Շեւարդնաձեի խնդրանքն ու Ալիեւի օգնությունը Թբիլիսիի «Դինամոյին» - Mediamax.am

3947 դիտում

Շեւարդնաձեի խնդրանքն ու Ալիեւի օգնությունը Թբիլիսիի «Դինամոյին»


Հեյդար Ալիեւն եւ Էդուարդ Շեւարդաձեն
Հեյդար Ալիեւն եւ Էդուարդ Շեւարդաձեն
Հեյդար Ալիեւն եւ Էդուարդ Շեւարդաձեն
Հեյդար Ալիեւն եւ Էդուարդ Շեւարդաձեն

Հեյդար Ալիեւի 100-ամյակին նվիրված հրապարակումների շրջանակում Trend գործակալությունը հրապարակել է հարցազրույց Յուրի Մամեդովի հետ, ով 1982-1986 թվականներին Ադրբեջանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի առաջին տեղակալն էր, իսկ 1986-1992 թվականներին՝ կոմիտեի ղեկավարը։

Հարցազրույցում Մամեդովը, մասնավորապես, պատմել է, թե Խորհրդային Վրաստանի ղեկավար Էդուարդ Շեւարդնաձեն մի անգամ ինչ խնդրանքով է դիմել Ալիեւին, եւ ինչպես է դրան արձագանքել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարը։

«Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը միավորված էին Անդրկովկասյան ռազմական օկրուգում։ Ամեն տարի մայրաքաղաքներից մեկում տեղի էր ունենում Ռազմական խորհրդի նիստ։ Այդ մեկն անցկացվում էր Բաքվում։

Նիստն ավարտվեց։ Լսում եմ, թե ինչպես է Հեյդար Ալիեւիչը համոզում Վրաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարին մնալ ճաշի։ Նա էլ պատասխանում էր. «Հեյդար Ալիեւիչ, մեծ սիրով կմնայի, սակայն երեկոյան ժամը վեցին ժողով եմ նշանակել։ Ոչ մի կերպ չի ստացվի»։

Նրանք շարունակում են քայլել, եւ հանկարծ Շեւարդնաձեն Ալիեւին ասում է.

«Հեյդար Ալիեւիչ, մի մեծ խնդրանք ունեմ։ Այսօր Բաքվում «Նեֆթչին» խաղում է Թբիլիսիի «Դինամոյի» հետ»։

Հեյդար Ալիեւն եւ Էդուարդ Շեւարդաձեն Հեյդար Ալիեւն եւ Էդուարդ Շեւարդաձեն


Հեյդար Ալիեւիչն ուրախացավ. «Դե ուրեմն, մնում ես, գնում ենք ֆուտբոլի, իսկ հետո՝ կմեկնես»:

Շեւարդնաձեն պատասխանում է.

«Դա նկատի չունեմ: Հեյդար Ալիեւիչ, մենք շատ ծանր վիճակում ենք. ցանկացած պահի կարող ենք դուրս մնալ բարձրագույն լիգայից»։

«Եվ ի՞նչ է պետք անել, որպեսզի դա տեղի չունենա»,- հարցնում է Հեյդար Ալիեւը։

«Գուցե մեր տղաները ոչ ոքի խաղա՞ն։ Դա բավական կլինի»,- ասում է Շեւարդնաձեն։

Հեյդար Ալիեւիչը շրջվում է դեպի ինձ եւ ասում. «Մամեդով, լսեցի՞ր։ Գնա՛ եւ լուծի՛ր այս հարցը»։

Մտնում եմ աշխատասենյակ, զանգում Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռզաեւին։ Սկզբում նա ոչինչ լսել չէր ցանկանում. «Ի՞նչ ես խոսում: «Կպատռենք» նրանց, չկասկածե՛ս»։ Այդ ժամանակ ուղիղ ասում եմ. «Կարծիք կա, որ պետք է ոչ ոքի խաղանք»։

Նա նորից իրենն է պնդում, ոչ մի կերպ չի հասկանում, թե այդ ում կարծիքն է։ Միայն երբ ավարտեցինք եւ նա կախեց լսափողը, վերջապես, հասկացավ։ Զանգահարեց տասնհինգ րոպե անց եւ ասաց. «Հասկացա։ Բայց ինչպե՞ս խաղալ՝ ընդհանրապես հաշիվը չբացելո՞վ»:

«Ավելի լավ է՝ հաշիվը 1-1 լինի»։

«Իսկ ո՞վ պետք է առաջինը գոլ խփի»։

Մի խոսքով, բացատրեցի նրան, թե ինչպես անել: Այդպես էլ եղավ։ Սկզբում մեզ գոլ խփեցին, հետո մենք հաշիվը հավասարեցրեցինք։

Եվ հանդիսատեսն էր ուրախ, եւ թբիլիսցիները»։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին