Բարաք Օբամա
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հնարավորություն է տվել Մեդիամաքս-ի թղթակից Արամ Արարատյանին հետեւել ամերիկյան նախագահական նախընտրական քարոզարշավին: ԱՄՆ նրա ուղեւորության արդյունքում ծնվել է այս հատուկ նախագիծը, որի եզրափակիչ մասը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօր:
Հոկտեմբերի 4-ի վաղ առավոտ, Դենվերի շրջակայք, Sloan's Lake: Չնայած դեռ ժամը 7-ն է, այստեղ արդեն բավականին մարդաշատ է, իսկ լճի շրջակայքը շղթայված է ոստիկաններով: Մի քանի ժամ հետո այստեղ կսկսվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Կոլորադոյի իր համախոհների հետ:
Բարաք Օբաման նախընտրել է նրանց հետ բացօթյա հանդիպում անցկացնել: Չնայած բավականին ցուրտ եղանակին, նախագահին տեսնելու եւ լսելու է եկել մոտ 12 հազար մարդ:
Ի տարբերություն Միթ Ռոմնիի, Օբամայի հանրահավաքը ավելի պարզ է թվում: Հսկայական բարձրախոսներից ժամանակակից երաժշտություն է հնչում, մարդիկ երգում եւ պարում են, ընդ որում՝ ոչ միայն լավ տրամադրության շնորհիվ, այլեւ տաքանալու համար: Ամբոխին ոգեւորելու համար բեմ է բարձրանում նախագահի վաղեմի կողմնակից, հայտնի ամերիկյան ռեփեր եւ պրոդյուսեր will.i.am-ը “The Black Eyed Peas” խմբից: Հենց նա է 2008-ին ձայնագրել “We Are the Ones” եւ “Yes We Can” երգերը: Ինչպես հայտնի է, հենց վերջին բառերն էին 2008թ. ընտրությունների ժամանակ Բարաք Օբամայի գլխավոր կարգախոսները:
Այս անգամ նախագահի կարգախոսն է “Forward”: Կապույտ ֆոնի վրա (դեմոկրատների պաշտոնական գույնն է) գրված այս արտահայտությունն ուրվագծվում է ինչպես մեծ պաստառների, այնպես էլ բեմի վրա, որտեղից ելույթ է ունենալու նախագահը:
Թե ինչպես է նա պատրաստվում ամերիկացիներին առաջ տանել, նախագահը պատմում էր նախօրեին իր հակառակորդ Ռոմնիի հետ բանավեճի ժամանակ, եւ, շատերի համոզմամբ, նա համոզիչ չէր եւ զիջեց մրցակցին: Այստեղ հավաքված տեղացի եւ արտասահմանցի լրագրողներին մնում է միայն կռահել, թե ինչպես հանդես կգա Բարաք Օբաման իր կողմնակիցների առջեւ ընդամենը մի քանի ժամ առաջ կրած պարտությունից հետո:
Սակայն ԱՄՆ նախագահի անձնական հմայքին չտրվելը բարդ խնդիր է: Եթե շատ հասարակ ամերիկացիների համար Միթ Ռոմնին մնում է թեկուզ եւ շատ հաջողակ, բայց մարդկային առումով իրենցից շատ հեռու գտնվող կերպար, ապա Բարաք Օբաման հաճելի եւ ժպտերես տղա է, ով կարող է առանց դժվարության մտնել բար եւ գարեջուր պատվիրել: Համարվում է, որ նա մի քիչ կորցրել է այն ձգողականությունն ու շարմը, որն ուներ 4 տարի առաջ: Ամեն դեպքում շատերն են նրան շարունակում ամերիկյան երազանքի մարմնացում համարել, ով ունի հիանալի կին եւ հիասքանչ երեխաներ՝ ասես տոնական բացիկից լինեն: Իսկ մարդկային գործոնը, ինչպես արդեն ասվեց, Ամերիկայում բավականին ուժեղ է: “Ցանկացած այլ երկրում Բարաք Օբաման վերընտրվելու ոչ մի խնդիր չէր ունենա”,- նախագահի բեմ դուրս գալուց մի քանի րոպե առաջ ինձ իր կարծիքն է հայտնում ամերիկացի մի դիվանագետ:
Բարաք Օբաման բեմ դուրս եկավ այնպես, ինչպես դուրս կգար, օրինակ, ֆուտբոլի մարզադաշտ` իր հայտնի հմայիչ ժպիտով ողջունելով ամբոխին: Նա դեռ չէր հասցրել անգամ բառ ասել, բայց արդեն նկատվում էր նրա մարտական տրամադրվածությունը: Օբաման թվում էր լիովին ինքնավստահ, լիցքավորված եւ եռանդուն: Ըստ էության, հենց այնպիսին, ինչպիսին նրան սովոր են տեսնել:
“I love you”,- ամբոխից հնչեց մի աղջկա ձայն հենց այն պահին, երբ նախագահին ուղղված ծափահարությունները մեղմացան: Օբաման վայրկենական դադար տվեց եւ ժպտաց:: “I love you back”,- ասաց նախագահը եւ անցավ հարձակման:
“Երբ ես բեմ բարձրացա, տեսա այդ ոգեւորված տղային, ով իրեն անվանեց Միթ Ռոմնի: Բայց նա չէր կարող Միթ Ռոմնին լինել, քանի որ իրական Միթ Ռոմնին ողջ անցած տարի շրջում էր երկրով մեկ` խոստանալով հարկերի կրճատում $5 տրիլիոնով՝ աջակցելով հարուստներին: Երեկ բեմի վրա կանգնած տղան ասաց, որ ոչինչ չգիտի այդ մասին”,-այսպես սկսեց իր ելույթը նախագահը:
Այդպիսի եռանդուն եւ ագրեսիվ ոճով էլ Բարաք Օբաման անցկացրեց իր 24 րոպե տեւողությամբ ելույթը: Մնում է միայն զարմանալ, թե ուր էր այդ էներգիան Ռոմնիի հետ “մենամարտի” ժամանակ: Օբամայի ելույթը պարբերաբար ընդհատվում էր վանկարկումներով` “Four more years” (“Եվս չորս տարի”):
Միեւնույն հուզական ալիքի ներքո անցկացնելով ողջ ելույթը` Բարաք Օբաման ավարտեց “God Bless America” խոսքերով: Նա դեռ երկար ողջունում էր ամբոխին՝ արդեն ներքեւում սեղմելով իրեն ձգված տասնյակ ձեռքերը, գրկախառնվելով երեխաների եւ ծերերի հետ, կուրանալով լուսանկարչական սարքերի անվերջանալի առկայծումներից:
Եթե համեմատելու լինենք Օբամայի եւ Ռոմնիի առանձին հանրահավաքները, ապա ԱՄՆ նախագահն ավելի վառ եւ համոզիչ էր: Եթե վերցնենք բանավեճը, ապա հանրապետականն անվիճելիորեն ավելի համոզիչ էր;
Կոլորադոյից հետո նախագահ Բարաք Օբաման եւ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին ուղեւորվեցին նահանգային շրջագայության: Ընդ որում, իրենց հանդիպումները հակառակորդները կանցկացնեն մոտակա ժամանակներս, այսպես կոչված, չկողմնորոշված նահանգներում (swing states): Վերջինիան, Վիսկոնսինը, Ֆլորիդան հերթի մեջ են: Ռոմնիի եւ Օբամայի հաջորդ բանավեճերը նախատեսվում են հոկտեմբերի 16-ին եւ 22-ին եւ կանցկացվեն, համապատասխանաբար, Նյու Յորքում եւ Ֆլորիդայում:
Մինչեւ հոկտեմբերի 3-ը թվում էր, թե նախագահական մրցավազքի ելքը գրեթե կանխորոշված է: Միթ Ռոմնին կարողացավ հակառակն ապացուցել: Ակնհայտ է, որ պայքարը լուրջ է լինելու: Ակնհայտ է մեկ բան եւս. Բարաք Օբամայի հմայքին չտրվելն իսկապես հեշտ խնդիրներից չէ:
Արամ Արարատյան
Դենվեր-Երեւան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: