Գրիշա Մանթաշյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

4685 դիտում

Գրիշա Մանթաշյան. Իմ կինն իմ ընկերն է



Երազում եմ այն օրերն անցած,
Երբ տարփանքից, տառապանքից շիկացած
Գրկեմ թևերդ մանկական ու անբիծ
Ա~խ կին, ցնորք, Շամիրամ ու Աստված։

Մենք սիրեցինք իրար ծաղկածիծաղ գարունքին։ Ամուսնացանք և երջանիկ ընտանիք կազմեցինք։ Իմ պապենական հողաշեն ու հողածին խրճիթի ներսում լսվեցին մեր մանուկների ճիչն ու կանչը՝ միախառնված քաղցր օրորոցային երգերից։

Նստել եմ լուռ, հին օրերն եմ հիշում, որ եկել են ու անցել։

Կինս՝ իմ կյանքի հավատարիմ ընկերս, ամուր նեցուկ եղավ ինձ։ Պապենական խարխուլ խրճիթի տեղը մենք ամուր, քարաշեն տուն կառուցեցինք։ Երջանկությունը թևածում էր մեր տան պատերի ներսում, իսկ դրսում՝ ամայի տարածքի տեղում, փթթում էր նորատունկ այգին՝ բազմատեսակ պտղատու ծառերով։

Թվում էր, որ այլևս ոչինչ պետք չէր մեզ երջանիկ լինելու համար: Մտորում եմ ու հարցնում ինքս ինձ.

- Ի՛մ կին, ի՛մ կյանքի ընկեր, ինձ հետ ես եղել իմ լավ և վատ օրերին, կիսել ենք կյանքի ամեն մի դժվարություն։ Միասին ենք արարել, շենացրել մեր տունն ու մեր քրտնաջանք աշխատանքով բարիքներ արարել։

Քրտինքով ստեղծված հացը հանապազօրյա ամենահամով է եղել։ Ու երջանկացել ենք մեր զավակներով։ Բայց՝ Տավուշի մարզի այս բերքառատ գյուղը՝ Բերքաբերը, սահմանամերձ էր հարևան պետությանը՝ Ադրբեջանին, որի մեջ քնած գազանը արթնացել էր, որը ցանկանում էր զավթել մեր տարածքները։ Մեր սահմանամերձ գյուղը ոտքի կանգնեց՝ պաշտպանելու իր հայրենի ամեն մի թիզ հող։ Իննսունականների այդ դժնդակ օրերին մենք՝ Բերքաբերցիներս, մեր օրվա հացն էին հասցնում մեր անվախ դիրքապահներին։ Մինչև հիմա էլ չեմ մոռանում այդ կենաց ու մահու օրերը, երբ կինս մի խումբ կանանց հետ ծխախոտ և ուտելիք էր բերում մեզ՝ դիրքապահներիս՝ չվախենալով հակառակորդի գնդակների տարափից։

Մինչև հիմա էլ աչքիս առաջ է նրա սպիտակ գլխաշորը, որ քամին խլել էր նրա գլխից, շպրտել մացառուտի մեջ։ Եվ իմ սիրելին վազում էր դեպի ինձ հերարձակ ու շփոթված։ Իմ հավատարիմ ընկերը Սոսե մայրիկի նման, գալիս էր ինձ մոտ՝ ինձ հետ կռվելու, ինձ հետ մեռնելու։

Մենք՝ ամբողջ հայերս, անձնուրաց հայրենասիրությամբ ստիպեցինք հակառակորդին զինադադար կնքել։

Լռեցին թնդանոթները, բայց չլռեցին դիպուկահարների կրակոցները։

Բայց մենք՝ հողի մշակներս, արհամարհելով հակառակորդի ջղաձիգ կրակոցները, վարում ենք, ցանում ու բերք ու բարիք ենք ստեղծում։

Բերքաբերը բոլոր բնակիչները արթուն սահմանապահներ են։ Իսկ այդ բոլորի մեջ ինձ համար առանձնանում, վեհանում է իմ հայրենասեր կինը՝ կյանքիս ընկերը, իմ անուշ ու քնշուշ Սիրանուշը։

Ես մարդ եմ, հասարակ մի գյուղացի։ Ապրում եմ այնպես, ինչպես աշխարհում ապրել է մարդը բազմաթիվ դարեր։

Աշխարհից հեռու մի գյուղում՝ մեր Բերքաբերում, կնոջս հետ մեծացրել ենք մեր զավակներին. Որոնք թևեր առան, թռան օտար ափերը, մոռացան արդյո՞ք իրենց օրրանը, իրենց ծնողներին։ Դժվար է ասել։

Բայց ես և իմ կյանքի ընկերը, սահմանամերձ այս փոքրիկ դրախտավայրում, աշխատում ենք տքնաջան, մեզ չեն վախեցնում թշնամու գնդակների սուլոցները, մենք հող հայրենի ենք, մենք արմատներ ունենք այստեղ ու շեն կպահենք պապերից ժառանգած հող հայրենին։

Ու երանի այնպիսի պայմաններ ստեղծվի, որ մեր վտարանդի զավակները վերադառնան օտար ափերից ու ավելի շենացնեն մեր գեղատեսիր լեռների մեջ ծվարած օրրանը, մեր Բերքաբերը։

Ջողազի ջրամբարի ափին, մի փոքրիկ հողակտոր ունենք, նորատունկ ծառերով եզերված, հենց թշնամու դիրքերի դիմաց։ Ամուսիններով նստում ենք ափին, հիանում քարացած ջրին, որն ապշել է շրջակայքի գեղեցկությունից և միասին մրմնջում ենք.

- Ինչպե՞ս հեռանանք այս դրախտավայրից։

Թշնամու գնդակներից խոցված մեր տունը կվերականգնենք և հույսով կսպասենք մեր որդիների վերադարձին օտար ափերից։

Ապրել եմ, ապրում եմ ու կապրեմ իմ սիրելի կնոջ հետ։ Միասին արարել ու տքնել ենք, կարարենք նորից հույսով ու հավատով, լավ գալիքին ակնկալելով ու ապավինելով։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին