Յակով Խալիպը խորհրդային ամենահայտնի լուսանկարիչներից է:
1938 թվականին նա Պապանինի արշավախմբի կազմում ուղեւորվել էր դեպի Հյուսիսային բեւեռ: 1941-1945 թվականներին եղել է Հայրենական Մեծ պատերազմի ճակատներում, 1941 թվականին Կոնստանտին Սիմոնովի հետ աշխատել է պաշարված Օդեսայում, այնուհետեւ՝ Ղրիմում: 1946-1954 թվականներին աշխատել է «Օգոնյոկ» եւ «Սմենա» հանդեսներում:
Հարվարդի համալսարանի թվային հավաքածուներում կան Յակով Խալիպի լուսանկարներից, որոնք նա 1945 թվականին արել է Խորհրդային Հայաստանում:
Դատելով նրանից, որ լուսանկարների զգալի մասն արված է Էջմիածնում, կարող ենք ենթադրել, որ Խալիպի այցի հիմնական նպատակը եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության լուսաբանումը:
Այս լուսանկարը Յակով Խալիպն արել է ընտրությունից հետո:

Լուսանկարը` Յակով Խալիպ
Գեւորգ Զ Չորեքչյանը, որը 1941 թվականից Կաթողիկոսի տեղապահն էր, 1945 թվականի հունիսին Մայր Աթոռում հրավիրված Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս:
Իսկ այս լուսանկարում Գևորգ Զ կաթողիկոսը պատկերված է պատարագից հետո:

Լուսանկարը` Յակով Խալիպ
Այսպիսին էր Մայր Տաճարը 1945 թվականին: Եթե ընդունենք, որ լուսանկարում հայտնված փոքրիկ տղան ողջ է, այսօր նա պետք է մոտ 80 տարեկան լինի:
Թեեւ այս լուսանկարը սեւ-սպիտակ է, վարպետ լուսանկարիչը կարողացել է փոխանցել Սուրբ Հռիփսիմե վանքի «գլխավերեւում» հավաքված յուրահատուկ ամպերը:

Լուսանկարը` Յակով Խալիպ
Բնականաբար, Յակով Խալիպը լուսանկարել է նաեւ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքում:
Այս նկարում Հրազդանի կիրճի կավաշեն-քարաշեն տներն են:

Լուսանկարը` Յակով Խալիպ
Դրանց հետ մեկտեղ Երեւանում կային գեղեցիկ շենքեր: Օրինակ, Թումանյանի փողոցի այս բնակելի շենքը, որը 1970-ականներին հայտնի էր որպես «Անուշ» գաստրոնոմի շենք, իսկ այսօր այն շատերը գիտեն իբրեւ «Թումանյանի շաուրմայի» շենք:

Լուսանկարը` Յակով Խալիպ
Իսկ այս լուսանկարի վրա Գլխավոր դատախազության շենքն է եւ այսօրվա Վազգեն Սարգսյան փողոցը:

Լուսանկարը` Յակով Խալիպ
Հայաստանում գտնվելու օրերին Յակով Խալիպը նաեւ դիմանկարներ է արել:
Այս նկարում Ավետիք Իսահակյանն է՝ իր աշխատասենյակում: Վարպետն, ամենայն հավանականությամբ, լուսանկար է մակագրում, բացառված չէ, որ հենց Յակով Խալիպի համար:

Լուսանկարը` Յակով Խալիպ
Այս տպավորիչ դիմանկարն արվել է Մայր Աթոռում:

Լուսանկարը` Յակով Խալիպ
Իսկ այս նկարում Յակով Խալիպը պատկերել է ճարտարապետ Նորայր Զարգարյանին:

Լուսանկարը` Յակով Խալիպ
Լուսանկարիչը եղել է նաեւ բուհերում: Այս նկարում Երեւանի բժշկական ինստիտուտի ուսանողներն են՝ դասախոսության ժամանակ:

Լուսանկարը` Յակով Խալիպ
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: