Հեյդար Ալիեւը 1981-ին կոչ էր անում օրինակ վերցնել Խորհրդային Հայաստանից - Mediamax.am

3556 դիտում

Հեյդար Ալիեւը 1981-ին կոչ էր անում օրինակ վերցնել Խորհրդային Հայաստանից



Հեյդար Ալիեւի 100-ամյակին նվիրված հրապարակումների շրջանակում Trend գործակալությունը հարցազրույց է հրապարակել գրող Վիլայաթ Գուլիեւի հետ, որը 1999-ից 2004 թթ. զբաղեցնում էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Գուլիեը, մասնավորապես, պատմել է 1981 թվականի Ադրբեջանի գրողների միության համագումարի մասին, որի ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի առաջին քարտուղար Հեյդար Ալիեւը կշտամբել էր գրողներին՝ կոչ անելով հետեւել Հայաստանի օրինակին:

Խնդիրն այն էր, որ Իրաքում Կերբելա քաղաքի հարեւանությամբ նոր մայրուղու կառուցման ընթացքում շինարարները իբրեւ թե քանդել էին Ֆիզուլիի գերեզմանը եւ նրա մասունքները տեղափոխել էին մզկիթներից մեկի նկուղը: Բաքվի մտավորականության շրջանում քննարկվում էր Ֆիզուլիի մասունքները Ադրբեջան տեղափոխելու գաղափարը եւ այն բարձրացվել էր նաեւ գրողների միության համագումարում:

Վիլայաթ Գուլիեւը պատմել է, որ Հեյդար Ալիեւը պահանջել էր գրողներից եւ մտավորականներից ավելի նախաձեռնող լինել եւ, մասնավորապես, ասել էր.

«Երբեւէ փորձե՞լ հանդիպել Իրաքի հյուպատոսի հետ եւ պահանջել պարզաբանել իրավիճակը։ Թե՞ վախենում եք։ Մի վախեցեք, Հեյդար Ալիեւը ձեզ ամեն դեպքում կպաշտպանի: Բայց դուք էլ հասկացեք. ամեն ինչ չէ, որ կախված է առաջին քարտուղարից։ Ոչ բոլոր հարցերն են որոշում կուսակցությունն ու կառավարությունը։ Հարցեր կան, որոնք պետք է բարձրացնեն գրողները, գիտնականները, մշակույթի գործիչները։ Ֆիզուլին խորհրդային կարմիր անձնագիր չուներ, որ կարողանայի Իրաքի ղեկավարությունից պահանջել հարգալից վերաբերվել նրա հիշատակին:

Նայեք մեր հարեւաններին, օրինակ վերցրեք ձեր հայ գործընկերներից։ Հենց Լիբանանում ինչ-որ բան է պատահում, միահամուռ պաշտպանում են իրենց հայրենակիցներին, որոնց երբեք չեն տեսել։ Ոտքի են կանգնեցնում ԽՍՀՄ-ի ու ողջ աշխարհի ղեկավարությանը։ Եվ արդյունքում հասնում են իրենց նպատակին։ Իսկ դու մի բաժակ ջրի մեջ փոթորիկ եք սարքել ու ինձնից օգնություն եք խնդրում։ Ո՞ւր է ձեր սեփական վերաբերմունքը, որտե՞ղ են ձեր նախաձեռնությունները»։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին