Ցորի խորհրդանիշ Յուրա Բաղրյանն ու Ցորաբերդի առեղծվածը - Mediamax.am

exclusive
4186 դիտում

Ցորի խորհրդանիշ Յուրա Բաղրյանն ու Ցորաբերդի առեղծվածը


Յուրա Բաղրյանը
Յուրա Բաղրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրա Բաղրյանը
Յուրա Բաղրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրա Բաղրյանը
Յուրա Բաղրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրա Բաղրյանը
Յուրա Բաղրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրա Բաղրյանը
Յուրա Բաղրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրա Բաղրյանը
Յուրա Բաղրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցորաբերդը
Ցորաբերդը

Լուսանկարը` Սամբել Կարապետյան/RAA


75-ամյա Յուրա Բաղրյանը հադրութցիների համար կարծես Ցորի խորհրդանիշն էր։ Հարուստ անցյալով ու անորոշ ապագայով սիրելի Ցորում Յուրա պապիկը որոշել էր մնալ մինչեւ վերջ. պահել ու ապրեցնել տարիներ շարունակ նոսրացող ու վերացման եզրին հայտնված պատմական բնակավայրի հիշողությունը։ «Վերջը», սակայն, մոտ էր ու անսպասելի, քան կարող էին ենթադրել վերջին ցորեցիներն ու նրանց հետ միասին մարող գյուղը մոխիրներից վեր հառնել փորձողները։

Թե ինչո՞վ էր նշանավոր գեղատեսիլ Ցորը բացի սառնորակ աղբյուրներից, ինչպե՞ս Յուրա Բաղրյանի մայրը 90-ականներին հայտնվեց ադրբեջանական գերության մեջ եւ ինչպե՞ս հեռացան հարեւան Ջաբրայիլի ադրբեջանցիները. Յուրա պապիկի հետ Հադրութի ու Արցախի նորագույն պատմության ուշագրավ մանրամասների մասին զրուցեցինք արդեն ոչ թե Ցորում, այլ Արարատի մարզի գյուղերից մեկում, ուր նրան սիրով հյուրընկալել են նախկին համագյուղացիները։

Արցախի ամենալավ բնակավայրերից մեկն էր մեր գյուղը։ Թե՛ տարածքով, թե՛ սառնորակ աղբյուրներով, թե՛ պատմությամբ։ Մեսրոպ Մաշտոցը Ամարասից հետո երկրորդ դպրոցը հիմնել է հենց Ցորում։ Գյուղի մեծերը սերնդեսերունդ պատմել են, ասում էին՝ մի միրուքավոր մարդ ա եկած եղել Ցոր, հետո եմ հասկացել, որ Մաշտոցի մասին են խոսում։

Ես մանկուց էլ միշտ հետաքրքրվել եմ մեր ազգի պատմությունով, իմացել եմ, որ մեր գյուղը մեծ քաղաք է եղել, հայկական քաղաք։ Նույնիսկ Լեոյի պատմությունը տալիս է, որ Հայաստանի սահմանը գնում է այսինչ տեղով՝ իր մեջ առնելով Ցրի մեծ քաղաքը։ Ցորի անունն է տալիս։ Մովսես Կաղակատվանցին էլ գրել է, որ Ցրի բերդը ապստամբեց Աղվանքի թագավորի դեմ։

Ցորաբերդը Ցորաբերդը


Բերդ ունենք, մեր Ցորաբերդը։ Անգամ տեղեկություն կա, որ բերդի ջուրը կավի խողովակներով բերել են Սարինշեն գյուղից, եկել հասել ա մինչեւ բերդի տակ։ Փոքր ժամանակ, որ գնում էինք ցախ բերելու, միշտ նայել եմ, որ էդ փոսի մեջ ջուր կա, մինչեւ վերջերս էլ գալիս էր։ Լենքթեմուրի զորքերը եկել են բերդը գրավելու, ուղիղ մի շաբաթ շրջապատած պահել են։ Մտածել են՝ սրանք ո՞նց են դիմադրում։ Վերջը իմացել են, էդ ջուրը որ կտրել են՝ էդ նույն գիշերը բերդն ընկավ, բնակիչները դուրս եկան միջից։ Մի մասն էլ հեռացել են, մի հատ Քարինտակ գյուղ կա, եղբայրս մի անգամ գնացել էր մի առիթի, էդ Քարինտակի ժողովուրդը պատմել են, որ շատ հնուց Ցորից են եկել, դրա համար իրենց խոսվածքը ոչ Մարտունիին, ոչ շուշեցիներին նման չի, մեզ նման է։ Բայց մի մասը մարդկանց էլի հետ են եկել, էլի Ցորում բնակվել են։

Բերդում մանրամասն պեղումներ չեն արել, որտեղ տրակտորը աշխատել ա՝ գութանով տակից էնքան խաչքարեր, հին հուլունքներ, կավե ամաններ են դուրս եկել։ Էդ կավեր ամանները ոնց որ գեղանկարիչը հենց նոր ներկը տված լինի, այ էդպիսի հրաշալի բաներ։ Տարել եմ, բոլորը հանձնել Հադրութի թանգարան։

Ցորը՝ «Օղակի» մեջ

ՕՄՕՆ-ը մտավ Ղարաբաղը հայաթափ անելու, ռուսների հետ, մեր գյուղի վրա են հարձակվել, լրիվ քարուքանդ են արել, պատմական բաներ են դրանք։ 1991 թվի մայիսի 13-ին։ Էսպես մի օր տանը նստած, մեկ էլ տեսնենք Բանաձորի կողմից ավտոները գալիս են, ասեցինք՝ էս ի՞նչ ա կատարվում։ Իջանք ներքեւ, պարզվեց Ջաբրայիլի կողմից մտել են, ճանապարհը փակել։ Գյուղացիներին ասել են, թե ով ուզում ա Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմի մեջ՝ անձնագրով ու ստորագրությամբ պիտի գան գրեն, դրանք մնալու են տեղում։ Եթե չէ՝ տանելու են աքսորեն։ Առաջին օրը Առաքյուլ գյուղ, մյուս օրը՝ Բանաձոր։ Տղամարդկանց ում որ տարել են՝ էէ՜ ինչ տանջանքներ են տեսել, մարդ էլ կա մնացել ա անհայտ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիշում եմ, մեր գյուղ մտնելու օրը երկու մեքենա հուշարձանի մոտ կանգնեցին։ Մի հատ շան տղա ավտոմատը դեմ տվեց ինձ, բա թե. «ուր եք փախչում»։ Ասեցի՝ ձեզանից ո՞նց չփախչենք։ Տարան։ Մի հատ լեյտենանտ կար, որ մեր գյուղի ֆերմայում էր աշխատել, ինձ ճանաչեց, բայց չասաց։ Նույն բանն են ասում, թե ով ստորագրի Ադրբեջանի կազմում մնալու համար՝ մնալու եք։ Մեկ էլ ասում ա, թե. «Միրուքավոր մարդիկ Հայաստանից եկե՞լ են էստեղ։ Ասեցի՝ չէ։ Ասում ա. «Մենք բռնում ենք Հայաստանից եկածներին ու էն մարդկանց, ովքեր Հադրութի միտինգի ժամանակ ելույթ են ունեցել»։ Մեր գյուղից էլ թարսի պես ես եմ քանի անգամ ելույթ ունեցել։ Ավագ լեյտենանտը վերջը ասեց. «Գնացեք, գյուղից մի գառ բերեք, էստեղ խորոված անենք, ուտենք»։ Ընկերոջս ասեցի՝ Սաշա, դու ուզում ես գնա գառ բեր, ինչ ուզում ես արա, բայց ես պիտի գնամ գյուղի տղերոնցը լուր տամ։ Մի հատ էլ Սերյոժա կա, Ռաֆիկ կա, բարձրացել ենք բերդ, ամբողջ գիշեր մնացել։

Առավոտը ասեցի՝ անպայման պիտի գնամ Հադրութ, զանգ տամ գյուղ, տեսնեմ ինչ լուր կա։ Գյուղից ասեցին, որ առավոտ մտել են գյուղ, մարդկանց ծեծել են, նույնիսկ հասակավոր կնոջը փորձել են բռնաբարեն։ Բարեբախտաբար տագնապ են տվել կենտրոնից, հատոկջօկատայինները հետ են քաշվել գյուղից, որ իրիկունը նորից գան։ Ես ասեցի, որ բոլորին հավաքեն, ժողովրդին բոլորին կանչեն, թող ճանապարհեն Հադրութ, ես մեքենան ուղարկում եմ։ Պառավ կանայք, ծերեր, գավազաններով, հաշմանդամ տղա… Ամեն մեկը մի պայուսակով, գալիս են դեպի անտառ։

Եկա գյուղ։ Իմ մայրը հիվանդ կին էր, տեսա, որ չկա։ Մորս փրկելու համար վազեցի տուն, տեսնեմ մայրս առանց որեւէ տեղեկության, մեն-մենակ տան մեջ։ Մարդիկ չէին հավատում, ասում էին՝ թուրքը ի՞նչ պիտի անի, Խորհրդային միություն ա, էդ ո՞նց կարան թուրքերը մեզ տեղահան անեն, ծեծեն։ Մի կերպ մորս ձեռքից բռնած դուրս տարա, շալակած տանում եմ մինչեւ ջրավազանը։ Բախտս բերեց, որ դիմացս մի ավանակ դուրս եկավ, փալանն էլ վրան, մի կինոկոմեդիա։ Տարա մինչեւ ավտո, նստեցրի, գնացինք Հադրութ։
Յուրա Բաղրյանը Յուրա Բաղրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գնամ տեսնեմ Հադրութում ռայկոմի քարտուղար, ուրիշներ, նստած ուտում-խմում են։ Ասում եմ՝ էս ի՞նչ եք անում, գիտե՞ք ինչ ա կատարվում գյուղում, թուրքերը մտած արտաքսում են անում, վաղը գալու են անպայման թալանի, գոնե եկեք գնանք, խնդրենք մի երեք զինվոր ուղարկեն։ Ասեցին. «Յուրիկ, ուզում ա քեզ պես 100 Յուրիկ լինի՝ նրանք մեզ չեն ենթարկվում»։

Առավոտ հեռադիտակով բարձրացա բերդ, տեսնեմ, թե գյուղում ինչ ա կատարվում։ Արդեն թալանը սկսել են... Հավերին են զենքով սպանում, սառնարան են դուրս հանում... Գյուղի մյուս կողմից էլ մի ավտո, լրիվ սպիտակեղեն բարձած։ Էս թուրքերն էլ, կանայք, ամեն մեկը մի բան շալակած։ Դե բոլորին չեմ կարող մեղավոր հանել, մարդիկ են եղել, որ չեն ուզել, ապտակել են, ծեծել են, որ գան թալանի։ Նայում եմ, լացում եմ, թե էս ինչ ա՞ կատարվում...

Հետո ռուսական մի ջոկատ են բերում, դպրոցում տեղավորում, որ գյուղի ժողովրդի անվտանգությունը ապահովի։

Դիմադրող Ցորն ու դրա բաց վերքերը

Խորհրդային միությունը որ փլուզվեց՝ ռուսներն արդեն դուրս եկան։ Հետո Չարենցավանի տղերքը եկան, Մոսինյան Աբոյի գլխավորությամբ։ Գյուղը 1992 թվի հունվարի 28-ին փորձել են գրավել, ետ ենք շպրտել, նույն տարվա հունիսի 28-ին նորից հարձակվել ու գրավել են։ Մեր կողմից 30 հոգով դիմադրել ենք, զրահատեխնիկա ընդհանրապես չունեինք, իրենք ամեն ինչով զինված։ Արդեն գյուղը տանկ մտավ, որ չկարողացանք դիմադրել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Որ արդեն տեսնում ենք ուժեղ հարձակում ա՝ ժողովրդին տանում ենք մինչեւ աղբյուրը։ Դու մի ասա՝ բոլորը դուրս չեն եկել, շատերը չեն հավատացել, հետո մեկը գնացել ա փողը տանից բերի, մեկը շանը բաց թողնի։ Մի մասն էլ ընկնում են մի մարդու խելքին, անունը չեմ տալիս, ինքը տարել ա գյուղացիներին ջրամբարի ետեւը, ապահովագրել ա մարդկանց, թե. «արխային եղեք», էնտեղ թաքնվել են։ Բայց ինքն էլ էդ տեղից ավտոմատով կրակել ա թուրքերի ուղղությամբ, դրանք էլ տեղն իմացել են, կրակ են բացել, 14 հոգի խաղաղ բնակիչ էդպես սպանվել են։ Դրանից բացի Ալբերտը, կինը, ճամփին են սպանել, Լյովայի հորը իրա տան բակում են սպանել։ Մի 20 հոգի միայն Ցորից խաղաղ բնակիչ սպանվել են գյուղի գրավման ժամանակ։

Մենք հասանք Հադրութ, տեսանք, որ էդ 14 հոգին չկան, մայրս էլ չկա։ Ես ու փոքր եղբայրս մտածում էինք, որ մայրս երեւի ներքնահարկից դուրս չի էլ եկել, որոշել էինք, որ մութը ընկնի՝ գնանք փրկենք։ Մեկ էլ տեսանք մեր հրամանատար Սաշիկը, բա թե. «Յուրիկ, մաղարիչ, Յուրիկ, մաղարիչ։ Քո մայրը ողջ ա, տարել են Ջաբրայիլ։ Բաղրյան Արաքսյա Սեմյոնովնա»։ Մի օր անց դիակների փոխանակում պիտի լիներ։ Բայց կեսօրին լուր տարածվեց, թե ոնցոր թե թուրքերի ձեռքում եղած ողջ կնոջը, այսինքն մորս, չեն տալու, մենակ դիակներ են փոխանակելու։ Մերոնք կապ հաստատեցին, ասեցին. «Եթե իրեն չեք բերելու, մեզ դիակներ պետք չեն, փոխանակում չի լինելու»։ Մի ժամ չանցած համաձայնվեցին։

Վերջին պահին պարզվեց, որ մերոնք մի դիակ մոռացել են, պակաս են բերել, ստիպված մեր տղեքը անտառով էլի հետ գնացել, շալակել բերել են, պատկերացրու՝ հունիսի վերջ, էդ շոգին... Հիմա մի դիակ մենք ենք տալիս, մի հատ իրանք, մի հատ մենք, մի հատ իրանք։ Մերս չկա ու չկա։ Մեկ էլ՝ հեռվից նայեցի, որ մի հատ թուրքի տղա մորս ձեռքը բռնած բերեց նստացրեց նստարանին, կանգառի մոտ։ Բերեցինք Հադրութ, բարեկամի տուն, մեր դիակներն էլ հուղարկավորեցինք։ Գերության մեջ մորս կյանքը մի թուրք էր փրկել, իրան ես շնորհակալ եմ, մայրս դրանից հետո 12 տարի դեռ ապրեց։

Խոջալուն, դատարկված Ջաբրայիլն ու Աղդամը

Մինչեւ պատերազմը երեւի մի 50-60 ընտանիք եղել են Ցորի բնակչությունը։ Հիմա 4 տուն էինք մնացել։ Մի քանի տուն էլ կար, որ գնում գալիս էին։ Բայց էդ 4 ընտանիքը, որ կայինք՝ ոչ մի շրջանում գյուղը չենք լքել։ Ցորում կյանքում թուրք չի ապրել, բայց ներքեւը Ղըշլաք, Սուլեյմանլու գյուղերը կային։ Բայց դրանք հին գյուղեր չէին, ուրիշ տեղից եկած-հաստատված էին։ Բերում հավ էին փոխանակում, շորեր եւ այլն։ Մեր մեջ էդպես հատուկ թշնամություն չի եղել, բայց դե բանջարանոցից, այգիներից գողություն էին անում, մարդիկ քնած ժամանակ գոմից անասուն են տարել, բռնում ես, ասում են, թե. «ղալաթ ենք արել», խղճում բաց էինք թողնում։ Մեզնով ապրում, բայց մեզ վնաս էին տալիս։ Հետո մեր բնակչությունը ինչքան քչանում՝ իրանցը էդքան մեծանում էր, նայում ես՝ ամեն մի ընտանիք 10 երեխա էին ունենում։   
Յուրա Բաղրյանը Յուրա Բաղրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր նպատակը, մեր միակ միտքը Շարժման ժամանակ եղել ա, որ Արցախը միանա Հայաստանին։ Մենակ մեր գյուղը չի, Արցախի գյուղերը արդեն դատարկում էին։ Տես, Երեւանում մեկը բժշկականն ավարտում ա ասենք, բայց իրանք հադրութեցուն տեղ չէին տալիս, ասում էին՝ պիտի Բաքվի ավարտած լինի, պիտի թուրք լինի։

Հիվանդանոցում վիրաբուժը իրանցը, բուժքույրը իրանցը, միսը տանում հանձնում ես՝ իրանց։ Հետո արդեն էնպես էին արել, որ Հադրութի ռայկոմի երկրորդ քարտուղարը անպայման պիտի թուրք լիներ։ Մեր գյուղում գիտե՞ս ինչքան երիտասարդներ կային… Բայց ինչ աշխատում էին՝ պիտի պլան տային, իսկ ադրբեջանցիների համար ոչ մի նման բան։ Մարդկանց նենց վիճակի մեջ են գցել, որ թողել գնացել են։ Ու էդպես մեր բնակչությունը պակասել ա...
Յուրա Բաղրյանը Յուրա Բաղրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես ճիշտը կասեմ։ Մերոնք հողերը գրավելուց հետո հիմնականում թույլ են տվել, որ ադրբեջանցի բնակչությունը միջանցքով անցնեն։ Բայց իրանց մեջ պանիկա էր ընկել, որ հայերը մորթում են եւ այլն։ Ջաբրայիլը Հադրութից անգամներ շատ բնակչություն կար, էնտեղ մի հատ Բալյան գյուղ կար, որ Հադրութից մեծ էր։ Թե էդ ոնց են փախել, ոնց են դատարկվել… Աղդամը մի հատ Բաքվի պես քաղաք, ամբողջ քաղաքը պանիկան ընկած փախել են։ Էն ժամանակ թեկուզ Խոջալուն, մերոնք միշտ միջանցք են թողել, որ իրանք դուրս գան։ Բայց իրանց զինվորները առաջը կտրել են, որ մարդիկ չփախչեն։ Իրանց էն ժամանակվա ղեկավարը եղել ա Մութալիբովը, արել են, որ դրան մեղավոր հանեն։ Ինքը դա ասել ա։ Որ ասեմ մերոնք ընդհանրապես մարդ չեն սպանել՝ դե հնարավոր չի, բայց որ իրենց պես մարդու վիզ կտրեն՝ էդպես էլ չի։

«Ախր բայց սիրտս գնալ չի ուզում…»

Սեպտեմբերի 27-ին առավոտը մեր տնից ներքեւ ռումբ պայթեց, մեկ էլ լսում եմ՝     անօդաչուի ձայնը։ Բախտս բերեց, 10 մետր էս կողմ լիներ՝ պատառ-պատառ կաներ։ Երկրորդն էլ ընկավ գերեզմանոցի մոտ, երրորդն էլ՝ եկեղեցու կողքը։ Տեսել եմ, որ էդ «Սմերչը» եկել ա, խրվել հողի մեջ, չպայթած, ես էլ կյանքում էդպիսի զենք տեսալ չեմ, եկել եմ ասում եմ՝ տղեք, ո՞ւմ ա տռուբա հարկավոր։ Երկրորդ օրը արդեն տեսա, որ շտապօգնության մեքենան Ջաբրայիլի կողմից վիրավոր զինվորներին մեր գյուղով բերում էր Հադրութ, հետո մի ավտո էլ, երկրորդը, երրորդը... Վիրավոր երեխեքը...
Յուրա Բաղրյանը Յուրա Բաղրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր գյուղի բարերարը վերջը եկավ, ասեց՝ «Դուք գիտեք, ես չեմ պարտադրում, բայց ձեր մնալը ճիշտ չի, թոշակառու մարդ եք»։ Ես էլ մենակ էի։ Ախր բայց սիրտս գնալ չի ուզում... 3-4 օր մնացինք, տեսանք, որ չէ... Եկանք Հադրութ, էնտեղից մեքենայով մեր բարերարը մեզ տեղափոխեց Ստեփանակերտ։ Մեր գյուղի Լյովան, մեր ազատամարտիկներից, ինձ դեռ էն ժամանակ ասել էր. «Եթե հանկարծ մի օր, Աստված չանի, սենց բան պատահի՝ ես քեզ սպասում եմ, կզանգես»։ Եկա Գորիս, զանգեցի։ Առանց որեւէ խոսք ասեց՝ «սպասում եմ»։ Մտածում էի, որ եթե Լյովայի ընտանիքը նեղ լինի՝ երկար չեմ մնա, բայց ինձ էնպես ընդունեցին, բախտս էնքան ա բերել, էնքան շնորհակալ եմ ես։

Գիշեր-ցերեկ Ցորի մասին մտածում եմ։ Մեր ճանապարհները նորոգել էին, մեր եկեղեցու գմբեթը վերջապես նորոգել էին, շատ մարդիկ մտադրվել էին վերադառնալ, տները կառուցել։ Աստված չտվեց վայելենք։ Ինձ ոչ մի բան հարկավոր չի, թեկուզ ներքնահարկում գնամ կենամ՝ մենակ թե հարազատ գյուղումս մնամ։

 * * *

Պատմական մի շարք աղբյուրներում որպես բերդաքաղաք հիշատակվող Ցորը նոր ժամանակներում Արցախի Հադրութի շրջանի ամենանոսր բնակավայրերից էր։   Գյուղում պահպանված էր Սուրբ Ամենափրկիչ միանավ թաղակապ եկեղեցին եւ Սուրբ Լուսավորիչ մատուռը՝ բնակավայրից քիչ հարավ։ Ցորը նշանավոր էր հատկապես իր պատմական բերդով, որը մի շարք աղբյուրներում հիշատակվում է նաեւ որպես Ջալալյան Վելիջան իշխանի բերդ։ 19-ր դարավերջին Ռուսական կայսրության կազմում հիշատակվում է որպես բավականին խոշոր բնակավայր՝ 560 բնակչով։ Մինչ 2020-ի պատերազմը Ցորում շարունակում էին բնակվել ընդամենը 4 ընտանիք։

Գյուղի բնակչությունն առաջին անգամ բռնի տեղահանման է ենթարկվել 1991-ի մայիսի 14-ին՝ Արցախի շուրջ երեք տասնյակ բնակավայրերում ԽՍՀՄ ԶՈՒ-ի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից իրականացված «Օղակ» գործողության ընթացքում։ Մայիսի 21-ին ցորեցիները փորձել են վերադառնալ գյուղ, սակայն հանդիպել են ՕՄՕՆ-ականների արգելքին։ Բնակիչներին հաջողվեց գյուղ վերադառնալ հունիսի սկզբին, թեեւ մի քանի ամիս անց ցորեցիները ստիպված էին կրկին լքել գյուղը։

Ցորեցիների համար բեկումնային դարձավ նաեւ 1992 թվականը, երբ ադրբեջանական զորքերի կողմից գյուղի ժամանակավոր գրավման հետեւանքով գյուղը դատարկվեց երկրորդ անգամ։ Այդ ընթացքում գյուղը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել։ Ցավոք, Ցորում այրվել են նաեւ գյուղի այն հին տները, որոնք արցախյան ճարտարապետության բացառիկ օրինակներ էին։ Ազատագրումից հետո ամբողջովին ավերված Ցոր վերադարձան ոչ բոլորը. մարդկային կորուստները շատ էին, վերապրած տրավմաների հաղթահարումը՝ բարդ խնդիր։ Բացի այդ, հիմնահատակ ավերված բնակավայրի կյանքի պայմանները նախանձելի չէին ազատագրումից հետո տարիներ անց էլ. էլեկտրաէներգիա գյուղում հայտնվեց միայն 7 տարի հետո։

Լուսանկարը` Սամբել Կարապետյան/RAA


Վերջին տարիներին Ցորում ակտիվ մասնավոր ներդրումներ էին սկսել իրականացվել արտասահմանում հաստատված ծագումով ցորեցի ընտանիքի կողմից, ինչը նոր շունչ ու հույս էր բերել պատմական այս բնակավայրին եւ իր՝ երկու տասնյակի չհասնող բնակիչներին։ Նորոգվել էր Ցորի՝ վաղ միջնադարում հիմնադրված Ամենափրկիչ եկեղեցին, գյուղին հարակից տարածքներում շուրջ 30 հա խաղողի այգիներ էին տնկվել, գյուղն առաջին անգամ ունեցել էր ասֆալտապատ ճանապարհ։ Գյուղն ընդգրված էր Բանաձոր համայնքի մեջ։

Ադրբեջանը Ցորի գրավման մասին պաշտոնապես հայտարարեց 2020-ի հոկտեմբերի 9-ին։

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին