝ 1930-1940 -ականներին, ավելի ուշ՝ իր կյանքի ընթացքում տարբեր հանդիպումների ու հավաքույթների ժամանակ ունեցած ելույթները, կենդանի խոսքը, որը սղագրել են ներկաները: Այդ ելույթների մի մասը հրապարակվել է ժամանակի մամուլում: Տատիկս նպատակ ուներ ամբողջացնել Վարպետի ելույթներն առանձին գրքում, սակայն չհասցրեց: Ելույթները չափազանց հետաքրքիր են ու նաեւ արժեքավոր՝ քաղաքական, մշակութային, փիլիսոփայական եզրակացությունների առումով: Դրանք արդիական են նաեւ այսօր:
Այդպես, 1943 թվականի դեկտեմբերի 1-ին, Գորկու անվան դպրոցում Իսահակյանի խոսքն՝ ուղղված աշակերտներին, սղագրել ու մամուլում հրապարակել է ուսուցիչը՝ Վարսենիկ Եսայանը ( «Սովետական գրականություն», 1962 , N 10): Ելույթը ներկայացնում ենք աննշան կրճատումներով: Միակ «սրբագրումը» ելույթում հնչող «կուլտուրա» բառը «մշակույթ»-ով փոխարինելն է:
«Ինձ զարմանք է պատճառում աղջիկների առաջադիմությունը, հատկապես հումանիտար գիտությունների մեջ: Տղաները հերոսանում են մարտերի մեջ, աղջիկները՝ գիտության, մանավանդ՝ արվեստի մեջ են առաջ գնում: Մեր հասարակության հիմքը կինն է, մայրը, սերնդի շարունակողը:
Իմ «Աբու Լալա»-ի մասին շատ կարծիքներ են եղել: Աբու Լալան, այսինքն՝ ես, փիլիսոփա է: Ես հայկական մշակույթի կրող եմ, մի փոքր ժողովրդի, եւ այդքան եմ հասկացել նրա փիլիսոփայությունը: Աբու Լալան աշխարհը, բնությունը տեսնում է շատ դաժան, եւ մարդն էլ՝ դրա արդյունքը… Աբու Մահարին տեսնում էր, որ չկա եղբայրություն, չկա խիղճ: … Գիտության եւ ամբողջ մարդկության ձգտումն է՝ մարդը մարդու համար դառնա Աստված: Ի՞նչը կարող է փոխել մարդուն: Երկու բան՝ մշակույթը եւ քաղաքակրթությունը: Քաղաքակրթությունը մարդուն չի կրթում: Քաղաքակրթության ժամանակ մարդը մարդուն ոչնչացնում է: Քաղաքակրթությունը եւ մշակույթը միասին պիտի լինեն: Իմ տվայտանքն այն է եղել, որ մարդը մարդուն լլկում է: Դրա վերացման միակ միջոցը, իմ կարծիքով, սոցիալիզմն է, շահագործման հնարավորության վերացումը: Աբու Լալան արեւի իր գովքով ուզում է աշխարհը վերափոխել, որ մարդը մարդու կոշտուկն անգամ չկոխե: «Աբու Լալան» իմ աչքում արժեք ունի, նա որոշ աշխարհայացք է արտահայտում, եւ ես այն հաջող գործ եմ համարում: Մհերը (խոսքը «Սասnա Մհեր» վիպերգի մասին է-հեղ.) Աբու Լալայի վերադարձն է. նա դեռ լավ չի մշակված, նրա վրա ես էլի աշխատում եմ:
Հայ ժողովրդի մասին ես շատ մեծ կարծիք ունեմ: Հայ ժողովրդի որակն է նրան պահել եւ ոչ քանակը: Մենք ստեղծել ենք հոյակապ լեզու՝ գրաբարը: Մի գերմանացի փիլիսոփա (չեմ հիշում՝ Ֆոյերբախը, Հեգելը թե Հերբերտը) ասել է, որ նրա աշխատությունը միայն գրաբարով կարելի է թարգմանել, ուրիշ ոչ մի լեզու այն լիակատար կերպով արտահայտել չի կարող: Մեր աշխարհաբարը եւս դարձել է հոյակապ լեզու: Մի փոքր ժողովուրդ, միշտ դանակի տակ, սակայն ստեղծել է երկու հոյակապ լեզու, հիանալի ճարտարապետություն, որն ազդել է ուրիշ ժողովուրդների ճարտարապետության վրա եւ այլն:
…Վերջին բերկրանքը մեր ակադեմիայի բացումն է (1943 թ.-հեղ.): Ակադեմիան բացառիկ նշանակություն ունի մեզ համար: Անցած երկու-երեք տարիները հող պատրաստեցին Գիտությունների ակադեմիայի ստեղծման համար: Այդ բոլորի վրա հիմնված՝ մենք պիտի շարունակենք մեր մշակույթի վերաարժեւորումը, ցույց տանք ամբողջ աշխարհին, թե հայ ժողովուրդը ինչ է ստեղծել մնայուն եւ հարակայուն, ու մասնակցենք մարդկության մշակույթի երթին: Մեր գործը պիտի լինի հայ լեզուն բյուրեղացնելը:
Մի 30-40 տարի հետո մեր ներկա լեզուն արդեն պրիմիտիվ կհամարվի:
Հայ ժողովուրդը քանակով փոքր է, բայց որակով հավասար է մեծ ժողովուրդներին: Սիրեցեք նրա լեզուն, նրա մշակույթը, նրա գիրն ու գրականությունը: Այս խոսքերը ես համբուրում եմ ու տալիս ձեզ»:
Ուսուցչուհի Վարսենիկ Եսայանը սղագրել է Վարպետի մեկ այլ ելույթ եւս. Երեւանի ժողկրթբաժինը 1945 թ. ապրիլի 27-ին Իսահակյանին նվիրված գրական երեկո էր կազմակերպել Պիոներական պալատի դահլիճում:
Ներկայացնում ենք նաեւ այդ ելույթը՝ փոքր կրճատումներով.
«Սիրելի՜ բարեկամներ, ընկերնե՜ր, այսօր Երեւանի ժողկրթբաժինը կազմակերպել է այս գեղեցիկ եւ իմաստալից երեկոն: …Այն բոլորը, ինչ ասվեց իմ շուրջ, ես միշտ էլ լսել եմ եւ վերագրել եմ հայ մշակույթին: Ես հայ մշակույթի արգասիքն եմ: Նալբանդյանը, Հովհաննիսյանը, Դուրյանը, Թումանյանը եւ մեր մյուս նախնիները ծնունդ են հայ ժողովրդի կուլտուրայի: Հազարավոր տարիների մտքերը, ապրումները դարերի ընթացքում պետք է նախապատրաստեին հանճարը՝ ի փառս հայ գրականության եւ մշակույթի: Պուշկին ծնելու համար ռուս ժողովուրդը հազար տարվա պատմություն, մշակույթ պետք է ունենար: Իմ մասին հանճարեղ խոսքը շռայլվեց: Սա ինձ չի շփոթեցնում: Ընդունում եմ՝ որպես զգացմունք, ոգեւորություն:
Գրականության մասին շատ եմ խոսել: Գրականությունն ազգի ուժն է, զենքը, հոգեկան գանձը, որով նա կռվել է թշնամիների, խավարի դեմ: Բոլոր մեծ գրողներն իրենց լավագույնը տվել են գրականությանը, իսկակա՜ն գրականությանը, ո՜չ թե կեղծ, սուտ հնչյուններով գրված, այլ անկեղծ, իսկական գրականությանը, որ սրտի հետ դառնում է մի լուսարձակ ու լուսավորում ազգի ներկան ու ապագան: Մի ժողովուրդ, որ ստեղծել է գրականություն, երբեք չի կորչի:
Լուսանկարը` Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի արխիվից
Այսօր այստեղ այնքան բան ասվեց: Զեկուցողները՝ իմ չքնաղ աղջիկները (ես նրանց հոր եւ պապի տեղ եմ), հասկացել են ինձ, իմ պոետիկայի գաղտնիքները: Նրանք իմ մեջ գտան տիեզերական վշտի շարժառիթներ, սիրո եւ վշտի մոտիվներ: Այո, իհարկե, ճիշտ է: Սերն՝ իր բարձր առումով, իմ պոեզիայի առանցքն է: Առանց այդ սիրո ոչ մի բանաստեղծ չէր կարող քնար հնչեցնել: Սերը տարածվում է մարդկության համար, ամբողջ տիեզերքի համար: Կա երեք բան՝ սեր, հույս, հավատ: Սերը ջերմացնում է, կարեկցանք է առաջ բերում, որոնք միեւնույն երեւույթներն են: Առանց կարեկցանքի մարդկությունը չի կարող ապրել: Տառապող մարդկության հանդեպ մեծ հանճարների քարոզած կարեկցությունը պետք է լինի մեր առաջնորդը: Ես երկու կյանքով եմ ապրում: Իմ կյանքում կարեկցությունն ուժեղ է: Ես էսօր իմ մասին եմ ասում, որովհետեւ վերջին տարիներս են: Շատ է պատահել, որ ձկնորսները ձուկ են որսացել, փող եմ տվել նրանց եւ խնդրել, որ կրկին ջուրը գցեն: Բնությունն անշեղ կերպով դրել է իր օրինաչափությունը, որը չպետք է խախտել:
Գոնե ոճիրը սահմանափակվեր դահիճներով: Մարդը մարդու համար պիտի լինի սրբություն, ընկեր, աստված (իսկ աստված մարդու խիղճն է): Գերմանիան հինգ տարի է միայն մի գործով է զբաղված՝ սպանել: Ի՞նչ է բերում փիլիսոփայությունը, պոեզիան ի՞նչ է անում: Իմ խնդրանքն է ձեզնից՝ կարեկցություն դեպի բույսը, կենդանին, մարդը: Մարդը չպետք է ստեղծի պատերազմ, երբ առանց այն էլ կա մահը: Սրանք իմ սրտից բխած բաներ են, որ անցել են Պլատոնից եւ մեծ մարդկանցից:
Ես մի մխիթարություն ունեմ՝ հայ ժողովուրդը, նրա մշակույթը: Ես Եվրոպայից վերադարձա, որովհետեւ չէի կարող ապրել հայրենիքես դուրս: Հայաստանն ինձ համար օրգան է, ինչպես աչքը, առանց որի ես չեմ կարող ապրել: Ես աչքս բացել եմ Շիրակի դաշտերում. ինչպե՞ս կարող եմ թողնել Լոռին, հայ լեռներն ու երկինքը եւ ապրել Ֆրանսիայում կամ այլ տեղ: Ես այնտեղ փշի վրա էի տասնյակ տարիներ: Ես բախտավոր եմ նրանով, որ տեսա այն, ինչ իմ ընկերները չտեսան: Ես տեսնում եմ հայ ժողովուրդն այնպես, ինչպես դարերով երազել ենք՝ պետականորեն անկախ: Մեր ժողովուրդը բախտավոր ժողովուրդ է: Ես նրան սիրում եմ անսահման սիրով:
Լուսանկարը` Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի արխիվից
…Երկրի տերը մնում է մարդը: Կենդանիների, բույսերի տերը մարդն է՝ իր վեհ զգացողությամբ, որն ստեղծել է ամեն ինչ. կռվում է բացիլների դեմ, ստեղծել է հեռախոս, ռադիո: Պետք է մարդկության օձիքը բռնել, որ մարդը մարդուն լինի եղբայր եւ ոչ թե գայլ: Քրիստոնեությունը ողորմածությամբ է ուզում լուծել կյանքի խնդիրը, սոցիալիզմը լուծում է գործնականում: Իմ մխիթարությունը գտնում եմ այդ գաղափարախոսության մեջ: Մարդը պետք է փոխվի: Քսան տարի առաջ ես մի գերեզմանագիր եմ կարդացել մի աստղաբաշխի գերեզմանի վրա. «Ես այնքան եմ սիրում աստղերը, որ չեմ վախենում գերեզմանի խավարից»: Սա կարծես ինձ համար է ասված: Ես այնքան եմ սիրում հայ ժողովրդին, որ չեմ վախենում թաղվել հայ հողում, քանի կան նրա գիրը, արվեստը, լեզուն:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում դպրոցին եւ մանկավարժներին, որոնք այսպես կրթում են մեր մատաղ սերունդը: Կեցցե հայ դպրոցը»:
Լիլիթ Ավագյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: