Անի Ասատրյան. Ինչու՞ եմ երկրպագում Շախտյորին - Mediamax.am

2134 դիտում

Անի Ասատրյան. Ինչու՞ եմ երկրպագում Շախտյորին


Անի Ասատրյան
Անի Ասատրյան

Դեռ փոքր էի: Շաբաթվա ամենասիրածս օրը հինգշաբթին էր, քանի որ ամեն շաբաթ այդ օրը ստանում էինք «Ֆուտբոլ+» շաբաթաթերթ: Տանը ամեն մեկն ուներ իր սիրելի բաժինը այդ շաբաթաթերթում. պապիկս սիրում էր վերջին էջը, հայրիկս ամբողջ թերթն էր կարդում, ես էլ սիրում էի կարդալ այն հատվածները, որոնք վերաբերում էին ՄԵՐՈՆՑ, ովքեր մեր երկիրն էին ներկայացնում տարբեր առաջնություններում կամ տարբեր մրցաշարերում: Ո՜նց էի ուրախանում, երբ տեսնում էի, որ մերոնք այդ շաբաթ խաղացել են իրենց թիմերի հիմնական կազմերում, բա որ գոլ էին խփում … Ճիշտ է` այդ ժամանակ Այաքսի, Ցյուրիխի, Ռապիդի կամ Մոսկվայի Դինամոյի մոլի երկրպագու չէի համարվում (քանի որ առհասարակ ակումբային խաղերի մոլի երկրպագու չէի, ուղղակի սիրում էի դիտարժան ֆուտբոլ, իսկ միակ երկրպագածս թիմը Հայաստանի ազգային հավաքականն էր), բայց ցավում էի այդ թիմերի համար ու շնորհակալ էի, որ հնարավորություն են տալիս մերոնց դրսևորել իրենց ու հայերի անունը լսելի դարձնել օտարների մոտ:

Այդ ժամանակ չէի էլ մտածի, որ կգա մի օր, ու ես կսիրեմ Շախտյորին, որը միշտ բարդ մրցակից է համարվել մեր թիմերի համար: Բայց ստացվեց այդպես: Մեր անկախ երկրի պատմության առաջին ֆուտբոլային հերոսը` մեր Հենոն, իր բոլոր որակներով ստիպեց շատերիս երկրպագել մի թիմի, որը ֆուտբոլային գեր-ակումբ չէ, որտեղ չեն խաղում համաշխարհային ֆուտբոլի արքաներ: Շատերիս երևի հենց երախտապարտության զգացումը ստիպեց երկրպագել այդ թիմին. թիմային աշխատանքի շնորհիվ ֆուբտոլային սկաուտերները սկսեցին նկատել հային, հոդվածներում սկսվեց հաճախ օգտագործվել «յան» վերջավորությունը: Գուցե միայն Հենոյի շատ կարևոր գործոնը բավարար չլիներ Շախտյորին ամբողջ հոգով սիրելու համար, եթե այլ հատկանիշներ չբացահայտեինք մեզ համար. թիմը գերում է իր խաղով, ունի հիանալի թիմային ոգի, հարգանք մեկմեկու հանդեպ ու հեռանկարային ապագա: Ունի նաև ինձ համար չափազանց գնահատելի հատկանիշ. թիմում խաղում են տաղանդավոր, միաժամանակ հասարակ մարդիկ, ում օտար չէ կարիքավորի հանդեպ կարեկցանքը: Ու երբ համատեղվում են հուզմունքը, սպասումները, երախտապարտությունն ու հարգանքը, ծնվում է սերը: Այդպես սիրեցի:

Գուցե մի օր էլ կսիրեմ Լացիոն, Բավարիան կամ Արսենալը, բայց Շախտյորի նկատմամբ հարգանքն ու երախտապարտությունը միշտ կմնա, գուցե կմնա նաև սերը...




Մեր ընտրանին