2023-ի նոյեմբերին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց «Մատենադարան․լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով ցուցահանդեսը։ Մատենադարանի ֆոնդերում պահվող լուսանկարչական հսկայական ժառանգությունը ներկայացվում էր առաջին անգամ։
Մատենադարանի ավագ գիտաշխատող, ցուցադրության համադրող եւ «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուից» պատկերագրքի հեղինակ Իվեթ Թաջարյանը Մեդիամաքսի խնդրանքով առանձնացրել է մի քանի լուսանկար։ Գժերի, դերվիշների ու հարեմի կանանց լուսանկարների միջոցով նա ներկայացրել է այն նուրբ հոգեբանական աշխատանքը, որ տանում էին լուսանկարիչները՝ ցանկալի կադրը ստանալու համար։
«Սկզբնական շրջանում լուսանկարելը եւ լուսանկար ունենալը շատ թանկ հաճույք էր։ Մեզ հասած ու աշխարհի տարբեր թանգարաններում պահվող լուսանկարներում հիմնականում հայտնի մարդիկ են՝ արքունիքի անդամներ, պալատականներ, պաշտոնյաներ։ Միջին ու ցածր խավի ներկայացուցիչներին գրեթե անհասանելի էր. միգուցե մի ամբողջ ամսվա եկամուտը հավաքեին, որ մի առիթով գերդաստանով գնային լուսանկարվելու։
Լուսանկարը` Մատենադարան
Այդ պատճառով հենց տեխնիկական հնարավորությունները թույլ տվեցին եւ նյութերը մի քիչ մատչելի դարձան, լուսանկարիչները սկսեցին իրենց մտահղացումները, կոմպոզիցիաները բնորդների վրա իրականացնել։ Բայց այն ժամանակ լուսանկարչությունը հանրությանն անհայտ, խորհրդավոր մի աշխարհ էր, եւ սովորական մարդիկ կամ, այսպես կոչված, մոդելները, անգամ գումարի դիմաց ոչ միշտ էին համաձայնվում նկարվել։ Այդ պատճառով լուսանկարիչները տարբեր միջոցների էին դիմում։
Լուսանկարը` Մատենադարան
Մատենադարանի այս ցուցադրությանը մենք ներկայացնում ենք գժերի շարքը։ Նկարներն արվել են Արեւմտյան Հայաստանում, բոլորը հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ են։ Լուսանկարիչը, որն անհայտ է, երեւի, նրանց փողոցից է հավաքել, գուցե մի բաժակ թեյ է հյուրասիրել կամ ինչ-որ բան խոստացել։ Միգուցե նրանք չեն էլ պատկերացրել, թե ինչի համար են եկել այդտեղ, երեւի հետո նկարներն էլ չեն տեսել։ Տարբեր պատմություններ կարող ենք հյուսել այս նկարների շուրջը։
Շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր նկարի տակ կամ դարձերեսին մակագրություն կա՝ «Գանձակեցի գիժ Վասօ», «Գիժ Դաւիթ անցալի փիլիսոփայ վանիցի», «գիժ Զոհրապ գիժ Գաբօ»։ Եթե այդ մակագրությունները չլինեին, մենք ընդամենը կտեսնեինք ցնցոտիներով ծերունու։ Բայց լուսանկարիչը կարեւորել է այդ տեղեկությունը։
Լուսանկարը` Մատենադարան
Այդ շրջանի բոլոր լուսանկարիչների մոտ հոգեբանական գործոնը շատ կարեւոր է եղել։ Մի լուսանկարը մոտ 40-45 րոպե նախապատրաստական աշխատանք էր պահանջում, այդքան սպասելը հոգնեցուցիչ էր։ Լուսանկարիչը պետք է տարբեր հնարքներով, զրույցներով կոտրեր իր ու լուսանկարվողի միջեւ եղած պատնեշը, անկաշկանդ, ազատ միջավայր ստեղծեր։ Դա է պատճառը, որ նույն տեխնիկայով, նույն ժամանակահատվածում մի լուսանկարչի արած նկարներում մարդիկ շատ ուրախ, բնական, հանգիստ դեմքով են, մյուսի նկարներում՝ վախի, անորոշության, հոգնածության կամ զայրույթի արտահայտություն կա։
Լուսանկարը` Մատենադարան
Իմ կարծիքով, մեր ավագ սերնդի լուսանկարիչներից այդ առումով վարպետաց վարպետն Անթուան խան Սեւրուգինն է եղել (Սեւրուգին ազգանունը վերցրել է Անթուանի հայրը՝ Վասիլին`Թեհրանի ռուսական դեսպանատանը պաշտոնավարելու տարիներին։ Ընտանիքի հայկական ազգանունը հայտնի չէ-հեղ․)։
Նա դերվիշների լուսանկարների շարք է արել, ցավոք, Մատենադարանում չունենք այդ նկարներից։ Միգուցե գժին հրապուրեին ինչ-որ բանով, արագ համոզվեր, բայց դերվիշին համոզելը շատ բարդ է, հատկապես՝ քրիստոնյայի համար։ Նրանք շատ դժվար էին կոնտակտի մեջ մտնում, ապրում էին ասկետական կյանքով, երբեմն՝ մեկուսացած։ Եվ նրանց ստուդիա բերելը, այն ժամանակ դեռ այդ անհայտ աշխարհ մտցնելը, էլ չեմ ասում՝ նրանց շուրջը կոմպոզիցիա դասավորելը, հոգեբանական ազատ եւ անկաշկանդ միջավայր ստեղծելը խոսում է լուսանկարչի մեծ վարպետության մասին։
Լուսանկարը` Մատենադարան
Առանձնահատուկ է նաեւ Սեւրուգինի հարեմի շարքը։ Պատկերացնո՞ւմ եք՝ հայ լուսանկարիչը նկարել է մուսուլման կնոջը։ Առհասարակ, թագավորից բացի այլ տղամարդ չէր կարող մուտք գործել հարեմ։ Բայց քանի որ Սեւրուգինը եղել է Նասեր Էդ-Դին շահի անձնական լուսանկարիչն ու սիրելին, կարողացել էր նաեւ հարեմ մտնել։
Հոգեբանական այս կարեւոր պահը հետագայում որդեգրել են նաեւ այլ լուսանկարիչներ։ Օրինակ, հայազգի ամենահայտնի լուսանկարիչներից Յուսուֆ Քարշը (Հովսեփ Քարշյան), որը ստեղծագործել է 20-րդ դարում Եվրոպայում, մի գիրք ունի։ Ամեն լուսանկարի կողքին նա գրել է այն զրույցը, երկխոսությունը, հարց ու պատասխանը, որ նախորդել է, օրինակ, Հեմինգուեյի, Էյնշտեյնի կամ Չերչիլի նկարին. ինքն ինչ է ասել, նա ինչ է պատասխանել, եւ երբ է չխկացրել ապարատի կոճակը»,- լուսանկարչի աշխատանքի հոգեբանական կողմերն է ներկայացնում Իվեթ Թաջարյանը։
Լուսինե Ղարիբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: