Հադրութեցի Պայծառ տատիկի 90-ամյակը՝ գաղթի ճանապարհներին - Mediamax.am

exclusive
3285 դիտում

Հադրութեցի Պայծառ տատիկի 90-ամյակը՝ գաղթի ճանապարհներին


Լիրա Ծատությանը
Լիրա Ծատությանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պայծառ Ծատությանը
Պայծառ Ծատությանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պայծառ Ծատությանը
Պայծառ Ծատությանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեծ Թաղերի Հալեւորի կամուրջը
Մեծ Թաղերի Հալեւորի կամուրջը

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA

Մեծ Թաղերը
Մեծ Թաղերը

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA


Պատերազմի ժամանակ ամուր թիկունքն ու հետագայում նաեւ գաղթի ճանապարհը հիմնականում կնոջ պատասխանությունն են․նրանց ուսերին է երեխաների, ծերերի ու հաշմանդամություն ունեցողների ճակատագիրը, իսկ հայացքը՝ կրակոցների ձայների ուղղությամբ՝ ամուսինների, եղբայրների ու որդիների կողմը։ Հադրութցի  Պայծառ Ծատուրյանի դուստրը՝  խաղաղ բնակավայրում կյանքը վտանգված 90-ամյա մոր ու պատերազմի դաշտում երեք որդիների «միջեւ» մնացած Լիրա Ծատուրյանը խոստովանում է՝ «Կիսված եմ»։

90-ամյա Պայծառ Ծատուրյանը դստեր հետ Մեծ Թաղեր գյուղում էր, որտեղից էլ սկսվեց նրա շուրջ մեկդարյա կյանքի առաջին ու դեռ ավարտին չհասած գաղթի ճանապարհը։ Ամենածեր տումեցին զարմանալի լավատեսությամբ վստահ է՝ «Հադրութը տալ պիտի, Շուշին տալ պիտի»։ Նրա խոսքով՝ ժամանակ կորցնել չի կարելի, իսկ իր հետ պատահածը ցանկանում է պատմել ամբողջ աշխարհին։

Պատմում է Պայծառ Ծատությանը

Աչքս բացալըմ՝ չարչարանքը տեսալըմ, մատաղ ինիմ։ Հեր տեսալ չենք, 1941-ին կռիվը սկսալ ա՝ տարան, մնաց անհայտ կորած։ Ես 10 տարեկան, մի քույրիկս 4 տարեկան, մյուսը՝ օրորոցի մաջին։ Ես ու տատին պահեցինք բոլոր խոխեքին։

Նորից եկանք Հադրութ, ամեն ձեւ սարքալընք, մեծ թոռս ամեն ինչը բերում լցնում, մտնեիր՝ կասեիր, որ տուն չի սա, պահեստ ա։ Արժան չդառավ, ի՞նչ անինք… Էս մի աղջիկս Բաքվի փախստական, էն մի խոխեքը հիմա փախստական…

Պայծառ Ծատությանը Պայծառ Ծատությանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Էն առաջին պատերազմին Տումիում մեր բալկոնումը նստած էինք, լսեմ մի ղռղռոց, ասում եմ՝ էս ի՞նչ ղռղռոց ա… Տեսնամ՝ թրոմփ, «Գռադը» թխեց (խփեց)։ Դառավ կտոր-կտոր, ընկավ սխտորի մաջին։ Էդ ա իլյալ, էդ մի անգամ, էլ տեսալ չինք։ Բայց էս մեկը զուլյում ա իլյալ, մեզ կտորեցին, մատաղ ինիմ։ Պիտի պատիժը տան, արտասահման հասցրեցեք, որ պատիժը տան։ Մենք ասում ենք տուն շինինք՝ իրանք շարունակում են մեզ կտորելը։

Չավարտվող գաղթի ճանապարհը

Էդ ճանապարհի վերջին մահացած եմ իլյալ, մատաղ, շատ եմ մրսալ։ Ճամփին դիմանում չեմ, ախր, մեռնում եմ։

Առաջին օրը որ պայթեց՝ վախեցալըմ, ոտներս թուլացալ ա։ Հետո ավելի վատացավ։ Թոռս զանգ ա տվալ, բա թե. «Մամա, թուրքերը գալիս են, տյուս եկ»։ Հանկարծակի… Խնամիս Շեխերից եկալ ա, որ մեզ տանի։ Ճանապարհին օդից էնքան վեր թակել են (հարվածել են)… Վերջը մեզ հասցրին իրանց տունը։

8 հոգի էլ Հադրութից եկած, էն մի սենյակը լաց են իլյում, սոված-ծառավ։ Պատուհանի տակ ես պառկած… Աղջիկս էլ հաց էր սարքում էդ 8 հոգու համար։ Որ խփեցին՝ապակին փշրվեց ինձ վրա, բայց կտորից վարագույրը ինձ պահեց… Էդ ինձ փրկեց։ Թխեց գլխիս… Հետո որ Կարմիր Շուկան էլ խփեցին՝ տան իլյածը չիլյածը վեր թռավ, պատուհանները փշրվեց։ Էդ խնամուս տունը որ տեսնեիր՝ քեֆդ կգար, բազմազավակ ընտանիք ա իլյալ, ղաշանգ (գեղեցիկ) սենյակները սարքած, ասա՝ ինչի՞ հարամեցիք, ինչի՞ թողում եք վեչ վայելի մեր ազգը… Էն 8 հոգին թողեցինք տանը մաջին, մենք նստեցինք մեքենան, որ գնանք։ Անընդհատ վերեւից թոմփ հա թոմփ, թոմփ հա թոմփ...
Պայծառ Ծատությանը Պայծառ Ծատությանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մահացած վիճակում եմ ես մեքենայի մեջ։ Եկանք մինչեւ էդ տամոժնին։ Տեսնենք՝ խառնաշփոթ ա, փիս մոմենտ ա իլյալ, խնամուս թողում չին անցնի։ Ասում են՝ կարգադրալըն, որ մարդ պիտի չանցնի։ Վեչ ընդի, վեչ ստի։ Մեքենայի մաջին ալ ցուրտ, մրսում եմ, ասում են՝ չէ, հրաման ա։ Ահագին ժամանակ սպասեցինք, խնամիս ավտոմատը, թղթերը, ինչ ունի՝ հանձնեց, որ մեզ անցկացնի։ Էդպես թողեցին։ Վերջը քյացինք Գորիս, մարդիկ դրսում լցված սպասում էին, որ հյուրանոցներում տեղ տան։ Խնամուս ախպերը ասեց. «Առայժմ քինիք մեր տունը»։ Մեզ լավ դիմավորեցին, պահեցին։ Երրորդ օրը մեզ տանում են Տաթեւ… Լավ չեմ, սիրտս ճաքալ ա… Ասում են՝ «Տատի, վախել մի, վախել մի»։ Վերջը տարան մեզ, տուն մի ասա՝ մի թագավորի պալատ ասա, մաքուր, սիրուն… Լավ պահեցին, լավ նայեցին մեզ։ Հիմա էս մի աղջկաս տունն եմ, ինքն էլ՝ Բաքվի փախստական։

«Նոր թուրքերը»

Ես Աղդամ եմ մնացալ քանի տարի, մարդս գործ էր անում լի, դրանց հետ լյավ ենք իլյալ (նկատի ունի ադրբեջանցիներին), մենք էս նոր թուրքերին, սրանց ծանոթ չենք իլյալ։ Մարդկություն չկա, մատաղ ինիմ։ Իդի պեն իլյա՞ծ ա, որ սամալյոտը վեր թակի ժողովրդին։ Չի կարելի, մատաղ ինիմ, պիտի պատիժը տաս։

Հադրութը տալ պիտի, Շուշին տալ պիտի։ Աղդամը ես ի՞նչ ինիմ, պատառ մեր շրջապատը մեզ տան, մունք ալ պատառ մաջին կենանք, բա ի՞նչ անինք, բա շտե՞ղ քինինք։ Հո ստիպելով չի՞։ Բա դու եկալըս (դիմում է Ալիեւին), Թուրքիայից ուժը առած, սամալյոտով թոմթ հա թոմփ, մունք ի՞նչ անինք քու ձեռքը։ Բա դու հե՞չ խիղճ չունես…

Պատմում է Լիրա Ծատուրյանը

Ծնողներս տումեցի են, ես ծնվել եմ Աղդամում, եկել հարս Մեծ Թաղեր։ Մեկ օր ենք ապրել ամուսնուս հետ Մեծ Թաղերում, գնացել ենք Քաջարան, ինքն էլ կոմբինատում էր աշխատում։ Մենք պատերազմից հետո որոշեցինք վերադառնալ գյուղ, մտածեցինք, որ ինչ մեզ հետ պիտի լինի՝ թող մեր հողում լինի։  

Ես ուշ եմ դուրս եկել գյուղից, 90 տարեկան մայրս կողքիս հնարավոր չէր դուրս գալը։ Ծեր կնոջ հետ մենակ էի, ինքն էլ տեղաշարժվելու հետ խնդիրներ ունի, ինչպե՞ս վերցնեի տանեի, ո՞ւր գնայի։ Ճիշտ է, Երեւանից մեքենաները գալիս էին մարդկանց տեղափոխելու, բայց ես չէի կարող մորս մենակով տանել գյուղամեջ, մեծ տարածք է, տղաներս էլ բոլորը դիրքերում։ Զանգում էին, ասում. «Մամ, պատրաստվի, որ պիտի դուրս գաք», ասում էի՝ որտե՞ղ տանեմ էդ 90 տարեկան կնոջը։ Շատ դժվար է… Ամուսինս չկա, իմ երեխաները որտեղ՝ էնտեղ էլ ես, կիսված եմ ես…

Ամեն օր նայում էի հարեւաններից ով գնաց, ով մնաց։ Գնացողներին միշտ ասում էի՝ ո՞ւր եք, ախր, գնում։ Նույնիսկ ծիծաղում էի հարեւանների վրա, ասում էի՝ ձեր տները ո՞ւմ եք թողնում գնում։ Վերջինը ես եմ դուրս եկել։

«Մինչեւ հացս չթխեմ՝ գյուղից դուրս չեմ գալու»

Երկու տղաներս Հադրութում էին ապրում, պատերազմը հենց սկսվել է՝ թոռներս ռմբակոծության ձայներին չեն դիմացել, վախեցել են, ծվացել են, դե երկու աղջիկ երեխա, էդպես իրենց արագ դուրս են հանել։ Բերեցին մեզ մոտ գյուղ, մի քանի օր մնացել են կողքիս, հետո տեսանք, որ ահավոր է վիճակը… Ամսի 5-ին տղայիս ընտանիքը դուրս է եկել գյուղից, ժամանակավոր ապաստանել են Եղեգնաձորում։ Հիմա բոլորս հավաքվել ենք Ստեփանակերտում, հարսս մայիսին պիտի երեխա ունենա, փորձում ենք որոշ պայմաններ ստեղծենք, նոր երեխա՝ նոր կյանք։

Արդեն եկավ հոկտեմբերի 16-ը… Նայում եմ՝ արդեն մարդ չկա հարեւաններից։ Վերջին օրերին արդեն շատ էին ռմբակոծում տները, մի քանի տուն էլ վառվեց։ Չէի ուզում դուրս գալ, ախր տղաներս դիրքերում են։ Տղաս զանգեց, ասեց. «Մամա, դուրս եկ, մենք մի կերպ անտառներով կարող ենք հետո գալ»։ Հացիս խմորն էլ հունցած, պատրաստ… Ասեցի՝ մինչեւ ես հաց չթխեմ, չդասավորեմ, դուրս չեմ գալու գյուղից։ Էդպես էլ արեցի։ Իրիկունը զինվորները կգային, կուտեին… Լոբին մնաց չքաղած։
Լիրա Ծատությանը Լիրա Ծատությանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Տղայիս մեքենան բակում էր, հարեւանը մի կերպ գործի գցեց մեքենան, մեզ դուրս հանեց։ Մեր խնամիները Շեխերում են, գնացինք իրենց մոտ, մտածեցինք, որ մի երկու օր կմնանք, գուցե հանգստանա՝ հետ գանք։ Գիշերվա ժամը 10-ին ռումբը ընկավ տան մոտ, պայթեց, ապակիները փշրվեցին մամայիս վրա, վարագույրը պահեց իրեն… Մինչեւ էդ պահը խնամիս հանգստացնում էր, թե. «Ոչ մի բան չի լինի էս գյուղում»։ Էլ ի՞նչ անենք, հավաքվեցինք, որ գնանք։

Գիշերվա ժամը 11-ին ճանապարհ ընկանք, լույսերն անջատած, վախվխելով, Սարուշենի երկար ճանապարհով մի կերպ դուրս եկանք։ Խնամուս աչքերն էլ լավ չի տեսնում, մի կերպ քշելով մեզ դուրս բերեց։ Մամաս 90 տարեկան կին, ճանապարհը շատ վատ տարավ, քանի անգամ վատացավ։ Լաչինի անցակետի մոտ խնամուս չթողեցին անցնի, զինապարտության տարիքից դուրս չի եկել։ Ասեց. «Բա էս ծեր կնոջը ո՞նց թողնեմ, ի՞նչ անենք»։ Զենքը, անձնագիրը թողեց, մեզ անցկացրեց ու հետ դարձավ։ Գորիսի Շինուհայրում մեզ դիմավորեցին, սկզբում ապաստանեցինք մեր ծանոթներից մեկի տանը, մեզ հանգստացրեցին․․․ Գորիսի ոչ մի հյուրանոցում տեղ չկար, վերջը Տաթեւում ինձ ու մորս համար տեղ գտնվեց։ Մոտ մի ամիս մնացինք էդ հյուրատանը։ Անընդհատ իջնում էի Տաթեւի վանք, մոմ վառում, խաղաղության համար… Մամայի 90-ամյակը Տաթեւում, փախստականի կարգավիճակում նշեցինք։ Տորթ պատրաստեց գյուղապետի կինը, ապրեն բոլորը… Մենք ուրիշ ձեւ էինք նշելու իր 90-ամյակը, ինչ իմանայինք…

Հիմա թող գնան, տեսնենք, թե ինչպես պիտի ապրեն թուրքերն էդ լեռներում։ Իրենց տարածքները միշտ եղել են հարթ, պայմանները՝ լավ։ Հիմա որ մտնում են գյուղ, վիդեոների մեջ ասում են, թե. «Էս ինչ դրախտ ա, էս ինչ քաղցր խաղող ա, էս ինչ ապրելու տեղ ա», բա դա ստեղծելու չարչարանքը՞։ Դե թող ստեղծեն՝ տեսնեմ։

* * *

Մեծ Թաղերը ոչ միայն Հադրութի, այլեւ ամբողջ Արցախի ամենամեծ գյուղն էր։ Մինչ Արցախյան երկրորդ պատերազմն այն ունեցել է ավելի քան 1 500 բնակիչ։

Ըստ ավանդության՝ գյուղն իր անունը ստացել է ձորերով իրարից առանձնացած տարբեր թաղերի պատճառով, որոնք գյուղի չորս մեծ քարաշեն կամուրջների կառուցմամբ միավորվել են, ինչից հետո բնակավայրը ստացել է Մեծ Թաղեր անունը։ Այն նաեւ կոչվել է Նոր Թաղեր կամ Թաղլար։ Ժամանակին այստեղ են հաստատվել հայեր պատմական Խաչենի Ակնա բնակավայրից, ինչպես նաեւ հարեւան Հին Թաղերից եւ Հարոսից։

Թեեւ Մեծ Թաղերի հիմնադրման մասին հստակ տեղեկություններ չկան՝ տարեց թաղերցիները նշում են, որ գյուղը հիմնադրվել է 10-րդ դարում եւ ի սկզբանե կոչվել Կաժ։
Մեծ Թաղերը Մեծ Թաղերը

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA


Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր նշանավոր «Արցախ» աշխատության մեջ Մեծ Թաղերը հիշատակում է Վարանդայի գավառին նվիրված բաժնում.

«Հիմնուած է այն սարի հարաւահայեաց լանջի վերայ, որ իբր լեռնաբազուկ սկսուած է Փոքր-Քիրս սարից եւ երկարած մինչեւ Դրախտիկ։ Բնակիչք տեղափոխուած են այստեղ Հին-Թաղլարից»։ Ըստ հեղինակի հաղորած տվյալների՝ 19-րդ դարի վերջին Մեծ Թաղերն ուներ 2470 բնակիչ, որոնց սպասարկում էին 4 քահանաներ։ Նույն ժամանակաշրջանում գյուղն արդեն ուներ առանձին վարժարան, որը նախատեսված էր միայն տղաների համար եւ ուներ շուրջ 50 աշակերտ։
 
1897 թ.-ին «Ազգագրական հանդես» պարբերականում Վարանդային նվիրված թողարկման մեջ Երվանդ Լալայանը նշում է. «Բնակիչները բոլորն էլ լուսաւորչական հայեր են, 530 ծուխ, 1781 արակ. 1459 իգ. տեղափոխուած Հին Թաղլարից: Պարապում են գլխաւորապէս երկրագործութեամբ եւ որովհետեւ հողը մեծ մասով աւազոտ շատ քիչ եւ պակաս արդիւնաբեր է, ուստի եւ պարապում են նաեւ ածխագործութեամբ: Եւ պետք է ասել, որ Շուշեցիների գործածած ածխի ամենամեծ մասը թաղլարեցիներն են հայթհայթում: Ամառը պարապում են ե՛ւ թթենիների մշակութեամբ եւ օղեհանութեամբ»։
Մեծ Թաղերի Հալեւորի կամուրջը Մեծ Թաղերի Հալեւորի կամուրջը

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA


Մեծ Թաղերի տարածքում է գտնվում Շմաջրի բերդը, 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, 17-րդ դարով թվագրվող Մարխաթուն վանքի ավերակները եւ Հանգած եղցե անունով հայտնի եկեղեցին։

Մեծ Թաղերում գործում էր 2004-ին հիմնադրված գյուղի թանգարանը, գյուղն ուներ դպրոց շուրջ 250 աշակերտով։ 2012 թվականին այստեղ բացվել էր Արցախյան շարժման ազատամարտիկներին նվիրված հուշահամալիր, որը հիմնովին ավերվել է ադրբեջանցի զինվորների կողմից 2020 թվականին գյուղի գրավումից հետո։

Վերջին պատերազմին Մեծ Թաղերն ունեցել է 27 զոհ, որոնցից 2-ը քաղաքացիական անձինք։

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին