2023-ի նոյեմբերին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց «Մատենադարան․լուսանկարչական գանձարանի հայտնությունը» ցուցահանդեսը։ Մատենադարանի ֆոնդերում պահվող լուսանկարչական հսկայական ժառանգությունը ներկայացվում էր առաջին անգամ։
Մատենադարանի ավագ գիտաշխատող, ցուցադրության համադրող եւ «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուից» պատկերագրքի հեղինակ Իվեթ Թաջարյանը Մեդիամաքսի խնդրանքով առանձնացրել է մի քանի լուսանկար։ Դրանք առնչվում են 19-20-րդ դարում ստեղծագործած լուսանկարիչների անձնական կնիքներին, որ դրվում էին լուսանկարի դարձերեսին եւ կարեւոր տեղեկություններ հաղորդում հեղինակի մասին։ Այդ կնիքները գրեթե նույն նշանակությունն ունեին, ինչ այսօր՝ այցեքարտը։
«Լուսանկարների դարձերեսին առկա կնիքներն ամենակարեւոր հուշումներից են, արժեքավոր տեղեկություններ լուսանկարիչների անցած ճանապարհի եւ աշխատանքային հնարավորությունների մասին։
Լուսանկարը` Մատենադարան
Լուսանկարիչը լուսանկարը տրամադրելու ժամանակ այն փակցնում էր ստվարաթղթե շրջանակի՝ պասպարտուի վրա։ Դարձերեսին դնում էր կնիքները՝ ինչ շքանշաններ, կոչումներ ունի, որտեղ է լուսանկարչատան տաղավարը։ Այդ կնիքներն այցելուներին տեղեկացնում էին, թե տվյալ լուսանկարիչն ինչով է հայտնի, ինչ կարգավիճակ ունի։ Եթե լուսանկարիչներն աշխատում էին թագավորների, սուլթանների համար, ապա այցելուները նախընտրում էին նրանց մոտ գնալ, որովհետեւ դա հենց իրենց էր հեղինակություն բերում։
Լուսանկարի վրայի այդ փոքրիկ նշաններից ամեն մեկը մի կարեւոր բանալի է, հատկապես, եթե մեզ չեն հասել լուսանկարչի կյանքի, ստեղծագործական փուլերի մասին տեղեկություններ։ Օրինակ, կան լուսանկարիչներ, որոնց ստեղծագործական վաղ շրջանում արված լուսանկարների վրա միայն երկու կնիք կա՝ անուն-ազգանուն, տաղավարի հասցե։ Ստեղծագործական միջին շրջանում եւս մի քանի կնիք է ավելանում՝ տիտղոս, կոչում։ Հետաքրքիր է, որ երբ համեմատում ենք այդ փուլերը, ապա տեսնում ենք, որ մեդալների, շքանշանների ավելանալուն զուգահեռ փոխվում է նաեւ տաղավարների հասցեն. ծայրամասից տեղափոխվում են կենտրոնական, լավ թաղամասեր։
Լուսանկարը` Մատենադարան
Օրինակ, Անթուան խան Սեւրուգինի (Սեւրուգին ազգանունը վերցրել է Անթուանի հայրը՝ Վասիլին`Թեհրանի ռուսական դեսպանատանը պաշտոնավարելու տարիներին։ Ընտանիքի հայկական ազգանունը հայտնի չէ-հեղ․) բնօրինակ լուսանկարների հետեւում կան անձը հաստատող կնիքներ, որոնք յուրօրինակ խորհրդանիշներ են՝ երեք լեզվով։ Առաջին հայացքից աչքի է ընկնում պարսկական արքունիքի խորհրդանիշը՝ արեւը եւ առյուծը, որը վաստակել է պալատական ծառայությունների համար։ Դրա վերեւում տեսանելի են չորս շքանշանների պատկերները. երկուսը ստացել է Եվրոպայում կազմակերպված ցուցահանդեսում, երրորդը, հավանաբար, Ֆրանսիայում է ստացել, որովհետեւ ֆրանսերեն է։ Չորրորդը, ի նշան երախտագիտության, Ռուսաստանի կողմից է ստացել, որը խորհրդանշում է լուսանկարչի եւ նրա ընտանիքի կապը Ռուսաստանի հետ։ Առանձին հատվածում ֆրանսերենով եւ պարսկերենով նշված է լուսանկարչի ստուդիայի հասցեն։ Երբեմն տեսնում ենք նաեւ լուսանկարչության հիմնադիրներից ֆրանսիացի Ժոզեֆ Նիսեֆոր Նեպսի, Լուի Ժակ Դագերրի, անգլիացի Վիլյամ Հենրի Ֆոքս Թալբոթի դիմանկարներով մեդալիոններ։
Լուսանկարը` Մատենադարան
Այս ամենը վկայում է այն մասին, որ Սեւրուգինի լուսանկարների նշանները ծառայել են թե՛ տեղի եւ թե՛ Եվրոպայի պահանջներին: Դիտողը, նկարի հետեւում տեսնելով այս նշանները, առաջին հերթին համոզվում է, որ լուսանկարը բնօրինակ է, եւ, երկրորդ, տեղեկանում է, թե լուսանկարիչը երբ է ապրել, լուսանկարը որ ժամանակաշրջանի ստեղծագործություն է»,- իր հետազոտական աշխատանքն է ներկայացնում Իվեթ Թաջարյանը։
Լուսինե Ղարիբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: