Տումին՝ տիկին Նունեի երջանկության հանգրվանը - Mediamax.am

exclusive
8508 դիտում

Տումին՝ տիկին Նունեի երջանկության հանգրվանը


Նունե Դանիելյանը
Նունե Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նունե Դանիելյանը
Նունե Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նունե Դանիելյանը
Նունե Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ադրբեջանցիները սոցցանցում նկար են հրապարակել տիկին Նունեի տնից
Ադրբեջանցիները սոցցանցում նկար են հրապարակել տիկին Նունեի տնից

Լուսանկարը` Մեդիամաքս

Նունե Դանիելյանը
Նունե Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA

Տիկին Նունեի տունը Տումիում
Տիկին Նունեի տունը Տումիում

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA


63-ամյա Նունե Դանիելյանը Հադրութի շրջանի Տումի գյուղից դուրս եկող վերջին երեք կանանցից մեկն էր։ Երկար տարիներ Ռուսաստանում բնակվելուց հետո ընտանիքը որոշել էր հայրենադարձվել եւ վերականգնել կապը հայրենի գյուղի հետ։ Տիկին Նունեն խոստովանում է՝ Երեւանում եւ Ռուսաստանում երկար տարիներ ապրելուց հետո իր խաղաղությունն ու երջանկությունը գտել էր հենց Տումիում։ Հրաշագեղ Տումիից, սակայն, հագենալու ու կարոտն առնելու համար ժամանակը սպասվածից ավելի սահմանափակ էր...
 
«Ամուսնուս կողմը բնիկ տումեցի են, իրենց տոհմածառը մենք ունենք, մինչեւ 11 սերունդ հասնում է, որ հատ-հատ անունները գիտենք։ Ես ծնվել եմ Իջեւանի Խաշթառակ գյուղում, 1979-ից Տումի հարս եմ։ Չնայած ասում են, որ Խաշթառակի ժողովուրդն էլ 300 տարի առաջ Արցախից են եկել։ Նույնիսկ տղաս ասում է, որ Գյուլիստանի բարբառը ու մեր Խաշթառակինը լրիվ նույնն է, ոչ մի տարբերություն չկա։

Նունե Դանիելյանը Նունե Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամուսնուս հայրը տան փոքր տղան է եղել, երեք եղբայրները սովորել կրթվել էին, իրան հայրը չի թողել, ասել է. «Ի՞նչ ես անելու, դու գնա կովը պահի»։ Ինքը կենդանիներին տանում էր արածեցնելու, թաքուն իջնում էր գյուղի դպրոցը դաս սովորելու։ Էդպես հետո եւ՛ Շուշի, եւ՛ Բաքու երկու բարձրագույն կրթություն էր ստացել։ Հետո եկել Վայոց ձորի գյուղերից մեկում բնակվել, աշխատել են, փողը հավաքել են, եկել Հադրութի իրանց տունը էլի շենացրել, առել դրել են, հատիկ-հատիկ։ Իր տետրում գրած էր․Կաթսա առանք, էս առանք, էն առանք։

Մենք երբ Ռուսաստան գնացինք՝ Տումիում սկեսուրս մենակ էր ապրում, տունն էլ արդեն շատ հին էր։ Բայց հետ վերադարձանք, տղաս ասաց. «Չէ, մեր պապական տունը սարքելու եմ»։ Սարքեց, մեծ հաճույքով, մեծ դժվարությամբ։ Ինքը շատ հաճույքով էր դա անում,  որովհետեւ շատ էր սիրում իր տունը, իր գյուղը...
Տիկին Նունեի տունը Տումիում Տիկին Նունեի տունը Տումիում

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA


Շատ գյուղացիներ ասում էին, որ մեր ընտանիքը դրսից վերադարձավ, տուն սարքեց՝ մարդիկ ոգեւորվել էին, մեզանից հետո շատերը սկսեցին նորից շինարարություն անել, հույսով են լցվել, դրա համար մեր ընտանիքին շատ ուրիշ ձեւ են վերաբերվել։ Դուռը կբացեիր՝ թարմ ձու կտեսնեիր դրած, չգիտես էլ՝ ով բերեց դրեց, կամ մեղրը քամելու ժամանակ... Նույնը։ Տումիի էդ ջերմությունն ուրիշ էր։ Անգամ էս ամեն ինչից հետո, որ Խծաբերդն ու Հին Թաղերը գիտեինք, թե պիտի մնա՝ տղաս որոշել ու արդեն խոսացել էր, որ Խծաբերդում տուն դնենք։ Էն էլ...    

«Որ երկրորդ Նախիջեւան չդառնա»

Տումին Շարժումից հետո է ծաղկում ապրել։ Առաջ դժվար է եղել, բայց հիմա մարդիկ դուրս չէին գալիս, արդեն մնում աշխատում էին, խոպան գնացող չկար Տումիում։ Էն ժամանակ, որ մի գյուղում թեկուզ մի հատ կամ երկու հատ թուրք էլ լիներ՝ նրանց համար անգամ Բաքվից ավտոբուսը կգար կհասներ, մնացած գյուղերը խուլ, ճանապարհները՝ առանց ասֆալտ։

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA


Գնացքով գնում էինք, Հորադիզից թուրքի տաքսի պիտի բռնեիր մինչեւ գյուղ, գնալ-գալը ամբողջ օր տեւում էր։ Նույնիսկ մի անգամ, տես, թե ինչ վիճակի մեջ էինք ընկել․ամուսնուս հետ Հորադիզ իջանք, էն ժամանակ մենակ գնացք կար, ավտոբուս չկար Երեւան գնացող, տրանսպորտ չկար, որ գնայիր անգամ Ստեփանակերտ։ Հիմա հասել ենք Ֆիզուլի, թուրքերը կանգնած նայում են մեզ, ամուսինս լսեց, որ սրանք ասում են. «էս տղու գլուխն ուտենք, էս աղջկան էլ օգտագործենք»։ Արագ ավտո բռնեցինք, գնացինք հասանք Տումի։ Այ էդ ամեն ինչը Սովետի ժամանակ էր։ Իսկ Տողը, որ կեսը թուրք էր՝ տրանսպորտը գալիս էր, ճանապարհները սիրուն ասֆալտապատ, պրոբլեմ չունեին։ Նույնիսկ իմ սկեսրայրը, որ ուսուցիչ էր աշխատում, հիվանդացել էր, տեղից տեղ ոտքով գնալ-գալով ոտքերը ցրտահարվել էր, ձյան մեջ մնալով... Բայց Տողը մեր աչքի առաջ ծաղկում էր ապրում, որովհետեւ մի մասը թուրքեր էին։
Նունե Դանիելյանը Նունե Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հենց Տողից սկսեց շարժումը։ Մեր Բենոյի մաման Տողում բուժքույր է աշխատել, հիվանդանոցի ղեկավարը ադրբեջանցի էր ազգությամբ, գալիս ասում էր. «Ինչի՞ եք հայերին բուժում, թող տենց մնան»։ Այ էդ աստիճանի... Էդ կնոջ սիրտն էլ ցավում էր, ղեկավարությունից թաքուն մերոնց նայում էր։

Շարժումը փրկեց, որ Ղարաբաղը երկրորդ Նախիջեւան չդառնա։ Ի շնորհիվ մեր ազատամարտիկների, որ կարողացան փրկեն, Հայաստանի հետ սահմանները բացեն, որ գնալ-գալը, շարժը լինի։ Հիմա մարդիկ ապրում էին, գոհ էին։ Անասնապահություն են արել, արտեր ունեին... Արտերը հիմնականում Ֆիզուլի էին։ Ցորեն, գարի, կտավատ։ Հիմա մեր տղաներից որոնողական աշխատանքներին մասնակցողները գնացել են մեր գյուղ, ասում են՝ մեղվի փետակներն էլ են ջարդել։ Ամենահամով մեղրը Տումիից ա միշտ դուրս եկել...

7։15-ը...
 
Առավոտ 7։15... Էդ իմ մտքից երբեք չի գնա։ Գյուղը չորս կողմը սարեր են։ 7։15 սկսեց կրակոցները, չորս կողմով լսվում էր։ Հարեւանս ներքեւից ձեն տվեց, թե. «Էս ի՞նչ ա պատահել»։ Ասում եմ. «Սիլվա, գլխի չե՞ս, թե ինչ ա»։ Էդ չեմ մոռանա։ Ծուխը չէինք տեսնում, մենք հեռու էինք, բայց ձայնը... Չգիտեի, թե որ կողմից է գալիս։ Հետո տղաս էլ որ առաջին գծում էր՝ անընդհատ ասում էի. «Ո՞ր կողմից ա գալիս, որտե՞ղ են կրակում»... Տղաս Երեւանից էր գնացել կամավոր, հենց առաջին օրից։ Մինչեւ վերջին օրն էլ մնաց։  

Երկու անգամ բարեկամ տղերքը Տողից եկել ասել են, որ դուրս գամ... Լացել եմ, չեմ գնացել։ Ասում էի՝ փախնելը միշտ էլ կա, որ տեսնենք թուրքը գալիս ա՝ կմտնենք անտառ, գյուղացիները ճամփեն կիմանան, մինչեւ Գորիս ոտքով կգնանք։
Նունե Դանիելյանը Նունե Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գյուղի ժողովրդին դուրս բերելու համար հենց առաջին օրից մարդ էր եկել, սպիտակ ավտոներով, դրոշներն էլ վրան։ Ես էլ ասում էի, թե ոչ մի կռվի ժամանակ թուրքը չի մտել էս գյուղը, ինչի՞ եք գնում, գյուղում կին ու երեխա չլինի՝ զինվորի համար գյուղը պաշտպանելը անիմաստ կդառնա։

Հետո զանգ եկավ, որ տղաս վիրավորվել ա, եկել էր Տող վիրակապվելու։ Էդ բուժքույրը աղջկաս ասել էր. «Ախպերդ եկավ, ձայնից ճանաչեցի, որ ինքն ա»։ Էնքան փոշու, կեղտի մեջ էր, անճանաչելի, ոտքերը մազոլների մեջ... Համոզում էին, որ իջնի տուն, լողանա, հանգստանա, չէր ուզում։ Վերջը կռվով դավով համոզել են, եկավ, մյուս առավոտ էլի վեր կացավ, գնաց։ Ես լացելով ճանապարհեցի իրան... Գյուղի տղամարդիկ բոլորն էլ գնացել են կռվին, ով էլ եթե թաքնվել ա՝ Աստված իրանց հետ։

«Մամա, նռնակ եմ դնում դռան տակ, դուրս ենք գալիս»

Ամսի 10-ին լսեցինք, որ հրադադար եղավ՝ ուրախացանք։ Ուրախ-ուրախ գնացի հարեւանիս տուն, որոշեցինք գնանք իրանց հեռու այգին, պոմիդոր հավաքենք։ Կրակոցների ժամանակ անգամ ուտելդ չէր գալիս, լոբին այգում փչանում էր։ Սպասում էինք կրակոցները վերջանան՝ հանգիստ խղճով գնանք բոստանը գործ անենք։

Հարեւանս զանգեց ամուսնուն, ինքը Հադրութում էր, լսեց մենակ, որ ամուսինն ասեց. «Տղանե՛ր, դիրքավորվեք»։ Էս կինը շատ վատ զգաց։ Զանգեց Թաղասեռ, որ տեսնի, թե ինչ ա պատահել, էնտեղից ասեցին. «Ի՞նչ պիտի լինի, թուրքերը մտել են, հեսա մեր գյուղն էլ տները վառում են»։ Լսեցինք, որ արդեն Հադրութ են մտել, բայց ես էլի մարդկանց ասում էի. «Համբերե՛ք, մի՛ դուրս եկեք, թուրքերը մտել են, բայց մերոնք դուրս կհանեն ոնց էլ չլինի»։ Բայց Արայիկ Հարությունյանի վիդեոն որ տեսա, էն որ ինքը ճանապարհի վրա տղաներին ոգեւորում էր Հադրութում, զգացի, որ ինքը ոգեւորում էր, բայց ինքն իր մեջ էդ ոգեւորությունը չէր գտնում։ Այ էդ ժամանակ հասկացա, որ վիճակը էն չի։

Դրանից հետո ԱԹՍ-ները սկսեցին շուտ-շուտ գալ։ Հադրութից մեր ծանոթը իր ծեր բարեկամներին բերել էր Տումիում պահեր, գնացի, որ տեսնեմ, ինչի կարիք ունեն։ Տեսա, որ էդ մարդը հենց ինձ նկատեց՝ արագ բարձրացավ վերեւ, ինձանից խուսափեց։ Հասկացա, որ չի ուզում ինձ ասի, որ վիճակը վատ է, փախավ, որ հարցեր չտամ։

Արդեն ամսի 14-ն էր, ճանապարհին կանաչ լոբին ձեռս հավաքած գնում էի, մեր բարեկամները ավտոյով եկան, թե բա. «Վերջ, դուրս ես գալիս»։ Լացեցի... Ասեցի՝ չէ, չեմ ուզում... Ասեցին, թե՝ «Արդեն Տողի տակ են հասել, բոլորը դուրս են եկել, դու մնում ես ի՞նչ անես»։ Մյուս օրը ինձ բերեցին Մեծ Թաղեր, մինչեւ Տող արդեն չէին գնում մեր մեքենաները, Տողը շրջանցելով դեպի Մեծ Թաղեր գնացինք, գիշերը ծանոթի տանը մնացի, էդ տան կանայք ու երեխաները արդեն դուրս էին եկել, առավոտ շուտ տղաները ինձ ավտոյով ճանապարհեցին Գորիս։ Էդ գիշեր ռմբակոծությունը արդեն հասել էր Թաղլարի տակ։

Ճանապարհին անընդհատ լացել եմ, համ տղայիս համար, համ մեր գյուղի, բայց տան համար չեմ մտածել... Էդ երեխեքի համար, որ կռվում էին ու... Մեռնում էին... Ես զգացել եմ էդ ժամանակ, որ էլ չեմ գալու իմ տուն։ Ամսի 21-ին տղես զանգեց, ասեց... «Մամա, նռնակ եմ դնում դռան տակ, դուրս ենք գալիս»...

«Մի օր գնալու եմ, թուրքի աչքերին նայելով ասեմ՝ էս իմ տունն ա, դու ստեղ ի՞նչ ես անում»

Տումիից Մկարանց Սերժիկը, Սերոբը, մի հատ էլ կին կար, որ ադրբեջանցիները սպանել են։ Ասում են՝ Մեծ Թաղերի գերեզմանները հողին են հավասարեցրել... Ամուսինս ժամանակին դրսից հատուկ փող էր ուղարկում, որ գյուղում գերեզմանները խնամեն։ Իր մաման, պապան, պապը, բոլորը էնտեղ են։ Գերեզմանները մնաց...

Ամեն գյուղից առնվազն 2-3 հոգի կա կորած կամ սպանված։ Հաշմանդամություն ունեցողներ են եղել, կամ ծեր մարդիկ, որ իրանց գյուղից չեն ուզել դուրս գան։ Հիմա մարդիկ կան, որ մեծ են, իրանց գյուղից բացի աչքներին բան չի գալիս, տան ճամփեն էլ գիտեն, ընտանիքները վախենում են, որ չհելնեն գնան գյուղի ճամփեն բռնեն, գերի ընկնեն։ Շատերն էլ կան, որ գյուղից դուրս գալուց հետո մարդկանց սիրտը չի դիմացել, հանկարծամահ են եղել մեծերը։
Նունե Դանիելյանը Նունե Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա որոնողականին մասնակցած տղաներից Տումիի մեր Կարմիր վանքից հող էր ուզել աղջիկս, բայց ես չեմ ուզում, էդ ցավոտ հիշողությունը ես չեմ ուզում։ Երեկ թոռանս ծնունդն էր, էդ նույն օրը գյուղի մեր տան վիդեոն տարածվեց, որ թուրքերը մտել, ամբողջը խառնել են։ Գնացինք էրեխու ծնունդը նշելու, նստեցինք, լացեցինք։ Էդ էլ էն թոռնիկս, որ Նոր տարուն ասել էր. «Ձմեռ պապիկից Հադրութի մեր տունն եմ ուզում»։  

Լուսանկարը` Մեդիամաքս


Չգիտեմ Հադրութը նորից մերը կլինի, թե ոչ, բայց եթե մի օր Սովետի ժամանակվա պես ազատ գնալ-գալը լինի՝ գնալու եմ ու էնտեղի թուրքի աչքերին նայելով ասեմ ՝ էս իմ տունն ա, դու ստեղ ի՞նչ ես անում»։

* * *

Տումին Հադրութի շրջանի հնագույն ու խոշոր բնակավայրերից էր։ Ըստ պատմագիրների ու հենց տումեցիների շրջանում տարածված ավանդության՝ գյուղը հիմնադրվել է 15-րդ դարում, երբ Լենքթեմուրի ավերիչ արշավանքներից հետո շրջակա 7 գյուղերի ողջ մնացած բնակիչները միավորվել ու նոր «շեն» են կառուցել նախկին գոմերի՝ «տումե»-ների վայրում։ Վերոնշյալ 7 հին գյուղատեղիների ավերակները մինչ օրս տեսանելի են Տումիի մոտակայքում։

Պատահական չէ, որ Դիզակի մելիքության երբեմնի իշխանանիստ կենտրոն Տումիի բնակիչներն իրենց բազմաթիվ սրբատեղիների անունները կապել են «թագավորի» անվան հետ (օրինակ՝ Թագավորի աղբյուր, Թագավորի խաչ, Թագավորի պալատ, Թագավորի գերեզման, որն, ըստ Մակար Բարխուդարյանցի, Գագիկ իշխանի գերեզմանն է)։ Գյուղի կարեւոր պատմամշակութային հուշարձաններից են 17-րդ դարով թվագրվող եւ ԽՍՀՄ շրջանում պահեստի վերածված Սուրբ Հովհաննես եկեղեցին, Ղլեն քար ամրոցը, Տումիի այցեքարտերից համարվող Ջարվանեսի միաթռիչք միջնադարյան կամուրջն ու իհարկե՝ Կարմիր Խաչ վանքի ավերակները։ Ի դեպ, Կարմիր Խաչի վանքի վրա պահպանված շինարարական արձանագրության քարը պահպանվում է Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում․ «Ի ՆԽԹ թվին (1000 թ․) Հայոց, ի թագատրութեանս տեառն Գագիկա, որդու Մուսէի, ես՝ Սոփի, դուստր Մուսէի, շինեցի տուն Աստուծո»։

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA


Գյուղը 1939 թ․-ին ունեցել է 1786 մարդ բնակչություն, 1959-ին այն նվազել է մինչեւ 1048 եւ գնալով նոսրացել է։ Մինչ Արցախյան երկրորդ պատերազմը Տումիի բնակչությունը հասնում էր 500-ի, վերջին տարիներին նկատելի էր որոշակի ներգաղթ։

Ադրբեջանցիները Տումին կոչել են «Դոմը»՝ Տումի անվանումը նույնականացնելով ռուսերեն «дом» բառի հետ։ Այժմ ադրբեջանցիները կիրառում են գյուղի անվան նորացված՝ «Բինա» տարբերակը, ինչը թարգմանաբար նշանակում է «շինություն»։ Ըստ ադրբեջանական կողմի վարչական բաժանման՝ Տումին համարում են Ադրբեջանի Խոջավենդի շրջանի մաս։
Ադրբեջանցիները սոցցանցում նկար են հրապարակել տիկին Նունեի տնից Ադրբեջանցիները սոցցանցում նկար են հրապարակել տիկին Նունեի տնից

Լուսանկարը` Մեդիամաքս


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հադրութի շրջկենտրոնի ու մի շարք գյուղերի գրավման մասին հոկտեմբերի 9-ի իր հայտարարության մեջ ի սկզբանե նշել էր նաեւ Տումին, թեեւ ավելի ուշ ադրբեջանական աղբյուրները հեռացրեցին այդ տեղեկությունը՝ այդպես էլ հստակ չնշելով գյուղի գրավման հստակ ամսաթիվը։

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին