«Մամա, ես քինիմ». մանկություն, պատանեկություն ու մայրություն «Գռադ»-ի տակ - Mediamax.am

exclusive
4176 դիտում

«Մամա, ես քինիմ». մանկություն, պատանեկություն ու մայրություն «Գռադ»-ի տակ


Լուսանկարը` Hetq.am

Փիրուզա Եգիյանը
Փիրուզա Եգիյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փիրուզա Եգիյանը՝ մոր հետ
Փիրուզա Եգիյանը՝ մոր հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Փիրուզա Եգիյանը
Փիրուզա Եգիյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նորաշենը
Նորաշենը

Լուսանկարը` Սամվել Կարապետյան/RAA

Լուսանկարը` Սամվել Կարապետյան/RAA


Հադրութցի Փիրուզա Եգիյանը անչափահաս որդու ու տարեց մոր հետ 2020-ի սեպտեմբերի 27-ից ի վեր ստիպված է եղել ապաստանի փնտրտուքի մեջ մեկ վայրից մյուսը տեղափոխվել 4 անգամ։ Նրա 15-ամյա որդին արդեն երկրորդ անգամ է ստիպված հաղթահարել հետպատերազմյան սթրեսի ծանր հետեւանքները, երկու անգամն էլ՝ գրեթե ինքնուրույն։ Փիրուզայի պատանեկության չմոռացվող հիշողությունները նույն ժանրից են․ամենահիշվողը Հադրութի հին եկեղեցին է, որն առաջին պատերազմին ամիսներ շարունակ տուն էր ու ապաստարան իր պես բազմաթիվ հադրութցի երեխաների համար։

Տեղահանված հադրութցիների հետ բազմաթիվ հանդիպումների արդյունքում համոզվեցինք, որ թեեւ խաղաղ բնակչության տարհանումը կազմակերպվել է պատերազմի հենց առաջին օրից՝ Ապրիլյան պատերազմի օրինակն, ինչպես նաեւ ռազմաճակատի իրավիճակի վերաբերյալ մատուցվող հակասական տեղեկատվությունը կամ լռությունը շատերին է ապակողմնորոշել, ինչի հետեւանքով ոչ բոլորն են գիտակցել երեխաներին, կանանց ու ծերերին տարածքից շտապ տարհանելու կարեւորությունը։ Արձանագրենք նաեւ, որ տեղահանված երեխաների ու կանանց անհրաժեշտ հոգեբանական աջակցությունը պատասխանատու կառույցների կողմից ոչ միշտ է իրականացվել համակարգված ու հետեւողական կերպով։

Փիրուզա Եգիյանը՝ մոր հետ Փիրուզա Եգիյանը՝ մոր հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին կռվի ժամանակ 15-16 տարեկան էի հազիվ։ «Գռադ»-ի տակ դպրոց էի գնում-գալիս, չէի վախենում։ Հիշում եմ՝ պապս որսորդական հրացանով էր գնում կռվի, զենք չկար։ Գնում էր, ինձ էլ պաչում էր, ասում էր. «Քեզ պաչեմ, նոր գնամ, դու խեր ես»։ Իրոք էդպես էր։ Սպասում էի ես իրան, քանի-քանի անգամ մահից փրկվել ա, միշտ ասում էր. «Մատաղ ինիմ, դու խեր ես, քեզ պաչալըմ սաղ սալամաթ եկալըմ տուն»։

3-4 ամիս եկեղեցու մեջ ենք ապրել, երեք տարի նկուղներում, մի տարի Մեծ Թաղերում։ Էն ժամանակ ոչ ոք դուրս չի եկել Հադրութից։ Եկեղեցում բոլոր հարեւանները մեր էնտեղ, դոշակները փռած, զրույց անելով... Իրար հետ անցկացրինք էդ օրերը։ Մեկ-մեկ բրինձ, որոշ բաներ հավաքած, ի՞նչ կար, որ ինչ ուտեինք։ Հենց ռմբակոծության ձայնը լսում էինք՝ դուրս էինք թափվում, որ տեսնենք, թե ո՞ւմ տունն են խփել։ Չէինք վախենում էն ժամանակ։ Սա արդեն երրորդ պատարազմն ա, հիմա մի հատ կողմնակի ձայն եմ լսում, պատուհանի ճռոց եմ լսում՝ վախով դուրս եմ գալիս, թե կարող ա՞ կրակում են։

1992-ի օգոստոսի 15-ին առավոտ 5-ից մինչեւ իրիկունը 5-ը Հադրութը ռմբակոծվեց, հիշում եմ, էդ օրը մի կտոր հաց չենք կերել, բայց մեր տղեքը պոստերը պահել են, մենք էլ դուրս չենք եկել։ Դիմացել ենք։ Ամեն տարի էդ օրը նշել ենք։ Միշտ ասել ենք. «Հերոս քաղաք Հադրութ»։

Հին Նորաշենի նոր կյանքը

Հադրութում ծնվել, Հադրութում մեծացել, դպրոց գնացել, հետո եկել եմ Ստեփանակերտ սովորելու, մասնագիտությամբ տնտեսագետ եմ։ 2000 թվին ամուսնացել եմ, ամուսինս խծաբերդցի է, սկզբում Հադրութ քաղաքում էինք ապրում, հետո երբ արդեն Նորաշենում վերաբնակիչներ էին հավաքում՝ մենք էլ գնացել ենք էնտեղ բնակվել։ Գյուղում քանդված տներ էին, մեկի կտուրը չկար, մեկի պատն էր քանդված, էդպես դրել սարքել են։ Լավ տներ են սարքել, դպրոց են սարքել, լավ բուժկետ, շատ լավ էր... Սիրուն, կոկիկ մեր գյուղը։ Լույսերը քաշել են գյուղի, արդեն բոլոր փողոցները լուսավոր... Հենց մեր տան վերեւը Նորաշենի եկեղեցին էր, հին, շատ լավ եկեղեցի էր, բայց պատերը լրիվ քանդված։ Առաջին պատերազմին ռմբակոծել, ավերել են։ Մարդիկ բարձրանում էին միշտ ուխտի։ Էս վերջերս բարերար էր գտնվել, սարքելու էին... Մեր եկեղեցին... Չվայելեցինք։
Փիրուզա Եգիյանը Փիրուզա Եգիյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


10 կով թողել ենք, հավերը, հնդկահավերը... Դուրս գալու օրը հորթերը հանել, ջուրը դրել եմ գոմումը, որ ծարավ չմնան։ Մենակ էդ ենք հասցրել։ Շանն էլ կերակրել, նոր եմ եկել, ռմբակոծության տակ... Բա ի՞նչ անեմ, կենդանի ա։ Մամաս ասում էր. «Գոնե մի բան վերցնենք ուտելու», ես էլ նոր հաց էի թխել ջեռոցում, չվերցրինք։ Մտածել ենք՝ դե լավ, երեւի Ապրիլյան պատերազմի նման մի քանի օրից հեսա հետ կգանք։ Վերջ, էդ դուրս գալն էր, որ դուրս եկանք։ Մաման էլ էդ իրիկուն պահածոները սարքել, շարել էր, ո՞վ կմտածեր...

Գյուղում մնացողները, գնացող-եկող տղամարդիկ ասել են, որ Նորաշենը շատ փիս ռմբակոծել են։ Մեկն էլ տեսել էր, որ մեր տունը տրաքացրել են։ Շատ ազդվեցի... Բայց ես պիտի իմ աչքովս տեսնեմ։ Ես կգնամ, մեր բակում մի վրան էլ կխփեմ, մի բան կսարքեմ, կմնամ, մենակ թե մեր գյուղը լինի։

«Թուրքերը անտառով արդեն գալիս են, պիտի տյուս կյաք»

Ամսի 27-ին առավոտ շուտ դրմբոցը հենց լսեցի՝ առաջինը զանգել եմ ամուսնուս Ջաբրայիլ, տղաներիս, ոչ մեկը չի պատասխանում։ Վախեցա։ Ռումբերն էլ իրար հետեւից պայթում են մեր տան վերեւում։ Դռնից բռնել եմ պինդ-պինդ, իբր դա ինձ պիտի օգնի էլի, դե էդ պահին էդպես եմ մտածել։ Մի ժամից նոր ամուսինս զանգեց, բա թե. «Կռիվը սկսալ ա»։ Մեր գյուղում էլ ներքնահարկ չկա, ամուսինս ասեց, որ գնանք Հադրութ՝ մամայիս տուն, գոնե ներքնահարկում թաքնվենք։ Զանգում եմ տաքսի, ոչ մեկ չի գալիս։ Ամուսինս վերջը զանգեց գյուղապետին, թե. «Մենք պոստը կանգնած ենք, գոնե մեր խոխեքին տեր կանգնեք»։ Ապրեն, ավտո ու վառելիք տրամադրեցին, տարան մեզ Մեծ Թաղեր գյուղը, որպես ավելի ապահով տեղ։ Ասեցին՝ «Անօդաչուի համար ի՞նչ նկուղ, ի՞նչ բան, Հադրութ էլ ապահով չի, Մեծ Թաղեր սնարյադ ընկել չի, մնացեք, մինչեւ տենանք»։ Ասեցի՝ դե լավ, ի՞նչ անեմ...

Երեք շաբաթ մնացինք։ Բոլորը քոչում են, փախչում են, ավտոբուսները Երեւանից գալիս են, թե. «Եկեք, տանում ենք»։ Ասում էի՝ չէ, ես չեմ գնա, իմ տղեքս էստեղ, մարդս էստեղ, ես ո՞ւր քինամ։ Փոքր տղաս լացում էր. «Մամա, վախում եմ, ես քինիմ Երեւան»։ Բայց ես Հայաստանում ոչ մեկ չունեմ, ո՞նց ուղարկեմ խոխիս, ո՞ւմ տուն ուղարկեմ, բարեկամ չունեմ։ Երեք շաբաթվա վերջը տեսանք, որ գյուղը մարդ չի մնացել, ես եմ, մամաս, տղաս, ավտոմատով մի քանի տղամարդիկ։ Զանգել եմ ամուսնուս, թե՝ ի՞նչ անեմ։ Ասեց. «Թուրքերը անտառով արդեն գալիս են, պիտի տյուս կյաք»։ Ինքը հրամանատարից խնդրվեց, գիշերը 2-ին եկավ, մեզ տարավ մինչեւ Լաչին, ինքը ետ դարձավ։
Փիրուզա Եգիյանը Փիրուզա Եգիյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սկզբից Բռուն ենք գնացել, չեմ ուզել Երեւան, ասել եմ՝ թող Ղարաբաղին մոտիկ լինենք։ Ծանոթ կար էնտեղ, ամուսինս զանգեց խնդրեց, որ օգնեն, երեք շաբաթ ապրել ենք, դե փոքր են եղել իրենց տները, ամոթ էր։ Հետո եկել ենք Վերիշեն, խնդրել ենք, ասել են՝ տեղ չկա։ Եկանք Գորիսի քաղաքապետարան, որ մեզ մի տեղ տան գոնե, մնալու տեղ չունենք, զանգել են Վերիշեն, ասեցին՝ «Լավ, թող գան»։ Մի ամիս մնացել ենք մանկապարտեզի շենքում։ Կռիվը որ վերջացավ՝ ստեփանակերտցիները, մարտունեցիները ետ են դարձել, հադրութեցին տեղ չունի։ Հետո եկել ենք էս հյուրանոցը, նորից խնդրել ենք, որ գոնե ժամանակավոր մնանք։ Ամուսինս գնացել է Ստեփանակերտ տուն գտնի, դեռ տեղ չկա։

Լուսանկարը` Hetq.am


Փոքր տղաս շատ փիս վախեցած էր։ Քանի օր չէր խոսում, չէր շփվում, չէր ուտում։ Ձեն էր լսում՝ մտնում էր տունը, շատ փիս սթրես տարավ։ Դե 2016-ի պատերազմն էլ տեսավ, ավելի փոքր էր, ուժեղ սթրես տարավ։ Հենց իրա ծնդունդի օրն էլ եկել ենք Գորիս։ Հիմա արդեն ոչինչ, ինքը իրան հավաքել ա, բայց Մեծ Թաղերում ընդհանրապես ոչ ուտում էր, ոչ խոսում։ Բոլորն ասում էին՝ «Ղարկի Երեւան, մեղք ա խոխան, հոգեկանը կխանգարվի»։ Ասում էի՝ այ բալամ, ես ընդեղ ո՞վ ունիմ, ո՞ւմ մոտ ղարկեմ։ Մյուս երկու տղաներս էլ սահմանում, ոչ էս երեխային էի ուզում էս վիճակում պահել, ոչ էլ կարողանում էի մյուս երկուսից հեռու գնամ։ Երկու քարի արանքը։ Ամեն օր հույս եմ ինձ տվել, որ էսօր կկանգի կռիվը, վաղը կկանգնի։ Որ տեսա գնալով ավելի ա վատանում... Եկանք։

Հիմա էլ երեխաներիս համար եմ ուժեղ մնում, հույսով մնում, իրանք են ինձ դուխ տալիս։ Էդ կովերը, խոզերը պահում էի իրանց համար, չարչարվում, ասում էի՝ երեք տղա են, կպսակվեն, կծախեմ, քյոմակ կանենք։ Էն էլ...

«Հադրութը թուրքերի տեղը չի»

Ես կռիվ չեմ ուզում, ես էլ տղաներ ունեմ, խոխեքը մեղք են, բայց թուրքերը պիտի Հադրութից դուրս գան։ Ախր, Հադրութը իրանց տեղը չի։ Ես չեմ հավատում, որ իրենց հետ կարելի է նորմալ ապրել։ Գնաս ապրես, մի գիշերում գան սպանեն... Չէ, չէ, անհնար է։

Նորաշենում ծեր մի մարդ անհայտ կորավ, ասում են, որ սպանված ա։ Մեր հարեւանն ա եղել, շատ լավ մարդ, իրենք բնիկ նորաշենցի էին, վերաբնակ չէին։ Իրա ընտանիքը Հադրութ էր մնում, ինքը ասում էր, թե. «Հադրութ գնում եմ ի՞նչ անեմ, ստեղ կով եմ պահում, բոստան եմ պահում»։ Ինքն էլ աշխատավոր մարդ, ամեն օր եկել ա Հադրութ, չայ խմալ, զրույց արալ, եկալ գյուղ իրա կովը բերալ, բոստանը աշխատալ։

Պատերազմի ժամանակ, որ տղամարդիկ մնացել են գյուղում՝ ինքն էլ ա էնտեղ եղել։ Հետո մի օր ինտերնետում նկարը տեսնում եմ, որ էդ մարդը կորալ ա։ Ասում եմ՝ էս մեր Շուրիկն ա, ո՞ւր պիտի կորչի էս մարդը։ Հետո լսել ենք, որ եկել ա հասել մինչեւ Սիսիան, հետո հիշել ա, թե. «Կովը թողել եմ գոմը, սոված ա»։ Ո՞նց ա հետ գնացել գյուղ, ո՞նց ա անցել թուրքերի միջով, ես էլ եմ զարմանում։  
Նորաշենը Նորաշենը

Լուսանկարը` Սամվել Կարապետյան/RAA


Հադրութում ժամանակին մի 10 ընտանիք ադրբեջանցիներ են եղել մինչեւ Շարժումը։ Բայց գործի համար եկած բնակված մարդիկ են եղել, տեղացի չէին։ Ասենք՝ տաքսու վարորդ, դասատու։ Իրանցից մեկի աղջիկն էլ իմ դասարանցին էր, Սուսաննան։ Մենք ռուսական դպրոցում ենք սովորել, ինքն էլ շատ լավ հայերեն խոսում էր։ Իրա մաման ուսուցիչ էր աշխատում գյուղում։ Շարժումը սկսվեց, իրանց ասեցին՝ պիտի դուրս գաք։ Էդ մարդիկ ասեցին. «Մենք ձեզ վատություն չենք արել, ինչի՞ համար»։ Բայց որ արդեն թուրքերը հանել են հայերին իրենց տարածքներից, իրանք էլ պիտի դուրս գային։ Բայց դե էդ ընտանիքները լավ ժողովուրդ էին, վնաս չեն տվել մեզ։ Գնալուց էլ մերոնք իրանց չեն նեղացրել, ես լավ հիշում եմ, վնաս չեն տվել, թողել են, որ իրանք իրանց ամեն ինչը նորմալ հավաքեն ու գնան։ Իսկ հիմա մենք ո՞ւր գնանք։
 
****

Մինչ Արցախյան երկրորդ պատերազմը Նորաշենն ուներ 35 տուն՝ շուրջ 150 բնակչով, նրանց զգալի մասը վերաբնակներ էին։ Նորաշենը Հադրութի շրջանի քիչ գյուղերից էր, որտեղ ազատագրումից հետո իրականացվել է վերաբնակեցման ծրագրեր։

Խորհրդային տարիներին տեղաբնիկ հայերի հետ Նորաշենում բնակվում էին նաեւ ադրբեջանցիներ, թեեւ նրանց թաղամասը հայկականից բավականին առանձնացված էր։ Ազատագրումից հետո բացի բնիկ նորաշենցիներից գյուղում հաստատվեցին նաեւ բազմաթիվ վերաբնակներ թե՛ Արցախի տարբեր անկյուններից, թե՛ Հայաստանից։ Հայերի նորակառույց տները, սակայն, հին Նորաշենի հայկական կողմում էին, իսկ ադրբեջանաբնակ հատվածը մնացել է գրեթե չբնակեցված։

Լուսանկարը` Սամվել Կարապետյան/RAA


Գյուղում եղել է 19-րդ դարի հայկական եկեղեցի, որն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մի քանի անգամ թիրախավորվել է «Գռադ» կայանից։

Ըստ Մակար Բարխուդարյանցի՝ 19-րդ դարի վերջին եկեղեցին դեռ օծված չէր․  

«Բնակչաց մի մասն բնիկ եւ միւս մասն գաղթած Ղարադաղից, հողն բէկական, խիստ սակաւ, եւ նուազ արդիւնաբեր, պատուական օդն, կլիման, ջուրն եւ տեսարանն․․․Եկեղեցին նորաշէն եւ տակաւին առանց օծելու։ Քահանայ մի. ծուխ 20, բնակիչ 225»:

Նորաշենը Ռուսական կայսրության կազմում նախ Բաքվի նահանգի Շուշի գավառի (1868-ից՝ Ելիզավետպոլի նահանգի մաս), ավելի ուշ՝ Ելիզավետպոլի Ջաբրայիլի գավառի մաս է կազմել, ԽՍՀՄ շրջանում՝ ԼՂԻՄ-ի Դիզակի/Հադրութի շրջանի։ Ադրբեջանական կողմի վարչական նոր բաժանմամբ տարածքը համարում են Ադրբեջանի Խոջավենդի շրջանի մաս։  

Չնայած նախկինում մեծամասամբ ադրբեջանաբնակ լինելուն՝ Նորաշենը  ո՛չ խորհրդային շրջանում, ո՛չ մինչ այդ անվան ադրբեջանական տարբերակ չի ունեցել։ Ադրբեջանի խորհրդարանը միայն 1992-ին գյուղի անունը գրանցել է որպես «Գյունեշլի», թարգմանաբար՝ «արեւոտ»։

Գյուղի գրավման մասին Ադրբեջանում պաշտոնապես հայտարարեցին 2020-ի հոկտեմբերի 20-ին։

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին