Ընթերցողի սեղանին է Ավետիք Իսահակյանի նամականին: Մեծանուն գրողի շուրջ 300 անտիպ եւ չհավաքված նամակներն ամփոփվել են մեկ գրքում: Գիրքը լույս է ընծայել ԵՊՀ հրատարակչությունը`Լիլիթ Ավագյանի խմբագրմամբ: Կազմել է Արփիկ Ավետիսյանը: Ծանոթագրությունները` Լիլիթ Ավագյանի եւ Արփիկ Ավետիսյանի: Նամականին լույս է տեսել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ:
Ավետիք Իսահակյանի 1895-1957թթ. գրած բազմաբնույթ նամակները ընթերցողին պետք է հասնեին դեռեւս 1991 թվականին: Լիլիթ Ավագյանը գրքի նախաբանում նշում է, որ տատիկը`գրականագետ Արփիկ Ավետիսյանը, երկար տարիներ աշխատել է Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում (ԳԱԹ): Կյանքի վերջին տարիները նվիրել է Ավետիք Իսահակյանի անտիպ նամակները հավաքելու գործին, ինչը հաջողությամբ ավարտել է: ԵՊՀ գիտխորհրդի, ճանաչված մասնագետների հավանությանը արժանացած գիրքը 1991-ին պատրաստ էր տպագրության: Սակայն գիրքը չտպագրած` Արփիկ Ավետիսյանը մահանում է: Լիլիթ Ավագյանն ընդգծում է, որ երկրի քաղաքական, տնտեսական վիճակը 1991-ին այնպիսին էր, որ գրքի տպագրման ծախսը պետությունն այլեւս ի վիճակի չէր հոգալ, եւ ձեռագիրը տպարանից վերադարձրել են Ա. Ավետիսյանի հարազատներին. «Որոշ ժամանակ անց ԳԱԹ-ից պահանջեցին իրենց հանձնել գրքի ձեռագիրը` հիմնավորմամբ, որ դա իրենց աշխատակցի պլանային աշխատանքն է: Վերադարձրեցինք»:
Սակայն ձեռագիրը ոչ թե տպագրության է արժանանում, այլ անհետանում է:
-Լիլիթ, ըստ Ձեզ` ձեռագրի անհետացումը դիտավորության, անփութությա՞ն, թե՞ այդ տարիներին բնորոշ ամենաթողության հետեւանք էր:
-Այս դեպքում կարելի է խոսել թերեւս դիտավորության մասին, քանի որ գրքի ձեռագրի անհայտանալուց հետո հայտնվեց գրականագիտության ասպարեզում հայտնի մեկը (անունը նշել նպատակահարմար չեմ գտնում, քանի որ նա այժմ ողջ չէ), ասաց, որ ձեռագիրն իր մոտ է եւ առաջարկեց աջակցել գրքի տպագրությանը` պայմանով, որ ինքը համարվի համահեղինակ: Մենք հրաժարվեցինք: Այդ մարդն էլ կարճ ժամանակ անց մահացավ, իսկ ձեռագիրը դարձյալ անհետացավ:
-Ինչպես եւ նշել եք գրքի նախաբանում`Արփիկ Ավետիսյանի արխիվում գտնվել է ձեռագրի երկրորդ` ոչ համակարգված եւ ոչ ամբողջական օրինակը: Ձեր մայրը`ազգագրագետ Իոննա Ավագյանը, նույնպես աշխատել է այն ավարտուն տեսքի բերել, սակայն չի հասցրել: Ձեր տատիկի եւ մայրիկի անավարտ գործը ավարտին եք հասցրել դուք: Ի՞նչ զգացողություններ ունեիք եւ ի՞նչ դժվարությունների եք բախվել, ձեր իսկ բնորոշմամբ`այդ ծանր ու հետաքրքիր աշխատանքն իրականացնելիս:
- Հիշում եմ, որ տատիկս տանը շարունակ խոսում էր Իսահակյանի նամականու մասին, բայց տարիքի բերումով ինձ չէր հետաքրքրում այդ թեման ու երբեւէ չէի մտածում, որ կստանձնեմ գիրքն ավարտուն տեսքի բերելու աշխատանքը: Մայրիկիս մահից հետո տատիկիս արխիվը բերեցի մեր տուն ու մտածում էի`ինչպես տեղավորեմ այդ անթիվ թղթապանակները, որ քիչ տեղ զբաղեցնեն:
Լուսանկարը` անձնական արխիվից
Բայց երբ բացեցի դրանք, տեսա մայրիկիս ձեռագիրը, որ փորձել էր ինչ-որ բան անել, տատիկիս այդ ահռելի աշխատանքը` 70-80 թղթապանակներ` այնքան հետաքրքիր նյութերով, մասնագիտական աչքով նայեցի (ինքս բանասեր եմ), հասկացա, որ չհրապարակելն ուղղակի լուրջ չէր լինի: Նաեւ պարտքի զգացողություն կար` ոչ միայն մասնագիտական առումով, այլեւ շատ անձնական պարտք` մայրիկիս, տատիկիս հիշատակի առաջ:
-Լիլիթ, սակայն, եթե խոսքը ոչ համակարգված եւ ոչ ամբողջական օրինակի մասին էր, սա նշանակում է, որ ոչ թե խմբագրել, այլ վերակազմե՞լ եք գիրքը:
- Նամակներն ամբողջացրել եմ`ըստ տատիկիս արխիվում պահպանված ցանկի, նաեւ ծանոթագրել, լրացրել եմ կորած ծանոթագրություններով նամակները: Նախաբանում գրել եմ, որ որոշ ծանոթագրություններ, տերմիններ վերախմբագրման անհրաժեշտություն էին զգում. ի վերջո, գրքի ծանոթագրությունները հիմնականում կատարվել էին մինչեւ 1988թ. եւ մասամբ կրում էին խորհրդային իրականության կնիքը:
Բացի այդ, կային անուններ, որոնց մասին տեղեկություններ այն տարիներին գտնել հնարավոր չէր. համացանց չկար…Ինձ համար տեխնիկապես հեշտ էր փնտրել տվյալները, համացանցի միջոցով կապվել աշխարհի այս կամ այն ծայրում գտնվող մարդկանց հետ, Վենետիկի Մխիթարյան միաբանների հետ: Նրանք իրենց արխիվից տրամադրեցին տվյալներ, որոնք արդեն ընդգրկված են ժողովածուում` ծանոթագրությունների տեսքով:
Ինչպես արդեն նշեցի`ժողովածուն կազմելու համար հիմք հանդիսացավ տատիկիս ձեռագիր ցուցակը, աշխատելու ընթացքում`երկար փնտրտուքի արդյունքում, ինքս էլ մի քանի նամակ գտա՝ դրանք եւս ընդգրկելով նամականիում: Բայց, միանշանակ, դափնիները տատիկինս են, ու որպես նամականու կազմող՝ նրա անունն եմ գրել, որովհետեւ եթե իր աշխատանքը չլիներ, ես երբեւէ նման բան չէի ձեռնարկի:
-Ձեր աշխատանքն ինչքա՞ն է տեւել:
-Ավելի քան հինգ ու կես տարի:
- Գիրքը վերնագրել եք «Ավետիք Իսահակյանի նամակաները»: Ձեր տատիկն այն հրատարակելու էր «Անտիպ եւ չհավաքված նամակնե՞ր» վերնագրով:
- Դա նախնական վերնագիրն էր: Ժողովածուն ամփոփում էր գրականության եւ արվեստի թանգարանի արխիվում պահվող երբեւէ չտպագրած նամակներ, նաեւ չհավաքված, այսինքն` տարբեր արխիվներում պահվող, պարբերականներում հրատարակված նամակները, որոնք ամբողջացվել են մեկ հատորում` ըստ տարեթվերի, հասցեատերերի եւ այլն: Տատիկիս իրենց անձնական արխիվից նամակներ են տրամադրել նաեւ Նաիրի Զարյանը, Ռուբեն Զարյանը, Երվանդ Քոչարը, Հովհաննես Ղանալանյանը եւ ուրիշներ: Ի դեպ, Հովհաննես Ղանալանյանը շատ մտերիմ էր Իսահակյանի հետ, եւ 1955-ին Մոսկվայում իր դոկտորականը պաշտպանել է Իսահակյանի թեմայով: Նա նաեւ սույն գրքի առաջաբանի հեղինակն է:
-Նամականու վերաբերյալ կարծիք է հայտնել բ. գ. դ. , պրոֆեսոր Սեւակ Արզումանյանը, նշելով, որ հետազոտողները նոր տվյալներ ու գնահատականներ կգտնեն Չարենցի, Թումանյանի եւ սփյուռքահայ մի շարք գրողների, մշակութային եւ հասարակական գործիչների վերաբերյալ: Ի՞նչ ուշագրավ բացահայտումներ կան գրքում:
- Շատ նամակներ գրաքննության են ենթարկվել, կրճատվել: Տատիկս արխիվում գտել է դրանց բնօրինակներն ու ամբողջացրել: Նամակներից հանվել էին մասնավորապես Չարենցին նվիրված տողերը, գնահատականները: Մարտիրոս Սարյանին 1925 թ.-ին Վենետիկից գրած նամակում Վարպետն այսպես է խոսում Չարենցի մասին. «Ամեն օր միասին էինք: Շատ քիչ կռվեցինք: Միշտ արիշ-բարիշ էինք, հաշտ ու սիրով: Նրա մասին գեշ, չար խոսքեր էի լսել, բայց ես նրան լավ տղա գտա:
Լուսանկարը` Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի արխիվից
Ընկերական սիրտ ունի, դարդիման է: Երիտասարդական տարիքի պատճառով թերություններ ունի՝ մեծամիտ է, երեստված է եւ անհանդուրժող, սակայն խեղճը շատ ջղային է, հիվանդ տղա է ուղղակի: Անշուշտ, տարիների մեջ այս ամենը կանցնի: Առաջին շրջանի գրվածքները նրա կարդացի. Գեղեցիկ բաներ են, տաղանդավոր է, բայց բոլշեւիկյան-ֆուտուրիստական գրվածքները չկարողացա սիրել. երեւի հին մարդ եմ, չեմ հասկանում» :
- Նամակները լույս են սփռում նաեւ նրա գրական գործերի վրա:
- Այո, հետաքրքիր նյութեր կան նամակներում, օրինակ, դրանցից մեկում Իսահակյանը բացատրում է իր հռչակավոր պոեմի` «Աբու-Լալա Մահարիի» հերոսի ինքնությունը. «Այնտեղ ես եմ, ուրիշ ոչ ոք, միայն՝ ուրիշի վերարկուի տակ»:
- Ի՞նչ տվեց ձեզ գիրքը: Բազմաթիվ նամակներից ո՞րը կառանձնացնեիք:
- Հետեւել մի մարդու կյանքի ընթացքին՝ գրեթե ամենօրյա ռեժիմով, չափազանց հետաքրքիր էր: Մարդուն՝ կիսաքաղցած, հիասթափված, խանդավառված, զայրացած, սիրահարված, հուսահատված… Իսահակյանը, որ ամբողջ կյանքում զգում էր իրեն տիեզերքի մի մասնիկը, հետաքրքրվում էր համաշխարհային փիլիսոփայական մտքով, անվերջ փնտրտուքների մեջ էր, կյանքի մայրամուտին, իր նամակներում բարձրացնում է շատ կոնկրետ խնդիր՝ մեկ մարդու խնդիր:
Լուսանկարը` Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի արխիվից
Նա տարբեր նամակներ էր գրում պետական պաշտոնյաններին շատ կոնկրետ մարդկանց համար, խնդրելով արդարություն, իրավունքների պաշտպանություն: Ինձ համար ամենակարեւոր եզրակացությունը, թերեւս, դա էր՝ ամենակարեւորը արժեքը մարդն է, եւ հենց այդ մեկ մարդու շուրջ է պտտվում տիեզերքը:
-Ի՞նչ եք կարծում` հայտնիները, նամակներ գրելիս, հաշվի առնո՞ւմ են, որ ինչ-որ ժամանակ անց դրանք կարող են հրապարակվել:
-Իսահակյանի նամակներում նման հավակնություններ չեմ զգացել: Համո Օհանջանյանին ուղղված նամակում խնդրում է կարդալուց հետո անմիջապես պատռել: Բայց կարծում եմ, ավելի շատ` անվտանգության տեսակետից: Չեմ կարող ասել` գրողը նամակ գրելիս հաշվի առնու՞մ է , որ իր նամակները կարդալու են, թե՞ ոչ: Այդ հարցն ինձ համար դեռ բաց է մնում` ճի՞շտ է նամակները հրապարակելը, թե` ոչ: Մյուս կողմից էլ` մտածող մարդկանց նամակները կարող են շատ հարցերի վրա լույս սփռել:
- Գրքում նշվում է, որ այս աշխատանքը չի հավակնում համարվել ավարտուն, Իսահակյանի նամակները բազմաթիվ են` շատ անհատների անձնական արխիվներում, Սփյուռքի տարբեր խմբագրատներում, պարբերականներում, որոնք ժամանակի ընթացքում ի հայտ կգան եւ կամփոփվեն այլ հատորներում: Շարունակվելո՞ւ է ձեր աշխատանքը, փնտրտուքը, ի վերջո, խոսքը մեծածավալ աշխատանքի մասին է:
- Նամականու առումով աշխատանքի իմ մասը ավարտված եմ համարում: Եթե կան հետազոտողներ, որոնք ցանկանան համալրել նամականին, նրանց համար եւս աշխատանք կգտնվի: Նախատեսում եմ զբաղվել տատիկիս արխիվի ուսումնասիրությամբ: Այնտեղ չափազանց հետաքրքիր նյութեր կան: Վերջերս «Ինքնագիր» հանդեսում տպագրվեց այդ արխիվից Վիլյամ Սարոյանի անտիպ պատմվածքներից մեկը՝ «Հացկերույթ»-ը, Զարեհ Որբունի ինքնակենսագրական նամակն՝ ուղղված Գուրգեն Մահարուն: Մամուլում տպագրեցինք նաեւ Դերենիկ Դեմիրճյանի սիրելի կանանցից մեկի անտիպ հուշերը՝ Դեմիրճյանի մասին…
- Գիրքն ամփոփվում է վարպետի, նրա հարազատների, ժամանակակիցների լուսանկարներով:
- Այդ լուսանկարների մի մասը անտիպ են, վերցված` տատիկիս անձնական արխիվից: Կա անտիպ մի լուսանկար, որը տրամադրել է Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերից մեկը: Մյուս լուսանկարները Իսահակյանի տուն-թանգարանի արխիվից են:
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: