«Մեկ ասում եմ՝ մեռնեմ, հետո ասում եմ՝ չէ, գնամ մեր գյուղում մեռնեմ» - Mediamax.am

exclusive
3456 դիտում

«Մեկ ասում եմ՝ մեռնեմ, հետո ասում եմ՝ չէ, գնամ մեր գյուղում մեռնեմ»


Գրետա Վարդանյանը
Գրետա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրետա Վարդանյանը
Գրետա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրետա Վարդանյանը
Գրետա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրետա Վարդանյանը
Գրետա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրետա Վարդանյանը
Գրետա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրետա Վարդանյանը
Գրետա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրետա Վարդանյանը
Գրետա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հին Թաղերի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Հին Թաղերի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Լուսանկարը` Սասուն Դանիեյան/RAA

Հին Թաղերը
Հին Թաղերը

Լուսանկարը` Սասուն Դանիեյան/RAA


78-ամյա Գրետա Վարդանյանը Հին Թաղերի ամենատարեց բնակիչներից էր։ Որքան էլ անիրական թվա՝ վեջին մի քանի տասնամյակում օր օրի նոսրացող իր հարազատ գյուղը համառորեն լքել չցանկացող Գրետա տատիկի նոր հասցեն է այլեւս Արարատի մարզը. տեղի գյուղերից մեկում նա բնակվում է որդու, հարսի եւ թոռների հետ։

Տան բակ մտնելուն պես մեր առաջ բացված տեսարանն անհավատալի, հուզիչ ու միեւնույն ժամանակ շատ խոսուն էր. Գրետա տատիկը հող էր մշակում, պրպտում այգում՝ իր շուրջը չնկատելով ոչ ոքի։ Ակամայից հիշեցինք հայտնի ֆիլմի հոգեցունց կադրերը. «Նուբա՛ր, հունդեր ծիլ են տվել»…

Հին Թաղերը անառիկ, բոլոր ժամանակներում անառիկ գյուղ էր։ Մեր դրախտ, հրաշք Հադրութը… Տղաս, հարսս, թոռներս շրջկենտրոնում էին ապրում, էս 30 տարվա մեջ ամեն ինչ հավաքել էինք, որ երեխաները լավ ապրեն։ Հիմա՞… Մեծ թոռս, որ պետք ա դիրքեր բարձրանար՝ Հադրութում ռմբակոծությունից վիրավորվել ա, ծունկը լրիվ փշրվել ա… Էնքան տանջվել ա, հիմա էլ դեռ չի կարում ոտքը շարժի։

Հարսս մանկապարտեզի վարիչն էր, շատ լավ պայմաններում, մենք էլ գյուղից օգնում էինք, իրա մայրն էլ մեր գյուղացի են, օգնում էինք, լավ տունուտեղ էին արել, լավ ապրուստ էին ձեռք բերել։ Հիմա… Փախան։ Հարսս կուչ եկած, չի համակերպվում, դեղերով ա ապրում։ Ոչ մեկս էլ չենք համակերպվում, ես սկի չեմ համակերպվում։ Մեր Արցախը, մեր գյուղերը թողած։ Էս գյուղի փողոցներով որ անցնում ես՝ մեր հադրութեցիները բոլորն էլ լաց են լինում։ Չեն համակերպվում, ես կարո՞ղ եմ համակերպվել… Որ թողել եմ իմ գյուղը։

Հին Թաղերը Հին Թաղերը

Լուսանկարը` Սասուն Դանիեյան/RAA


Երկար տարիներ, հարյուրավոր տարիներ, հազարավոր տարիներ մեր ապուպապերը էնտեղ ապրել են, իմ պապերը թուրք չեն տեսել… Հիմա էլ գյուղացիները պահում էին մեր գյուղը, մերն ու Խծաբերդը։ Պահում էին, կանգնած Դիզափայտի դոշերին պահում էին գյուղը, լսե՞լ ես Դիզափայտի մասին, էդ երկու գյուղն էլ ծախեցին, տվեցին, որ հանգստանան։ Միայն թե գյուղս մնար՝ ես ոտքով էլ կգնայի։

Ոչ մի գիշեր քունս չի տանում, գլուխս դնում եմ բարձին՝ գյուղում եմ։ Մեր դաշտերը, մեր ջրերը, մեր անտառները… Հայրենիք կորցնելը շատ վատ բան ա։ Հայրենիքը ուրիշ բան է, երեւի պիտի կորցնես՝ որ իմանաս։  

«Խելագարնե՛ր, գոնե պահեցեք ձեր երեխաների համար»

Էս հագիս խալաթը չեմ ուզում հանել, էս շորն ա, էս շորով եմ եկել։ Թոռս եկավ, դարպասի մոտ ասեց. «Շուտ արի, թուրքերը եկել են, էս ա վերեւից ռմբակոծում են»։ Սեպտեմբերի 29-ին…

5 տարի սովորել եմ Երեւանում, հետ եմ եկել գյուղ, էլ դուրս չեմ եկել։ Ունեցվածքն էնքան աչքիս չի գալիս, ինչքան որ դպրոցը վառել են։ 55 տարի աշխատել եմ դպրոցում։ Նկարում են, ցույց են տալիս, աթոռները վերցնում վառում են, հետո խորոված են անում վրան։ Չգիտես՝ մե՞զ են ջղայնացնում։ Խելագարնե՛ր, գոնե պահեցեք, գոնե ձեր երեխաների համար։
Գրետա Վարդանյանը Գրետա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես մի փոքր նեղացած էի Դիզափայտից… Ասում էի՝ դու մեզ պահել ես, հեռու ենք եղել բժշկությունից, ամեն ինչից, դու հիվանդներին բուժել ես։ Էս անգամ ինչո՞ւ… Բայց գոնե ասում եմ՝ մեր գյուղի պաշտպանները երկար ժամանակ պահում էին, գոնե նրանք փրկվել են։ Նոր Կտակարանս թողեցի սեղանին, ապուշները եկել վառել են… Գյուղը վառել են, տունս վառել են, բայց ամենաշատը դպրոցի համար եմ լացում… Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը նկարել են, թե ոնց են ավտոյով քաշում գցում։ Էդպես չարեցի՞ն մեր Շուշվա եկեղեցին։ Մեր դպրոցում հազարավոր գրքեր կային, հայկական, ռուսական… Եկել են վառել էդ հսկա արխիվը…

Չորս աղջիկ, մեկ տղա եմ ունեցել, բոլորին կրթության ենք տվել, բոլորին էլ բարձրագույն։ Մեր գյուղի դպրոցում, գիտես, մինչեւ 150-200 աշակերտ կար ժամանակին, մենք ի՜նչ սերունդ ենք տվել, ինչքան տաղանդավոր մարդիկ, որ հիմա Երեւանում են սփռված։ Իրենց բոլորի համար ես ընկեր Վարդանյան եմ։ Ես սկզբում մինչեւ 5-րդ դասարան տարրական էի դասավանդում, հետո որ ուսուցիչները պակասեցին՝ լեզու, գրականություն։ Սովետի ժամանակ էլ մեզ միշտ Երեւանից են օգնել գրքերով։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա էլ տղաս Հադրութից գալիս էր գյուղ դասավանդում, որ գյուղում լուսավորություն լինի, կրթությունը շարունակվի, շաբաթը մեկ գնում-գալիս էր։ Որ մեր գյուղը խավար չմնա... Սովորեն։

«Թուրքի ժամանակ»...

Թուրքի ժամանակ, որ Ադրբեջանի կազմում ենք եղել, նրանք էնպիսի հարկեր են դրել, որ խեղճ գյուղացիները աշխատանքի համար թողնում գնում էին։ Ավերակ էր դառել գյուղը։ Հիմա որ գալիս նկարում են թուրքերը, թե տները լավ վիճակում չեն, բայց չէ՞ որ դուք եք էնպես արել, որ էն ժամանակ մարդիկ դուրս են եկել։ Երկու ֆերմա էր գյուղում, դրա կաթը ո՞վ էր տանում ծախում, իրենք։
Գրետա Վարդանյանը Գրետա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Իրանք Հադրութի հետ ի՞նչ են արել, Հադրութը տեղահանել են։ Մեր երիտասարդները դուրս էին գալիս գյուղից, արոտավայրեր ունեինք մեծ, գնում թաքնվում էին անտառներում, որ թուրքերը չբռնեն տանեն։ Մեր հարեւան Դոլանլարը (Արեւշատ) տեղահանել են, մեր բարեկամներին տեղահանել են, ունեցած չունեցածը թալանել են։   Ստեփանակերտում ցույցերը որ սկսեց՝ նենց վիճակ էր, որ մի անգամ աղջիկս ու ամուսինը փոքր երեխայի հետ մեքենայի մեջ ճանապարհին ադրբեջանական երգեր էին միացրել, որ դրանք չիմանան, որ հայ են։ Այ էդպիսի վիճակ։  
Գրետա Վարդանյանը Գրետա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր դպրոցը էն սկզբում ստիպել են, մի քանի ժամ ադրբեջաներեն եղել ա, հետո երեխաները չուզեցին, բողոքեցին, չենթարկվեցին։ Բայց մեր գյուղացիները առեւտրով կապված են եղել իրանց հետ, ամուսինս էլ ադրբեջաներեն գիտեր, գալիս էին առեւտուր էին անում թուրքերը, մեր կարտոշկան խաղողի հետ փոխում։ Դե ի՞նչ անեն։ Մենք Հորադիզով, գնացքով էինք գնում գալիս Հադրութ, բայց միշտ վախով, միշտ վախի մեջ։

Հիմա մեր մոտից Կարինեն էլ էստեղ շատ ակտիվ գնում-գալիս է, ինքն էլ ինչքան շատ վշտեր, դարդեր ա տեսել, ամբողջ ընտանիքին սպանել են թուրքերը առաջին պատերազմին, մորն ու հորը տան մեջ մորթել են, քույրն էլ իրա տան մեջ սնարյադը ընկել ա, մահացել ա, բայց մեկ ա, Կարինեն էլի գյուղը շատ էր սիրում։ Ամենավերջինն ա դուրս եկել, հոկտեմբերի 20-ին, էլի ասում էր՝ հետ պիտի գնամ։ Կարինեն իրա դարդերը թողած մեզ ա նայում, մեզ էլ ա ինքը խնամում։
Գրետա Վարդանյանը Գրետա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բայց իմ տարիքի ժողովուրդը եկել են հիմա, դարդից, վշտից մահացել են էստեղ։ Քանի-քանի, քանի-քանի... Էս վշտից մահացան։ Մեկ ասում եմ՝ մեռնեմ, հետո ասում եմ՝ չէ, գնամ մեր գյուղում մեռնեմ, արժանի դառնամ էդ հողին։  

Չցանված սերմերը

Էս գյուղում մեր հեռու ազգականների տանն ենք։ Իրանք էլ Բաքվից բռնագաղթված մեր ազգականներն են։ Ժամանակին էս գյուղում թուրքի հետ տունը փոխանակել են։ Հետո Մոսկվա են գնացել, կապը կար բայց, հետո մերոնք պայմանավորվեցին, մեքենա ուղարկեցին, որ գանք էստեղ։ Մենք չէինք հավատում ախր... Ասում էինք՝ ժամանակավոր բան ա։ Տանս դռները թողել եմ բաց...
 
50 կիլանոց թթու եմ դրել կանաչ պոմիդորի... Սերմերը հավաքել էի, ճակընդեղի սերմը, մատաղ ինիմ, տարբեր կանաչիների սերմերը, կաղամբի սերմը... Հիշում եմ, որ էդպես դնում էի սինիներով՝ ասում էի, թե տենաս արժանի ա՞ լինելու, կապրե՞մ էդքան։
Գրետա Վարդանյանը Գրետա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Թումանյանն ասում էր. «Մեր ապրուստն ի՞նչ է.-մի կտոր չոր հաց, էն էլ հրեն երկնքից կախված»... Հիմա էստեղի ժողովուրդն էլ իրանք էլ լավ ապրուստի մեջ չեն, իրանք էլ ժամանակին փախստական են եղել, էլի օգնեցին, բայց ես հայրենիքս եմ ուզում, գլխիս ոսկի էլ թափվի՝ ինձ մենակ իմ հայրենիքն ա պետք։ Մենակ հայրենիք կորցրածը դա կհասկանա։ Արեւմտյան Հայաստանից հայերը ոնց դարձան որբ ու փախստական՝ նույնը մերը։ Իրանք մեզ կհասկանան։
Գրետա Վարդանյանը Գրետա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա գիտե՞ս ինչ եմ ասում։ Հիշում ես, որ Իսահակյանն ասում ա... Ես փոխել եմ, ասում եմ՝ սիրեցի Արցախս, տարան...

***

Հին Թաղերում է գտնվում 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ միանավ բազիլիկ եկեղեցին, որը վերջերս էր նորոգվել։
Հին Թաղերի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Հին Թաղերի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Լուսանկարը` Սասուն Դանիեյան/RAA


Հատկանշական է, որ թեեւ ադրբեջանցիներն ու նույնիսկ տեղի հայերը գյուղը կոչում են «Քյոհնե Թաղլար», սակայն 1992-ի դեկտեմբերին այդ երկրի խորհրդարանն Արցախի մի շարք գյուղերի անվանափոխության նախագծում Հին Թաղերը պաշտոնապես գրանցել էր որպես «Հին Թաղլար»։ 1991 թվականի մայիսին ԽՍՀՄ ԶՈՒ-ի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի իրականացրած համատեղ «Օղակ» գործողության շրջանում Հին Թաղերի վրա կրակ է արձակվել ռազմական ուղղաթիռից։ Մինչ այդ գյուղում զինաթափման պատրվակով խուզարկություններ էին անցկացվել։

Սոֆիա Հակոբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին