«Տեսնես մեղուներն ի՞նչ եղան»․ Խանձաձորը՝ նորից «խանձված» - Mediamax.am

exclusive
3028 դիտում

«Տեսնես մեղուներն ի՞նչ եղան»․ Խանձաձորը՝ նորից «խանձված»


1991 Հադրութի բռնագաղթը-Ա․Մկրտչյանի քարտեզ
1991 Հադրութի բռնագաղթը-Ա․Մկրտչյանի քարտեզ

Լուսանկարը` Արթուր Մկրտչյանի կազմած քարտեզը

Կատարո վանքը վերջին տարիներին
Կատարո վանքը վերջին տարիներին
Ռիտա Այվազյանը
Ռիտա Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռիտա Այվազյանը
Ռիտա Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռիտա Այվազյանը
Ռիտա Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռիտա Այվազյանը
Ռիտա Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Սամվել Կարապետյան/RAA

Լուսանկարը` Սամվել Կարապետյան/RAA

Կատարո վանքը 1980 թվականին
Կատարո վանքը 1980 թվականին

Լուսանկարը` Սամվել Կարապետյան/RAA


52-ամյա Ռիտա Այվազյանին Խանձաձորում գիտեին բոլորը․նա զոհված ազատամարտիկ Համբարձում Այվազյանի այրին է, 1990-ականների կրկնակի տեղահանումից հետո վերադարձել էր ազատագրված, բայց ամբողջովին ավերված գյուղ՝ զոհված ամուսնու գերեզմանը չլքելու համար։

Ինչպես եւ բոլոր նման դեպքերում՝ տիկին Ռիտայի հետագա կյանքը, բոլոր որոշումներն ու քայլերը կապվել են զոհված ամուսնու կերպարի հետ, անունը՝ նույնականացվել նրա անվան հետ։

2020-ի աշնանը Խանձաձորը վերջինը լքած Ռիտա Այվազյանն այժմ Հայաստանում է, երրորդ անգամ Խանձաձորից տեղահանվելուց հետո ապագայի մասին հարցերին պատասխանում է լռությամբ։ Չի փոխվել միայն երկու բան․տիկին Ռիտան անկախ ամեն ինչից շարունակում է ժպտալ ու... չվախենալ։

Նոր էի եկել հարս, որ կռիվը սկսվեց։ 25 տարեկան եմ եղել, որ ամուսինս զոհվեց, 1994-ի ապրիլին է զոհվել, մեր գյուղի դպրոցը իր անունով են կոչել. Համբարձում Այվազյան։ Փոքր աղջիկս չգիտի՝ պապան ինչ բառ ա։ Նկարներ ա տեսնում, ուղարկում. «Մամա՛, էս պապան ա՞»։ Ասում եմ՝ հա։ Բայց ինքը չի հիշում...

Երեք պատերազմ եմ տեսել, երեք անգամ տուն եմ դրել։ Խանձաձորը առաջին պատերազմին երկու անգամ տեղահանել են, դուրս ենք եկել, գնացել ենք Հադրութի շրջկենտրոն, երկրորդ երեխաս էնտեղ ա ծնվել։ Ազատագրումից հետո հետ ենք եկել գյուղը, ասել եմ՝ զոհված ամուսնուս գյուղն ա, պետք է մնամ էնտեղ։

Ռիտա Այվազյանը Ռիտա Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամուսնուս ծնողները կողքիս են եղել, տեգրս էլ հատուկ էստեղից տեղափոխվել էր գյուղ, որ զոհված եղբոր երեխաներին տիրություն անի։ Դպրոցի տնօրեն է եղել 25 տարի, աղջիկներիս պահել, մեծացրել, տարել ուսումը շարունակելու։ Էդ երկու աղջիկն ունեմ մենակ, հիմա արդեն թոռներս էլ՝ 4-ը մեկինն ա, 2-ը էն մեկին։
 
«Ամուսինս երազիս գալիս, ասում ա՝ ինչի ես ինձ թողել էստեղ, գնացել»

Խանձաձորը վերջին պատերազմից առաջ մոտ 30-35 ազգ էին, շատը ծեր մարդիկ, դպրոցը 18 աշակերտ ուներ, բայց առաջ, իհարկե, շատ են եղել։ Գյուղում երիտասարդներ շատ են եղել, տեղափոխվել են, դե գյուղը քանի անգամ վառել, դատարկել են...

ՕՄՕՆ-ը, որ մտավ մեր գյուղ՝ ես նոր ամուսնացած էի, մեծ աղջիկս փոքր էր, էն մեկը ծնված չէր, ամուսինս էլ ֆիդայի։ Լսեցինք, որ թուրքերը եկել են։ Իմ սկեսրայրը ասեց. «Հարսը վերցրեցեք, տեղափոխեցեք ծմակը, սարերը»։ Բադասյան Վահանի եղբայրն էն ժամանակ եկավ, ասեց. «Ռիտան հղի ա, կչարչարեն, վերցնենք, մեզ հետ տանենք»։ Իրանց հետ գնացել ենք, թաքստոցում մինչեւ իրիկուն կացել ենք, իրիկունը եկել գյուղ, նորից դուրս եկել հանդի մեջ։ ՕՄՕՆ-ը լրիվ գյուղի տները վառել, թալանը արել գնացել են, տեգրս հետո եկել, ամեն ինչ զրոյից սարքել էր։
Ռիտա Այվազյանը Ռիտա Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Էն ժամանակ 120 մեղվաընտանիք ա եղել մեզ, ավերեցին, էս մի պատերազմին ես դարձրի 30 փեթակ, հիմա չգիտեմ՝ մնացել ա, տարել են, ինչ են արել... Տեսնես մեղուները ի՞նչ եղան։ Լոխ հեչ, ամուսնուս նկարը... Հիշատակը... Ոչ մի բան չեմ բերել։ Հիմա մենակ մի հատ աղջկաս մոտն ա, հեռախոսի մեջ։ Ամեն անգամ էլ երազիս գալիս, ասում ա՝ ինչի ես ինձ թողել էստեղ, մենակ գնացել...

«Ես վախեցել չիմ»

Առաջին օրը ձենը ուժեղ դրմբացալ ա, ասեցի. «Կռիվը սկսալ ա»։ Մեր Սյոման. «Աաա, երկրաշարժ ա»։ Հետո աղջիկս զանգեց, թե. «Մամա, ղոնախ կընդունի՞ք։ Ջաբրայիլը ծանոթ կնանիքը բերում ենք ձեր տուն»։ Ասեցի՝ աչքիս վրա, մատաղըմ։ Երկու օր մնացել են, նոր, որ կռիվը արդեն բարդացել ա, զանգ եմ տվալ վարչակազմի ղեկավարին, ասել եմ՝ երեխեքը լոխ մեր տունը, որ դրանց գլուխը մի բան պատահի՝ ես ինչ պատասխան եմ տալու։ Թե բա. «Ռիտա, օզում իք՝ թող խոխենքը տեղափոխվին»։ Տեղափոխվել են Երեւան, ես մնացել եմ։

Լուսանկարը` Սամվել Կարապետյան/RAA


Գյուղում կնանոցանը վերջինը ես էի, տղամարդիկ էին մնացել, մի 9 մարդ, Երեւանից պահեստազորն էր մեկ էլ։ Ինձ սկզբից հոկտեմբերի 17-ին տեղափոխել են Խծաբերդ, աղջիկս զանգում, ասում էր. «Մամա, ըտեղ ի՞նչ ես անում, թուրքերը կսպանեն», ասում էի՝ դուք իմ մասին մտածել միք։ Իրոք ես ոչ մի պահ վախեցել չիմ։

ԱԹՍ-ները աշխատում էին, մտել էր տան մարագի մեջ, պատուհանները ջարդած, մեղվաընտանիքը, մեղրը նոր քամած, մի երեք պարկ չոր լոբի, լրիվ ցրիվ տված... Այգուս մեջ խնձորները կախ-կախ իլյած, գոճին ընդեղ, կովերն ընդեղ։ 4 կով ա ինձ իլյալ, կովերը բաց եմ թողել... 8 հատ գոճի, երեք հատ էլ խոզ, ասում էի՝ պահեմ խոխեքը Նոր տարուն գան մորթեն, տանեն Նոր տարի անեն։
Ռիտա Այվազյանը Ռիտա Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամսի 20-ին նոր դուրս եմ եկել ես։ Վիրավոր տղեք են եկել, մեր տունն են եղել, հաց եմ տվել, խնամել եմ։ Տեսա խոխեքը լրիվ թրջված, ամուսնուս շորերից եմ բերել տվել, ասեցի՝ լվացքը անեմ։ Փոքր երեխեքը... Ես ասում էի՝ մի հատ ավտոմատ տան, ես էլ գնամ կռվի։ Վարչակազմի ղեկավարն ասեց․«Ինչ ա, գժվե՞լ ես»։ Վերջին անգամ մեր շրջանի ղեկավարությունից ասում էին, թե. «Պիտի էդ կնիկը տուս կյա», ասեցի՝ ամուսնուս գերեզմանը թողալ չտիմ ես տուս կյամ։ Բարեկամիս տղան հոկտեմբերի 13-ին ինձ հետ խոսեց, ասում էր. «Թե վախում ես՝ կյամ տանիմ մեր գյուղը»։ Ասեցի՝ Ռիտան վախող չի, Համբոյի կինը չի վախենալու։ Վերջին անգամ էդ բարեկամիս տղայի ձենը էդ օրն եմ լսել, մինչեւ հիմա չկա, անհայտ կորած... Փոքր երեխա էլ ուներ... Քրոջս տղան էլ Ապրիլյանին էր կորել, երկու շաբաթ հետո նոր մարմինը տվեցին։

«Իմ հույսը միշտ էլ կա»

Ազոխում էլ, Տումիում էլ, Հադրութում էլ, ամեն տեղ էլ բնակիչ են սպանած։ Մեր գյուղը չի եղել, որովհետեւ ուշ են հասել Խանձաձոր, մարդիկ լոխ դուրս եկած էին։ Ազոխում երկու հոգի սպանված գտել էին, Հադրութը մեր բարեկամին սպանել էին։

Վարդաշատում ծեր մարդ ու կին մնացել էին, չեն ուզել իրանց տնից գնան, երեք անգամ հետեւներից գնացել, համոզել են, չեն եկել։ Դիերը քանի ամիս հետո գտան, կինը չարչարած, աչքերը հանած։

Էս որոնողականին էլ ով գնում ա՝ թուրքերը չեն թողում մերոնք ամեն տեղ նայեն, ով էլ, ասենք, խղճով ա, տանում մեր դիերի տեղը ցույց են տալիս, բայց արագ հետ են գնում, որ իրանցից մարդ չտենա, որ հայերին օգնեց։ Չեն թողել անգամ մի հատ նկար մտնեն հանեն տներից։
Ռիտա Այվազյանը Ռիտա Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես էսքանից հետո էլի հույսով եմ, իմ հույսը միշտ էլ կա։ Որ մեր գյուղերը հետ դառնա՝ լավ կլինի լի։ Ես մեր գյուղը կգնամ, տեսնեմ, թե ինչ են արել։ Բայց չորրորդ անգամ ո՞վ սարքի տունը, ես մենակ եմ։ Էս երկու աղջիկն ա իմը։ Տեգրս չդիմացավ, ինֆարկտը խփեց, մահացավ։

Հիմա շատերն են հետ գնում Ղարաբաղ, աղջիկս իմ համար ա էստեղ մնացել, ես էլ դեռ մնում եմ, որ վիրահատվեմ։ Խաղաղություն լինի, Հադրութը, Շուշին հետ տան՝ բոլորն էլ կգնան։  Հայերը բայեվոյ են, լավ են, ուժեղ են։ Ադրբեջանին օգնող չլինի՝ մեր հայերը էլի կհաղթեն։

***

Դիզափայտի հարավ-արեւելյան ստորոտին գտնվող Խանձաձոր գյուղը Արցախյան շարժման տարիներին առանցքային դերակատարում ունեցած բնակավայրերից է։
Կատարո վանքը 1980 թվականին Կատարո վանքը 1980 թվականին

Լուսանկարը` Սամվել Կարապետյան/RAA


Հին Խանձաձորի տարածքում պահպանվել են 19-րդ դարի Սուրբ Աստվածածին ու Սուրբ Հովհաննես եկեղեցիները։ Գյուղի վարչական տարածքում է գտնվում նաեւ Դիզափայտի նշանավոր Կատարո վանքը։ Խանձաձորից մի փոքր հյուսիս գտնվում է միջնադարյան Բերդահոս ամրոցը։
Կատարո վանքը վերջին տարիներին Կատարո վանքը վերջին տարիներին


Ադրբեջանցիները գյուղը կոչում են Աղջաքենդ՝ այն Հին Թաղեր համայնքի մաս համարելով։ Ադրբեջանի իշխանությունները գյուղի գրավման մասին պաշտոնապես հայտարարեցին 2020-ի հոկտեմբերի 20-ին։

1991 թվականի մայիս եւ հունիս ամիսներին գյուղի բնակչությունը երկու անգամ ենթարկվել է բռնագաղթի՝ հայտնի «Օղակ» գործողության ընթացքում։ Առաջին անգամ գյուղի բնակչության շրջանում խուզարկություններ են անցկացվել 1991-ի մայիսի 13-ին ուշ երեկոյան, մայիսի 20-ին գյուղ վերադարձած խանձաձորցիները կարճ ժամանակ անց կրկին բռնագաղթի ենթարկվեցին։

Ամբողջովին ավերի ենթարկված Հին Խանձաձորի հարեւանությամբ վերադարձած գյուղացիները հիմնել են նոր բնակավայր, թեեւ խանձաձորցիների մի մասը բռնագաղթից ու պատերազմից հետո այդպես էլ չվերադարձավ։

Հադրութի շրջանում «Օղակ» գործողությունից տուժած մյուս գյուղերն էին Առաքելը, Խանձաձորը, Բանաձորը, Արեւշատը, Քարագլուխը, Ծամձորը, Սարալանջը, Ջրաբերդը, Մյուլքյուդարան, Կարմրաքարը, Պետրոսաշենը, Արփագետիկը, Սպիտակաշենը, Սարիշենը: Այս գյուղերի մի մասը, ինչպես եւ Ցորը, փաստացի հայտնվել են վերացման եզրին, իսկ Կարմրաքարը իսպառ դատարկվել էր եւ այլեւս չէր վերականգնվել։

Լուսանկարը` Սամվել Կարապետյան/RAA


Ըստ «Մեմորիալ» միջհանրապետական իրավապաշտպան կազմակերպության տվյալների, «Օղակ» գործողության շրջանակներում ԼՂԻՄ Հադրութի շրջանի գյուղերից բռնի տեղահանման է ենթարկվել շուրջ 1 350 մարդ, որոնցից 600-ին հաջողվել է փախուստի դիմել ու պատսպարվել Հադրութի շրջկենտրոնում ու այլ գյուղերում, 750 հոգի արտաքսվել են հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող հատուկ ճամբար՝ Խնձորեսկի մոտակայքում։

1991 թ․-ի մայիսի 14-ին Եվրախորհրդարանն իր ընդունած հատուկ բանաձեւով կոչ արեց ԽՍՀՄ իշխանություններին դադարեցնել ԼՂԻՄ խաղաղ բնակչության տեղահանումն ու քայլեր ձեռնարկել ԼՂԻՄ-ի ու դրա հարակից հայաբնակ տարածքների հայության անվտանգությունն ապահովելու համար։ Մայիսի 17-ին ԱՄՆ Սենատը ընդունեց բանաձեւ, որով կոչ էր անում ԽՍՀՄ-ին եւ Ադրբեջանին վերջ դնել «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, ուժի կիրառմանն ու ահաբեկման այլ մեթոդներին»։ Բանաձեւում շեշտվում էր ուժի չտարբերակված կիրառման, անմեղ երեխաների, կանանց ու տղամարդկանց վրա հարձակումների մասին։ Գործողության ընթացքում հարձակումներ են իրականացվել ոչ միայն ԼՂԻՄ-ի, այլեւ Հայաստանի սահմանամերձ մի շարք բնակավայրերի վրա։  
 
Հադրութի բռնագաղթի մասին մանրամասն տեղեկություններ է պարունակում նաեւ Արցախի պետական եւ քաղաքական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի՝ «Ինչ է տեղի ունեցել Հադրութում» հոդվածը։

«Իսկ այժմ ամեն ինչի մասին հերթականությամբ։ Ապրիլի կեսերին Հադրութում լուրեր տարածվեցին, թե սպասվում են անձնագրային ռեժիմի մեծ մասշտաբի ստուգումներ ամենայն հավանականությամբ ադրբեջանական կողմի մասնակցությամբ եւ հնարավոր են ձերբակալություններ։ Ստուգումները սկսվեցին ապրիլի 25-ին։ Իրականացնողը ներքին զորքերի ստորաբաժանումներն էին, որոնց ուղեկցում էին քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներ։ Վերջիններս ներկայանում էին որպես դատախազության աշխատակիցներ», - նշում է Մկրտչյանը՝ նկատելով, որ այդ օրերի իրադարձությունները հանգիստ ընդունվեցին, քանի որ վերջին տարիներին արցախցիներն արդեն սովոր էին տարատեսակ ճնշումներին։

Ըստ Մկրտչյանի՝ ձերբակալվածները հիմնականում ազատ էին արձակվում գումարի դիմաց եւ սա վերաբերում էր ոչ միայն նրանց, ում դեմ քրեական գործեր էին հարուցված, այլեւ նրանց, ում առանց որեւէ պատճառի էին կալանավորել։

«Պետք է ասել, որ այդ նույն օրերին համառորեն լուրեր էին տարածվում, որ Հադրութի հարեւան ադրբեջանաբնակ շրջաններում զորքերի կուտակումներ կան, որոնք գտնվում են Մութալիբովի կարգադրության տակ, եւ որ իբր Գորբաչովը մայիսի 4-ից 14-ը ժամանակ է տվել Մութալիբովին Ղարաբաղի հարցը իր ուզած ձեւով լուծելու», - հիշում է Մկրտչյանը՝ հավելելով, որ մարդկանց մեջ խուճապ էր տարածել նաեւ որոշ ուղեկալների վերացումը հայ-ադրբեջանական սահմանագծում, անհայտ պատճառներով Հադրութի շրջակա անտառի ռմբակոծումն ուղղաթիռից, ինչպես նաեւ այդպես էլ չպարզված սադրանքը, երբ կրկին անհայտ պայմաններում պայթեցվեց Տողի ադրբեջանական դպրոցի նախկին տնօրենի մեքենան, ինչից հետո Տողի ադրբեջանցիները հարձակվեցին գյուղի հայերի դեմ։
1991 Հադրութի բռնագաղթը-Ա․Մկրտչյանի քարտեզ 1991 Հադրութի բռնագաղթը-Ա․Մկրտչյանի քարտեզ

Լուսանկարը` Արթուր Մկրտչյանի կազմած քարտեզը


Ըստ քաղաքական գործչի՝ ադրբեջանական կողմը ձերբակալվածներին ազատ արձակելու շուրջ հանդիպումների պատրվակով փորձում էր ավելի շատ առիթ ստեղծել իրենց ձեռնտու պայմաններով բանակցությունների գնալու եւ այդ միտքը նրանց տվել էր հենց Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար, Հանրապետական կազմկոմիտեի նախագահ Վիկտոր Պոլյանիչկոն։ Արթուրթ Մկրտչյանը նկատում է, որ Պոլիանիչկուն ցանկության դեպքում, իհարկե, կարող էր առանց որեւէ պատվիրակության խնդրանքի էլ ազատել ձերբակալվածներին։ Մկրտչյանը վստահ է, որ հայկական կողմից բանակցությունների գնալու հակվածները ձեռնպահ մնացին հասարակական կարծիքի ճնշման տակ։

«Պետք է ասել, որ այդ օրերին Գետաշենի սինդրոմն իր դերը խաղաց Հադրութում՝ փաստորեն զերծ պահելով եւ կաշկանդելով որեւէ ակտիվ գործողությունից» - շարունակում է Մկրտչյանը՝ նկարագրելով արդեն մայիսի 13-ից հետո ծավալվող իրադարձությունները, երբ մի շարք գյուղերի բնակիչներ սկսել էին տեղահանվել եւ, ինչպես հեղինակն է գրում՝ «Ամենուր խուճապ էր եւ շփոթ»։ Ըստ նրա՝ հայկական կողմը կաշկանդված էր, քանի որ մտավախություն ուներ, որ դիմադրությունը կարող է հանգել արյունահեղության, ինչպես Գետաշենում։

«Միայն հետո պարզ դարձավ, որ մայիսի 16-17-ին զորքը եւ ՕՄՕՆ-ը հետ էին քաշվել ու գյուղերում սկսվել էր թալանը, որը կարելի էր կանխել վճռական ու կազմակերպված լինելու դեպքում։ Իսկ ամսի 16-ին դեռ իշխում էր այն տեսակետը, որ բռնագաղթն անխուսափելի է եւ անհրաժեշտ է միայն ժամանակ շահել նորմալ գաղթելու համար։ Գուցե այսօր ցավալի եւ ամոթալի է այս մասին գրելը, բայց սա է փաստը», - գրում է Արթուր Մկրտչյանը՝ հավելելով, որ մայիսի 16-ին շրջկոմից լուրեր էին տարածվել, թե ղեկավարության որոշ ներկայացուցիչներ Ստեփանակերտում Պոլյանիչկոյի հետ հանդիպելով հասել են նրան, որ Ադրբեջանի գերիշխանությունը ընդունելու պայմանով բռնագաղթը դադարեցվի, եւ իբր արդեն հեռագիր է ստացվել Արեւշատից ու Առաքելից բռնագաղթվածների շարասյունը կանգնեցնելու։

«Միայն մայիսի 17-ին, երբ գիշերը թաքնվելուց ու անգործության մատնվելուց հետո դուրս եկանք շրջկենտրոն, պարզվեց, որ ոչ մի բանակցություն ու պայմանավորվածություն էլ չի եղել։ Հադրութում ձերբակալության ու բռնության նշաններ չկային, իսկ գյուղերում շարունակվում էր թալանը։ Առավոտյան Հադրութ հասավ Խանձաձորից հետիոտն փախածների շարասյունը», - հիշում է Մկրտչյանը։

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին