Վարուժան Հովհաննիսյան. Ինչու՞ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին - Mediamax.am

5722 դիտում

Վարուժան Հովհաննիսյան. Ինչու՞ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին


Վարուժան Հովհաննիսյան
Վարուժան Հովհաննիսյան

Առաջին անգամ տեսել եմ Շախտյորի խաղը  2004 թվականին, երբ Չեմպիոնների լիգայի  որակավորման փուլում Երևանի Փյունիկը մրցում էր այս  թիմի հետ: Իհարկե  Շախտյորն  այն ժամանակ  շատ համեստ մի թիմ էր, սակայն, միևնույնն է, բարձրակարգ ակումբի  տպավորություն թողեց: Անցյալ դարի վերջում անգամ  աշխարհի 1000 լավագույն ակումբների ցուցակում չհայտնված այդ թիմը կտրուկ աճ գրանցեց 2007 թվականին, և դա ոչ այն պատճառով,որ հայտնվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում,այլ ցուցադրած բարձր վարպետության ու խաղամակարդակի  շնորհիվ:

«Ինչու՞ եմ երկրպագում Շախտյորին»,-հարցնում եք դուք ինձ: «Իսկ ինչպե՞ս չերկրպագեմ»,- կհարցնեմ ես ձեզ: Չէ՞ որ կար մի ժամանակ,  երբ հայ  ֆուտբոլասերներից ամենալավատեսն անգամ չէր կարող երազել, որ Հայաստանի հավաքականը Չեմպիոնների լիգայում իր մասնակիցը կունենա: Չէ՞ որ կար մի ժամանակ, երբ  մենք` հայերս, բանավեճի էինք բռնվում միայն օտարազգի ֆուտբոլիստների`ՉԼ-ում գոլ խփել կամ չխփելու մասին, իսկ այսօր բոլորս խոսում ենք Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին,բոլորս ցանկանում ենք խաղի ժամանակ լսել «Սուսերով պարը»:

2010 թվականին, երբ Հենրիխ Մխիթարյանը միացավ դոնեցկյան  ակումբին,աշխարհում սփռված շուրջ 10 միլիոն հայերի սիրտը սկսեց բաբախել Շախտյորի համար. բացառություն չէի նաև ես: Հենրիխ Մխիթարյանը մեր  ազգի  դրոշակակիրը  դարձավ եվրոպական մրցասպարեզներում և իր ցուցադրած փայլուն խաղով, բոլորին ապացուցում է,որ մենք ՈՒԺԵՂ ենք, մենք ՀԶՈՐ ենք: Նա արդեն իսկ իր վրա է սևեռել եվրոպական գրանդ ակումբներից շատերի ուշադրությունը: Ոմանք նրան «ուղարկում են»  Յուվենտուս, ոմանք`Արսենալ կամ Անգլիայի պրեմիեր լիգայի որևէ այլ թիմ:

Սակայն մի պահ եկեք հարց տանք ինքներս մեզ. «Իսկ ինչու՞ Մխիթարյանն ընդհանրապես  պետք է հեռանա Շախտյորից»: Չէ՞ որ հենց Յուվենտուսը ՉԼ-ի խմբային փուլում, Շախտյորի հետ խաղում   մեղմ ասած  մեծ դժվարությունների հանդիպեց ու 1-1 հաշվի ժամանակ խաղավերջում հրաշքով փրկվեց 2-րդ գոլից: Չէ՞ որ Շախտյորն այս տարի,ՉԼ-ում հայտնվելով շատ բարդ խմբում,առանց դժվարության ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը և այժմ միայն Շախտյորից է կախված,թե անցյալ տարվա ՉԼ-ի հաղթող թիմը այս տարի կխաղա փլեյ-օֆֆ փուլում,թե ոչ:

Ընդ որում Շախտյորի այս տարվա հաջողությունները ոչ մի դեպքում չի կարելի պատահական համարել, քանի որ  թիմը դեռ 2 տարի առաջ, ՉԼ-ում կրկին գերազանց հանդես գալով և հասնելով մինչև քառորդ եզրափակիչ,  ապացուցեց,որ  կարող է մրցել եվրոպայի ցանկացած թիմի հետ: Իսկ արդեն այսօր Շախտյորը համարվում է աշխարհի 12-րդ ուժեղագույն ակումբը: Եվ այսքանից հետո ես կրկին ու կրկին ուզում եմ հարցնել ձեզ. «Ինչպե՞ս չերկրպագեմ Շախտյորին»:




Մեր ընտրանին