Նորագույն պատմություն [մաս 2]. ինչպես Շերը եկավ «մութ ու ցուրտ» Հայաստան - Mediamax.am

exclusive
69770 դիտում

Նորագույն պատմություն [մաս 2]. ինչպես Շերը եկավ «մութ ու ցուրտ» Հայաստան


Շերը Երեւանում
Շերը Երեւանում

Լուսանկարը` Մխիթար Խաչատրյանի:

Շերը Երեւանի մանկատներից մեկում
Շերը Երեւանի մանկատներից մեկում

Լուսանկարը` Մխիթար Խաչատրյանի:

Շերը «Արմենիա» հյուրանոցի մոտ
Շերը «Արմենիա» հյուրանոցի մոտ

Լուսանկարը` Մխիթար Խաչատրյանի:

Շերը Ռուբեն Քերոբյանի բնակարանում
Շերը Ռուբեն Քերոբյանի բնակարանում

Լուսանկարը` Ռ. Քերոբյանի արխիվից:

Շերը Ռուբեն Քերոբյանի բնակարանում
Շերը Ռուբեն Քերոբյանի բնակարանում

Լուսանկարը` Ռ. Քերոբյանի արխիվից:

Շերը Ռուբեն Քերոբյանի բնակարանում
Շերը Ռուբեն Քերոբյանի բնակարանում

Լուսանկարը` Ռ. Քերոբյանի արխիվից:

Շերը Երեւանում
Շերը Երեւանում

Լուսանկարը` Աշոտ Մխիթարյանի:

Շերը Էջմիածնում
Շերը Էջմիածնում

Լուսանկարը` Մխիթար Խաչատրյանի:

Ռուբեն Քերոբյանը
Ռուբեն Քերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

«Արմենիա» հյուրանոցի այս համարում էր բնակվում Շերը
«Արմենիա» հյուրանոցի այս համարում էր բնակվում Շերը

Լուսանկարը` Մեդիամաքս:

«Արմենիա» հյուրանոցի այս համարում էր բնակվում Շերը
«Արմենիա» հյուրանոցի այս համարում էր բնակվում Շերը

Լուսանկարը` Մեդիամաքս:

«Արմենիա» հյուրանոցի այս համարում էր բնակվում Շերը
«Արմենիա» հյուրանոցի այս համարում էր բնակվում Շերը

Լուսանկարը` Մեդիամաքս:

«Արմենիա» հյուրանոցի այս համարում էր բնակվում Շերը
«Արմենիա» հյուրանոցի այս համարում էր բնակվում Շերը

Լուսանկարը` Մեդիամաքս:


2012թ. դեկտեմբերին Մեդիամաքս-ը գործարկեց «Նորագույն պատմություն» հատուկ նախագիծը, որի շրջանակներում պարբերաբար ներկայացնելու է 1990 թվականից ի վեր Հայաստանում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունները:

Առաջին գլուխը պատմում էր Իէն Գիլանի` 1990 թվականին Երեւանում տրված չորս համերգների մասին:

Այսօր կպատմենք այն մասին, թե ինչպես 1993 թվականի ապրիլին անսպասելիորեն Երեւան ժամանեց ամերիկյան դերասանուհի եւ երգչուհի Շերը` Շերիլին Սարգսյանը:

Գնալ Brit Awards մրցանակաբաշխությանը, թե՞ մեկնել Հայաստան

Ահա ինչ էր գրել բրիտանական Independent-ի թղթակից Զոյե Հելլերը Շերի հայաստանյան այցի մասին 1993 թ.-ի մայիսի 9-ի համարում.

«Կեսգիշեր է Երեւանում, Հայաստանի մայրաքաղաքում: Շերը նստած է «Արմենիա» հյուրանոցի իր համարի բազմոցին՝ մտորելով իր նախնիների երկիր երկօրյա բարեգործական առաքելությամբ ժամանելու հնարավոր շարժառիթների մասին: Ապրիլի 28-ն է…

Երկար ժամանակ մարդիկ ասում էին, որ նա պետք է որեւէ բան ձեռնարկի Հայկական հարցի համար, քանի որ իր հայրը հայ է: Սակայն նա համոզված չէր: «Ես մտածում էի, թե ի՞նչ կարող եմ անել: Փոքր-ինչ նյարդայնանում էի: Այնուամենայնիվ, կարծում էի, որ ես ամերիկացի եմ, հորս չեմ տեսել 11 տարեկանից: Ես ինձ ամերիկացի եմ զգում, ոչ հայ»:


Շերը «Արմենիա» հյուրանոցի մոտ:
Լուսանկարը` Մխիթար Խաչատրյանի:

Սակայն հետո մի անբացատրելի ազդակ հասավ նրան: «Նրանք խնդրում էին էին ինձ գնալ Բրիտանական մրցանակաբաշխությանը (Brit Awards): Մի առավոտ վեր կացա, զանգեցի մենեջերիս եւ ասացի՝ Բամփեր, ե՞րբ է այդ մրցանակաբաշխությունը: Նա ասաց՝ վաղը երեկոյան: Պատասխանեցի՝  լավ, արի գնանք: Սակայն հետո, արդեն ճանապարհին, ասացի մենեջերիս՝ «Բամփեր, գիտես, չեմ կարծում, որ ցանկանում եմ Անգլիա գնալ,  կարծում եմ, որ ես ուզում գնալ Հայաստան»:  

Երբ նրանք փետրվարին ժամանեցին Լոնդոն, հանդիպեցին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ: Նրանք քննարկեցին գաղափարը եւ այցը կազմակերպելու համար որոշեցին դիմել Միացյալ Հայկական հիմնադրամին…  
  
Պատմում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի  ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը

«Մութ ու ցուրտ» տարիներն էին: Հեռուստատեսությամբ հայտնել էին Շերի ժամանման մասին, բայց այդ տարիներին հեռուստացույց ասվածը մի փոքր հարաբերական էր. հովհարային անջատումների պարագայում ոչ բոլորն էին հնարավորություն ունենում դիտել այն: Այնպես որ Շերի այցի եւ ԵՊՀ-ում կայանալիք հանդիպման մասին ես իմացա հենց համալսարանում:

Հանդիպումը կայացավ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկի դահլիճում` այդ տարիների համար բարձր մակարդակի հանդիպում էին կազմակերպել:  Նրան մեծ շքախումբ էր ուղեկցում` անվտանգության աշխատակիցներ, լրագրողներ ու լուսանկարիչներ: Դահլիճում շատ ցուրտ էր, բոլորը վերարկուներով կծկված կանգնած էին, բայց դահլիճը լեփ-լեցուն էր: Մեր հյուրը եւս մրսում էր, բայց կարողացավ շատ ջերմ ու մտերմիկ մթնոլորտ ստեղծել: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտորը: Հանդիպումը տեւեց մոտ մեկ ժամ:

Շերը ներկաներին ողջունեց հայերեն, մի քանի բառ էլ հայերեն ասաց, որոնք հիմա դժվարանում եմ մտաբերել: Բոլորն ուրախացել եւ ծափահարում էին: Նա շատ անմիջական էր խոսում:

Ասում էր, որ իրեն լիովին հայ է համարում, խոսեց իր հայրիկի, ազգանվան մասին, որից երբեք հրաժարվելու մտադրություն չի ունեցել: Ասում էր, որ Հայաստանն իր պատմական հայրենիքն է: Շատ բաց էր խոսում ամեն ինչի մասին, ազատ ու սուր, իսկ մենք սովոր չէինք նման ազատ խոսքի:

Անդրադարձավ նաեւ Ղարաբաղի խնդրին, ասում էր, որ այն մեր հայրենիքի մի մասն է, այնտեղ մեր հողերն են եւ ամեն ինչ պետք է արվի դրանք վերադարձնելու համար:

Մեծ հայրենասիրությամբ էր խոսում, ազգային գաղափարախոսություն կար նրա խոսքում, մի պահ ինձ անգամ թվաց,  թե ՀՅԴ Հայ Դատի գրասենյակն էր կազմակերպել նրա այցը: Ազատ քննադատում էր բոլորին, միջազգային հանրությանը, իսկ հայերին կոչ էր անում ուժեղ լինել, ասում էր, որ չպետք է թույլ տանք ցեղասպան Թուրքիային երկրորդ անգամ կոտորել մեր ժողովրդին:

Իմանալով, որ Երեւանում կոնսերվատորիա կա` Շերը ափսոսանք հայտնեց, որ ժամանակի սղության պատճառով չի կարող լինել նաեւ այնտեղ:

Հանդիպման ավարտին ասաց, որ կրկին այցելելու է իր պատմական հայրենիք:  Ցավոք, հիշողությանս մեջ չի տպավորվել` բուհի կողմից  նրան ինչ-որ նվեր տվեցին, թե ոչ:

Այդ հանդիպումից 20 տարի է անցել, ինձ համար զարմանալի է, որ այդ ընթացքում նա ոչ խոսեց, ոչ էլ շարունակեց իր աջակցությունը: Եթե անձամբ ներկա եղած չլինեի հանդիպմանը, կմտածեի, որ այն իրեն ի ցույց դնելու հերթական քայլն էր, բայց նման բան չկար` նա ուղղակի եկել էր տեսնելու եւ օգնելու իր հայրենակիցներին:

Լույս եւ տաք ջուր` հատուկ Շերի համար
 
«Արմենիա» հյուրանոցը այդ տարիներին ենթարկվում էր հովհարային անջատումներին, ինչպես եւ ողջ քաղաքը: Սակայն Շերի Երեւան այցի կապակցությամբ հյուրանոցը ստանում էր մի փոքր ավել էլեկտրաէներգիա եւ տաք ջուր, քան սովորական օրերին:

Երգչուհու հետ եկել էր իր անձնական խոհարարը: Նա էր պատրաստում երգչուհու ուտեստները՝ օգտվելով հյուրանոցի խոհանոցից:

Երգչուհին ապրում էր լյուքս կարգի թիվ 541 սենյակում (այժմ` 521): Նա իր հետ բերել էր Բարբի տիկնիկներ, որոնք բաժանում էր հյուրանոցի աշխատակիցների երեխաներին:


«Արմենիա» հյուրանոցի այս համարում էր բնակվում Շերը:
Լուսանկարը` Մեդիամաքս

Պատմում է լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանը

Շերի այցի ժամանակ աշխատում էի «Արմենպրես» գործակալությունում: Երգչուհու հետ շրջել եմ երկու օր: 

Այդ օրերին մեր խմբագրության հեռախոսը չէր լռում:  Զանգում նաեւ արտերկրից, անգամ` Ավստրալիայից: Բոլորը ցանկանում էին ստանալ Շերի լուսանկարները:
Զարմանալի բան էր: Այդ տարիներին շատ ճանաչված մարդիկ, աստղեր, քաղաքական գործիչներ այցելում էին Հայաստան, սակայն չեմ հիշում մի դեպք, որ հետաքրքրությունն այդքան մեծ լիներ, որքան եղավ Շերի այցի դեպքում:

Շերն իսկական աստղի պես էր իրեն պահում: Գիտեր, թե ինչպես է պետք աշխատել լուսանկարիչների, օպերատորների համար: Իր պատվիրակության կազմում 4 անձնական լուսանկարիչներ ուներ: Դա վկայում էր այն մասին, որ այդ այցն ավելի շատ շոու էր, որը պետք է լայնորեն լուսաբանվեր:

Առաջին հանդիպումս երգչուհու հետ տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում: Նա դուրս էր գալիս «Արմենիա» հյուրանոցից, պետք է շրջեր հրապարակով: Վերցրել էի մեկ ժապավեն՝ կարծելով, որ դա լիովին կբավարարի նրա շրջայցը լուսանկարելու համար: Սակայն հյուրանոցից մինչեւ Ազգային պատկերասրահի շենքն ընկած հատվածում նա այնքան բաներ արեց, որ ժապավենս սպառվեց: Նրա ամեն մի քայլն եւ ժեստը լուսանկարելու արժանի էր: Ազգային պատկերասրահի բակում նա բարձրացավ Լենինի տապալված արձանի վրա ու սկսեց լուսանկարվել:

Հաջորդ օրը պետք է լուսաբանեի նրա այցը Էջմիածին: Նրան դիմավորեցին, էքսկուրսիա կազմակերպեցին, բայց հանդիպում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ տեղի չունեցավ:


Շերը Էջմիածնում:
Լուսանկարը` Մխիթար Խաչատրյանի:

Էջմիածնից հետո պլանավորված էր Շերի հանդիպումը ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Սակայն, երբ Էջմիածնից Երեւան վերադարձանք, մեզ տեղեկացրին, որ երգչուհու ինքնազգացողությունը լավ չէ, եւ հանդիպումը հետաձգվելու է: Մինչեւ օրս էլ համոզված եմ, որ դա պարզապես կամակորություն էր երգչուհու կողմից: Հավանաբար, ցանկանում էր ցույց տալ, որ կարող է հետաձգել անգամ երկրի առաջին դեմքի հետ հանդիպումը: Որքան հիշում եմ, նախագահի հետ հանդիպումը ի վերջո կայացավ` այցի վերջին օրը:  

Շատ լավ հիշում եմ նաեւ Շերի այցը Երեւանի մանկատներից մեկը: Նա երեխաների բաժանեց իր հետ բերած նվերները, անգամ համտեսեց երեխաներին մատուցվող ճաշից: Դա եւս ժեստ էր՝ ուղղված լուսանկարիչներին:

Ռուբեն Քերոբյան. «Շերի համար սպիտակ մեխակներ գնեցի»

Երեւանյան այցի շրջանակներում Շերելին Սարգսյանը ցանկություն հայտնեց այցելել անապահով ընտանիքներից մեկը: Մեր ընտանիքը հաշվառված էր սոցիալական հարցերի նախարարությունում: Ես ու կինս այդ տարիներին գործազուրկ էինք, ունեինք հինգ երեխա:


Շերը Ռուբեն Քերոբյանի բնակարանում:
Լուսանկարը` Ռ. Քերոբյանի արխիվից:

Շերիլինը մի պայման էր դրել՝ ընտանիքի երեխաներն ուսման մեջ պետք է առաջատար լինեին: Սկզբից ընտրվել էր երկու ընտանիք: Վերջնական ընտրությունը կանգնեց մեր ընտանիքի վրա:

Կինս կիտրոնով թխվածք էր պատրաստել, իսկ ես հինգ սպիտակ մեխակ էի գնել: Հիշում եմ, ծաղիկները նա չվերցրեց, բայց հյուրասիրվեց թխվածքից:

Կինս եւ երեխաներս կարողանում էին շփվել անգլերեն լեզվով: Զրույցի գլխավոր թեման էր երկրի իրավիճակը: Շերիլինը հետաքրքրվում էր, թե ինչպես ենք պատկերացնում մեր ապագան, այս իրավիճակից դուրս գալու տարբերակները: Հետաքրքրվում էր նաեւ երեխաների կրթությամբ:

Հանդիպման սկզբին նա շատ ընկճված ու կաշկանդված էր: Մինչ այդ նա ծերանոց էր այցելել: Հիշում եմ, այդ օրը մենք էլեկտրականություն չունեինք:


Ռուբեն Քերոբյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս

Մի ամբողջ «Իկարուս» մարդ էր եկել իր հետ՝ լուսանկարիչներ, նկարահանման խումբ, լրագրողներ, թիկնապահներ: Այդ օրը հավաքվել էր մեր ամբողջ թաղը, տեղ ու դադար չկար բակում: Զոքանչս շատ էր հավանել նրան, ասաց. «Ոնց որ հրեշտակ լինի»:

«Միշտ ատել եմ քեզ, Բարբի», - ասաց Շերը տիկնիկներից մեկին

Հատվածներ People ամսագրի թղթակից Սյուզան Չիվերի «Կոտրված երկրում» (In a Broken Land) հոդվածից:

***

«Ես չգիտեմ, թե ինչու եմ եկել այստեղ», - ասում է Շերը: Ապրիլ ամիսն է, եւ նա կանգնած է Երեւանի պետական համալսարանի մոտ հազար ուսանողների առջեւ: Թվում է, որ այս չջեռուցվող եւ խոնավ սրահում ոչ մեկ չգիտի, թե ինչո՞ւ է նա այստեղ: Նրանք հիշում են Շերին այն օրերից, երբ հեռուստացույց ու ջեռուցում ունեին ու ստիպված չէին գիշերներով մոմի լույսի ներքո գիրք կարդալ: Հետեւաբար, նա իրենց համար ինտրիգային տեսիլք է, Արեւմուտքից հանկարծակի եկած լույսի շող` չնայած նրան, որ իր խոսքերն այդքան էլ հուսադրող չեն: 

«Ամերիկացիների մեծամասնությունը գաղափար չունի ձեր վիճակի մասին», - ասում է Շերը ուսանողներին: Հանկարծ, թվում է, թե նա գիտակցեց իր առաքելությունը: «Ամենակարեւոր բանը, որ ես կարող եմ անել», - շարունակում է Շերը, - «դա Ամերիկայում այստեղի պատկերի ներկայացումն է, որպեսզի նրանք կարողանան տեսնել, թե սա ինչի է նման»:


Շերը Երեւանում:
Լուսանկարը` Մխիթար Խաչատրյանի:

Նրա այցը Հայաստան Միացյալ հայկական հիմնադրամի հովանու ներքո է ընթանում: Նա բեռնատար DC-8 օդանավով ժամանում է Երեւան, որն այսօր երբեմնի ծաղկուն քաղաքի մարած ստվերն է դարձել: Ւր հետ է բերել 45 տոննա դեղամիջոցներ, գրքեր, տպագրային սարքեր, քաղցրավենիք եւ խաղալիքներ, այդ թվում` հայտնի Բարբի տիկնիկներ:

Օդանավակայանում նա եւ իր ուղեկիցները` երկարամյա օգնական Պաուլետա Բեթսը եւ իր զուգընկերը, 28-ամյա Ռոբ Քամիլեթին, նստում են մի հին ավտոբուս`կցված միջազգային լրագրողների ու լուսանկարիչների խմբով, որոնք պայքարում էին այս այցին միանալու հնարավորության համար: «Ես ուզում եմ տեսնել Հայաստան անունը կրող իրականությունը», - ավելի վաղ ասում էր Շերը: Նրա երթուղին ընդգրկում է այցելություններ մանկատուն, հայկական ընտանիք, կարճատեւ հանդիպում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

… «Կարծում եմ, որ կորցրել եմ ճանապարհս», - ասում է նա Հայաստանում մի գիշեր` խոսելով հյուրանոցային սենյակի խավարից, որը միայն հաջորդ օրը մի քանի ժամով կսնուցվի էլեկտրաէներգիայով: «Ինչ-որ առումով ես վաճառել եմ հոգիս: Նրանում, ինչով զբաղվել եմ, ոչ մի ամոթալի բան չկա, բայց ես չեմ ուզում պարզապես գործարար կին լինել, որը միայն գովազդային հոլովակներով է ապրում...»


Շերը Երեւանի մանկատներից մեկում:
Լուսանկարը` Մխիթար Խաչատրյանի:

Իր կարճ, բայց հոգեպես հագեցած այցի ընթացքում Շերը մոմի լույսի տակ է շպարվում, թաքցնում է իր մազերը թավշյա գլխարկի եւ շարֆի տակ, գիշերները քնում է` սեղմվելով խղճուկ վերմակների տակ, սակայն առավոտյան արթնանում է թարմ եւ պատրաստ մեծ գործեր անելու համար:

Յուրաքանչյուր օրը աղքատության եւ քաոսի այս երկրում ուրախալի անակնկալներ է բերում: Շերը երեւի երբեք չի մտածել, որ կցանկանա կրկին մանկատանը լինել: (Երբ նա 2 տարեկան էր, Շերը ստիպված էր շուրջ 6 ամիս անցկանցել մանկատանը այն պատճառով, որ իր մայրը` միակ ծնողը, ծայրահեղ հիվանդ  էր եւ չէր կարող իրեն խնամել): Սակայն Շերի այցը մանկատուն տխուր հիշողությունների փոխարեն ժպիտ բերեց: Ոտքերը խաչելով` Շերը նստեց հատակին, իսկ քսան մինչդպրոցական տարիքի երեխաներ աղոթք էին կարդում եւ երգում էին հայոց ազգային օրհներգը: Նա գրկախառնվեց յուրաքանչյուր երեխային եւ Բարբի տիկնիկներ նվիրեց նրանց: Դա մի նվեր էր, որը ստանալով` երեխաները կորցրեցին խոսելու ունակությունը, քանի որ երբեք նոր խաղալիքներ չէին ունեցել: 

«Ես միշտ ատել եմ քեզ, Բարբի», - ասաց Շերը տիկնիկներից մեկին, - «միշտ կարծել եմ, որ դու ընդամենը տգետ շիկահեր ես, սակայն հիմա տեսնում եմ, որ դու կարող ես օգտակար լինել»:

Նախագծի վրա աշխատել են` Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Սիրանուշ Եղիազարյանը, Արամ Արարատյանը, Արա Թադեւոսյանը, Աննա Զիլֆուղարյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին