«Քի Վեսթը «շեղում» էր բանակցային գործընթացի տրամաբանությունից» - Mediamax.am

15510 դիտում

«Քի Վեսթը «շեղում» էր բանակցային գործընթացի տրամաբանությունից»


Վարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան

Լուսանկարը` Photolure


Մեդիամաքս գործակալության բացառիկ հարցազրույցը ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ:

- Քի Վեսթի բանակցություններից անցել է ուղիղ 10 տարի: Եթե այդ գործընթացը գնահատենք այսօրվա դիրքերից, որքանո՞վ էր իրական խաղաղության ձեռքբերումը Ֆլորիդայում:

- Հետադարձ հայացք նետելով Քի Վեսթի վրա` կարող եմ ասել, որ այն որոշակի “շեղում” էր Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի նախորդ տրամաբանությունից: Շեղում էր այն իմաստով, որ փորձ էր արվում վերջնական լուծում տալ հարցին, ամեն ինչ եզրափակել միանգամից` հետագայի համար ոչինչ չթողնելով: Այդ փաստաթուղթն ամբողջական եւ վերջնական լուծում պետք է տար խնդրին:

Կարծում եմ, որ այս տրամաբանությունը ծնվել էր Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի շփումներից: Ենթադրում եմ, որ նման տարբերակով խնդրին լուծում տալը կարող էր Հեյդար Ալիեւի գաղափարը լինել` հաշվի առնելով նրա տարիքը եւ իշխանությունը որդուն փոխանցելու ցանկությունը: Թերևս, Ադրբեջանի նախագահն ուզում էր որդու ուսերից հանել հետագա բեռը, ինչը բնական ցանկություն էր մի մարդու համար, ով իրեն համարում էր ոչ միայն իր որդու, այլեւ ողջ երկրի հայրը:

Քի Վեսթը շեղում էր նաեւ գաղափարական առումով: Ամերիկացիներն այսպիսի մի արտահայտություն ունեն. “Too good to be true” («Չափից ավելի լավ է իրականություն լինելու համար»): Այն ժամանակ խոսքը Լեռնային Ղարաբաղը` Լաչինի մի հատվածով Հայաստանի սուվերենության տակ դնելու մասին էր: Այսինքն, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է լինեին մեկ պետություն` այսօրվա իմ գնահատմամբ, Ադրբեջանի տեսանկյունից ոչ այնքան համարժեք փոխանակման դիմաց. Ադրբեջանն ընդամենը պետք է իրավունք ստանար ՀՀ տարածքով անխափան կապ հաստատել Նախիջեւանի հետ: Սա էր փաստաթղթի ամբողջ առանցքը: 

- Մեր այն հարցին, թե ո՞րն էր պատճառը, որ Քի Վեսթը շարունակություն չունեցավ, ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն պատասխանեց, որ հիմնական խոչընդոտն այն հանգամանքն էր, որ կողմերից ոչ մեկն անհրաժեշտ աշխատանք չտարավ իր երկրի հասարակությանը լուրջ փոխզիջումների նախապատրաստելու համար: Համամի՞տ եք այդ կարծիքին, թե՞ խափանումն, այնուամենայնիվ, պայմանավորված էր Ալիեւի հետքայլով:


-  Արդեն Քի Վեսթում մեզ պարզ դարձավ, որ Ալիեւը դժվար թե կարողանա իրականացնել պայմանավորվածությունները: Այնտեղից վերադառնալով` մենք հանգել էինք այդ եզրակացության: Այդ պատճառով, կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանը կարիք չզգաց փաստաթուղթը բացելու, քաղաքական ուժերի եւ ժողովրդի հետ աշխատելու: Առավել եւս, որ այդ փաստաթղթի բոլոր կետերի շուրջ վերջնական համաձայնություն չկար: Սեղանի վրա դրված էր ընդամենը առաջարկ, որը պարունակում էր նաեւ մեզ համար անընդունելի կետեր: Այդ երկու նկատառումներից ելնելով` մեզ համար անիմաստ էր սկսել աշխատանքը քաղաքական ուժերի հետ: Նախ, մենք վերջնական համաձայնության չէինք եկել, եւ երկրորդ՝ մենք զգացինք, որ Ալիեւը չի կարող համաձայնությունն իրականացնել:

- Իսկ եթե Ալիեւը կարողանար եւ ցանկանար շարունակել գործընթացը, հայկական կողմը կգնա՞ր մինչեւ վերջ:

- Կարծում եմ, այդ փաստաթուղթը բավական շատ դրական տարրեր ուներ: Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս էր դառնում, արդեն իսկ հրապուրիչ էր: Բայց, մյուս կողմից, Նախիջեւանի հետ կապի մասով կային մտահոգիչ տարրեր: Այն տեսքով, ինչպես առաջարկը դրված էր սեղանին, մեզ համար ընդունելի չէր: Եվ հիմա դժվար է ասել` մենք այդ մասով կստանայի՞նք արդյոք այն, ինչ ցանկանում էինք:

Կարող եմ միանշանակ ասել, որ Հայաստանի տարածքից ոչ մի թիզ Ադրբեջանին փոխանցելու մասին խոսք չկար, դա բացառվում էր: Խոսքը միայն Նախիջեւանի հետ հաղորդակցության հաստատումն էր: Բայց նույնիսկ այդ տարբերակով առաջարկը հայկական կողմի համար ընդունելի չէր եւ հետագա բանակցությունների կարիք ուներ:

- Վերհիշեք, խնդրեմ, ինչպիսի՞ն էր մթնոլորտը Քի Վեսթում: Սա բանակցային գործընթացում առաջին դեպքն էր, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները միասին մի քանի օր անցկացրին՝ մեկուսացված մի վայրում:

- Հանդիպումը շատ վատ սկսվեց: Երբ առաջին օրը Քոլին Փաուելի ներկայությամբ նախագահները ներկայացրին իրենց տեսակետները, Ալիեւը ամբողջ գործընթացի պատմության մեջ երեւի թե իր ամենախիստ ելույթը ունեցավ: Բոլորս իրար նայեցինք` մտածելով, թե ինչո՞ւ ենք եկել այստեղ: Սակայն հաջորդ օրն ամեն ինչ փոխվեց: Երեւի դա ոճ էր. սովորաբար Ալիեւը հրապարակայնորեն մի բան էր ասում, կուլիսներում` մեկ այլ բան:

Ապա բանակցությունների բնույթն այնպիսին դարձավ, որ հաճախ համանախագահներն առանձին-առանձին էին աշխատում կողմերի հետ: Երբ նրանք աշխատում էին Ադրբեջանի հետ, մենք ամբողջ օրն ազատ էինք եւ կարողանում էինք հանգստանալ եւ վայելել Քի Վեսթի հրաշալի բնությունը: Շատ ծանր ու լարված առաջին օրվանից հետո բավականին լավ մթնոլորտ ստեղծվեց, եւ կարող եմ ասել, որ Ադրբեջանի հետ մեր հաղորդակցությունը նորմալ էր:




Մեր ընտրանին