Մենք կարծում էինք, թե իր շանթերով
Հըսկում է Աստված Սասմա սարերին.
Մենք ասում էինք՝ անթիվ նավերով
Կըգան օգնության մեր ծանըր օրին...
Ավա՜ղ մեր պայծառ հույսերի համար.
Ահա խորտակված, եւ ահա կըրկին
Նայում ենք անհույս, մենա՜կ, դալկահար՝
Մորթող թըշնամու արյունտ ձեռքին:
Հովհաննես Թումանյանի անսահման հարուստ ժառանգության մեջ անգնահատելի տեղ էր զբաղեցնելու «Հին կռիվը» պոեմը: Պոեմին քիչ անդրադարձ է կատարվել ու այն մի տեսակ ստվերում է մնացել միգուցե անավարտ լինելու պատճառով:
Լուսանկարը` Հովհաննես Թումանյանի թանգարան
««Հին կռիվը» թվացյալ ազգային պոեմա է, բայց խոշոր հաշվով, ինչպես ինքն է ձեւակերպել, այն մարդու գոյության խնդրի պոեմա է, իսկ «Հազարան բլբուլը» պետք է լիներ սպեղանին: Պատահական չէ, որ այս երկու ստեղծագործություններով նա սկսել է հետաքրքրվել գրեթե միաժամանակ եւ դրանք նրան ուղեկցել են մինչեւ իր կյանքի վերջը: Երկուսի չավարտված լինելու համար էլ Թումանյանը խորին ցավ է ապրել»,-ասում է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:
Պոեմի ինքնագրերից պահպանվել են պատառիկներ, նախնական վերնագիրը եղել է «Լեւոնի կռիվը», նշումներում Թումանյանն այն անվանել է «պատմական պոեմ 1890-ական թվականներից»:
1911-ի հունվարին ռուս ոստիկանները խուզարկում են Թումանյանի տունն ու բռնագրավում նրա թղթերը, որոնց մեջ էր նաեւ «Հին կռիվը»: Մեկ օր ձերբակալված մնալուց հետո գրողին ազատ են արձակում, բայց ստեղծագործություններն այդպես էլ չեն վերադարձնում: Ստեղծագործությունները փնտրելու նրա բոլոր փորձերը արդյունք չեն տալիս:
Լուսանկարը` Գիտության եւ արվեստի թանգարան
«Հավանականությունը մեծ է, որ պոեմն ամբողջական չի եղել: Սա բնորոշ է Թումանյանին, որովհետեւ այդ տեսակ ստեղծագործության ավարտի համար նա ֆունդամենտալ աշխատանք պետք է աներ: Այնպիսի իրադարձություններով լի շրջանում էր ապրում գրողը, որ անընդհատ նոր իրողությունների հետ էր հարաբերվում եւ փոխում իր վերաբերմունքը այս կամ այն երեւույթի նկատմամբ»,-շարունակում է Անի Եղիազարյանը:
Թումանյանը երբեք չի հրաժարվել պոեմն ամբողջացնելու մտքից: «...«Հին կռիվը» մնաց կիսատ, անմշակ, դեռ կգրեմ, կմշակեմ...»,- ասել է մահամերձ գրողն իր աղջիկներին 1923-ին:
Թումանյանի ազգային պոեմայի խորությունը
Հայտնըվեց ապա մի օտար տըղա,
Մի ուրիշ տըղա երեւաց էլի,
Խոսում են անքուն գիշերներն երկար,
Խոսում են տաք-տաք, մո՜ւթ, կասկածելի...
«Հին կռիվը» պոեմի վրա Թումանյանն աշխատել է երկար ժամանակ՝ 1890 թվականից, երբ տերտերի ու նրա աղջկա պատմությունը լսել է հասարակական գործիչ Ստեփան Զորյանից՝ Ռոստոմից:
Լուսանկարը` Գիտության եւ արվեստի թանգարան
Գործին վերադարձել է, երբ նոր վարպետության աստիճանի էր հասել եւ հայ ժողովրդի ազատագրական հարցին ավելի բարձր հումանիստական դիրքերից էր նայում: 1902-ին Փիլիպոս Վարդազարյանին գրած նամակում ասում է. «...միեւնույն ժամանակ մի մեծ ազգային պոեմա եմ ձեւում, մի բան, որ վաղուց ներսս փոթորկում եմ քաոսային դրության մեջ...»:
Լուսանկարը` Հովհաննես Թումանյանի թանգարան
Ենթադրվում է, որ «ազգային պոեման» հենց «Հին կռիվն» է: Կրկին Վարդազարյանին նա ավելի ուշ գրում է. «... Խոր ու լայն զգում եմ, որ վշտոտ ազգը, տառապած ազգը շարժվում է իմ մեջ, ուզում խոսել: Հենց այս էր, որ ասում էի մի ազգային, մեծ պոեմա եմ ձեւել, բայց ծալում հետաձգում եմ»:
Ընկեր թե օտար, ծանոթ, անծանոթ-
Ով վեր է կենում-վազում է իր մոտ.
-Վահա'ն, ի՞նչ անենք... Վահա'ն, ո՞նց կենանք...
Վահան ի՞նչ կասես...Վահա'ն, ե՞րբ գընանք...
Գըլխի՞ եք ընկնում «էնտե՜ղ» են գընում...
Անչափ ճշգրիտ ու տիպիկ Թումանյանը ներկայացրել է Հայոց հարցի դիվանագիտական մոտեցումները՝ մատնանշելով մեծ երկրների անտարբեր վերաբերմունքը: Նա գրում է եւ անգլիական «անթիվ նավերի», եւ գերմանական «մեռելի ոսկորի», եւ ռուսական «փրկչական խաչի» մասին՝ հստակեցնելով, որ
«մեր տունն են ուզում, մեր տեղն են ուզում,
Մեր բուն երկիրը՝ մեզնից ամայի...»:
«Հայոց լեռներում»-ը եւ պոեմի մաս, եւ առանձին բանաստեղծություն
Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:
Երեւի ոչ բոլորը գիտեն, որ Թումանյանի «Հայոց լեռներում»-ը, որը գրողի ցանկությամբ տպագրվել է 1906-ին որպես առանձին ստեղծագործություն, «Հին կռիվը» պոեմի մաս է կազմում: «Հայոց լեռներում»-ն այս իմաստով բացառիկ չէ, քանի որ Թումանյանը նաեւ այլ ստեղծագործությունների հետ է այսպես վարվել:
«Երբեմն ստեղծագործությունն այնքան շատ ասելիք է ունենում, որ առանձին հատվածներ տարրալուծվում են եւ կարիք է լինում առանձին տպագրել: Սակայն դրանք նաեւ այնքան ասելիք ունեն, որ, այո, կարող են նաեւ ամբողջովին ինքնուրույն կյանք ունենալ»,- պարզաբանում է թանգարանի տնօրենը:
Այսպիսի առանձին կյանքով է ապրում նաեւ պոեմի «Տղաների երգ»-ը, որը հետագայում դարձել է ռազմական երգ:
Ազատության որդիքն ենք մենք՝
Թըռած դեպի ապագան:
Էսպես խըմբով սըլանում ենք,
Ո՞վ կըփակի մեր ճամփան.
Կայծակ կըլնենք
Կիջնենք ամպից.
Հեռո՜ւ ճամփից,
Հեռո՜ւ ճամփից...
Պատմական հերոսը՝ Վարդան Գոլոշյան
Թումանյանը պոեմն անվանել է «Հին կռիվը», որը դարերի խորքից եկող ու անվերջ հարատեւող պայքարն է:
Իրական հերոսների ընտրությունը խորթ չէ Թումանյանին, նա միշտ վերցրել է գոյություն ունեցող խնդիրը, անձը եւ իր բանաստեղծական մտածողությամբ դրանք դարձրել համամարդկային:
Լուսանկարը` Հովհաննես Թումանյանի թանգարան
Կովկասից Տաճկահայաստան մեկնող հայ երիտասարդների առաջնորդ Վահանի (Լեւոնը նա հետագայում փոխել է Վահանի) նախատիպն Ալեքսանդր (Վարդան) Գոլոշյանն է:
Գոլոշյանը (1886-1889) Թիֆլիսում թողնելով ընտանիքը՝ գնացել է նախ Պարսկահայք, ապա Թուրքահայաստան՝ նվիրվելով իր ժողովրդի ինքնապաշտպանությանը: Այդ ժամանակ նրա մասին խոսելիս է եղել ողջ Թիֆլիսը եւ պատանի Թումանյանը տարվել է նրանով: 1887-ին Վարդանը մեկնում է հարազատ քաղաք, ենթադրաբար այդ ժամանակ էլ Թումանյանը ծանոթանում է նրա հետ, որոշում միանալ նրան ու գնալ Արեւմտյան Հայաստան: Գրողը մտերիմ է եղել նաեւ Գոլոշյանի ընտանիքին, շփվել եղբոր ու քրոջ հետ:
Լուսանկարը` Հովհաննես Թումանյանի թանգարան
Մի օր էլ հանկարծ աղմուկը լըռեց,
Վահանը չեկավ էն գիշերը տուն:
Չըկա մյուս օրն էլ, չըկա՜ ոչ մի տեղ,
Ամեն հարցուփորձ անցավ ապարդյուն:
«Ալեքսանդր Գոլոշյանի հետ որոշեցինք գնալ Տաճկահայաստան, հայրենիքն ազատելու, ես էլ իմ ամառվա վերարկուս ծախեցի, մի ատրճանակ առա, պետք է գնայի: Մեր նշանվելու պատճառով իմ գնալը հետաձգվեց»,-Թումանյանը տարիներ անց պատմել է կնոջը:
Ինչպես Վարդանը, Թումանյանի հերոս Վահանը եւս գիտակցաբար նվիրվում է պայքարին, հեռանում ընտանիքից հանուն հայրենիքի փրկության:
-Դուք ինձ կյանք տըվիք, դուք ինձ մեծացրիք,
Բայց քանի էսքան ցավ կա աշխարհքում,
Իմ կյանքն իմը չի, իմ սիրտն իմը չի,
Չեմ կարող հանգիստ մընալ ձեր գըրկում:
Վարդան Գոլոշյանը զոհվել է Վանից ոչ հեռու գտնվող մի կիրճում, անհավասար կռվի ժամանակ: Զոհվածի գրպանում գտել են հետեւյալ նամակը. «...Ազատությունից զատ ուրիշ մթնոլորտ չկա, որի մեջ կարելի լինի շնչել...Ուրախությամբ կերթամ մեռնելու, իսկ դու, քաղցր Հայրենիք, սրբիր արցունքս ու ինձ համար սուգ մի բռնի»:
Մշեցի Գյուլիզարի պատմությունը պոեմի առանցքում
Գըլո'ւխ տըվեք, գոռոզ սարե՜ր,
Անց է կենում Մուսաբեկ,
Գըլո'ւխ տըվեք, վախկոտ հայե՜ր,
Չընչին գյուղեր ու օբեք:
Մյուս իրական իրադարձությունը տեղի է ունեցել Մուշի Խարս գյուղում, երբ քուրդ ցեղապետ Մուսաբեկը 1889-ին առեւանգել է հայուհի Գյուլիզարին: Գյուղացիները մեծ աղմուկ են բարձրացրել ու դիմել Պոլսի պատրիարքարան: Վերջինս բողոքել է կառավարությանը եւ օտար երկրների դեսպանատներին: Գյուլիզարի ազատության գործում մեծ դեր է խաղացել գրող, ազգային գործիչ Գեղամ Տեր-Կարապետյանը (Մշո Գեղամ), որը հետագայում ազատ արձակված Գյուլիզարի ամուսինն է դարձել:
Լուսանկարը` houshamadyan.org
-Աղջիկըդ բե'ր, տուր ինձ կին.
Դե՜հ, շո՜ւտ արա, քեշի'շ բաբա,
Դուրս բեր սիրուն Շողիկին:
Թուրքերն արդար երեւալու համար Պոլսում բաց դատավարություն են կազմակերպել, սակայն հայերը թերահավատորեն են վերաբերվել ու հասկացել, որ այդ ամենը կեղծ է: Երկու ամիս անց Մուսաբեկին արդարացրել են: Այս դեպքը մամուլում մեծ արձագանք է ստացել, հոդվածներ է գրել նաեւ Շիրվանզադեն:
Հայի գիշե՜ր, անքո՜ւն գիշեր,
Լի՜ տանջանքով ու մութով,
Հայի գիշե՜ր, անհո՜ւն գիշեր,
Լի՜ ահավոր խորհուրդով...
Պոեմում Գյուլիզարի անունը փոխել է Շողիկի, որը, ի տարբերություն իր նախատիպի, չի առեւանգվում: Ըստ սյուժեի՝ նա պետք է փրկվի հայ երիտասարդների շնորհիվ: Ցավոք, բայց մեզ հասած կիսատ պոեմն ավարտվում է հենց այնտեղ, երբ տղաները մտնում են տերտերի տուն ու ասում, որ եկել են օգնության:
Լուսանկարը` houshamadyan.org
Շառաչեցին, շողշողացին
Զենքերն լուսումն էն աղոտ,
Ու զինավառ ներս խուժեցին
Երեք ջահել անծանոթ:
Լուսանկարը` houshamadyan.org
««Հին կռիվը» վերջնական տեսքով պատգամ կլիներ բոլորիս: Իր ժամանակի մեջ դեր կխաղար, որի շնորհիվ ավելի քիչ սխալներ թույլ տված կլինեինք ու միգուցե այսօր նորից չէինք ճաշակի հերթական դառը պտուղները: Սակայն անավարտությունն ամբողջացնելու համար մենք պետք է ուսումնասիրենք Թումանյանի հոդվածները, որտեղ նա նույն ցավն ու խնդիրներն է բարձրաձայնում, բայց նաեւ տալիս դեղատոմսը: Դրանք կարդալու դեպքում մեր կյանքում հաստատ զգալի փոփոխություններ կունենանք»,- ավելացնում է Անի Եղիազարյանը:
Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:
Գոհար Նալբանդյան
Հոդվածի մեջբերումները՝ Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 4-րդ հատորից, 2020 թ.
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: