Շուշաննա Երեմյան. «Անհավանական բարի պատմությունը» - Mediamax.am

3541 դիտում

Շուշաննա Երեմյան. «Անհավանական բարի պատմությունը»



Գրում եմ տատիկիս անունից, առաջին դեմքով

1941

Չէ, պատերազմի մասին չի լինելու խոսքը։ Ընդամենը ծննդյանս թիվն է։ 1941 թվականի դեկտեմբերի 5-ին ծնվեցի ես՝ Ռայա Աշոտի Գյուրջինյանս Տավուշի մարզի Չինչին գյուղում։ Կմտածեք ինչ կա որ, բոլորս էլ ինչ-որ օր ծնվում ենք, բայց իմ ծնունդից արդեն պարզ էր, որ հեշտ կյանք չի սպասվում ինձ։

Ցուրտ էր։ Մայրս անուժ պառկած էր վաղեմության ժամկետը կորցրած ճռճռան մահճանալին։ Ծննդաբերությունը հեշտ չէր անցել, թեև ես նրա իններորդ երեխան էի։ Տատս տանն էր։ Կնճռոտ դեմքը էլ ավելի ճմռթված տեսք էր ստացել իմ ծննդյան լուրը լսելիս։ Պատերազմ էր, սով, իսկ հարսը նորից էրեխա էր բերել։ Չէ, էդպես չէր կարելի, մտքի մեջ որոշում է նա։ Արագ քայլերով մոտենում է մորս, մի նախատող հայացք նետում վրան ու անփութորեն վերցնելով ինձ մորս գրկից հեռանում։ Մայրս միայն մի ծղրտոց է արձակում ու ուշագնաց լինում։ Տատս մի պահ հապաղում է, բայց հետո սիրտ առնում, վերցնում է մորս լվացքի տաշտը, տանում պատշգամբ, ինձ դնում սառը փայտե հատակին ու տաշտով ծածկում։ Մի փոքր կանգնում է այդպես, նայում տաշտին, ձեռքերը մաքրում գոգնոցով, որ վրայից երբեք չէր հանում, ասես մաքրում է իրեն այն մեղքից, ինչը քիչ առաջ գործեց ու մոռանալով իմ մասին անվրդով գնում խոհանոց, ձվածեղ սարքելու՝ իր համար։

Հայրս տանը չէր։ Անասնաֆերմայում էր։ Չգիտեր, որ ծնվել էի։ Տատս ծնունդն ընդունող հարևանուհուն ասեղնագործ շալ խոստանալով, փակել էր բերանը։

Չգիտեմ ինչքան ժամանակ էր անցել, բայց դրսում արդեն մութն էր։ Ես ցրտից կապտել էի, ձայնս խռպոտվել էր չճալուց։ Թե ինչպես էի դեռ շնչում, Աստծուն է միայն հայտնի։ Տատս տեսնելով, որ ձայնս չեմ կտրում, որոշում է ինձ տան հետնամասը տանել, այնտեղ գոնե չէր լսի կատվի մլավոցս, ինչպես ինքն էր ասում։ Տան այդ հատվածում հայրս ցախ էր հավաքել ու պահել ձմեռվա համար։ Այդ ցախերի տակ էլ տատս ինձ թաքցնում է։

Վերջապես հայրս տուն է գալիս։ Տարօրինակ լռություն էր տանը։ Ներս է մտնում ու առաջինը տեսնում ասեղնագործություն անող տատիս։

Հայրս հարցական հայացք է ձգում տատիս վրա։ Տատս գլուխը չբարձրացնելով ասում է, որ մայրս աղջիկ է ունեցել, բայց երեխան մեռած է ծնվել։ Հայրս շունչը պահած արագ քայլերով մտնում է մորս սենյակ։ Մայրս ջերմության մեջ զառանցում էր՝ Ռայաս, Ռայաս։

Հայրս՝ արցունքը կոկորդում խեղդելով, մոտենում է մորս։ Մայրս տեսնելով նրան աչքերը լայն բացում է ու ինչքան ուժ ուներ ճչում՝ մայրդ տարավ Ռայայիս։ Հայրս չի հասկանում։ Մտածում է զառանցում է։ Մայրս կրկնում է ու բռնում հորս օձիքից։ Տատս վրա է հասնում, թե զառանցում է։ Հայրս թեքվում է տատիս կողմը։ Ուրա՞ էրեխեն, հարցնում է։

Բրախիլիմ,- նետում է տատս։

Ուրա՞ էրեխեն,- գոռում է այս անգամ հայրս։

Ցախերի տակնա, - կամաց, բայց հանցագործի սառնությամբ ասում է տատս։

Հայրս ամեն ինչ հասկանում է։ Ինչքան ուժ ուներ վազում, հասնում տան հետևի ցախերի մոտ ու թույլ ծվծվոց լսում։ Մատերը քերծելով ցախերն արագ թափում է այս ու այն կողմ։ Տեսնում է ինձ մի բարակ մաշված կտորով փաթաթված։ Գրկում է, հանում վերարկուն, փաթաթում ինձ ու վազում տուն։ Տատս շեմին կանգնած էր։ Հայրս այրող, ոչնչացնող ու միաժամանակ հիասթափված մարդու հայացքով նայում է տատիս.

-Դուրս

Բռնում է տատիս թևից ու հրելով դուրս հանում։ Տատս փորձում է արդարանալ։

-Այ Աշոտ ջան նեղ թիվ է, հետն էլ աղջի՞կ:

-Քո գործը չի ես կպահեմ։

Այդպես հայրս փրկում է ինձ։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին