Obama vs Romney. մաս 1 - Mediamax.am

exclusive
5747 դիտում

Obama vs Romney. մաս 1


Միթ Ռոմնի
Միթ Ռոմնի

Միթ Ռոմնիի հանրահավաքը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հնարավորություն ընձեռեց Մեդիամաքս-ի թղթակից Արամ Արարատյանին հետեւել ամերիկյան նախագահական նախընտրական քարոզարշավին: ԱՄՆ նրա ուղեւորության արդյունքում ծնվել է այս հատուկ նախագիծը, որի առաջին մասը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօր:


Դենվեր, հոկտեմբերի 1-ի երեկո: Մինչ նախագահ Բարաք Օբամայի հետ առաջին բանավեճը, որը կարող է որոշիչ դառնալ, մնացել է երկու օր: Իսկ այսօր Հանրապետական կուսակցության թեկնածու, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, մորմոն եւ միլիոնատեր Միթ Ռոմնին հանդիպում է Կոլորադոյի իր կողմնակիցներին:

Նման հանդիպումներին ներկա գտնվելը բավականին մեծ հաջողություն է: Թեկուզ այն պարզ պատճառով, որ բացառիկ հնարավորություն ես ստանում համեմատել հեռուստացույցով տեսածը կենդանի պատկերի հետ: Միթ Ռոմնիի հանդիպումից առաջին եւ ամենակարեւոր տպավորությունը մեծ տոնական շոուն էր: Եթե նույնիսկ կուլիսների հետեւում կոշտ պայքար է ընթանում թույլատրելի եւ անթույլատրելի միջոցների կիրառմամբ, ամերիկացիները հանրությանն ամեն ինչ այնպես են մատուցում, որ քեզ զգում ես ոչ թե քաղաքական միջոցառման, այլ տոնական պաստառներով եւ ուրախ երգերով հագեցած ամանորյա տոնի մասնակից:

Խորհրդանշական է նաեւ իր կողմնակիցների հետ հանդիպման համար Ռոմնիի ընտրած վայրը` Դենվերի տիեզերագնացության եւ ավիացիայի թանգարանը (Wings Over the Rockies): Ամենայն հավանականությամբ, տրամագծով տեղադրված ժամանակակից կործանիչները  կոչված են ծառայելու Միթ Ռոմնիի հայացքներին, ով կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի վճռական եւ կոշտ լինի միջազգային ասպարեզում: 

Հանրությանը հնարավորություն տալով լսելու Ռոմնիի կողմնակիցներից մի քանիսի ելույթները, ինչպես նաեւ մի քանի հայրենասիրական երգեր, ինչպես օրինակ, հանրահայտ  “Glory, glory, hallelujah!”-ը` բեմ է դուրս գալիս ինքը` նախագահի թեկնածուն: Ռոմնին հայտնվում է չորս հսկայական տառերի ֆոնի վրա` J O B S, ինչը խորհրդանշում է նրա ամբողջ նախընտրական քարոզարշավը. թեկնածուն քարոզարշավի շեշտը դնում է հենց տնտեսության վրա:



“Յուրաքանչյուր 6-րդ ամերիկացի ապրում է աղքատության մեջ”, “23 միլիոն մարդ չունի աշխատանք”, “43 ամիսների ընթացքում գործազրկությունն ԱՄՆ-ում 8%-ից բարձր է”, “մենք չենք տեսնում տնտեսության իրական վերականգնում, եւ նախագահի ծրագիրը չի աշխատում”: Հենց այսպիսին էին Միթ Ռոմնիի ելույթի հիմնական թեզերը: Եվ դրանք ուղեկցվում էին հռետորական հարցադրումներով` “ուզո՞ւմ եք արդյոք նման 4 տարի եւս”, եւ հայտարարություններով, որ հաջորդ տարի Սպիտակ տան տերը լինելու հենց նա` Միթ Ռոմնին:

“Գնացեք եւ գտեք մեկին, ով քվեարկելու է Օմաբայի օգտին, կամ երկու, երեք, չորս կամ հինգ հոգու, եւ համոզեք նրանց միանալ մեր թիմին”,- իր ելույթի վերջում ասում է հանրապետականը:

Ռոմնիի ելույթը տեւեց մոտ 20 րոպե: Դժվար է ասել, թե ինչ տպավորություն գործեց հանրապետական թեկնածուն: Թերեւս, տպավորություն`որպես այդպիսին, չեղավ: Թվում է, Ռոմնին առանց հատուկ խարիզմայի եւ հմայքի մի մարդ է: Դժվար է պատկերացնել, որ նա կկարողանա կրակ վառել մարդկանց աչքերում եւ սրտերում այնպես, ինչպես դա կարողանում է անել Բարաք Օբաման: Դժվար է ասել`ինչն է նրան ամենաշատը  պակասում`խարիզման, փորձը, փորձառությունը, հստակ մշակված ռազմավարությունը, թե բոլորը միասին:



Այս քարոզարշավի ընթացքում Միթ Ռոմնիի ամենակարեւոր բացթողումը հարուստ հովանավորների հետ փակ հանդիպման ընթացքում արված հայտարարությունն էր, որը հայտնվեց մամուլում: Հանդիպման ժամանակ Ռոմնին հայտարարեց, որ Բարաք Օբամայի ընտրողները “ի զորու չեն իրենք իրենց ապահովել եւ ապրում են պետության հաշվին”: Շատ փորձագետներ դրանից հետո խաչ քաշեցին նրա հեռանկարների վրա, սակայն Ռոմնին կարողացավ “կենդանի մնալ”: Այնպես, ինչպես երկար տարիներ կենդանի է մնացել  բիզնեսում` 25 տարի լինելով Bain Capital ընկերության ղեկավար:

Շարունակելի:
 
Արամ Արարատյան
Դենվեր-Երեւան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին