Հրավարդ Հակոբյանը՝ Մատենադարանի 93-ամյա երիտասարդ գիտնականը - Mediamax.am

exclusive
5486 դիտում

Հրավարդ Հակոբյանը՝ Մատենադարանի 93-ամյա երիտասարդ գիտնականը


Հրավարդ Հակոբյանը
Հրավարդ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրավարդ Հակոբյանը
Հրավարդ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրավարդ Հակոբյանը
Հրավարդ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրավարդ Հակոբյանը
Հրավարդ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրավարդ Հակոբյանը
Հրավարդ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրավարդ Հակոբյանը
Հրավարդ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրավարդ Հակոբյանը
Հրավարդ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրավարդ Հակոբյանը
Հրավարդ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրավարդ Հակոբյանը
Հրավարդ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրավարդ Հակոբյանը
Հրավարդ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրավարդ Հակոբյանը
Հրավարդ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«50 տարի է՝ Մատենադարանում եմ աշխատում»․ արտահայտություն, որ մատենադարանցիների դեպքում բնավ չափազանցված չէ։ Մատենադարանը բացառիկ է ոչ միայն իր ձեռագրական հավաքածուով, այլեւ՝ մթնոլորտով, խաղաղությամբ։ Ու գուցե դա է պատճառը, որ այստեղ աշխատող մարդիկ, անկախ տարիքից, երիտասարդ ու կենսախինդ են։ Մեդիամաքսը պատմում է մարդկանց մասին, որոնք ավելի քան կես դար աշխատում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Հոր ու մոր՝ Հրաչյա ու Վարդուհի անունների առաջին վանկերից է Հրավարդ Հակոբյանը ստացել իր բնորոշմամբ՝ «քյալլագյոզ» անունը։

«Անուն, որի պատճառով մինչեւ հիմա տանջվում եմ։ Մի ժամանակ արտասահմանից գիտնականները նամակներ էին ուղարկում «տիկին Հրավարդ Հակոբյանին», «օրիորդ Հրավարդ Հակոբյանին»։ Մեծ գիտնական Հարություն Քյուրդյանը Հայաստանում էր, եկել էր Մատենադարան՝ ես տիկին Հակոբյանին պիտի տեսնեմ։ Տղերքը ծիծաղել էին՝ ա՛յ մարդ, ի՞նչ տիկին, տղա է մեծ քթով»։

Հրավարդ Հակոբյանը Հրավարդ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Անունն արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի միակ զարմացնող առանձնահատկությունը չէ։ 93-ամյա գիտնականը 65 տարի Մատենադարանում է աշխատում։

«Արտոնություն ունեմ՝ կարող եմ գալ կամ չգալ։ Բայց տանը նստեմ, ի՞նչ անեմ»։

Կրտսեր աշխատակիցների՝ «Մատենադարանի լեգենդ» բնորոշման հետ համաձայն չէ։

«Չափազանցված է, անկեղծ եմ ասում, ոչ թե՝ ձեւերի համար։ Հա՛, ամենատարեց, ամենահին աշխատողն եմ, բայց լեգենդը պիտի նաեւ իր գործերով լեգենդ լինի»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամեն օր Հրավարդ Հակոբյանը ոտքով Օպերայից քայլում է Մատենադարան, նստում ընթերցասրահի իր սեղանի մոտ ու առանց ակնոցի՝ սկսում ուսումնասիրությունները։

«Տարիների հետ խորանում ես քո գործի մեջ, բայց կարողություններդ են պակասում։ Հիմա, օրինակ, հոմանիշների բառարանը դնում եմ իմ առջեւ։ Զգում եմ՝ էս բառն իր տեղում չէ, բացում, նայում եմ։ Իսկ առաջ էդ բոլորը հիշում էի»։

Լուսանկարը` Մեդիամաքս


1959 թվականն էր, ինքն էլ՝ 28 տարեկան։ Թերլեմեզյանի անվան ուսումնարանի քանդակի բաժինն ավարտել, համալսարանի պատմության ֆակուլտետում էր սովորում։ Գիտահետազոտական կենտրոն դարձած Մատենադարանի տնօրեն Լեւոն Խաչիկյանն արվեստից հասկացող պատմաբան էր փնտրում։

«Մատենադարանում աշխատող ընկերներս իմ մասին էին ասել, հրավիրեց հանդիպման։ Ես ասացի, որ կյանքում հոդված չեմ գրել։ Մեծ գիտնական, երջանկահիշատակ Լիդիա Դուռնովոն հետս զրուցեց, հետո տնօրենին ասաց՝ այս տղան արվեստը հասկանում է։ Էդպես, ինձ վերցրին աշխատանքի, հրապուրվեցի ու մնացի։

Ինձնից բացի, էլի 15-20 երիտասարդ տղաների էին ընդունել։ Հին շենքի հրապարակում ընդմիջմանը ֆուտբոլ, պինգ-պոնգ էինք խաղում։ Բայց հիմա բոլորը գնացել են, մնացել եմ մենակ»։

93 տարեկանում առողջ մարմին, սթափ միտք, ուրախ սիրտ ունենալու հատուկ գաղտնիքներ Հրավարդ Հակոբյանը չունի։ Միշտ զբաղվել է սիրած գործով, ճամփորդել է, ապրել կանոնավոր։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մարդը, հիմնականում, մնում է երիտասարդ, կենսախինդ, եթե զբաղմունքը նրան երջանկություն է պարգեւում։ Ամբողջ կյանքում արթնացել եմ շատ շուտ. առավոտյան 4-5-ից ոտքի վրա եմ։ Շուտ արթնանալու շնորհիվ մի քանի գիրք եմ գրել։ 3 ժամ քունն ինձ լրիվ բավարարում է, որ ամբողջ օրն աշխատեմ, նույնիսկ վազեմ, թռչկոտեմ, բայց այդպիսի բաներ չեմ անում, որովհետեւ տարիքին չհամապատասխանող երեւույթները միայն ծիծաղ են առաջացնում։

Անցյալ օրը ռուսական հեռուստաալիքով մի կոլեկտիվ տոնում էր իր աշխատակցի 85-ամյակը։ Ծերուկը խոսեց՝ ես մինչեւ 70 տարեկան աշխատել եմ։ Բոլորը սկսեցին ծափահարել, հետո ձեռնափայտը վերցրեց, գնաց։ Մտքումս ասացի՝ արի-տես, ես 94 տարեկանում դեռ աշխատում եմ ու էդ փայտի կարիքն էլ չունեմ, մինչեւ հիմա որոշ օրգանների տեղն էլ չեմ իմանում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես միշտ սիրել եմ ուտել եւ լավ բաներ ուտել։ Ռեժիմ եմ պահում, չեմ հիշում մի օր, որ առանց հաց ուտելու տնից դուրս եկած լինեմ։

Ինձ միշտ ամեն ինչ հետաքրքրել է, շարժունակ, տեղս չնստող տիպ եմ եղել։ Երեք անգամ երկար-բարակ գործուղվել եմ Իտալիա, երկու անգամ՝ Գերմանիա, Ֆրանսիա, տարբեր տեղերում եմ եղել, վայելել եմ կյանքը, ընկերական շրջապատը։ Ուշ եմ ամուսնացել՝ 40 տարեկանում։ Տղաներ, թոռներ ունեմ։ էդ էլ Աստծո բարի կամքն էր, որ ապրեցի, էդքանը տեսա։ Կյանքը լավն է, ես կյանքից շատ գոհ եմ»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրավարդ Հակոբյանն ասում է, որ երկարակեցությամբ նաեւ իր գեներին է պարտական։ Հիշում է՝ երեխա էր, գնում էին մայրիկի 117 տարեկան մորաքրոջն այցելելու։ Իսկ նրա տունը ղեկավարում էր 80-անց թոռը, որը տատի համար միշտ երեխա էր։

Երբ նոր էր ընդունվել Մատենադարան, Հրավարդ Հակոբյանին առաջարկել էին զբաղվել Կիլիկիայի բարձր արվեստով, բայց ինքը նախընտրել էր Վասպուրականի պարզ, ժողովրդական ու քիչ ուշադրության արժանացած արվեստը։ Նրա աշխատանքները հիմնականում նվիրված են միջնադարյան հայ արվեստին, մասնավորապես՝ մանրանկարչությանը։ Առաջին գիտնականներից էր, որ խորհրդային տարիներին հոգեւոր թեմաներով էր զբաղվում, տերունական սրբապատկերներն էր ուսումնասիրում։
Հրավարդ Հակոբյանը Հրավարդ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ասում է՝ աշխատանքում իրեն միշտ մի նուրբ հարց է տանջել՝ ի՞նչպես այս կարեւոր թեմաներն ընթերցողին ներկայացնել հետաքրքիր, ոչ ձանձրալի ձեւով։

«Կան տաղանդավոր գիտնականներ, ինչպես Գարեգին Հովսեփյանը, որոնց գործերը կարդում ես ինչպես մի հոյակապ բանաստեղծություն, պոեմ կամ վեպ։ Բայց իմ պես շարքայինները չեն կարողանում էդ մակարդակն ապահովել։ Ես աշխատում եմ, որ գոնե կյանքի էս տարիներին մի բան հետաքրքիր ներկայացնեմ»։
Հրավարդ Հակոբյանը Հրավարդ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ասում է՝ լինում են պլանային թեմաներ, որ պարտավոր ես կատարել։ Մի քիչ հոգնեցնող, ձանձրալի է, բայց կամք է պետք «չուզելը» հաղթահարելու համար։ Ինքն այդպիսի դեպքերում զուգահեռաբար զբաղվում է նաեւ ոգեւորող թեմաներով։ Այդպես «կողմնակի» 6-7 գիրք է գրել, որոնք նույնիսկ պետական մրցանակի են արժանացել։

Հիշում է՝ երբ Ղարաբաղի թեման ակտիվացավ, Կարեն Դեմիրճյանը Մատենադարանի տնօրենի մոտ էր եկել՝ ասելու, թե հարկավոր է հայկական Արցախի մասին գործեր գրել։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Իսկ մենք Արցախի մանրանկարչական դպրոցի մասին պատկերացում չունեինք։ Ես խորասուզվեցի այդ աշխատանքի մեջ, Արցախի եւ Ուտիքի մասին մի քանի գիրք գրեցի։ Ցավոք, այսօրվա պայմաններն այնքան ոչ գիտական են, որ ադրբեջանցիների համար դա նշանակություն չունի»։

Հրավարդ Հակոբյանը ճակատագրից շատ գոհ է։ Սիրելի աշխատանքը նաեւ հետաքրքիր հանդիպումներ, հարստացնող ապրումներ է շնորհել։ Արխիվային լուսանկարներն է թերթում ու հիշում նշանավոր մարդկանց հետ անցկացրած անմոռանալի պահերը։

«1968 թվին էր, Վոլգա գետի ափին։ Երիտասարդ շնորհալիներին ուղարկում էին Վոլգա-Դոնով նավարկության։ Մատենադարանից էլ ես գնացի։ Մեր խմբում նաեւ Վարդան Աճեմյանն էր՝ տիկնոջ հետ։ 22 օր, նավի մեջ, անընդհատ զրույցներ, երգեր։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այստեղ մեծ գիտնական Բորիս Պիոտրովսկու հետ եմ։ 12 օր հյուրանոցի կից սենյակներում ենք ապրել։ Գալիս, դուռը ծեծում էր՝ ազա՞տ ես։ Ասում էի՝ երբ գաք, ես ազատ եմ, դուք հանճարեղ մարդ եք, երջանկություն է Ձեզ լսելը։

Մատենադարանում նստած աշխատում էի, մի խումբ մարդկանց հետ տնօրենի ուղեկցությամբ եկավ Արտեմ Միկոյանը։ Մոտեցավ, հարցրեց, թե ինչ հետաքրքիր նկարներ եմ նայում, պատմեցի, որ Վասպուրականի արվեստն է՝ հասարակ, բայց հետաքրքիր, ասացի, որ Վասպուրականի վանեցիները մի քիչ «քյալլագյոզ» են։ Ասաց՝ այդպիսի մի «քյալլագյոզ» էլ իմ մոտ էր աշխատում։ Ամիսը մեկ գալիս, ասում էր՝ Արտե՛մ Իվանիչ, ես ինքնաթիռների մի գյուտ եմ արել, ասում էի՝ բայց դրա մասին այսինչը գրել է։ Էդպես հիասթափվում-գնում էր»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հետո Հրավարդ Հակոբյանը հիշում է գերմանացի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանին, որ ամուսնացած չէր ու 4 կատու ուներ՝ հայկական անուններով։ Հետո պատմում է հայ միջնադարյան արվեստի ամենախոշոր գիտակներից ֆրանսահայ Սիրարփի Տեր-Ներսիսյանի մասին, որին համարձակություն չունեցավ հարցնել, թե ինչու չի ամուսնացել, բայց համարձակվեց հրավիրել Արմավիրի իրենց տուն։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս նկարը մեր տան բակում է, Սիրարփի Տեր-Ներսիսյանն է՝ մայրիկիս կողքին։ Նախապես խնդրել էր՝ մամայիդ ասա, թող քյուֆթա եփի, ուտենք։ Հարեւանի կնիկը գալիս, հարցնում է՝ քույրի՛կ Վարդուհի, էդ կնիկն ո՞վ է։ Մայրս ասում է՝ մեծ գիտնական։ Սա էլ, թե՝ ի՞նչ մեծ գիտնական, քյուֆթա եփել չիդե»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս մի նկարում էլ իր երիտասարդության տարիներին հայտնի արգենտինացի երգչուհի, դերասանուհի Լոլիտա Տորեսն է՝ մատենադարանցիներով շրջապատված։

«Էս էլ ես եմ՝ կողքը ցցված։ Տեսնես ո՞ւր է հիմա, կա՞- չկա»,-ասում է ու ցածր երգում Տորեսի երգերից մեկը։
Հրավարդ Հակոբյանը Հրավարդ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրավարդ Հակոբյանն իր ապրած 93 ու Մատենադարանին նվիրած 65 տարիների համար շնորհակալ է։ Ամեն ինչ իր ուզածի պես է։

«Եթե նորից ծնվեի, կասեի՝ նույն բանը նույն որակով թող շարունակվի»։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին