«50 տարի է՝ Մատենադարանում եմ աշխատում»․ արտահայտություն, որ մատենադարանցիների դեպքում բնավ չափազանցված չէ։ Մատենադարանը բացառիկ է ոչ միայն իր ձեռագրական հավաքածուով, այլեւ՝ մթնոլորտով, խաղաղությամբ։ Ու գուցե դա է պատճառը, որ այստեղ աշխատող մարդիկ, անկախ տարիքից, երիտասարդ ու կենսախինդ են։ Մեդիամաքսը պատմում է մարդկանց մասին, որոնք ավելի քան կես դար աշխատում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Կարդացեք նաեւ. Դոնարա Կարապետյան. Ամասիացու եւ Հերացու հետ կես դար տեւող «շփումը»
Կարդացեք նաեւ. Հրավարդ Հակոբյանը՝ Մատենադարանի 93-ամյա երիտասարդ գիտնականը
Զբոսավար-թարգմանիչ Ամալյա Շահումյանը 50 տարվա աշխատանքային փորձ ունի․ 50-նն էլ՝ Մատենադարանում։ Առաջին ու միակ աշխատանքին տիկին Ամալյան ընդունվել է 1974 թվականին՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն ավարտելուց հետո։ Կարծում էր՝ ժամանակավոր է Մատենադարանում։ Պարզվեց՝ մի ամբողջ կյանք։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մատենադարանը շատ հետաքրքիր մի հատկանիշ ունի՝ քեզ բռնում ու բաց չի թողնում։ Իհարկե, ինքնակրթվելու շատ մեծ ճանապարհ եմ անցել, բայց, միեւնույն է, մտածում էի՝ անհեռանկար աշխատանք է, ինչքա՞ն կարելի է նույն բանը պատմել։ Բայց հետո պարզվեց՝ յուրաքանչյուր խումբ մյուսից տարբերվում է, բոլորին տարբեր ձեւով ես պատմում նույն բանը։ Բայց դա ուշ ես հասկանում, երբ գիտելիքներդ շատանում են, եւ չես վախենում, որ հիմա քեզ հարց կտան, որին չես կարողանա պատասխանել։ Շնորհակալ աշխատանք է։ Մատենադարանից փախչելու փորձեր անում էի, հետո հասկացա, որ չեմ կարող, անհնարին է»։
Մատենադարանի առաջին տնօրեն Լեւոն Խաչիկյանը ցանկանում էր, որ զբոսավարներն իրենց աշխատանքից բացի նաեւ գիտությամբ զբաղվեն, ու այդ պատճառով նույն օտար լեզվին տիրապետող երկու զբոսավար էր ընդունել աշխատանքի։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Բայց կյանքը ցույց տվեց, որ երկու, թե քսաներկու զբոսավար լինի, գիտությամբ զբաղվել անհնարին է, որովհետեւ շատ այցելվող, նշանակալից հիմնարկ է»։
Գիտությամբ զբաղվել չհաջողվեց, փոխարենը մի ամբողջ գրադարան գիրք ընթերցեց։
«Սարսափած էի, որովհետեւ երբ տեսնում ես ծավալը, հասկանում ես, որ դու ոչինչ չգիտես։ Առաջին 6 ամիսը նստած գիրք էի կարդում։ Պարզեցի, որ պիտի կարդամ Լեո, Մանուկ Աբեղյան, մի տարի շարունակ Աստվածաշունչ էի կարդում, որովհետեւ այցելուները դավանաբանական հարցեր են տալիս, դու պիտի ամեն ինչ իմանաս։
Սկզբում շատ հաճախ էր պատահում, որ հարց էին տալիս, ու պատասխանը չգիտեինք։ Ասում էինք՝ սպասեք, ու վազում էինք Արտյուշայի՝ ձեռագրատան վարիչ Արտաշես Մաթեւոսյանի մոտ։ Ձեռագրագետ էր, հոյակապ մասնագետ, բոլոր հարցերի պատասխանն ուներ։ Էդպես ինքնակրթվեցի, տարիների ընթացքում գիտելիքներն ավելացան։ Հիմա ես եմ երիտասարդների հանրագիտարանը դարձել. ով հարց է ունենում, վազում է ինձ մոտ, ես էլ կարողացածիս չափ պատասխանում եմ»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Տիկին Ամալյան հիշում է, որ այն տարիներին կոլեկտիվը փոքր էր, բոլորը՝ մի շենքում, մի ընտանիքի նման։ Ասում է՝ այն ժամանակ Մատենադարանում մեծ գիտնականներ, հսկաներ էին աշխատում, որոնց հետ ամենօրյա շփումը հարստացնում էր, ոգեւորում։
«Գիտությունների ակադեմիայի բոլոր ինստիտուտների մասնագետները ձեւակերպված էին ակադեմիայում, բայց աշխատում էին Մատենադարանում, ու մենք շատ հարազատ կերպով շփվում էինք բոլորի հետ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Գրականության ինստիտուտից Արշալույս Ղազինյանը, որ ամբողջ կյանքում զբաղվել է Նարեկացու քննական բնագիր կազմելով, անընդհատ աշխատում էր։ Երբեմն հոգնում էր, գալիս-ասում էր՝ աղջիկներ, էս դպրոցականների խմբին ես պատմեմ, հա՞։ Շատ բուռն մարդ էր, էնպիսի հոյակապ տպավորություն էր թողնում, հատկապես, երբ հասնում էր Նարեկացուն, սկսում էր երեխաների համար գրաբար Նարեկացի արտասանել. սկզբից մինչեւ վերջ անգիր գիտեր։
Քանի որ ընտանեկան միջավայր էր, երբ մեր երեխաներին բերում էինք Մատենադարան, Արտաշես Մաթեւոսյանին խնդրում էինք, որ ձեռագրատունը ցույց տար։ Դա սուրբ վայր է, ոչ մեկին չէին թողնում ներս, բայց երեխաներին ցույց էին տալիս։ Հիանում էին, եւ դա կրթում էր նրանց։ Իմ դպրոցական տղայի համար գեղեցկության չափանիշը Մատենադարանն էր»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մատենադարանը, տիկին Ամալյայի բնորոշմամբ, Հայաստանի ծննդական է, որովհետեւ այստեղ են կարեւոր աշխատությունների սկզբնաղբյուրները։ Ուրախ է, որ այդ հսկայական ժառանգության հանրահռչակման գործում նաեւ ինքը ներդրում ունի։
Ասում է՝ ժամանակակից տերմինով՝ Մատենադարանը «բրենդ» է դարձել․ զբոսաշրջային ընկերություններն ամիսներ առաջ են հերթագրում խմբերին։ Տուրիստական սեզոնին՝ երբեմն ստիպված են կիրակի օրերին աշխատել, աշխատանքային ժամից շուտ սկսել եւ ուշ ավարտել։ Ամենամեծ ու անսովոր դադարը կորոնավիրուսի համավարակի պատճառով էր։ Այցելությունները զգալի պակասում են նաեւ, երբ Հայաստանի սահմաններին անհանգիստ վիճակ է։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ամալյա Շահումյանը Մատենադարանի հարստությունների մասին պատմում է հայերեն, ռուսերեն ու ֆրանսերեն։ Ժամանակին նաեւ պետական, պաշտոնական այցով Մատենադարան եկած հյուրերին էր ուղեկցում։ Մինչ օրս տպավորված է Խորհրդային տարիներին Հռոմի Պապի պատվիրակի այցելությամբ։ Բայց, ասում է, հասարակ այցելուների հետ ավելի հաճելի է. չկան թիկնապահներ, չկա լարվածություն։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մեր ցուցադրությունն այնքան խելոք է կազմված, որ ինչ-որ բան շեշտադրելու կարիք առանձնապես չկա։ Բայց օտարին ավելի մանրամասն եմ պատմում։ Հայ այցելուն, հիմնականում, տեղեկացված է։ Սփյուռքահայերը լրիվ ուրիշ ձեւով են գալիս․ավելի շատ ուզում են իրենք պատմեն, քան՝ լսեն։
Դպրոցականներին ամեն մեկին իր ձեւով ես պատմում։ Դու նրա դեմքից հասկանում ես՝ հետաքրքրո՞ւմ է, թե՝ չէ։ Մեծ տարբերություն կա շրջաններից, գյուղերից եւ քաղաքից եկած երեխաների միջեւ։ Գյուղի երեխաներն էնքան ուշիմ են, հետաքրքրված, ավելի շատ գիտելիքով։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ֆրանսիացիները, օրինակ, եթե ոչ գիտնականների, այլ հասարակ տուրիստական խմբի մասին ենք խոսում, գալիս են քթները տնկած, մտածում են՝ երրորդ երկիր են եկել։ Պատմում, գալիս-հասնում ես թարգմանություններին, ու էդտեղ նրանք շոկ են ապրում, չեն պատկերացնում, որ այս փոքրիկ, ծանր կյանքով ապրած երկիրը կարող էր 6-րդ դարում Արիստոտել թարգմանած լինել, Եվսեբիոս Կեսարացու աշխատությունը պահպանել ամբողջ մարդկության համար։
Լուսանկարը` Մեդիամաքս
Երբեմն հանդիպում են այնպիսի այցելուներ, որոնցից մենք ենք հաճույք ստանում։ Շատ լավ, պրպտող, պատրաստված այցելուներ են ռուսները, բայց կան նաեւ կայսերական մտածողությամբ մարդիկ։ Խորհրդային տարիներին մի ռուս էր եկել։ Պատմում եմ, որ այբուբենը ստեղծվել է 405 թվականին։ Ասում է՝ ո՞նց, ռուսական այբուբենից շո՞ւտ։ Շարունակում եմ, հասանք Ագաթանգեղոսին, ասում եմ՝ մենք 301 թվականին ընդունել ենք քրիստոնեությունը։ Ասում է՝ ո՞նց, ռուսներից շո՞ւտ։ Ու երբ էդպես էլի մի քանի անգամ նույն հարցը տվեց, ասացի՝ ինձ մոտ այն տպավորությունն է, որ ձեզ թվում է՝ հայերը ռուսներից են առաջացել»։
Լուսանկարը` Մեդիամաքս
50 տարվա զբոսավար-թարգմանիչն ասում է, որ առաջ իրենց մասնագիտության մեջ կարեւորը գիտելիքն էր, հիմա՝ նաեւ արտաքին տեսքը։ Աշխատանքային դրես-կոդին ինքն առանձնապես չի հետեւում։ «Ես արդեն ավագ սերունդ եմ՝ «уходящая натура», մեզ ձեռք չեն տալիս»,- ծիծաղելով ասում է տիկին Ամալյան։
Չնայած աշխատանքային փորձին ու գիտելիքներին՝ ժամանակ առ ժամանակ նորից վերընթերցում է գրքերը, որ կարդացել էր Մատենադարանում աշխատելու առաջին տարիներին։ Հիմա նորից Լեո է ընթերցում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Տիկին Ամալյան հոգեկան բավարարվածությամբ է խոսում իր կյանքի՝ Մատենադարանին նվիրած կես դարի մասին։ Ասում է՝ երջանիկ եմ, որ այստեղ եմ աշխատել։
«Ֆրանսերեն երկու գիրք ունեմ, վաղուց պահել էի, որ թոշակի անցնեմ, թարգմանեմ։ Հիմա արդեն մեծ եմ, երեւի ժամանակն է թոշակի անցնելու։ Բայց ես դեռ չեմ պատրաստվել պատկերացնել իմ կյանքն առանց Մատենադարանի»։
Կարդացեք նաեւ. Դոնարա Կարապետյան. Ամասիացու եւ Հերացու հետ կես դար տեւող «շփումը»
Կարդացեք նաեւ. Հրավարդ Հակոբյանը՝ Մատենադարանի 93-ամյա երիտասարդ գիտնականը
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: