Չկառուցված Երեւան՝ Հյուսիսային պողոտա - Mediamax.am

exclusive
28435 դիտում

Չկառուցված Երեւան՝ Հյուսիսային պողոտա


Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբեւէ մտածե՞լ եք՝ ինչպիսին կլիներ Երեւանը, եթե կյանքի կոչվեին անվանի ճարտարապետների կողմից վերջին տասնամյակների ընթացքում նախագծված շենքերն ու պողոտաները, կրթական եւ մշակութային հաստատությունները, որոնք տարբեր պատճառներով այդպես էլ մնացին գծագրերի, էսքիզների եւ մանրակերտերի տեսքով:

«Չկառուցված Երեւան»` այսպես է կոչվում Մեդիամաքս-ի նոր հատուկ նախագիծը, որի «հերոսները» չկառուցված շինություններն են: Ներկայացնելով դրանք, չենք փորձելու քննարկել նախագծերի արժանիքներն ու հնարավոր թերությունները: Պարզապես ընթերցողներին առաջարկում ենք պատկերացնել՝ թե ինչպիսի՞ն կլիներ Երեւանը այդ շինությունների առկայութան դեպքում:

Նախագծի անվանումը` Հյուսիսային պողոտա

Նախագծի ստեղծման տարեթիվը`1984 թվական

Ճարտարապետներ` Գուրգեն Մուշեղյան, Հայկ Տիգրանյան, Ժորժ Շեխլյան, Ռոբերտ Տոնոյան եւ Կարեն Աստվածատրյան

Ինչո՞ւ չկառուցվեց` նախագիծը չիրականացավ 1980-ական թվականների վերջերին սկսված ճգնաժամի եւ ԽՍՀՄ փլուզման պատճառով:

Երեւանի Հյուսիսային պողոտայի գաղափարը ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կողմից մշակվել էր դեռեւս 1924 թվականին ՝ դառնալով Երեւանի առաջին գլխավոր հատակագծի անբաժանելի մասը:
 
60 տարի անց, 1984 թվականին, Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագծի հանրապետական մրցույթ հայտարարվեց: Մրցանակակիրներ դարձան  ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանը, Հայկ Տիգրանյանը, Ժորժ Շեխլյանը, Ռոբերտ Տոնոյանը եւ Կարեն Աստվածատրյանը:

Նախագծի համաձայն, Հյուսիսային պողոտան ձգվում էր Թումանյան փողոցից մինչեւ Հանրապետության հրապարակ: Պողոտայում նախատեսվում էր նոր շենքները կառուցել Երեւանի ծավալներին համապատասխանող բարձրության վրա. դրանք ըստ հատակի մակերեսի բարձրանալու էին սյուների վրա, անցորդին հնարավորություն տալով շարժվել ցանկացած ուղղությամբ:


Լուսանկարը՝ Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Ամբողջ պողոտան ստանում էր եւս մեկ` ստորգետնյա մակարդակ, որտեղ տեղավորվելու էին ոչ միայն ավտոտնակներ, տեխնիկական սպասարկման ծառայությունների կետեր, այլեւ սրճարաններ, խանութներ, հանգստի գոտիներ: Նախատեսվում էին նաեւ ջրային մակերեսներ, ցայտաղբյուրներ եւ կանաչ տարածքներ:

Ազատության հրապարակի տակ տեղավորվելու էին փորձերի համար նախատեսված դահլիճները եւ Հայաստանի պետական երգչախմբի ստուդիաները:

Ազատության  հրապարակի մոտակայքում գտնվող ատամնաբուժական կլինիկայի շարունակությամբ կառուցվելու էր առողջարարական կենտրոն, որի կողքին պետք է լինեին շախմատային արվեստի, ֆիլատելիայի կենտրոններ, ցուցասրահներ, ակումբներ, կինոթատրոններ:


Լուսանկարը՝ Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Նախատեսված էր կառուցել  նաեւ «Ինտուրիստ» հյուրանոց` 500 տեղով եւ  քաղաքային  հյուրանոց` 280 տեղով, ինչպես նաեւ մանկական խաղերի կենտրոն ցուցասրահների հետ միասին:

Պատմում է ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը

Խորհրդային տարիներին Երեւանի բոլոր գլխավոր ճարտարապետները, նրանց թվում նաեւ ես, աշխատում էինք կենտրոնը զերծ պահել բնակելի մակերեսների շինարարությունից: Կենտրոնն ուներ համաքաղաքային նշանակություն, այստեղ պետք է հանրային տարածքներ եւ ոչ թե բնակելի շենքեր լինեին: Պատկերավոր ասած, Երեւանի մյուս թաղամասերը համարվում էին ննջարանային, իսկ կենտրոնը ծառայում էր որպես ընդհանուր սենյակ:

Հյուսիսային պողոտայի կառուցումն ուշացել էր՝ ոչ թե այն պատճառով, որ դրա կարիքը չկար, այլ պարզապես համապատասխան միջոցներ չկային. ավելի առաջնային խնդիր էր մարդկանց բնակարաններով ապահովելը:


Լուսանկարը՝ Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Բայց Երեւանն արդեն միլիոնանոց քաղաք էր եւ սպասարկման կենտրոններն ու հանրային տարածքները չէին բավարարում երեւանցիներին: 1984 թվականին հայտարարվեց Հյուսիսային պողոտայի կառուցապատման մրցույթը: Շինարարությունը ֆինանսավորվելու էր ԽՍՀՄ բյուջեի միջոցներով:

Մեր ներկայացրած նախագծի համաձայն, Հյուսիսային պողոտան նախատեսված էր հետիոտների համար եւ նպատակ ուներ կառավարել մարդկային հոսքերը Հաղթանակի զբոսայգուց մինչեւ Հանրապետության հրապարակ, ինչից հետո հետիոտն շարժումը կարող էր շարունակվել մինչեւ Արգիշտի փողոց եւ նույնիսկ մինչեւ Հրազդանի կիրճ:

Կառուցապատման գաղափարի հիմքում ընկած էր տրանսպորտի ճիշտ կազմակերպումը, XX դարի Երեւանի պատմամշակութային եւ ճարտարապետական արժեքների պահպանումն ու օգտագործումը, որոնք ոչ թե խանգարելու, այլ օգնելու էին քաղաքային միջավայրի զարգացմանը, ինչպես նաեւ ստեղծելու էին երեւանցիների հոգեւոր կյանքը սնուցող գոտի:


Լուսանկարը՝ Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Պողոտայի շենքերը, կարծես, Մեծ եւ Փոքր Մասիսները լինեին, որոնք Հանրապետության հրապարակից հետիոտներին ուղեկցում էին դեպի Օպերայի շենք եւ Կասկադ: Պողոտայի շինությունների բարձրությունը չպետք է գերազանցեր Օպերայի եւ բալետի ու Ազգային պատկերասրահի շենքերի ամենաբարձր կետերը:
Մեր նախագիծն ընդունվեց` ստանալով առաջին կարգի մրցանակ, եւ սկսվեցին նախագծային աշխատանքները: Ցավոք սրտի, 80-ականների վերջին ստեղծված ճգնաժամային դրության եւ ֆինանսական դժվարությունների պատճառով աշխատանքը սառեցվեց:

Հյուսիսային պողոտան այսօր

Հյուսիսային պողոտայի շինարարությունը սկսվել էր 2001 թվականին, իսկ պաշտոնական բացումը կայացավ 2007 թվականի նոյեմբերի 16-ին:


Լուսանկարը՝ Մեդիամաքս
/>
Նախագծի վրա աշխատել է ճարտարապետների հեղինակային խումբը Նարեկ Սարգսյանի ղեկավարությամբ: Նախագծի համաձայն, Հյուսիսային պողոտայի երկարությունը կազմում է ավելի քան 500 մետր: Այն միմյանց է կապում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքն ու Հանրապետության հրապարակը: Պողոտայում տեղակայված են բնակելի շենքեր, առեւտրի եւ սպասարկման կենտրոններ, գրասենյակներ եւ հյուրանոց: Հյուսիսային պողոտան պաշտոնապես բացվեց 2007 թվականի նոյեմբերի 16-ին:

2014 թվականին Հյուսիսային պողոտան հիմնանորոգվեց «Տաշիր» ընկերության միջոցներով, որը պողոտայի ստորգետնյա հատվածում առեւտրային կենտրոն է կառուցում:

Մարիամ Մանոյան, Լենա Գեւորգյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին