Միկոյանը՝ «սուտն ու ճշմարտությունը խառնելու հանճարը» - Mediamax.am

exclusive
16590 դիտում

Միկոյանը՝ «սուտն ու ճշմարտությունը խառնելու հանճարը»


Անաստաս Միկոյանի եւ Դուայտ Էյզենհաուերի հանդիպումը
Անաստաս Միկոյանի եւ Դուայտ Էյզենհաուերի հանդիպումը
Միկոյանը ԱՄՆ այցի ընթացքում
Միկոյանը ԱՄՆ այցի ընթացքում

Լուսանկարը` ԿՀՎ արխիվ


2017 թ. հունվարին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծեց մոտ 12 միլիոն էջ փաստաթղթեր, որոնք վերաբերվում են ԿՀՎ-ի գործունեությանը 1940-1990 թթ: Գաղտնազերծված փաստաթղթերը որոշ չափով լույս են սփռում Սառը պատերազմի տարիներին ԿՀՎ-ի գործունեության վրա: Նյութերն ուսումնասիրելիս՝ Մեդիամաքսը գտավ Անաստաս Միկոյանի գործունեությանը վերաբերող մի շարք հետաքրքիր փաստաթղթեր եւ որոշեց «Միկոյանը ԿՀՎ աչքերով» հատուկ նախագիծ պատրաստել: Մեդիամաքսը նախագիծը ներկայացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ:

***

1959 թվականի հունվարի Անաստաս Միկոյանի՝ ԱՄՆ կատարած այցի կարեւորագույն կետն, անշուշտ, նրա հանդիպումն էր ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերի հետ, որի մասին Պետական դեպարտամենտը ընդարձակ հաշվետվություն էր պատրաստել:


Երկու կողմերի կարծիքով, ԱՄՆ-ում տեղի ունեցող հանդիպումները ոչ թե բանակցություններ են, այլ զրույցներ, որոնց նպատակն է ավելի լավ ուսումնասիրել միմյանց դիրքորոշումները եւ հասկանալ, արդյո՞ք հնարավոր է մերձեցնել դրանք:

Նախագահ Էյզենհաուերը վերհիշեց 1945 թ.-ի իր այցը Մոսկվա, նշելով, որ այն մինչ այսօր իր միակ հանդիպումն էր Միկոյանի հետ: Նա նաեւ անդրադարձավ Ժնեւում Խրուսչովի հետ իր հանդպիմանը, որը նույնպես համարեց օգտակար:

Նախագահ Էյզենհաուերը համոզված էր, որ Խորհրդային Միության ժողովուրդը, ինչպես եւ ԱՄՆ-ի ժողովուրդը, խաղաղություն են ցանկանում: Նա նշեց, որ ամերիկյան կառավարության նպատակը կոմունիզմի կամ ռուս մարդկանց քննադատությունը չէ, քանի որ նրանք կարող են ունենալ այն կառավարությունը, որը ցանկանում են, սակայն չկա որեւէ պատճառ, որից դրդված կողմերը չեն կարող շոշափել դեպի ավելի լավ հարաբերություններ տանող ուղին: Նախագահը նշեց, որ արտաքին քաղաքականության բոլոր այն ուղղություններով, որտեղ ԱՄՆ-ն  ունի հստակ դիրքորոշում, այդ թվում՝ Բեռլինի, իրենք, այնուամենայնիվ, փորձում են փնտրել հաշտեցման ուղիներ:

Միկոյանն իր հերթին փոխանցեց նախագահին Խրուշչովի խոսքերն առ այն, որ նա հույս ուներ, որ ինքը ԱՄՆ նախագահն իր երկրորդ ժամկետը կօգտագործի երկու երկրների միջեւ հարաբերությունները բարելավելու համար, եւ եթե Խրուշչովը ԱՄՆ-ում քվեարկելու հնարավորություն ունենար, ապա նա անկասկած իր ձայնը կտար Էյզենհաուերին:

Բանակցությունների հիմնական հարցը, ինչպես եւ ԱՄՆ-ում Միկոյանի մյուս հանդիպումների ընթացքում, բեռլինյան հիմնախնդիրն էր: Միկոյանը նշում էր, որ գերմանական խաղաղ պայմանագիրը կարեւոր նշանակություն կունենա, վստահություն արտահայտելով, որ իրենք կարող են ընդհանուր լեզու գտնել այդ հարցի շուրջ, չնայած նրան, որ որոշ ուժեր դեմ են դրան: Մասնավորապես, նա ուշադրություն դարձրեց կանցլեր Ադենաուերի վերջին հայտարարությանը:
Միկոյանի կարծիքով, տարօրինակ է, որ պարտված կողմի ներկայացուցիչն առաջինն է դեմ արտահայտվում խաղաղ պայմանագրին: Հնարավոր է, Ադենաուերը կարծում է, որ պայմանագիրը հետաձգելու միջոցով իր դիրքորոշումը կարող է ավելի ուժեղանալ, եւ, օգտագործելով ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի տարաձայնությունները, կարող է առաջ տանել իր դիրքորոշումը ուժի տեսանկյունից: Ադենաուերը հաշվի չի առնում երկրորդ գերմանական պետության գոյությունը եւ քայքայիչ գործողություններ է ձեռնարկում նրա դեմ, ինչն անընդունելի է եւ վտանգավոր: Ընդ որում, Միկոյանը նշում էր, որ խորհրդային կողմը պնդում է խաղաղ պայմանագի ստորագրումը, եւ ԱՄՆ-ի կողմից Ադենաուերի դիրքորոշմանն աջակցելու դեպքում, ԽՍՀՄ-ը եւ Արեւելյան Եվրոպայի այլ երկրները կգտնեն խնդրի կարգավորման սեփական ուղին:

Հաշվի առնելով, որ սրանք պաշտոնական բանակցություններ չեն, այլ կարծիքների փոխանակում կողմերի միջեւ, ինչը թույլ է տալիս ավելի անկեղծ խոսել, Միկոյանը պնդում էր, որ խաղաղ պայմանագիրը բխում է ինչպես ԽՍՀՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի շահերից, հույս հայտնելով, որ նախագահը եւ ամերիկյան վարչակազմը կուսումնասիրեն կողմերի միջեւ առկա հարցերը եւ կգտնեն դրանց լուծման ճանապարհները:

Նախագահ Էյզենհաուերը նշում էր, որ Գերմանիայի վերամիավորումը պետք է իրականացվի այնպես, որ այդ երկիրն իրենից սպառնալիք չներկայացնի: Դա պետք է կատարվի խաղաղ կերպով եւ ազատ ընտրությունների միջոցով, ինչը համապատասխանում է ամերիկյան ավանդույթներին:

«Եթե մենք փորձենք խաղաղություն պարտադրել, ապա ստիպված կլինենք պահպանել դիտորդներին եւ զորքերը, որպեսզի ստիպենք Գերմանիային հարգել պարտադրված պայմանները: Պատմության ընթացքում չորս անգամ հայտնվել է ռազմականացված Գերմանիա, եւ մենք չենք ցանկանում, որպեսզի ի հայտ գա եւս մեկը, չնայած, մեր կարծիքով, նա դա չի ցանկանում… Երկուսիս համար կարեւոր է հիշել, որ եթե Գերմանիան ստիպված չլինի ռազմական ծախսեր կրել, ապա դա նրան առավելություն կընձեռի տնտեսական մրցակցության առումով», -ասում էր Էյզենհաուերը:
Միկոյանը ԱՄՆ այցի ընթացքում Միկոյանը ԱՄՆ այցի ընթացքում


Ի պատասխան՝ Միկոյանը նշեց, որ Խորհրդային Միությունը լավ հարաբերություններ ունի Արեւելյան Գերմանիայի հետ եւ կցանկանար ունենալ լավ հարաբերություններ նաեւ Արեւմտյան Գերմանիայի գերմանացիների հետ: Միեւնույն ժամանակ, նա ընդգծում էր, որ մինչ օրս երկու գերմանական պետությունները հարաբերություններ չունեն, եւ Արեւմտյան Գերմանիան անգամ չի ցանկանում խոսել, չնայած նրան, որ պատերազմի ժամանակ նույնիսկ բանակներն են գտնում շփման եզրեր երրորդ կողմերի միջոցով:

«Կարող է գա մի ժամանակ, երբ ազատ ընտրությունները հնարավոր լինեն, բայց այս պայմաններում ինչպե՞ս կարող են դրանք խնդիրը լուծել» - հարցնում էր Միկոյանը:

Միկոյանը նաեւ անդրադարձավ ռազմական ծախսերի թեմային, նշելով, որ վերջին երեք տարվա ընթացքում Խորհրդային Միությունը դրանք չի ավելացրել, մինչդեռ ԱՄՆ-ի ծախսերը շատ խոշոր են, իսկ ամերիկյան Կոնգրեսն ավելացնում է նախագահի կողմից ներկայացված առանց այդ էլ չափազանց բարձր ռազմական առաջարկները:



Բեռլինյան հարցից բացի, Միկոյանն ու Էյզենհաուերը քննարկեցին մշակութային փոխանակման խնդիրները, մասնավորապես՝ ամերիկյան եւ սովետական ֆիլմերի ցուցադրության, ինչպես նաեւ ուսանողների փոխանակման հարցերը: Ընդ որում, Միկոյանը պնդում էր, որ սկզբնական փուլում գործընթացում պետք է ընդգրկվեն  փոքր թվով ուսանողներ, քանի որ սովետական կողմը (միգուցե, անհիմն) կասկածներ ունի, որ նրանք կարող են օգտագործվել ամերիկյան հետախուզության կողմից: Նախագահն ի պատասխան ասաց, որ կզարմանա 18 ամյա ուսանողին հավաքագրելու հնարավորությանը եւ ընդգծեց վստահության հաստատման անհրաժեշտությունը, որպեսզի կողմերի մոտ նմանատիպ կասկածներ չառաջանան:

Հանդիպման ավարտին Անաստաս Միկոյանը մամուլի ասուլիս հրավիրեց, որի ընթացում, չանդրադառնալով մանրամասներին, նշեց, որ տեղի ունեցան  քննարկումներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ:

 «Դրանք ոչ թե բանակցություններ էին, այլ կարծիքների փոխանակում, միջազգային քաղաքականության գլխավոր հարցերի վերաբերյալ մեր երկրների դիրքորոշումների հստակեցում : Մենք հաստատեցինք, որ կարծիքների փոխանակումը օգտակար էր», - նշեց Միկոյանը: The New York Times-ը գրում էր, որ «նախագահ Էյզենհաուերը եւ ԽՍՀՄ առաջին փոխվարչապետ Անաստաս Միկոյանը մեկ ժամ քառասուն հինգ րոպե քննարկում էին Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ առավել նշանակալի տարաձայնությունները, սակայն ոչ մի որոշում չեն կայացրել»: Իսկ  Chicago Tribune-ը մեջբերել էր անանուն ամերիկացի դիվանագետներին, որոնք նշել էին, որ «Միկոյանը սուտն ու ճշմարտությունը խառնելու հանճար է »: «Նա կարող է խառնել ամենաակնհայտ ճշմարտությունն ամենամեծ ստի հետ, որպեսզի զինաթափող անկեղծությամբ եւ ապշեցուցիչ հումորով հայտարարություն անի»:

Կարդացեք նաեւ Միկոյանը Լոս Անջելեսում `«Դոկտոր Ժիվագոն» եւ IBM 709 համակարգիչը հոդվածը:

Կարդացեք նաեւ Միկոյանի անսպասելի ամանորյա այցը ԱՄՆ հոդվածը:

Նախագծի գործընկերն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին