Կյանքն ու մահը Հադրութի հոսպիտալում՝ Վալենտինա Մոսյանի աչքերով - Mediamax.am

exclusive
18876 դիտում

Կյանքն ու մահը Հադրութի հոսպիտալում՝ Վալենտինա Մոսյանի աչքերով


Լուսանկարը` Aris Messinis

Լուսանկարը` Aris Messinis

Լուսանկարը` Aris Messinis

Վալենտինա Մոսյանը
Վալենտինա Մոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վալենտինա Մոսյանը
Վալենտինա Մոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վալենտինա Մոսյանը
Վալենտինա Մոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վալենտինա Մոսյանը
Վալենտինա Մոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Թերեւս, բոլոր պատերազմներին ճերմակ խալաթով հերոսուհիները միայն հիացմունք ու վստահություն են ներշնչում։ Թվում է՝ նրանք այլ աշխարհից են. ամուր են, անկոտրում ու անվախ։ Ինչ խոսք, այս անսասան կերպարների ետեւում ոչ միշտ է դյուրին նկատել նրանցից ոմանց բարդ, փխրուն ու եզակի անձնական դրաման։

Վալենտինա Մոսյանը պատերազմի թեժ օրերին աշխատել է Հադրութի հոսպիտալում։ Ամուսինն ու տղաները ռազմաճակատում, ինքը՝ հիվանդանոցում. ամեն մեկն իր կռիվն է տվել։ 41-ամյա Վալենտինան անցած դժողքի մասին խոսում է կարծես մի հեռու, անիրական ու մղձավանջային դրվագի։ Թվում է՝ նրա մեջ ապրում է երկու մարդ. դիերի միջից ողջ վիրավորներին առանձնացնող, ռմբակոծության ձայների տակ ուրիշի կյանքի համար պայքարող ուժեղ, ճարպիկ ու անվախ բժշկուհին եւ նուրբ, զգացմունքային ու ամեն վիրավորի մեջ իր երեխային փնտրող խոցելի կինը։

Առաջին պատերազմի ժամանակ 9-10 տարեկան էի, գյուղում էինք, հիշում եմ, որ թաքստոցներում էինք մնում։ Զոհվածներ էին բերում, մենք փոքր ժամանակ իրենց ծաղկեպսակներն էինք տանում։ Էս անգամ էլ ամբողջ ընտանիքով պատերազմի մեջ էինք. ես հոսպիտալում, ամուսինս ու տղաներս՝ դիրքերում։ Ամուսինս նախկինում սպա էր, ոտքն ամպուտացված է։   

Ամսի 27-ին կիրակի էր, այդ օրը աշխատանքի չէինք։ Ես Հադրութի հիվանդանոցում վերականգնող թերափիստ եմ աշխատել։ Մենք քնած էինք, ձայնից միանգամից վեր թռանք, ես մեր պատուհանից տեսա, որ Թաղասեռ գյուղում ծուխ ու կրակ էր, առաջին ռումբը Թաղասեռում ա ընկել։ Գոռացի. «Կռիվը սկսվել ա»։ Հետո իմացա, որ ռումբը ընկել էր մեր շտապօգնության վարորդի տան վրա, ինքն էլ վիրավորվել էր։ 11 տարեկան աղջիկս էր մոտս, հարսս ու 4 ամսական թոռս։ Իրենք մինչեւ իջան նկուղ՝ մի հատ էլ ռումբ ընկավ դիվիզիայի վրա, հենց մեր տան մոտ էր։ Էդ ալիքը ինձ հրեց, պատուհանները փշրվեցին։ Հիշում եմ՝ ծնկաչոք ընկա ու գոռացի։ Ամուսնուս ասեցի, որ երեխաներին տանի մեր գյուղ՝ Տումի, էնտեղ ապահով է, բայց ես անընդհատ փոքր տղայիս մասին էի մտածում, որ պոստերում էր։ Տումին միշտ էլ ապահով է եղել, առաջին պատերազմից ի վեր Հադրութում մարդիկ գալիս էին Տումիում էին ապաստանում, Մեծ Թաղլար ու Տումի մի հատ ռումբ չի ընկել, մենք չէինք պատկերացնում, որ էսպես կլինի։

Վալենտինա Մոսյանը Վալենտինա Մոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկու օր գյուղում մնացինք, հետո մեր բարեկամները զանգեցին, ասեցին, որ հարսին ու երեխաներին ուղարկենք Երեւան, իրենց ուղարկեցինք, ես էլ մեր ազգականներից մեկի բեռնատարով, որ զինվորների համար խրամատ փորելու բահ էր տեղափոխում, վերադարձա շրջկենտրոն։ Հենց հասանք Թութակ՝ ռմբակոծությունը սկսվեց։ Հիշում եմ, որ տղաս զանգեց, ասեց. «Մամ, տեղիցդ չշարժվես, ուժեղ կռիվ ա գնում, իմ մասին չմտածես»։ Ես էլ խաբեցի, ասեցի գյուղում եմ, ապահով եմ, չասեցի, որ գալիս եմ Հադրութի հոսպիտալ։

«Սու՛ս մնա, մնացածն էլ կվախենան»

Էլ վիրավորներ, էլ դիակներ, ինչեր ենք տեսել մենք, չգիտեմ… Հիշում եմ, որ մի օր հերթական անգամ «Սմերչը» ընկավ հիվանդանոցի մոտ՝ ուժեղ գոռացի, ամուսինս էնտեղ էր, բարկացավ վրաս, ասեց. «Սու՛ս մնա, մնացածն էլ կվախենան»։ Դա երբեք չեմ մոռանա։ Մենք տղաներին հույս էինք տալիս, իրանք էդ պահին շոկի, սթրեսի մեջ էին։ Հիշում եմ, մի տղա կար, կանտուզիա էր ստացել, չէր խոսում, թուղթ գրիչ էինք տալիս՝ էլի չէր կարողանում գրել, որ անունը իմանայինք։ Որ ցուրտ էր՝ մենք էլ զինվորական վերարկու էինք հագել, ինքը հենց տեսնում էր զինվորական հագուստ՝ գոռում էր։

Լուսանկարը` Aris Messinis


Մեզ օգնության էր եկել Երեւանից Տարոն Տոնոյանն իր անձնակազմով։ Ես կյանքում երբեք էդպիսի բժիշկ չեմ տեսել։ Ամեն մի զինվորի հետ լացում, ամեն մի վիրավորի հետ… Մենք կին ենք, լացում էինք, երեւի նորմալ է, բայց ես չեմ մոռանա, որ Տոնոյանը անընդհատ լաց էր լինում։ Շատ էինք ուզում բոլորին փրկել… Ամեն զինվորի կորցնելուց լացել ենք։ Զոհերը շատ էին։ Շտապօգնությունը որ գալիս էր՝ առաջինը ես էի վազում… Որովհետեւ մեծ տղաս, փոքր տղաս… Ամուսինս էլ էդ վիճակում էլի գնացել էր։ Հենց վիրավոր էր գալիս՝ բոլորի դեմքերին էի նայում միանգամից։ Փեսաս էլ էր էնտեղ… Եռաբլուրում թաղեցինք։ Աղջիկս հղի էր, մի քանի ամսական էլ երեխա ուներ արդեն։ Փեսայիս քառասունքի գիշերը թոռս ծնվեց, աղջիկս ասեց՝ պիտի Անդրեա դնեմ անունը, հոր անունով։  

«Արդար չի, չէ՞»

Մինչեւ հոկտեմբերի 6-ը աշխատել ենք Հադրութի հոսպիտալում։ Թուրքերը հիվանդանոցը գլխավոր թիրախներից էին դարձրել։ Անընդհատ «Սմերչը» ընկնում էր հիվանդանոցի բակը։ Ամսի 6-ին մեր տնօրենը մեզ կանչեց, ասեց, որ բոլորս պիտի ամեն ինչով տեղափոխվենք, ոչ ոքի մեր տեղը չենք ասում, հեռախոսով չենք խոսում։ Որովհետեւ մենք դարձել էինք թիրախ։ Տեղափոխվում էինք Ազոխ, Ջաբրայիլի հոսպիտալն էլ եկել էր Տող։ Միահամուռ ուժերով ամեն ինչ հավաքեցինք, չգիտեմ ոնց հրաշքով Հադրութից դուրս եկանք, ԱԹՍ-ները շատ էին պտտվում, անընդհատ մտածում էի, որ մեզ կխփեն։

Լուսանկարը` Aris Messinis


Ազոխի դպրոցի նկուղային հատվածում սարքավորումներով տեղավորվեցինք ու սկսեցինք աշխատել։ Մի քանի օրից լսեցինք, որ Հադրութը վերցրել են։ Ամսի 9-ի գիշերը մեզ զանգեցին, թե քաղաք թուրքեր են մտել։ Հենց հրադադարի գիշերը։ Մենք չհավատացինք, բայց պարզվեց՝ ճիշտ էր։ Ադրբեջանցիները հենց մտել են Հադրութ՝ հաջորդ օրը մեզ մոտ սկսեցին ոչ միայն զինվորներ, այլեւ խաղաղ բնակիչների բերել վիրավոր։ Բնակիչները, ովքեր ուզել են դուրս գալ՝ ադրբեջանցիները դիմացը կտրել ու սկսել են կրակել։ Էդ մարդկանց բերել են մեզ մոտ, հրազենային վնասվածքներով, մենք ենք տեսել, մենք ենք բուժել էդ մարդկանց, մեկն էլ ծանր էր։ Մի կին էլ կար, որ հաշմանդամություն ունեցող տղային թուրքերը սպանել էին, ինքն էլ վիրավոր էր։ Եվ էն օրն են սա արել, երբ հրադադար պիտի լիներ օրենքով, արդար չի, չէ՞։
Վալենտինա Մոսյանը Վալենտինա Մոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հադրութի ընկնելուց հետո վիրավորված զինվորներն էլ շատացան, հետո սկսեցին խփել մեր ուղղությամբ։ Ամսի 13-ին արդեն մեր տնօրենը ասաց, որ տղամարդիկ մնում են, բայց կանայք պիտի դուրս գան: Էդ պահին սկսեցի լացել։ Ես չէի ուզում դուրս գալ: Ասեց, որ պիտի տանեն Շուշի, էնտեղից մի կերպ հասնենք Երեւան։ Ասեց՝ փրկելու էլ բան չկա, արդեն թիրախը մենք ենք։ Ասեցի՝ ոչ մի տեղ չեմ գնալու, լացեցի, ես տղայիս էի ուզում… Ինքը շրջափակման մեջ էր։ Հետո ամուսինս եկավ, ինձ բերեց մինչեւ Գորիս։ Վերջին անգամ գնացի մեր գյուղ, գիշերվա կեսին Տումիից մեր փաստաթղթերը վերցրեցի ու եկանք։ Հասա տեղ՝ նոր հասկացա, թե ինչ վիճակում եմ հասել Գորիս… Խալաթով, հողաթափերով։ Ինքը ինձ բերեց, հետ գնաց, 44 օր մնաց էրեխեքի մոտ։ Գորիսում մի տանը հյուրընկալվեցինք, հաջորդ օրը եկանք Երեւան, երկու օրից ամուսինս զանգեց, ասեց, որ փեսաս զոհվել է… Ասեց՝ «Անպայման պիտի էրեխու կողքին լինես»։ Աղջիկս մի ամսից պիտի ծննդաբերեր, ինչ անեի… Մի հատ չտեսնված տղա էր ամուսինը։

«Գործս ամենաշատն եմ կարոտում»

Ես հիմա էլ գործս եմ ամենաշատը ուզում, կարոտում։ Ես առանց աշխատանք չեմ կարող, Հադրութում էլ մի քանի աշխատանք էի անում միաժամանակ, հիմա արդեն էստեղ որպես բուժքույր մտել եմ, աշխատում եմ, բայց իմ գործը շատ կուզեի։ Ես Հադրութի միակ կինեզիստն էի ու շատ եմ սիրում էդ գործը, ինձ մոտ դա լավ է ստացվում, շատ սիրով եմ անում։ Եթե էստեղ էլ նման հնարավորություն ունենամ՝ ինձ համար ամենամեծ բանը դա կլինի։

Դեռ Երեւանում ենք, չգիտեմ հետո ոնց կլինի։ Թե խաղաղապահը ինչքանով է երաշխիք՝ չեմ կարող ասել, բայց ադրբեջանցիների հետ ապրելը, ադրբեջանական անձնագրով ապրելը ես չեմ պատկերացնում։
Վալենտինա Մոսյանը Վալենտինա Մոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Շարժումից հետո Հադրութում մենակ մի ադրբեջանցի կին էր մնացել, Լիդան։ Մեր գյուղից է եղել։ Լիդան Ռուսաստանում ամուսնացած էր սկզբից, տղա ուներ, հետո բաժանվեց, մեր գյուղից էլ մի մարդ, որ կինը մահացած էր, Լիդային բերեց որպես կին։ Լիդայի տղային էլ պահեցին, Լիդան էլ էդ մարդու երեխաներին լավ պահեց։ Էդ մարդու մահից հետո էլ իր երեխաները Լիդային նայել են, թեկուզ Երեւանում էին, բայց լավ տիրություն են արել, որովհետեւ ինքն էլ իրանց ա լավ նայել, մայրություն արել։ Լիդայի տղան առաջին պատերազմի ժամանակ հայերի կողմից կռվել, զոհվել էր։ Ու հենց Տումիում էլ թաղված էր։ Լիդան վերջերս Երեւանում մահացավ։

* * *

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում շտապօգնության մեքենաների, հիվանդանոցների շենքերի ու բուժանձնակազմի թիրախավորման դեպքերը բազմաթիվ էին։

2021թ. փետրվարին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմեկերպության հրապարակած հատուկ զեկույցը ներկայացրեց հստակ փաստեր, որոնց համաձայն Ադրբեջանը Արցախի մի շարք բնակավայրերում բժշկական հաստատությունները թիրախավորել է դիտավորյալ։

Հայտնի է, որ Արցախում թե՛ քաղաքացիական հիվանդանոցները, թե՛ զինվորական հոսպիտալները պարբերաբար թիրախավորվել են «Գռադ» հրթիռային կայանից, նաեւ կիրառվել են միջազգային մարդասիրական իրավունքով արգելված կասետային ռումբեր։

Զեկույցում նաեւ շեշտված է, որ հարձակումների ընթացքում ադրբեջանական կողմը կիրառել է LAR-160 տեսակի արբանյակային կառավարման հրանոթային համակարգ, ինչը փաստում է ռմբակոծությունների դիտավորության մասին։  

Լուսանկարը` Aris Messinis


Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը հոկտեմբերի 13-ի դրությամբ հայտնել էր հայկական կողմի հարձակումների հետեւանքով վնասված 6 բժշկական հաստատության մասին, միեւնույն ժամանակ Արցախում արձանագրվել է բժշկական հաստատությունների լուրջ վնասման առնվազն 9 դեպք։ Ադրբեջանի հարձակումների հետեւանքով վնասվել են բժշկական հաստատություններ Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում։

2020-ի հոկտեմբերի 28-ին ադրբեջանական ԶՈւ-ն թիրախավորեց նաեւ Ստեփանակերտի հիվանդանոցի՝ ծննդատան նորակառույց բաժանմունքի շենքը։ Բարեբախտաբար՝ զոհեր չգրանցվեցին։

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին