Անի Ռափյան. «Անհավանական բարի պատմություն» - Mediamax.am

2127 դիտում

Անի Ռափյան. «Անհավանական բարի պատմություն»



Ամենասովորական օրերից էր. դպրոցի հնամաշ պատերը փորձում էին ցրտից պատսպարել փոքրերին ու իրենց չափաբաժին հոգսը դռներից այն կողմ թողած մեծերին: Ավագներն առիթը բաց չէին թողնում ոչ պատեհ հիվանդացած աշակերտներին նախատելու՝ «անսովոր տաք դեկտեմբեր է, որտեղից էլ եք հարմարացնում հիվանդանալ»: Միջանցքներում հատկապես բարձր դասարանների (նրանցից ոմանք անգամ սափրվում են արդեն) տղաների շշուկները չէին դադարում՝ հեռու քաղաքամայրում մարդիկ հրապարակներում են հավաքվում, Ղարաբաղի հարցն են բարձրացնում. Նարեկը ցույցին մասնակցած հորից լսած պատառիկներն էր հպարտորեն պատմում ընկերներին:  Տղաները ոգեւորված ծրագրեր են գծում՝ հենց պահը հասնի կփախչեն ու կգնան Երեւան, պետք լինի՝ Արցախ էլ կհասնեն...

Ուսուցչանոցի փակ դռներից այն կողմ էլ անվերջ փսփսում են, հուզվում, ոգեւորվում, բայց ի վերջո, իրենց ամենօրյա դեմքը վերցնելով, միջանցքներից աշակերտներին հավաքելով՝ մտնում են դասարան: Փսփսոցներից ոչ մի բառ տիրոջ հետ դասարան չի մտնում...

Այդ ամենասովորական օրը ֆիզիկայի ուսուցչուհին դպրոց մտավ սովորականից շուտ, անսովոր ուրախ․

- Վա՜յ, էս ինչքան ես լավացել։
- Մե տեսակըմ փոխվել ես։
- Շատ կսազե քեզի, իշխոր հատուկ քու համար կարած էղնին, ախչի ջան։

Ընկեր Դիլոյանը բոլորի հաճոյախոսություններին սիրով պատասխանեց, չզլացավ՝ ամեն մեկին պատմեց, որ ամուսինն է բերել՝ հատուկ իր համար՝ Մոսկվայից, ամենալավն է ընտրել, հազար հոգս ունեն, իհարկե, բայց ասել է՝ «էս մէ անգամն էլ կնգաս համար մէ լավ բանըմ էնեմ»։

Աշակերտներն էլ այդ օրն անսովոր ժպտուն էին, մեկ իրենց կերպարանափոխված ուսուցչուհուն էի նայում, մեկ իրար։ Ընկեր Դիլոյանը նկատում էր հայացքները, բայց չնկատելու էր տալիս: Աշակերտների բաժին հիացմունքը չխլեց. գործողությունները հակառակ հերթականությամբ արեց՝ պայուսակը դրեց սեղանին, դանդաղ հանեց տետրերը, թիկունքը ձիգ՝ մոտեցավ կախիչին, աներևույթ քնքշությամբ կախեց վերարկուն, մի քանի քայլ անելուց հետո, շրջվեց՝ ամեն ինչ կարգին է, եւ... դասը նրանց առավ իր հորձանուտը, տեղափոխեց այլ մոլորակներ:

Ուսուցչուհու, դասընկերների սիրելի Անդրանիկն իր ոգեւորությամբ, յուրահատուկ մտածողությամբ արդեն ուր որ է պետք է էլի ողջ դասարանն իրենով աներ, երբ պահի հափշտակության մեջ գետինը շարժվեց: 3 վայրկյան լռությունից հետո զվարթ ծիծաղը լցրեց ողջ դասարանը. ինչքան են տարվել դասով՝ իներցիայով (օրվա թեման էր), որ այսպիսի պատրանք ապրեցին: Ծիծաղը, սակայն, ընդհատվեց երկրորդ ցնցումով, պատուհանի վերեւում պատը ճաք տվեց, միջանցքում աղմուկ բարձրացավ, աշակերտներն իրար նայեցին, ուսուցչուհու շունչը կտրվեց մի պահ... Վերագտավ իրեն.

- Արա՜գ, դուրս ենք գալիս դասարանից... Հանգիստ, չենք հրում իրար... Մարիա՜մ, թող դա, պայուսակդ հավաքելու ժամանակը չէ... Սեւա՜կ, օգնիր Անահիտին... Ձեռքդ տուր... Առանց հրելու...

Դրսում են: Շենքը դեռ ցնցվում է, քարեր են թափվում, աշակերտներից ոմանք լալիս են, մյուսները հանգստացնում են ընկերներին, մոտ տներից ծնողներն են վազելով գալիս, Գայանեն ոչ մի կերպ չի հանգստանում, ողջ մարմնով դողում է, ուսուցիչները հայացքով, անունները գոռալով իրենց աշակերտներին են փնտրում, համոզվում են՝ տեղում են, հանգստանում են:

- Արթուրը, Արթուրը՜, ո՞ւր է, ո՞վ է տեսե Արթուրին, էրեխե՜ք, Արթուրը չկա...

Ոչ ոք չգիտի՝ ինչպես վարվել, որտեղ փնտրել նրան... Լռություն է, բոլորի աչքերը մի կետի են նայում՝ դպրոցին, ընկեր Դիլոյանը ձեռքերի մեջ է առել գլուխը.


- Ախր, ախր, բոլորին հանեցի, հաստատ դուրս եկավ դասարանից, չէ, չի կրա ըդբես բան էղնի...
- Արթուրը՜, հեն է, դուրս գուգա դպրոցից...

Դիլոյանը գրկում է Արթուրին.

- Էս ի՞նչ էրիր մեր հետ, ո՞ւր մնացիր, այ տղա...

Արթուրը վերարկուն գցեց ուսուցչուհու դողացող ուսերին:

- Ախր Ձեզի շատ կսազեր, չէի կըրնա թողայի ընդեղ...




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին