Երեք օր Լյուբով Օրլովայի եւ մեկ օր Լենինի կնոջ հետ. Արփիկ Ավետիսյանի հուշերը - Mediamax.am

exclusive
4343 դիտում

Երեք օր Լյուբով Օրլովայի եւ մեկ օր Լենինի կնոջ հետ. Արփիկ Ավետիսյանի հուշերը


Նադեժդա Կրուպսկայան
Նադեժդա Կրուպսկայան
Արփիկ Ավետիսյանը
Արփիկ Ավետիսյանը
Լյուբով Օրլովան
Լյուբով Օրլովան
Լյուբով Օրլովան
Լյուբով Օրլովան

Տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի անձնական արխիվում բազմաթիվ նյութեր կան գրողների, մշակութային գործիչների մասին, որոնք պարբերաբար ներկայացնում ենք Mediamax.am-ում:

Պատմությունը, որը հիմա կկարդաք, հենց տատիկիս հիշողությունն է իր հետ տեղի ունեցած մի, ավելի ստույգ՝ երկու,  իրադարձության մասին:
 
Այսօր դերասանուհի Լյուբով Օրլովայի, Լենինի տիկնոջ՝ Նադեժդա Կրուպսկայայի անունները հատկապես երիտասարդները, հնարավոր է, չեն էլ լսել, սակայն խորհրդային տարիներին, այն էլ 1930-ականներին, հանդիպել, օրինակ, Օրլովային, թերեւս նույնն էր, ինչ հանդիպել Մերիլին Մոնրոյի հետ: Կրուպսկայայի մասին չեմ ասում, քանի որ դա արդեն անհավանական իրադարձություն կարող էր թվալ: Կարսից գաղթած, ծնողներին կորցրած ու հինգ քույրերով Գյումրիի մանկատանը մեծացած երիտասարդ աղջկա համար երեք օր գնացքում անցկացնել Լյուբով Օրլովայի հետ, իսկ հետո Մոսկվայում հանդիպել Կրուպսկայային, կյանքի անմոռանալի մի արկած էր: Չերկարացնեմ. ահա այդ պատմությունը:

Արփիկ Ավետիսյանը Արփիկ Ավետիսյանը


«1934 թվականի հուլիսին, կոմերիտական ուղեգրերով, Կովկասից երեք աղջիկներ՝ վրացուհի Նաթելան, ադրբեջանուհի Մանզարան, Հայաստանից՝ ես, գնացքով մեկնում ենք Մոսկվա՝ սովորելու Ն.Կ. Կրուպսկայայի անվան մանկավարժական ակադեմիայում: Երկիրը մանկավարժների ու, առհասարակ, լուսավորության բնագավառի աշխատողների մեծ կարիք ուներ. համատարած պայքար էր սկսվել անգրագիտության վերացման դեմ:

Երեւանից Մոսկվա մեկնող ճեպընթաց գնացքը կանգ առավ Թիֆլիսի կայարանում, որն այդ պահին անսովոր մարդաշատ էր: Պատուհանից տեսանք, որ արվեստագետների մի մեծ խումբ շրջապատել էր հանրածանոթ կինոդերասանուհի Լյուբով Օրլովային: Նրան գիտեինք «Ուրախ տղաներ», «Վոլգա-Վոլգա» ֆիլմերից:



Ծաղկեփնջերով, բազմաթիվ երկրպագուներով ու հետաքրքրասերներով շրջապատված՝ Օրլովան գնացք բարձրացավ: Մեր կուպեի ցածի տեղերից մեկն ազատ էր: Քիչ անց տեղի ունեցավ հրաշք. Օրլովան, իրեն ուղեկցող երիտասարդի հետ, մտավ մեր խցիկ եւ երբ տեսավ, որ ներսում բոլորը կանայք են, շատ ուրախացավ: Գնացքում շարժվելու տեղ չկար. հետաքրքրասեր կանայք ակնապիշ նրան էին նայում: Նա, սովոր նման հետաքրքրասիրությանն իր անձի հանդեպ, հանգիստ զրուցում էր ուղեկցողների հետ:

Հնչեց երրորդ զանգը, եւ ուղեկցուհու ձայնը. «Ուղեկցողներն ազատեն գնացքը»: Հարյուրավոր մարդիկ՝ թաշկինակներն ու գլխարկները թափահարելով, բարի ճանապարհ էին մաղթում մեկնողներին: Վրացի երկու արվեստագետներ Օրլովային ուղեկցեցին մինչեւ հաջորդ մոտակա կայարան, ողջագուրվեցին ու ցած իջան:
Նա, ծաղկեփնջերը տեղավորելով, դարձավ մեզ.

-Ի՛նչ հրաշալի է ձեր ժողովուրդը՝ ուրախ, կենսախինդ, զրուցասեր եւ, ամենագլխավորը, հյուրասեր:

Նրան թվաց, թե երեքս էլ վրացուհիներ ենք: Ներկայացանք՝ Նաթելան է վրացուհի, ես հայուհի եմ, Մանզարան՝ ադրբեջանուհի:

Մենք՝ աղջիկներով, նստել էինք կողք կողքի՝ միմյանց ՝ անծանոթ, լուռ ու մունջ: Մեզ միավորում էր սերը դեպի ուսումը, կյանքը մեր սեփական հայացքով ու ներաշխարհով հասկանալու ձգտումը: Ինչպես միշտ, գնացքում մարդիկ շուտ են մտերմանում ու բարեկամանում: Մենք էլ շատ մտերմացանք:  
Լյուբով Օրլովան Լյուբով Օրլովան


Թեեւ գրեթե հարազատացել էինք, բայց մեզ արդեն ազատ չէինք զգում. Օրլովան կաշկանդում էր մեզ իր անկրկնելի գեղեցկությամբ, քնքուշ ու բարեկիրթ շարժուձեւով, արտիստական անսեթեւեթ պահվածքով: Ոչ մեկս ռուսերեն վարժ չէր խոսում, եւ դա մեզ կաշկանդում էր. խոսում էինք սխալներով՝ շփոթելով սեռերը, ժամանակները: Մեզ լսողն ավելի շուտ ոչ թե պետք է հասկանար, այլ գլխի ընկներ՝ ինչ ենք ուզում ասել:

Օրլովան հասկանում էր մեզ, բարեկիրթ ժպտում:

Գնացքում հետաքրքրությունն Օրլովայի հանդեպ չէր նվազել: Մեր դռան առաջ մարդկանց խմբերը փոխարինում էին միմյանց: Դուռը փակել չէր լինի. հեղձուկ էր, բացում էինք՝ հետաքրքրասերների ակնապիշ հայացքներն էին. Օրլովային դիտում էին՝ որպես թանգարանային հազվագյուտ մի նմուշի: Մի աղջնակ, բոլորին հրելով, մտավ մեր խցիկ, բարձր կանչեց ՝Անյուտա (Օրլովայի հերոսուհին ՝ «Ուրախ տղաների»-ից) ու փախավ: Օրլովան ժպտալով ասաց. «Չէի կարծում,թե ինձ ճանաչողներ կլինեն, կարծում էի՝ աննկատ կմնամ, բայց չեղավ»:

Մենք՝ աղջիկներով, յոթերորդ երկնում էինք մեզ զգում, մի տեսակ՝ արտոնյալներ, որոնց վիճակված է երեք օր ու գիշեր գնացքի նույն խցում անցկացնել Օրլովայի հետ:

Հետաքրքրասերների հայացքներից հոգնած՝ Օրլովան սկսեց պատուհանից դուրս դիտել: Ծովի ալիքները հանդարտ ծփում էին, շատ գեղեցիկ ու տպավորիչ տեսարան էր. «Պետք է գեղանկարիչ լինել՝ կտավին անմահացնելու ծովի այս պահը»,-ասաց Օրլովան՝ հիշելով Այվազովսկուն:

Մախաչկալայում գնացքից իջանք՝ գնումներ կատարելու: Օրլովան գնեց տապակած ձկներ եւ մի մեծ ձմերուկ: Մենք էլ մրգեր գնեցինք, բարձրացանք գնացք:

Օրլովան մեզ հարցրեց, թե ու՞ր ենք գնում: Ասացինք՝ Մոսկվա: Շատ ուրախացավ, որ մինչեւ վերջ իր հետ մենք ենք լինելու, նոր ուղեկիցներ չի ունենա.

-Այս անգամ էլ բախտս բերեց. գնում եմ աղջիկների հետ, առանց ծխողների: Սարսափելի զգայուն եմ ծխախոտի ծխի նկատմամբ: Հուսով եմ՝ ձեր մեջ ծխող չկա:

Նաթելան ասաց, որ մեզ մոտ՝ Կովկասում, աղջիկները չեն ծխում. ամոթ է համարվում:

Նախաճաշի ժամ էր, քաղցած էինք, բայց անհարմար էինք զգում նրա ներկայությամբ ուտել: Ասես կռահելով ՝ առաջինը պայուսակից հանեց քաղցրավենիքի տուփը, բացեց թխվածքի ծրարն ու մեզ հրավիրեց սեղանի մոտ: Քաջալերվելով Օրլովայի վերաբերմունքից՝ իսկույն բացեցինք ուտելիքի մեր բոխչաները: Մեջտեղ եկան նուրբ ու համեղ լավաշը, տապակած ճուտն ու ձուն, ոչխարի պանիրն ու գաթան ու էլի ուրիշ բաներ: Ուտում էինք ու խոսում դեսից-դենից: Նա հաճույքով կերավ լավաշն ու հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են թխում իր տեսակի մեջ եզակի այս հացը: Նախաճաշից հետո պատմեցի իրեն, եւ որպեսզի ասածս ավելի լավ պատկերացնի, նկարեցի թոնիր, կողքին՝  կլոր սեղանը, գրտնակը, մյուս պարագաները: Զարմացած լսելուց հետո ասաց, որ շատ բարդ է թխելը, կնոջից շատ ժամանակ կխլի:

Եղել էր Հայաստանում եւ գիտեր մեր ժողովրդի կյանքի տխուր պատմությունը: Երգել էր ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում, հիացած էր դահլիճի ակուստիկայով, հայկական մեղեդիներով:

Հոգնած՝ Վրաստանում համերգային շրջագայությունից, իր պատվին կազմակերպված ճաշկերույթներից, պառկեց հանգստանալու եւ անմիջապես քնեց: Աղջիկներով դուրս եկանք միջանցք . պատուհանից նայում էինք թեյի պլանտացիաներին, պտղատու ծառերի այգիներին, մարգագետիններին, երբ ուսիս վրա զգացի մեկի ձեռքը. Օրլովան էր. նա մեզ ներս տարավ ու սկսեց հանդիմանել.

-Չեղավ, աղջիկներ, այ դա չեղավ: Իմ պատճառով դուրս եք եկել խցիկից ու միջանցքում կանգնել: Ես այնքան խորն եմ քնում, որ եթե ականջիս տակ թմբուկ էլ զարկեն, չեմ արթնանա: Պարզապես շատ հոգնած եմ,  իսկ գնացքն այնպես լավ է ճոճում, որ անհնար է ուտելուց հետո չքնել:



Պատմեց, որ առաջիկայում իրեն մեծ փորձություն է սպասում. նկարահանվելու է «Կրկես» ֆիլմում, որտեղ խաղալու է ամերիկյան կրկեսի նշանավոր արտիստուհի Մարիա Դիկսոնի բարդ դերը, որի համար իրենից հսկայական ջանքեր են պահանջվելու: Նա մեզ պատմեց ֆիլմի բովանդակությունը:

Մի անգամ բոլորս պառկած զրուցում էինք «Կյանքի ուղեգիր» ֆիլմի մասին: Այդ տարիներին դա մեծ աղմուկ հանած ֆիլմ էր: Օրլովան հիացմունքով էր խոսում Մակարենկոյի մանկավարժական տաղանդի մասին:  

-Աղջիկնե՛ր, ինչպես տեսնում եմ, շատ եք սիրում կինոն, ինչու՞ չեք փորձում ձեր բախտը, գուցե թե լավ դերասաններ դառնաք:

Մանզարան ասաց, թե դա մեր խելքի բանը չէ. մենք պետք է սովորենք ու լուսավորենք գյուղացիներին, նրանց երեխաների համար դպրոցներ բացենք:

-Ճիշտ եք,-ասաց Օրլովան՝ նայելով ձեռքի ժամացույցին,- մանկավարժի մասնագիտությունը պետք է վստահել միայն կանանց: Տղամարդիկ ավելի սիրում են «պատասխանատու» պաշտոններ, եւ դա նրանց սազում է: Այնպես կուզենայի մի 15 տարով ջահելանալ: Կարոտով եմ հիշում ուսումնառության իմ տարիները Մոսկվայի կոնսերվատորիայում, պարարվեստի ուսումնարանում: Մանկուց էի երազում դերասանուհի դառնալ եւ դարձա: Կյանքում ոչ մի բան հեշտությամբ չի տրվել, բայց չեմ հուսահատվել, աշխատել եմ, տքնել եմ, ձգտել:

Օրլովայի զրույցները կյանքի դասեր էին անփորձ, կյանք չմտած աղջիկներիս համար: Մենք կլանված լսում էինք նրա պատմությունները:

Ես հինգերորդ դասարանից սկսած՝ օրագիր պահելու սովորություն ունեի: Մեծ մասամբ գրի էի առնում մեր մանկատան կառավարչուհիների դաժանությունները, երեխաներին «դաստիարակելու» պատրվակով՝ նրանց հացից զրկելը վատ սովորությունների մասին եւ այդ բոլորի վրա ավելացնում իմ զայրույթը: Առաջին անգամ օրագրիս մեջ պիտի գրի առնեի Օրլովայի հետ ունեցած երեքօրյա կյանքի պատմությունը:
Լյուբով Օրլովան Լյուբով Օրլովան


Օրլովան մեզ վրա հիանալի մարդու տպավորություն թողեց, եւ մենք նրան ջերմ սիրով սիրեցինք: Առաջին անգամ էի հանդիպում այդպիսի մեծ հմայքի տեր կնոջ, որի մեջ ամեն ինչ ներդաշնակորեն գեղեցիկ էր ու նաեւ պարզ: Նա սիրով էր մեզ պատմում իր խաղընկերների՝ Ուտյոսովի, Իլինսկի-Բվալովի մասին զավեշտալի պատմություններ եւ մենք արտասվելու չափ ծիծաղում էինք:

Օրլովայի անձնական հմայքին գումարվում էին նաեւ նրա մարդկային բարձր արժանիքները: Զգայուն էր եւ չափից վեր նրբանկատ: Նկատել էր, որ մենք շատ վատ ենք խոսում ռուսերեն. խնամքով ուղղում էր մեր սխալներն ու անմիջապես հարցնում. «Աղջիկներ, հո չե՞ք նեղանում»: Ու կատակեց. «Այս երեք օրը փորձելու եմ իմ մանկավարժական ընդունակություններն ու գիտելիքները. ո՞վ գիտի, գուցե մի օր էլ կինոյում մանկավարժի դեր վստահեն ինձ: Ինձ վրա եմ վերցնում ռուսաց լեզվի՝ ձեր ուսուցչուհու պարտականությունները: Խնդրում եմ՝ ինքներդ որոշեք աշխատավարձիս չափը»:

Մենք ծիծաղեցինք, բայց նա լրջորեն գործի անցավ: Մեզ սովորեցրեց հոլովները, սեռերը, դերանունների գործածությունն ու էլի շատ այլ բաներ: Աղջիկներից  Մանզարան էր, կարծեմ, դժգոհեց.. «Օհ, ի՞նչ դժվար լեզու է ռուսերենը: Ինչ անում եմ, չի ստացվում: Անվերջ շփոթում եմ հոլովները, դերանունները խառնում եմ: Ես ասում եմ он, նա ուղղում է՝ она , ասում եմ его, նա ուղղում է՝ ее»: Օրլովան լսեց. «Սիրելի աղջիկս, մի օրում գեներալ չես դառնա: Մի օրում լեզու չես սովորի, ժամանակ է պետք: Ամեն բան կախված է քո աշխատասիրությունից: Բոլոր ռուսները չէ, որ անսխալ խոսում են իրենց մայրենի լեզվով: Իսկ ցանկության դեպքում՝ դուք էլ, աղջիկներ, կարող եք սովորել մի քանի լեզու, անգամ չինարեն: Մի վախեցեք սխալներից, շատ խոսեք, շատ կարդացեք»:

Կեսօրին նստեցինք ճաշի:

Սակավապետ էր Օրլովան: Մենք էլ հարմարվեցինք նրան. քիչ էինք ուտում, քիչ էինք խմում: Երեք օր գնացքում ամեն բան անում էինք ա լա Օրլովա: Ճաշից հետո նա ճամպրուկից հանեց խաղաթղթերը եւ առաջարկեց թուղթ խաղալ: Կյանքում երբեք թուղթ չէի խաղացել: Երեքիցս եւ ոչ մեկը չգիտեր Օրլովայի առաջարկած խաղը՝ պրեֆերանսը: Նետում է խաղաթուղթը սեղանին ու սպասում: Մենք հապաղում ենք, իրար երեսի նայում: «Դե, աղջիկներ, շարժվեք»,- ասում է ու սպասում: Մենք իրար ենք նայում, հետո նրան: Հասկացավ, որ խաղալ չգիտենք: Մեծ համբերությամբ բացատրեց խաղի իմաստը՝ իր «գաղտնիքներով», պատմեց, որ ռուսական ազնվականության ամենասիրելի թղթախաղն է: Օրվա մեջ մի քանի անգամ արդեն խաղում էինք, կարելի է ասել՝ բավական հմտացել էինք: Իմ հմտությունները հետագայում ինձ օգնեցին «Պրեֆերանս» խաղալու Մարտիրոս Սարյանի ու նրա տիկնոջ՝ Լյուսի Լազարեւնայի հետ: Մի օր Մարտիրոս Սերգեյիչը հարցրեց, թե որտեղի՞ց գիտեմ թղթախաղը, որը Հայաստանում այնքան էլ տարածված չէր: Հպարտությամբ ասացի. «Անձամբ Լյուբով Օրլովան է սովորեցրել»:


Եվ այսպես, երեք օր ըմբոշխնելով, սովորելով , զրուցելով, հիանալով Օրլովայով՝ հասանք Մոսկվա: Կուրսկի կայարանում Օրլովային դիմավորելու էին եկել ամուսինը եւ հարազատները: Ջերմորեն հրաժեշտ տվեցինք պարզ ու անմիջական, իր անվանն ու մեծությանը կարեւորություն չտվող Լյուբով Պետրովնա Օրլովային: Այդ օրերից ՝ որպես քաղցր հուշ, մնացել է Օրլովայի այցետոմսը, որը նա մեզ տվեց Կուրսկի կայարանում՝ բաժանման ու հրաժեշտի պահին:

Հրաժեշտ տվեցինք ու բռնեցինք Ն.Կ. Կրուպսկայայի անվան մանկավարժական ակադեմիա տանող ճանապարհը:   

Առաջին անգամ էի Մոսկվայում: Դա մի հեքիաթային հսկա թվաց ինձ, ուր մեզ նմանները հեշտությամբ կարող էին կորցնել գլուխները: Հարցուփորձ անելով՝ գտանք Կրուպսկայայի անվան ակադեմիայի հանրակացարանը: Երեքիս տեղավորեցին նույն սենյակում, հանրակացարանի իններորդ հարկում: Առաջին անգամ էինք տեսնում բարձրահարկ շենքեր ու զարմանում, թե ինչպես են դրանք կառուցել:

Տեղավորվելուց հետո՝ անմիջապես ներկայացանք ակադեմիայի գործերի կառավարչին, որը միջին տարիքի համակրելի կին էր: Նրանից էլ ստացանք քննական թերթիկները: Ընդունելության քննություններն էին՝  ԽՍՀՄ պատմություն, ֆիզիկա, ռուսաց լեզու ու գրականություն: Վերցրել ենք քննաթերթիկներն ու մտածում ենք, թե մեր կոտրված ռուսերենով ինչպե՞ս ենք հանձնելու քննությունները: Լավ, բանավորի տակից մի կերպ դուրս կգանք, բայց գրավորները հաղթահարել չպիտի կարողանանք:
Գործերի կառավարիչը տեսավ մեր հուզմունքը.

-Ի՞նչ է, աղջիկներ, երեւում է՝ շատ եք վախենում: Մի՛ հուզվեք, այլազգիների հանդեպ զիջողաբար են տրամադրված:

Հետո խորհուրդ տվեց քննությունների ժամանակ նստել ռուս ուսանողների կողքին ու օգտվել նրանցից:

Երեք օր հետո քննություններն էին: Ներկայացանք ռուսաց լեզվի գրավոր քննությանը: Գրելու էինք Պելագեա Նիլովնայի (Մ. Գորկու «Մայրը») մասին շարադրություն: Հանրակացարանում մեզ հետ ապրող ռուս աղջիկները մեզ պատմել էին վեպի բովանդակությունը: Մի կերպ գրեցինք Նաթելայի հետ եւ դուրս եկանք միջանցք: Մանզարան մեզ էր սպասում՝ սարսափելի հուսահատված վիճակում. նա չէր ներկայացել քննությանը:

Երեք օր անց ռուսաց լեզվի բանավոր քննությունն էր: Քննությունն ընդունող կինը մեզ թողեց թեմայի ընտրությունը: Զոռով, մի կերպ, ջարդված ռուսերենով պատմեցի Գորկու «Մայրը», որն այնքան էի կրկնել շարադրությանը պատրաստվելիս, որ գրեթե անգիր էի արել: Ինձ լրիվ ապահովագրելու համար՝ նաեւ ասացի, որ 1925 թ.-ին Մաքսիմ Գորկուն տեսել եմ մեր պիոներական ճամբարում: Ընդունող հանձնաժողովի կինը «Երեք» նշանակեց: Մյուս քննությունները եւս «Երեք»-ի հանձնեցինք ես ու Նաթելան ու ընդունվեցինք նախապատրաստական դասընթացների՝ հունվարին առաջին կուրս փոխադրվելու պայմանով:

Մեզ ու հանրակացարանում ապրող ուսանողների համար մեծ ցավ էր Մանզարայի դուրս մնալը: Մտածում էինք՝ ի՞նչ ճանապարհով կարգավորենք նրա հարցը, երբ մեր հայ աղջիկներից մեկը՝ Անահիտ Ծաղիկյանը, խորհուրդ տվեց դիմել Լուսավորության մինիստր Ն.Կ. Կրուպսկայային: Ապա իր ձեռքով մի լավ դիմում գրեց եւ տվեց մեզ: Ճանապարհ ընկանք: Հարցուփորձ անելով՝ տեղ հասանք ու կանգ առանք Կրուպսկայայի աշխատասենյակի դռանը: Նույն վախն ու սարսափն էր պատել, ինչ քննություններից առաջ:

Նահապետական ամոթխածությունը թույլ չէր տալիս մոտենալ նախասենյակի դռանը: Թերեւս երկար մնայինք, եթե դուռը չբացվեր ու դուրս չգար ինքը՝ Կրուպսկայան: Իսկույն ճանաչեցինք նրան: Տեսնելով երկյուղից այլայլված մեր դեմքերը՝ հարցրեց, թե ու՞մ մոտ ենք եկել եւ ինչ ենք  ուզում: Ասացինք որ իր մոտ ենք եկել, գործով:

Մեզ տարավ ընդունարան, որտեղ ոչ ոք չկար, ու խնդրեց մի քանի րոպե սպասել: Բաց դռնից դիտում էինք Կրուպսկայայի առանձնասենյակի ներսը. պարզ մի սեղան, վրան՝ հեռախոս, մի քանի աթոռ, կիսամաշ մի բազմոց, առաստաղից կախված էլեկտրական լամպ՝ առանց ջահի, լուսամուտներին՝ քաթանե հասարակ վարագույրներ, ու վերջ:
Նադեժդա Կոնստանտինովնան մեզ երկար սպասել չտվեց: Մի քանի րոպեից վերադարձավ.

-Լսում եմ ձեզ, աղջիկնե՛ր,-ասաց՝ հերթով ուշադիր նայելով երեքիս: Մանզարան Անահիտի ձեռքով գրած դիմումը՝ առանց ձայն հանելու, մեկնեց Կրուպսկայային:
Դիմումը կարդալուց հետո հարցրեց, թե մեզնից ո՞վ է գրել այդ դիմումը:

-Ձեր ակադեմիայի վերջին կուրսի հայ ուսանողուհի Անահիտը,-ասաց Մանզարան՝ կարմրելով մինչեւ ականջի ծայրը:

-Երեւի նա էլ ընդունվելիս ձեր վիճակում է եղել, իսկ հիմա նա գրագետ քաղաքացի է դարձել: Ուրախալի է, որ հանրապետություններից մեզ մոտ սովորելու եկածներն իրենց առաջադիմությամբ ետ չեն մնում ռուս ուսանողներից: Ձեզ միայն խանգարում է ռուսաց լեզվի ոչ բավարար իմացությունը: Դուք պետք է լավ սովորեք ռուսաց լեզուն, որի յուրացումը հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիքներ, հաղորդակից դառնալ համաշխարհային ու ռուս գրականությանը: Ինձ շատ է մտահոգում ռուսաց լեզվի անբավարար վիճակը ձեր դպրոցներում, որի պատճառը վստահաբար հմուտ կադրերի բացակայությունն է:

Հարցրեց՝ ո՞ր հանրապետություններից ենք: Երբ իմացավ Հայաստանից, Վրաստանից ու Ադրբեջանից ենք, ասաց.

- Կատարյալ ինտերնացիոնալ ջոկատ եք կազմել, հրաշալի է;

Չգիտեմ՝ Կրուպսկայայի պարզ վարվեցողությունն էր պատճառը, թե աշխատասենյակի պարզությունը, բայց երեքս էլ լեզու առանք ու, միմյանց ընդհատելով, սկսեցինք խոսել, թե դպրոցական գործը մեր հանրապետություններում ամուր հիմքերի վրա չէ, այդ պատճառով լավ չենք սովորել ու խնդրեցինք, որ օգնի Մանզարային՝ ընդունվել նախապատրաստական դասընթացին:

Մեզ լսելուց հետո՝ Կրուպսկայան վերցրեց հեռախոսը, ինչ-որ մեկին զանգ տվեց ու ցած դրեց:

-Ո՞վ է ձեզնից Ստեփան Շահումյանի հայրենակիցը:

Ես ոտքի կանգնեցի: Ձեռքով նշան արեց, որ նստեմ: Ակնոցը դրեց, ուշադիր նայեց ինձ.

-Շահումյանը Լենինի հավատարիմ զինակիցն էր ու մեծ բարեկամը: Մեր հանդիպումները նրա հետ տոն էին ու ուրախություն: Նա իմ հուշերում մնացել է՝ որպես ազնվության մարմնացում: Ափսոս, տխուր վախճան ունեցավ նրա կյանքը: Պատմությունը երբեք չի ների դահիճներին:

Մենք անհամբեր սպասում էինք Կրուպսկայայի դատավճռին: Վերջապես Կրուպսկայան վերցրեց հեռախոսափողը: Թեթեւացած շունչ քաշեցինք.

-Կովկասից կոմերիտական ուղեգրերով մեզ մոտ սովորելու են եկել երեք աղջիկներ: նրանցից մեկը՝ Մանզարա Թարվիրդեւան, չի մասնակցել գրավոր քննությանը: Աղջիկները բոլորն էլ վատ են տիրապետում ռուսերենին: Աղջիկը մեծ ցանկություն ունի սովորելու, պետք է նրան ընդառաջել:
Նադեժդա Կրուպսկայան Նադեժդա Կրուպսկայան


Մենք՝ համակ լսողություն դարձած, հեռախոսի միջից լսում էինք ռեկտորի ձայնը. Մանզարային տեղավորելու համար լրացուցիչ հաստիք է պահանջվում: Կրուպսկայան խոստացավ երկտող գրել ռեկտորին, ծրարեց ու բաց վիճակում հանձնեց Մանզարային, ապա դարձավ մեզ.

-Աղջիկներ, ձեզ դժվարին քննություն է սպասում: Սովորեք այնպես, որ հունվարյան քննություններին դուրս չմնաք:

Ոտքի կանգնեցինք, շնորհակալություն հայտնեցինք, արդեն պատրաստվում էինք դուրս գալ, երբ նա մեզ ետ կանչեց.

-Մոռացա հարցնել. ինչպե՞ս եք ապրում, դրամ ունե՞ք ծախսելու: Ծնողներ ունե՞ք, օգնություն ստանու՞մ եք տնից:

Ասացինք, որ դրամ ունենք: Հեռախոսով կանչեց ինչ-որ մեկին: Քիչ անց առանձնասենյակ մտավ բարձրահասակ, ճաղատ, ակնոցով  մի մարդ՝ թղթապանակը թեւի տակ. Ժողկոմի հաշվապահն էր:

-Իվան Սերգեյիչ, այսօր չենք զբաղվելու N75 դպրոցի ֆինանսական գործերով. Թող մնա վաղվան: Ձեզ կանչել եմ, որ  մեր աղջիկներին մի քիչ դրամով օգնենք: Մեր ապագա ուսանողուհիները եկել են հեռավոր հանրապետություններից, նրանք քաղաքում ոչ մի ծանոթ չունեն, իսկ մինչեւ թոշակները շատ ժամանակ կա: Պետք է օգնել աղջիկներին:

Հաշվապահի պահանջով ու նրա թելադրությամբ գրեցինք  յուրաքանչյուրիս 15 ռուբլի ստանալու հաշիվը, ստորագրեցինք, ստացանք դրամը, կրկին շնորհակալություն հայտնեցինք ու դուրս եկանք: Ու ուղիղ հանրակացարան:

Թեեւ կյանքը բացարձակ չէինք ճանաչում, նոր-նոր էինք կյանք մտնում, բայց այն, ինչ տեսանք ու ապրեցինք գնացք նստելուց՝ մինչեւ այդ պահը, վեր էր մեր պատկերացումներից: Այդ կարգի բաների մասին հեքիաթներում էինք կարդացել, որ երբեմն կատարվում են մարդկանց բարի ցանկությունները: Բայց մեր կյանքու՞մ, այն էլ՝ օտարության մե՞ջ: Աներեւակայելի էր:

Հանրակացարանում մեզ սպասում էին Մանզարայի ճակատագրով մտահոգված, տարբեր ազգությունների տասնյակ աղջիկներ ու տղաներ: Նրանք իսկույն շրջապատեցին մեզ ու իմանալով տեղի ունեցածը՝ շնորհավորեցին: Ինչ-որ մեկը սկսեց ակորդեոն նվագել, մեկ ուրիշը՝ պարել:

Այնքան հավատով էինք լցվել դեպի գալիքը, ամեն բան այնքան լուսավոր էր թվում:

Հետո կյանքում շատ իրադարձություններ եղան: Բայց Օրլովայի ու Կրուպսկայայի հետ հանդիպումները մնացին որպես անմոռանալի հուշ»:

Լիլիթ Ավագյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին