Չկառուցված Երեւան՝ Ռուսական թատրոնը - Mediamax.am

exclusive
4511 դիտում

Չկառուցված Երեւան՝ Ռուսական թատրոնը


Ռուսական թատրոնի շենքի էսքիզը
Ռուսական թատրոնի շենքի էսքիզը
Ռուսական թատրոնի շենքի էսքիզը
Ռուսական թատրոնի շենքի էսքիզը

Երբեւէ մտածե՞լ եք՝ ինչպիսին կլիներ Երեւանը, եթե կյանքի կոչվեին անվանի ճարտարապետների կողմից վերջին տասնամյակների ընթացքում նախագծված շենքերն ու պողոտաները, կրթական եւ մշակութային հաստատությունները, որոնք տարբեր պատճառներով այդպես էլ մնացին գծագրերի, էսքիզների եւ մանրակերտերի տեսքով:

«Չկառուցված Երեւան»` այսպես է կոչվում Մեդիամաքսի նոր հատուկ նախագիծը, որի «հերոսները» չկառուցված շինություններն են: Ներկայացնելով դրանք, չենք փորձում քննարկել նախագծերի արժանիքներն ու հնարավոր թերությունները: Պարզապես ընթերցողներին առաջարկում ենք պատկերացնել՝ թե ինչպիսի՞ն կլիներ Երեւանը այդ շինությունների առկայության դեպքում:

Նախագծի անվանումը` Ռուսական թատրոն
Ստեղծման տարեթիվը` 1980-ականներ
Նախագծի հեղինակ` Ջիմ Թորոսյան
Ինչո՞ւ չկառուցվեց` նախագիծը չիրականացավ 1980-ական թվականների վերջերին սկսված ճգնաժամի եւ ԽՍՀՄ փլուզման պատճառով:

1980-ական թվականների առաջին կեսերին ֆինանսական հնարավորություններ էին ստեղծվել հանրային տարածքների կառուցապատման համար: Ալեքսանդր Թամանյանի գլխավոր հատակագծի համաձայն՝ Երեւանում կար երկու առանցք, որոնց վրա նախատեսված էր ձեւավորել հանրային նշանակության տարածքներ:

Այդ առանցքներից մեկը Գլխավոր պողոտան էր: Միութենական նշանակության օբյեկտները տեղավորվելու էին Գլխավոր պողոտայի վրա, որտեղ հողահատկացումներ էին արվել չորս խոշոր կառույցների համար, որոնցից մեկը Ռուսական թատրոնի շենքն էր:

Այն գտնվելու էր Սպանդարյան (ներկայիս Արամի) եւ Սվերդլով (ներկայիս Բուզանդի) փողոցների անկյունում՝ Մանկական հանրախանութի հարեւանությամբ:

Թատրոնի շենքը իր բարձրությամբ ներդաշնակվելու էր շրջակա շինությունների հետ: Թատրոնում միասնական ամֆիթատրոն էր լինելու, որը կարող էր տեղավորել մինչեւ 800 հանդիսական: Բացի այդ, տանիքում նույնպես կառուցվելու էր բացօթյա ամֆիթատրոն՝ ամառային միջոցառումների համար: Նախատեսվում էր պահպանել շրջակայքի հին բնակելի տները:

Պատմում է ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը

Որոշ նախագծեր իրականացվում էին մրցույթով, սակայն սա այդ դեպքը չէր: Մոսկվայում պետպլանի համաձայն որոշում էին, թե ո՞ր ինստիտուտը պետք է զբաղվի տվյալ նախագծով: Որոշվեց այդ առաջադրանքը տալ «Երեւաննախագիծ» ինստիտուտին: Նախագծի իրականացումը վստահվեց ճարտարապետ Ջիմ Թորոսյանին: Որոշ ժամանակ անց սկսվեցին շինարարական աշխատանքները:
Ցավոք, քաղաքացիական ակտիվության ալիք բարձրացավ: Կարծում եմ, դա արհեստական խռովություն էր, որն իբրեւ ուղղված էր հուշարձանների պահպանությանը, բայց իրականում քաղաքի շահերից չէր բխում: Խռովությունը ուղղված էր ապագա թատրոնի տարածքում գտնվող մեկ հարկանի հին տների պահպանությանը: Իրականում այդ շենքերը պահպանվելու էին եւ օգտագործվելու էին որպես տոմսարկղեր: Դժգոհողներից շատերն էլ պնդում էին, թե Երեւանում Ռուսական թատրոն կառուցելու անհրաժեշտություն չկա:   

Ռուսական թատրոնի շենքի էսքիզը Ռուսական թատրոնի շենքի էսքիզը


Շինարարական աշխատանքների ընթացքում ցուցարարներն իջան թատրոնի կառուցման համար նախատեսված փոսը: Այդ դեպքերից հետո շինարարական աշխատանքներն ու ֆինանսավորումը դադարեցվեց:

Կարծում եմ, մենք կորցրեցինք թատրոնի հիանալի շենք ունենալու հնարավորություն: Դրա փոխարեն որոշ ժամանակ անց այդ նույն վայրում կառուցվեց երեք հարկանի առանձնատուն: Ի դեպ, չհաջողվեց պահպանել այն հուշարձանները, որոնց համար ժամանակին պայքար էր մղվում:

Ռուսական թատրոնի շենքն անհրաժեշտություն էր Երեւանի համար: Հանրապետության ղեկավարությունը կարողացել էր ֆինանսավորում ստանալ շենքի կառուցման համար: Առաջին հերթին, քաղաքը թատերական նոր շենք կունենար եւ երկրորդ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնը կտեղափոխվեր Աբովյան փողոց՝ ներկայիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենք, եւ ավելի հարմարավետ պայմաններ կունենար:

Ռուսական թատրոնը միայն իր անվանմամբ, եւ ոչ թե ձեւով կամ գործառույթով էր ռուսական: Այն կառուցվելու էր Երեւանում՝ հայ ճարտարապետի կողմից: Շենքը քաղաքի համար մեծ ձեռքբերում կլիներ եւ հետագայում կարող էր այլ նպատակներով օգտագործվել:

Ներկայումս այդ տարածքում գործում է երեք հարկանի հյուրատուն:

Մարիամ Մանոյան, Լենա Գեւորգյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին