Տիգրան Շահվերդյան. Տիեզերական ֆիզիկայից մինչեւ ավտոմատացված ապագա - Mediamax.am

exclusive
25811 դիտում

Տիգրան Շահվերդյան. Տիեզերական ֆիզիկայից մինչեւ ավտոմատացված ապագա


Տիգրան Շահվերդյանը՝ X Prize հիմնադրամի նախագահի հետ
Տիգրան Շահվերդյանը՝ X Prize հիմնադրամի նախագահի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Տիգրան Շահվերդյանը՝ պապիկի հետ
Տիգրան Շահվերդյանը՝ պապիկի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Տիգրան Շահվերդյանը՝ 2002թ. Միջազգային Ֆիզիկական Օլիմպիադայում շահած մեդալով
Տիգրան Շահվերդյանը՝ 2002թ. Միջազգային Ֆիզիկական Օլիմպիադայում շահած մեդալով

Լուսանկարը` անձնական արխիվից

Տիգրան Շահվերդյանը՝ գործընկերների եւ ռոբոտ մեքենաների հետ
Տիգրան Շահվերդյանը՝ գործընկերների եւ ռոբոտ մեքենաների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Տիգրան Շահվերդյանը՝ «Ատլանտիս» տիեզերանավի մոտ
Տիգրան Շահվերդյանը՝ «Ատլանտիս» տիեզերանավի մոտ

Լուսանկարը` անձնական արխիվից

RoboCV-ի համահիմնադրիները
RoboCV-ի համահիմնադրիները

Լուսանկարը` անձնական արխիվից

Տիգրան Շահվերդյանը՝ AYAS-ում պատրաստված երկաստիճան հրթիռների հետ
Տիգրան Շահվերդյանը՝ AYAS-ում պատրաստված երկաստիճան հրթիռների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Մեդիամաքսի «Գիտամարդ» նախագիծը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ: 

 

Երկրային, օդային ու տիեզերական ավտոմատ համակարգերի նախագծման ու ստեղծման շուրջ են պտտվում ֆիզիկոս Տիգրան Շահվերդյանի հետաքրքրությունները: Նա այժմ կենտրոնացած է ինքնաղեկավարվող ավտոմեքենաների նախագծման ու ստեղծման վրա, եւ այդ բնագավառի կենտրոն համարվող ԱՄՆ-ի մի քանի ընկերությունից հրավեր ունի՝ ղեկավարելու նրանց հետազոտական ու ինժեներական թիմը: 

 

«Մեծ ցանկություն ունեմ հետագայում աշխատել կամ ընկերություն հիմնել տիեզերական ավտոմատ սարքաշինության բնագավառում: Դա իմ 5-10 տարվա տեսլականն է»,- ասում է ֆիզիկոսը: 

 

Մանկությունից եկած սերը

 

Գրեթե ամեն մարդ ծնվում է բնականորեն հետաքրքրասեր: Երեխայի կյանքի առաջին տարիների միջավայրն է ու, առաջին հերթին, ընտանիքը, որ կամ խրախուսում եւ ուղղորդում է այդ հետաքրքրությունը, կամ անտեսում, խոչընդոտում: 

 

Տիգրան Շահվերդյանը՝ պապիկի հետ Տիգրան Շահվերդյանը՝ պապիկի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Իմ հետաքրքրությունները բնական գիտությունների հանդեպ սիրո վերածելու գործում մեծ դեր ունեցավ պապիկս, ով 50 տարուց ավելի աշխատել էր Մերգելյանի անվան ինստիտուտում ու զբաղվել հաշվիչ մեքենաների եւ դրանց պրոցեսորների նախագծմամբ: Երբ փոքր էի, ինձ սովորեցնում էր էլեկտրականության ու հաշվիչ տեխնիկայի սկզբունքներն ու օրենքները, պարզ էլեկտրական սարքերի նախագծում եւ պատրաստում: Ինձ նաեւ մի քանի անգամ տարել էր Մերգելյանի ինստիտուտ, երբ դեռ մանկապարտեզ էի գնում ու սովորեցրել այն ժամանակվա ահռելի հաշվիչ մեքենաների վրա պարզ գործողություններ անել: 

 

Տիգրան Շահվերդյանը՝ AYAS-ում պատրաստված երկաստիճան հրթիռների հետ Տիգրան Շահվերդյանը՝ AYAS-ում պատրաստված երկաստիճան հրթիռների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Բնական գիտությունների հանդեպ հետաքրքրությունս հաշվի առնելով՝ ծնողներս 6-րդ դասարանում ինձ տարան Ֆիզմաթ դպրոց: 7-րդ դասարանից սկսեցի ամեն շաբաթ հաճախել Ավետիք Գրիգորյանի հիմնած Տիեզերագիտական ակումբ (Armenian Youth Aerospace Society-AYAS), որը ֆիզիկայի, աստղագիտության, աստղագնացության թեմայով երկու տարի տեւող շատ հետաքրքիր ծրագիր ունի: Խմբակում նաեւ հրթիռային մոդելիզմով էինք զբաղվում ու մասնակցում երիտասարդ հրթիռային մոդելիստների ու ավիամոդելիստների ցուցահանդես-մրցույթին: 

 

9-րդ դասարանից հաճախում էի Գագիկ Գրիգորյանի Ֆիզմաթ դպրոցում անցկացվող ֆիզիկայի ֆակուլտատիվ դասերին, որի հիմնական նպատակներից մեկն էր Միջազգային Ֆիզիկական Օլիմպիադայի մասնակիցներ պատրաստելը: Այս ամենը, գնալով, ավելի էր խորացնում իմ հետաքրքրությունը բնության օրենքները հասկանալու նկատմամբ, որը հենց ֆիզիկայի նպատակն է: 

 

Տիգրան Շահվերդյանը՝ 2002թ. Միջազգային Ֆիզիկական Օլիմպիադայում շահած մեդալով Տիգրան Շահվերդյանը՝ 2002թ. Միջազգային Ֆիզիկական Օլիմպիադայում շահած մեդալով

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Երկու տարի անընդմեջ Միջազգային Աստղագիտական Օլիմպիադաներին մասնակցեցի, այնուհետեւ՝ Միջազգային Ֆիզիկական Օլիմպիադային ու դիպլոմներ ստացա: Արդյունքում՝ ինձ հրավիրեցին Մոսկվայի Ֆիզիկա-Տեխնիկական Ինստիտուտ (ՄՖՏԻ) սովորելու: Ավարտեցի ՄՖՏԻ-ի բակալավրիատը ու մագիստրատուրան, իսկ ասպիրանտուրան անավարտ թողեցի, քանի որ որոշեցի միանալ «Սելենոխոդ» ստարտափին: 

 

Տիեզերական ֆիզիկան, լուսնագնացներն ու ինքնաղեկավարվող մեքենաները

 

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտում (ՏՀԻ) աշխատելու ժամանակ զբաղվում էի Վեներայի մագնիտոսֆերայի ուսումնասիրմամբ: Մենք անհամապատասխանություններ էինք տեսնում տիեզերական ապարատների չափումների ու հայտնի մոդելների միջեւ: Մի քանի գիտաժողովների ներկայացրինք մեր հետազոտությունների արդյունքները: 

 

Զուգահեռ տիեզերական փոշու պարամետրերը չափող սարքով էի զբաղվում, որը պիտի տեղադրվեր Արեգակի շուրջը պտտվող «Ինտերհելիոզոնդ» արբանյակի վրա: Սա նպատակ ուներ զբաղվել տիեզերական փոշու երկու բաղադրիչների տարանջատմամբ ու պարամետրերի չափումներով, ինչը մեծ հետաքրքրություն առաջացնող գիտական խնդիր է: Արեգակնային համակարգում գտնվող փոշին երկու բաղադրիչ ունի. մի մասը պտտվում է Արեւի շուրջ՝ էլլիպտիկ ուղեծրերով (միջմոլորակային փոշի), իսկ մյուս մասը մտնում է Արեգակնային համակարգ միջաստղային տարածությունից ու դուրս է գալիս (միջաստղային փոշի): Ես նախագծում էի սարքի էլեկտրոնային օպտիկան: Նախորդ տարի այցելել էի նախկին ղեկավարիս, ու շատ հաճելի էր տեսնել, որ արդեն փորձարկում են իմ նախագծի վրա հիմնված ֆիզիկական մոդելը: 

 

2012 թ. Քենեդիի անվան Տիեզերական կենտրոնում մասնակցեցի Միջազգային տիեզերական համալսարանի ամառային կրթական ծրագրին: Երբ վերադարձա Մոսկվա, դուրս եկա ՏՀԻ-ից ու սկսեցի աշխատել «Սելենոխոդ» ընկերությունում: «Սելենոխոդը» միակ թիմն էր ԱՊՀ երկրներից, որ մասնակցում էր Google Lunar X Prize մրցույթին: Աշխարհում մի քանի տասնյակ թիմեր մրցակցում էին Լուսնի վրա առաջին մասնավոր լուսնագնաց իջեցնելու համար: Ես այդ թիմի անդամ էի դարձել դեռ 2010թ.-ին, բայց այն ժամանակ բոլորս աշխատում էինք որպես կամավոր: 

 

Տիգրան Շահվերդյանը՝ X Prize հիմնադրամի նախագահի հետ Տիգրան Շահվերդյանը՝ X Prize հիմնադրամի նախագահի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

 

«Սելենոխոդում» աշխատանքի մեկնարկին զուգահեռ սկսեցի հետազոտություններ անել Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող պրոֆեսոր Իշխանյանի թիմի հետ: Աշխատում էի քվանտային երկմակարդակ համակարգերի անալիտիկ մոդելների վրա: Թեման ինձ շատ հետաքրքիր էր ու մեծ դժվարությամբ կարողանում էի համատեղել աշխատանքիս հետ, քանի որ հեռակա էինք աշխատում: Մոտ մեկ տարի ակտիվ զբաղվում էի դրանով աշխատանքից հետո ու շաբաթ-կիրակի օրերին: Ստացանք շատ լավ արդյունքներ, հրապարակեցինք մի քանի հոդված: Բավարար նյութ էր հավաքվել՝ կարող էի թեկնածուական թեզ գրել: Բայց այդ ժամանակ արդեն շատ ուժեղ «խրված» էի RoboCV-ի գործունեության մեջ ու հետաձգեցի: 

 

RoboCV-ի նախագիծը սկսեցինք երեք հոգով՝ 2013 թ.-ին եւ կարողացանք առաջին ներդրումը ստանալ, ամռանը չորս ամիս անցկացրեցինք «Սամսունգի» արտադրամասում՝ ստեղծելով վեց ինքնաղեկավարվող մեքենաներ, որոնք մասեր էին տեղափոխում պահեստից դեպի արտադրական գծեր: 

 

RoboCV-ի համահիմնադրիները RoboCV-ի համահիմնադրիները

Լուսանկարը` անձնական արխիվից

 

«Սամսունգի» նախագիծը վերջացնելուց հետո վերադարձանք Մոսկվա, գրասենյակ ու պահեստային տարածք վարձեցինք եւ շարունակեցինք աշխատել ինքնաղեկավարվող մեքենաների վրա: Մեր մեքենաները գնեց նաեւ «Ֆոլկսվագեն» ընկերության արտադրամասը: Դրանից հետո պալետավորված բեռներ տեղափոխող ինքնաղեկավարվող մեքենա ստեղծեցինք: Սա արդեն ավելի բարդ մեքենա էր: 

 

2016 թ. ապրիլին ինձ զանգահարեց պրոֆեսոր Իշխանյանը ու ասաց՝ «Տիգրան, եկող շաբաթ պիտի գաս Հայաստան»: Հարցրեցի՝ ինչո՞ւ: Ասաց, որ մեր աշխատանքը ՀՀ նախագահի մրցանակ է ստացել: Շատ ուրախալի անակնկալ էր ինձ համար: 

 

Հիմնարար գիտությունն ու ճարտարագիտությունը

 

Հայաստանի առավելությունն այն է, որ դեռ ունենք խորհրդային դպրոցից ինչ-որ հրաշքով մինչեւ հիմա մնացած շատ քիչ հիմնարար գիտական կենտրոններ: Անկախության տարիներին, ցավոք, հիմնարար գիտությանը շատ քիչ ուշադրություն ենք դարձրել ու շարունակում ենք ավելի ու ավելի պակասեցնել այդ ուշադրությունը: Ցավալին այն է, որ եթե կորցնենք, ապա զրոյից ստեղծելը շատ ավելի բարդ կլինի: Իսկ գիտությունը պետք է ցանկացած պետությանը, որն ուզում է լինել մրցունակ այսօրվա աշխարհում: 

 

Այժմ Հայաստանում պետք է ուշադրություն հատկացվի հիմնարար գիտության ու ճարտարագիտության (engineering) առանձնահատկությունների հարցին: Հիմնարար գիտությունն ու ճարտարագիտությունը հետապնդում են տարբեր նպատակներ եւ, չնայած այդ տարբերություններին, այդ երկու գործունեության տեսակները շաղկապված են, իրար լրացնում են, միմյանց արդյունքների վրա հիմնվում ու, հաճախ, զուգահեռ կատարվում են նույն թիմի շրջանակներում: 

 

Տիգրան Շահվերդյանը՝ «Ատլանտիս» տիեզերանավի մոտ Տիգրան Շահվերդյանը՝ «Ատլանտիս» տիեզերանավի մոտ

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Գիտական հայտնագործությունները, ժամանակ առ ժամանակ, բերում են նոր տեխնոլոգիաների ստեղծման, իսկ նոր տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված սարքերը հնարավորություն են տալիս նոր գիտական արդյունքներ ստանալ: Գիտնականը՝ որպես խորհրդական, կարող է օգնել ճարտարագետին իր գործում կիրառել նոր հայտնագործություններ, իսկ ճարտարագետը կարող է գիտնականին օգնել նոր տեխնոլոգիաներն օգտագործել իր գիտական գործունեության համար: Նորարարություն անող առաջատար երկիր լինելու համար այս երկու գործունեությունն էլ պիտի բավական զարգացած լինեն: 

 

Այսօր հաճախ կարելի է տեսնել ընկերություններ, որտեղ ճարտարագիտությանը զուգահեռ որոշ ուղղորդված գիտահետազոտական աշխատանքներ են անում՝ կիրառելով հիմնարար գիտական գործունեությանը բնորոշ մեթոդներ: Դա, սովորաբար, իրեն կարող է թույլ տալ մեծ շահույթ ունեցող ընկերությունը, որը մեծ գումարներ է ներդնում այդ գործունեության մեջ: Նույն կերպ էլ գիտական հաստատությունը կարող է զբաղվել գիտահետազոտական աշխատանքներով, որոնք մոտ են կիրառելիությանը: Ինչ-որ պահի կարող է որոշում կայացվել, որ արդյունքները բավական խոստումնալից են, որ պետք է աշխատել կիրառության վրա: Այդ դեպքում ստեղծվում է ընկերություն, որը որոշակի իրավունքներ է ստանում մինչեւ այդ ստեղծված մտավոր սեփականության օգտագործման համար: 

 

Վերադառնանք նպատակներին: Հիմնարար գիտությունը նպատակ է դնում հասկանալ բնությունը: Հիմնարար գիտությունը նպատակ չունի կարճ ժամանակներում տնտեսական արդյունքներ տալ: Դրա շոշափելի արդյունքը տպագրություններն են միջազգային բարձր վարկանիշային ամսագրերում ու ելույթները՝ միջազգային բարձր վարկանիշային գիտաժողովներում: 

 

Ճարտարագիտությունը նպատակ ունի ստեղծել նոր տեխնոլոգիաներ, ապրանքներ, լուծումներ՝ հասարակությունում առկա խնդիրները լուծելու համար: Եթե ապրանքը պետք է, նրա գինն ու որակն ընդունելի են, ապա այն վաճառվում էն եւ ընկերությունը կամ անհատը շարունակում է զարգանալ, ներդրում է ունենում տնտեսության զարգացման մեջ: 

 

Տիգրան Շահվերդյանը՝ գործընկերների եւ ռոբոտ մեքենաների հետ Տիգրան Շահվերդյանը՝ գործընկերների եւ ռոբոտ մեքենաների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Օդային եւ տիեզերական ավտոմատ համակարգերն ու Հայաստանը

 

Հայաստանում մասնաճյուղ ունի Swiftera ընկերությունը, որը ստեղծում է ինքնաղեկավարվող դիրիժաբլներ ստրատոսֆերայից իրական ժամանակում նկարահանումների համար ու զբաղվում է ստացված նկարների հետագա վերլուծությամբ: Բացի այդ, որքան տեղյակ եմ, օդային անօդաչու թռչող սարքերով զբաղվով խմբեր կան: Բայց սա շատ քիչ է: 

 

Զարգացած երկրներում այս բնագավառի զարգացման արդյունքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Մոտակա մի քանի տարում հեղափոխական փոփոխություններ կլինեն ինքնաղեկավարվող մեքենաների շնորհիվ: Բացի ավտոմատ տաքսիներից, կտեսնենք ինքնաղեկավարվող թարմ մթերքի խանութներ, առաքման երկրային եւ օդային դրոններ, ավտոմատ անվտանգության համակարգեր: 

 

Ավտոմատացումը սկսվում է կիրառվել շինարարությունում, ռեստորաններում, բժշկությունում: Մի քանի ընկերություններ ստեղծում են թռչող ավտոմեքենաներ: Տասնյակ մասնավոր ընկերություններ աշխատում են մեծ, միջին ու փոքր տիեզերական հրթիռների վրա: Դրանցից ամենահայտնին՝ SpaceX-ն, արդեն 50-ից ավելի հրթիռներ է արձակել եւ 30 անգամ վերադարձել է հրթիռի առաջին աստիճանը: Մի քանի ընկերություն աշխատում են համացանցային կապի համար արբանյակների համաստեղություն ստեղծել, որը ամբողջ աշխարհով համացանց կապահովի: Այս բոլոր ընկերությունների գործունեությունը հիմնված է գիտական գործունեության արդյունքների վրա: 

 

Իհարկե, հնարավոր չէ այս ամենով Հայաստանում միանգամից զբաղվել: Պետք է գտնել համեմատաբար հեշտ մուտքի կետեր: Ես համոզված եմ, որ կան բազում տարբերակներ: Հայաստանում պետք է լինեն ինքնակառավարվող համակարգերով զբաղվող համալսարանական գիտահետազոտական խմբեր ու ընկերություններ: Հայաստանում չափից ավելի են կենտրոնացել տեղեկատվական տեխնոլոգիաների վրա: ՏՏ-ին զուգահեռ պետք է զարգացնել նաեւ սարքաշինության բնագավառը: 

 

Մարի Թարյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին