2017 թ. հունվարին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծեց մոտ 12 միլիոն էջ փաստաթղթեր, որոնք վերաբերվում են ԿՀՎ-ի գործունեությանը 1940-1990 թթ: Գաղտնազերծված փաստաթղթերը որոշ չափով լույս են սփռում Սառը պատերազմի տարիներին ԿՀՎ-ի գործունեության վրա: Նյութերն ուսումնասիրելիս՝ Մեդիամաքսը գտավ Անաստաս Միկոյանի գործունեությանը վերաբերող մի շարք հետաքրքիր փաստաթղթեր եւ որոշեց «Միկոյանը ԿՀՎ աչքերով» հատուկ նախագիծ պատրաստել: Մեդիամաքսը նախագիծը ներկայացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ:
***
1959 թվականը նշանակալից էր խորհրդային եւ ամերիկացի պաշտոնյաների եւ դիվանագետների մի շարք հանդիպումներով եւ այցերով՝ այդ թվում նաեւ բարձր մակարդակով: Օրակարգի հիմնական հարցը Բեռլինն էր, որի շուրջ կողմերի դիրքորոշումները խիստ տարբեր էին: Չնայած դրան՝ աշխարհը սպասում էր ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ հարաբերությունների ջերմացմանը:
1959 թ. հունիսի 23-ին Մոսկվայում էր գտնվում փորձառու ամերիկացի դիվանագետ, Նյու-Յորքի նախկին նահանգապետ եւ ԽՍՀՄ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ավերել Հարիմանը: Մի մարդ, ում մասին 1947 թվականին Ստալինն ասոել էր, որ նա «պատասխանատվության իր բաժինն ունի Ռուզվելտի մահից հետո մեր հարաբերությունների վատթարացման համար»:
Հարիմանը Խորհրդային Միություն էր եկել որպես Հյուսիսամերիկյան թերթային միության հատուկ թղթակից: Այցի շրջանակներում նա եղավ Մոսկվայում, Լենինգրադում, Կիեւում, Յալթայում, Սիբիրում եւ Ուրալում: Այցն ավատվեց Նիկիտա Խրուշչովի հետ հանդիպմամբ:
Հարցազրույցներն ընթացան երկու փուլով՝ Կրեմլում եւ Խրուշչովի առաձնատանը: Երկրորդ հանդիպմանը Գրոմիկոյի եւ Կոզլովի հետ միասին ներկա էր նաեւ Անաստաս Միկոյանը:
Հարիմանին ուղեկցող եւ հանդիպումը թարգմանող դիվանագետ Թեյերի Պետդեպարտամենտին ուղարկած ճեպագրում մասնավորապես ասվում էր.
1. Հիմնականում խոսում էր Խրուշչովը, թեեւ Միկոյանը հաճախ միանում էր զրույցին: Զրույցի ողջ ընթացքում նրանք կատակներ էին անում, Խրուշչովը հաճախ ասում էր «Անաստասն ու ես»: Միեւնույն ժամանակ, նա առանց ամաչելու բավական կոպիտ նկատողություններ էր անում Միկոյանին, որը դրանց չէր պատասխանում:
2. Մի առիթով Հարիմանը Խրուշչովին կատակով առաջարկեց Միկոյանին ուղարկել ոչ թե Սիբիր, այլ Միացյալ Նահանգներ, եթե նա շատ «անհանգիստ» դառնա: Ի պատասխան՝ Միկոյանն ասաց, որ իրեն Սիբիր աքսորելու համար չափազանց ուշ է, քանի որ նման բաներ այլեւս չեն արվում, իսկ Խրուշչովը կատակով նկատեց, որ Միկոյանի համար կարելի է բացառություն անել:
3. Շարունակելով թեման՝ Հարիմանն ասում է, որ եթե Միկոյանը գար ԱՄՆ, նա կարող էր նշանավոր արդյունաբերող դառնալ, ինչին Խրուշչովը պատասխանեց, որ դա անհնար է, որովհետեւ Միկոյանը բավականաչափ գումար չունի արդյունաբերող դառնալու համար: Հարիմանը պատասխանեց, որ Միկոյանին գումար հարկավոր չէ, քանի որ նա կարող էր անմիջապես գտնել լավ աշխատանք հիանալի աշխատավարձով:
4. Չնայած արտաքին գործերի նախարար Գրոմիկոյի ներկայությանը՝ հենց Միկոյանն էր միակը Խրուշչովից բացի, ով միջազգային հարցերի քննարկման ժամանակ էական մեկնաբանություններ էր անում: Թեյերի տպավորությամբ՝ Միկոյանը միջազգային հարցերից ավելի լավ է գլուխ հանում, քան Խրուշչովը, ավելի քիչ էմոցիոնալ է եւ ունի ավելի խորաթափանց մոտեցում այդ ոլորտում: Թեյերի կարծիքով, միջազգային հարցերում Միկոյանը փոքր-ինչ նման է Ստալինին:
Լուսանկարը` Ջոն Քեննեդու գրադարան
Քննարկվող հիմնական հարցերն էին Բեռլինի եւ զինաթափման, ինչպես նաեւ Հեռավոր Արեւելքի հարցերը: Խրուշչովը անսովոր կոշտ էր: Նա ասում էր.
«Արեւմուտքը կարծես թե մոռացել է, որ մի քանի ռուսական հռթիռ կարող են ոչնչացնել ողջ Եվրոպան: Բոննի համար բավական է մեկ ռումբ, Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Իսպանիայի համար՝ երեքից-հինգ: Ամերիկյան հռթիռը բարձրացնում է ընդամենը 10 կիլոգրամ մարտագլխիկ, մինչդեռ խորհրդայինը՝ 1300 կիլոգրամ: Այս պայմաններում անիրատեսական է սպառնալ Խորհրդային Միությանը: Հասկացե՛ք, մենք ցանկանում ենք բարեկամանալ: Մոտակա հինգ-յոթ տարիների ընթացքում մենք ձեզանից ուժեղ կլինենք: Եթե մենք մոտակա 5-6 տարիներին բալիստիկ հռթիռների վրա ծախսենք ընդհամենը 30 միլիարդ ռուբլի, որն այդքան էլ մեծ գումար չէ մեզ համար, կարող ենք ոչնչացնել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ցանկացած արդյունաբերական կենտրոն: Այնպես որ, ողջ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ոչնչացումը մեզ կարժենա ընդհամենը 30 միլիարդ», - Հարիմանին ասում էր վրդովված Խրուշչովը: Ամերիկացի դիվանագետը այնքան անհանգստացած էր նույնիսկ Խրուշչովի համար անսովոր կոպիտ տոնից, որ որակեց այդ զրույցը «ապշեցնող եւ սարսափազդու, ավելի վատ, քան Ստալինի հետ»: Հանդիպման արդյունքում նա Life ամսագրում հրապարակեց «Իմ տագնապալի հարցազրույցը Խրուշչովի հետ» ծավալուն հոդվածը, որն ուշադիր ուսումնասիրվեց Պետդեպարտամենտի եւ անձամբ նախագահ Էյզենհաուերի կողմից՝ Վաշինգթոն ուղարկված ճեպագրի հետ միասին:
Միկոյանի որդին՝ Սերգոն, խոստովանում էր, որ Ավերել Հարիմանը իր հոր մասին ասել էր իրեն հետեւյալը. «Նա միակ մարդն է Կրեմլում, ում հետ կարելի է նորմալ խոսել»: Ավելին, հենց Հարիմանն է գրել Միկոյանի «Պայքարի ուղիով» հուշերի անգլալեզու տարբերակի նախաբանը:
Կարդացեք նաեւ Միկոյան` «մեր գովազդը ձեր գովազդից վատն է» հոդվածը:
Կարդացեք նաեւ Միկոյանը՝ «սուտն ու ճշմարտությունը խառնելու հանճարը» հոդվածը:
Կարդացեք նաեւ Միկոյանը Լոս Անջելեսում `«Դոկտոր Ժիվագոն» եւ IBM 709 համակարգիչը հոդվածը:
Կարդացեք նաեւ Միկոյանի անսպասելի ամանորյա այցը ԱՄՆ հոդվածը:
Նախագծի գործընկերն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: