Սկանդալներ բանակցությունների շուրջ - Mediamax.am

Հոկտեմբեր 08, 2025
6734 դիտում

Սկանդալներ բանակցությունների շուրջ


ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուէլը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Քի Ուէսթում
ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուէլը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Քի Ուէսթում

Լուսանկարը` Photolure


2001 թվականի ապրիլի 16-ին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունն «իրականությանը չհամապատասխանող» անվանեց ապրիլի 13-ին «Առավոտ» թերթում հրապարակման մեջ տեղ գտած պնդումները Քի Ուէսթի բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի ԱԳ առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովի «մեկուսացվածության» մասին:

 

Ինչպես ասվում էր Ռուսաստանի դեսպանության մամլո հաղորդագրությունում, «հոդվածում «անանուն» եւ մեր դեսպանատանն իբր «մոտ կանգնած» աղբյուրի կողմից հնչեցված գնահատականները` ղարաբաղյան կարգավորման գործընթացքում ռուսաստանյան մասնակցության վերաբերյալ, մեղմ ասած, չեն արտացոլում գործի էությունը»:

 

Իր հերթին, մեկնաբանելով ռուսաստանցի արտգործնախարարի մասնակցությունը Ֆլորիդայի բանակցություններին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ասում էր. «Վյաչեսլավ Տրուբնիկովը շատ կարեւոր դեր է խաղացել այս գործընթացում»: Օսկանյանի խոսքերով, ամեն անգամ, երբ բանակցությունները հայտնվում էին փակուղում, հենց Տրուբնիկովին էր հաջողվում փոխզիջումային որոշումներ գտնել: 

 

Երկրորդ, շատ ավելի անհեթեթ «արտահոսքի» հեղինակ դարձավ ռուսաստանյան GazetaSNG.ru ինտերնետ-պարբերականը, որը 2001 թվականի ապրիլի 6-ին հանդես եկավ «Աբխազական մտրակ եւ քաղցրահաց, կամ ամերիկյան սադրանք Քի Ուէսթում» հոդվածով: Դրանում, վկայակոչելով «ԱՄՆ-ում մի շարք իրավասու աղբյուրների», ասվում էր, որ միջնորդները մտադիր են ոչ պաշտոնական հիմքի վրա ընդլայնել ղարաբաղյան կարգավորման ձեւաչափը, «խաղի մեջ մտցնելով» Սուխումի եւ Թբիլիսիի ներկայացուցիչներին: 

 




Մեր ընտրանին