Հարություն Ծատրյան. Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի «Շախտյորին» - Mediamax.am

2618 դիտում

Հարություն Ծատրյան. Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի «Շախտյորին»


Հարություն Ծատրյան
Հարություն Ծատրյան

Առավոտ է. աչքերս դժվարությամբ եմ բացում: Շատ հոգնած եմ. ողջ գիշեր գոռում էի, բղավում և անդադար ու լիահույս սատարում մի ֆուտբոլային ակումբի, որին դեռ մի քանի տարի առաջ չէի էլ ճանաչում: նարնջագույն ու սև.... շերտավոր մարզաշապիկ ու խաչված մուրճեր.... Ահա այն, ինչն ամեն օր մտքիս է: 22 համարի մարզաշապիկով մի «հանքափոր» էլ ամեն օր անընդհատ ձգում է ինձ, նրա շնորհիվ հետաքրքրվում եմ դոնեցկյան «Շախտյորի» առօրյայով:

Ինչո՞ւ եմ երկրպագում «Շախտյորին»: Կարծում եմ` մարդկանց պետք է այլ կերպ հարցադրում անել. ինչու չե՞ս երկրպագում «Շախտյորին»: Ուկրաինական ֆուտբոլի վերջին մի քանի տարիների առաջատարն իր գեղեցիկ խաղով ձգում է բոլոր տարիքի ու սեռի, ազգության ֆուտբոլասերներին: Իհարկե, «Շախտյորի» փայլը շատերի կարծիքով թիմի կազմում մշտապես լավագույնս հանդես եկած բրազիլացիների` տեխնիկապես հզոր ու գեղեցիկ խաղի մեջ է, սակայն ես այդպես չեմ կարծում: Մշտապես այս ակումբն աչքի է ընկել իր թիմային խաղով, խաղացողների` միմյանց մաքսիմալ լավ հասկանալու կարողությամբ:

Ի՞նչ է անհրաժեշտ մոլի ֆուտբոլասերին: Երիտասարդ ու տաղանդաշատ, տեխնիկապես ու ֆիզիկապես ամուր խաղացողների շուրջ ստեղծված տակտիկապես մանրակրկիտ մշակված խաղ, որը բերում է բազմաթիվ գոլեր, ցանկալի արդյունք ու համագործակցություն խաղադաշտում: Այս ամենի շնորհիվ այսօր «Շախտյորը» վայելում է ֆուտբոլային աշխարհի սերն ու հարգանքը: Ես նույնպես սիրահարված եմ, սիրահարված «Շախտյորին», նրա ցուցադրած գրագետ խաղին:

Օրս սկսում եմ «Շախտյորի» հետ: Այդ ինչպե՞ս: Շատ պարզ` մշտապես հետևում եմ ակումբի պաշտոնական կայքին, ֆեյսբուքյան էջին, թիմի ֆուտբոլիստների մասին պատմող թե՛ անգլերեն, թե՛ ռուսերեն, թե՛ հայերեն նորություններին: Ընդամենը մի քանի տարի առաջ «ծանոթանալով» ուկրաինական ֆուտբոլի առաջամարտիկի հետ (երբ փոքր էի, ասես թե ատում էի այս թիմին. նրանք միշտ կանգնեցնում էին մեր երկրի չեմպիոն «Փյունիկին» և կոտրում էին երազանքս` դառնալ «Չեմպիոնների լիգայի» մրցաշարի հանդիպման հանդիսատես և խաղադաշտում սատարել որևէ հայկական ակումբի), այսօր արդեն ես և նա շատ մտերիմ ընկերներ ենք: Իհարկե, այլ ակումբների խաղերին էլ եմ հետևում, սակայն «Շախտյորի» համար սրտով եմ ցավում, ինչպես իմ երկրի ազգային հավաքականի համար:

Ինչպե՞ս կարող էի դառնալ «Շախտյորի» երկրպագուն. ես սիրում եմ ֆուտբոլը:




Մեր ընտրանին