Պատմությունը որքան անհավանական է, այնքան էլ իրողություն է:
Այսօրվա պես հիշում եմ այդ օրը: Դեռատի աղջիկն այնքան վտիտ էր, գունատ, դալուկ ու տկար: Հագուստը կախված էր ուսերից: Ծնողները նորաբողբոջ աղջկան բերել էին ինձ մոտ վերջին հույսով: Բարակիրան աղջկա հետ առանձնացա մի սենյակում: Նա շշնջաց գրեթե անլսելի ձայնով.
-Քանի՞ օր է ինձ մնացել ապրելու:
Սիրտս թրթռում էր. երբևէ չէի տեսել այտոսկրերը ցցված մարդու, որի դեմքին միայն աչքերն էին մնացել: Ինչպե՞ս վարվեի, ինչպե՞ս ասեի դեռաբողբոջ ծաղկին, որ մոտ է իր մայրամուտը: Փորձեցի ազնիվ լինել և պատասխանեցի.
-Ամեն ինչ քո ձեռքում է, եթե ուզենաս, կտեսնես բազում այգաբացներ:
Երբ նայում էի նրան, չգիտեմ ինչու իմ մեջ առաջանում էր ցանկություն` պայքարելու նրա համար: Խոշոր աչքերում նկատել էի աննշմար փայլ: Մեր հանդիպումները ձգվեցին վեց ամիս` որոծ դադարներով: Գնալով իրավիճակն ավելի էր բարդանում: Որոշեցի ինքս գնալ դալկադեմ աղջկա տուն: Նրա մոտ խնդիր էր ուտելը: Գիտակցաբար հրածարվում էր ուտել և չէր սիրում «կե՛ր» բառը: Պետք է լինեի զգույշ և նրբանկատ: Երկար ժամանակ չսնվելու արդյունքում օրգանիզմը հյուծվել էր և կորցրել դիմադրողականությունը: Վնասվել էին ատամները, երբեմն ուժ չէր ունենում հարցերիս պատասխանելու համար: Նա դարձել էր դյուրագրգիռ և կամակոր:
Փորձում էի օգտագործել հնարներ, որոնք որևէ դրական տեղաշարժ չէին առաջացնում: Դարձել էի վշտաբեկ, զգում էի ,որ ամեն ինչ իզուր է: Անդառնալի էի համարում նրա կյանքը: Միթե կարելի էր ապրել օրը մեկ մատնեց ջուր խմելով: Նա տարիներ շարունակ հաց չէր կերել: Չուներ որևէ առողջական խնդիր, բայց սովալլուկ օրգանիզմը հոգնել էր: Նրա պարագայում անզոր էր բժշկությունը:
Օրերից մի օր գնացի նրանց տուն: Տնեցիները`հայրը, մայրն ու քույրերը, լաց էին լինում: Միայն ինքը, վրդովված հայացքով, կանգնել էր սենյակի կենտրոնում ու գոռում էր բոլորի վրա: Վախեցա միանգամից մոտենալ: Աչքերով բոլորին հասկացրի, որ դուրս գան սենյակից: Աթոռից բռնած քիչ-քիչ մոտեցա դեռատի աղջկան: Առաջին անգամ խաղացի նրա հոգու նուրբ թելերի հետ, առաջին անգամ չխղճացի նրան: Եվ... կատարվեց անսպասելին... Պայթեցնրա հոգու քնած հոգու հրաբուխը, հալվեց ամենամեծ սառցաբեկորը: Սկսեց բարձրաձայն լաց լինել, գրկեց ինձ ու ասաց.
- Սրբուհի՛, խոստանում եմ քեզ հաց ուտել: Հենց հիմա ասա մայրիկիս, որ հաց ու պանիր բերի:
Հոգիս փոթորկվեց, բայց պետք է ինձ ուժեղ պահեի: Նրա մայրիկից հաց ու պանիր ուզեցի: Մայրիկը բերեց հաց, պանիր և արցունքներն աչքերին կքանստեց աղջկա առաջ:
Պահը բախտորոշ էր և վճռական: Կանգնած ապշահար նայում էի աղջկան: Մի մեծ կտոր հացն ու պանիրը կերավ... Ապա մտածում էի, միայն թե չթունավորվի, չէ՞ որ ստամոքսը մոռացել էր հացի և ուտելիքի մասին:
Աղջկա մայրիկն ասում էր,որ ապրում է իմ հուսադրական խոսքերով. «ամեն ինչ լավ է լինելու»: Ճիշտ է ասում էի, բայց չէի հավատում:
Այս դեպքն ինձ ստիպեց հավատալ անհավանականին` հրաշքին, կյանքի ու մարդասիրության վեհ գաղափարներին: Այդ օրվանից չեմ տեսել այդ աղջկան, որպեսզի նրա հիշողությունից ջնջվեն թախծոտ օրերը, արմատախիլ արվի սմքած փերու վիշտն ու ցավը: Հիշում եմ հաճախ և կոչ եմ անում բոլորին հավատալ մարդկանց, տեսնել նրանց մեջ սեր, զգալ նրանց աջքերի լույսը, լսել լավն ու բարին, զարգացնել անկարելին: Ապավինելով մեր հոգու ջերմությանը` մենք ամենուր կտեսնենք կատարելություն ու հրաշք: Հրաշք է ապրելը, արարելը, ուրիշներին ջերմացնելը և ստեղծագործելը:
Հրաշք է կյանքը դիցուհու ծիծաղը: Այսօր այդ նորաբողբոջ շիվը ծաղկել է և փթթել (աղջիկն ամուսնացել է և ունի երկու երեխա):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: