Ավետիս Սիմոնյան. «Էնտուզիաստները գիտության մեջ շատ են» - Mediamax.am

exclusive
24402 դիտում

Ավետիս Սիմոնյան. «Էնտուզիաստները գիտության մեջ շատ են»


Ավետիս Սիմոնյանը
Ավետիս Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիս Սիմոնյանը
Ավետիս Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիս Սիմոնյանը
Ավետիս Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիս Սիմոնյանը
Ավետիս Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիս Սիմոնյանը
Ավետիս Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիս Սիմոնյանը
Ավետիս Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիս Սիմոնյանը
Ավետիս Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիս Սիմոնյանը
Ավետիս Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Գիտամարդ» նախագիծը: Խորագիրը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած բազմաթիվ դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ:

Դեմքի լուրջ եւ խիստ արտահայտությամբ` հեռուստացույցի էկրանից այն կողմ մարդիկ հայտարարում էին, թե շուտով մի սարք են ստեղծելու, որը մեծ հեղափոխություններ է անելու աշխարհում: Հեռուստացույցի կապույտ ապակու հակառակ կողմում նստած դպրոցական տղան այն ժամանակ ամենայն ուշադրությամբ էր լսում Մեծ հադրոնային կոլայդերի կառուցման մասին պատմությունները եւ անգամ ամենալավ երազում չէր կարող պատկերացնել, որ տարիներ անց մեկ այլ արագացուցչի համար սարքավորումներ է գծագրելու եւ պատրաստելու, այն էլ սեփական երկրում:

«Լսեցի, որ արագացուցիչ են ուզում կառուցել, այդ օրվանից արագացուցիչների թեման ինձ հանգիստ չէր տալիս, շատ հետաքրքրվում էի: Իհարկե, այդ ժամանակ մտքովս էլ չէր անցնի, որ Հայաստանում էլ արագացուցիչ կսկսեն կառուցել, եւ ես կներգրավվեմ այդ աշխատանքներում»,- ասում է 28-ամյա Ավետիս Սիմոնյանը` «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ Ինժեներակոնստրուկտորական խմբի ղեկավարը:

Բարձրանալով ինժեների մասնագիտական աստիճանավանդակը

Մասնագիտության ընտրությունն Ավետիսի մոտ ինքնաբերաբար ստացվեց: Դպրոցական տարիներին տարբեր փուլերում առարկաների նկատմամբ հետաքրքրությունը տարբեր էր: ՀՊՃՀ-ի Ընդերքաբանության եւ մետալուրգիայի ֆակուլտետում մայիսին Ավետիսը պաշտպանեց մոլիբդենի դեֆորմացման թեմայով գիտական ատենախոսությունը:

«Մոլիբդենը դժվարահալ մետաղ է, որը կիրառվում է այսպես կոչված ագրեսիվ միջավայրերում, տարբեր ոլորտներում` տիեզերքի ուսումնասիրության, վակուումային տեխնիկա եւ այլն: Մոնոբյուրեղների աճեցման համար օգտագործվող կաղապարների պատրաստման տեխնոլոգիա եմ մշակել: Մինչ այժմ այդ կաղապարները ձեռքով ծեծելով են պատրաստվում, իսկ ես առաջարկում եմ ճնշման տակ սեղմելով (արտաձգում) ստանալ: Այս տեխնոլոգիայով ստացված կաղապարներն ավելի բարձր որակական հատկանիշներ են ունենում»,- ասում է նա:

Վերադարձ արագացուցիչներին եւ ոչ ստանդարտ տեխնոլոգիաներին

Արդեն չորս տարի Ավետիսն աշխատում է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում: Մինչ այդ արտադրության ոլորտում է աշխատել:

«Ժամացույցների գործարանի մեխանիկական արտադրամասում աշխատելուց հետո հասկացա, որ ճշգրիտ ուղղություններն ինձ ավելի շատ են հետաքրքրում, քան արտադրության ոլորտը: Ռոբոտացված աշխատանքներն ինձ համար չեն, ես սիրում եմ ոչ ստանդարտ, ոչ ավանդական, բարդ տեխնոլոգիաներով աշխատել»,- ասում է Ավետիսը:

Ավետիս Սիմոնյանը Ավետիս Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այդ սերը նրան բերեց ինստիտուտ, որտեղ ներգրավվեց ԱՐԵԱԼ արագացուցչի  դետալների նախագծման եւ կառուցման աշխատանքներում:

«Մեր ձեռքբերումն այն է, որ ԱՐԵԱԼ արագացուցիչը շատ կարճ ժամանակում պատրաստեցինք մեր ուժերով: Դետալների, սարքավորումների մոտ 70 տոկոսն արվել է Հայաստանի միջոցներով: Մեր խումբը փորձարարական մասի համար սարքավորումները նախագծում է եւ պատրաստում: Հիմնականում արագացուցչային տեխնիկա է, ոչ ստանդարտ, ճշգրիտ դետալներ են, որոնք պահանջում են ճշգրիտ ճարտարագիտություն»,- իր պատրաստած սարքավորումներն է ցույց տալիս ինժեները: 

Գրավելով արտասահմանյան շուկան

Հայաստանում կան խնդիրներ, որոնց հետ բախվում է գիտնականն իր աշխատանքի ընթացքում, եւ դրանցից ամենացայտունները, ինչպես ասում է Ավետիսը, ֆինանսական բաղադրիչ ունեն.

«Այն, ինչ հիմա ունենք, բավարար չէ մեծ առաջընթացներ գրանցելու համար: Մյուս կողմից էլ` նստել ու լաց լինելը ճիշտ բան չէ: Երբ որոշում ես գալ գիտության ոլորտ, գիտես, որ հեշտ չի լինելու: Գիտնականը, մինչ այդ ընտրությունը կատարելը, շատ լավ պատկերացում ունի ոլորտի խնդիրների մասին եւ դրանք գիտակցելով է անում այդ քայլը»:
Ավետիս Սիմոնյանը Ավետիս Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Տեխնիկական հագեցվածության մասին խոսելիս, նա նկատում է, որ եթե հստակ խնդիրը ձեւակերպվում է, ապա այսօր գիտաշխատողները կարողանում են միջազգային կառույցների հետ համագործակցությամբ գտնել պայմաններ:

Կիրառական ուղղությունն ընտրած Ավետիսը կարծում է, որ այն պետք է գումարներ աշխատի եւ ծածկի ֆունդամենտալ գիտության ծախսերը:

«Կարծում եմ, որ լավագույն ուղիներից մեկն արտասահմանի ինստիտուտների, գիտնականների հետ համագործակցություն գտնելն է: Օրինակ, կարելի է նրանց համար որեւէ խնդիր լուծել, որի դիմաց սարքավորում կամ գումար ստանալ: Արտասահմանից ոչ միայն կիրառական, այլեւ տեսական խնդիրներ ենք բերել: Այդ խնդիրները շատ են, պետք է գտնել, վստահություն շահել եւ բերել Հայաստան, դրանք քիչ գումարներ չեն: Այդպես մենք կարող ենք դուրս գալ միջազգային շուկա եւ Հայաստանի գիտության համար նոր հեռանկարներ բացել»,- ասում է գիտաշխատողը:

Մյուս կարեւոր ուղղությունը, որով պետք է շարժվեն հայ գիտնականները, Ավետիսի խոսքով ռազմականն է. «Մեզ մոտ պետք է շեշտը դրվի ռազմական արդյունաբերության վրա, գիտական ներուժը պետք է կիրառել այստեղ»:

Գլոբալ փոփոխությունների անհրաժեշտությունը

Գիտության դերն առաջնային դարձնելու խնդիրը, Ավետիսի դիտարկմամբ, գալիս է դպրոցից: Նա համոզված է, որ վերաբերմունքը պետք է փոխվի հենց դպրոցական նստարանից:
Ավետիս Սիմոնյանը Ավետիս Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այսօր կրթական համակարգում այնպիսի մարդիկ են դասավանդում, որ իրականում գաղափար չունեն այն առարկայից, որ ուսուցանում են: Գիտությունը զարգացել է, եւ պետք է համընթաց քայլել: Հիմա կրթական համակարգը բավարար չէ հետագայում լավ գիտական ներուժ ունենալու համար եւ գլոբալ փոփոխություններ են հարկավոր: Լրատվամիջոցներն էլ իրենց անելիքն ունեն` գիտությունը պետք է ավելի մատչելի ներկայացվի, մարդկանց գիտակցությունը պետք է բարձրացնել»:

Նա նկատում է, որ գիտնականն էլ պետք է ներկայացնի իր աշխատանքը, ռեսուրսները, բայց դա պետք է անի հոդվածներ տպագրելով, միջոցառումների մասնակցելով, եւ «չի կարելի գիտնականից սպասել ավելին, քան իր իրավասությունների ու պատասխանատվության շրջանակներում է»:

Գիտությունը զարգացնելու եւ ճշգրիտ ուղղությունների հանդեպ մարդկանց հետաքրքրվածությունը գրավելու համար, ըստ Ավետիսի, պետք է Հայաստանում արտադրություններ բացվեն, որտեղ կկարողանան աշխատել ճշգրիտ մասնագիտություններ ստացած շրջանավարտները:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հայաստանում այսօր, կարելի է ասել, գործարաններ չկան: Եթե երեխաներին պատկերավոր ներկայացվի իր ընտրած ուղղության հետագա հեռանկարները եւ նա հստակ իմանա, որ կարող է դրանով զբաղվել, անհնար է, որ չուզենա շարունակել այդ ուղղությունը»:

Ապահովագրելով ապագայի զարգացումը

Ապագայում լուրջ հաջողությունների հասնելու համար, ըստ Ավետիսի, հարկավոր է, որ գիտությունն ու բիզնեսը կապակցվեն եւ համատեղ աշխատեն:

Նա ասում է, որ արտադրություններում բազմաթիվ խնդիրներ են լինում, բայց դրանք հաճախ Հայաստանի ներուժով չեն լուծում, արտասահմանից են մասնագետ բերում ու շատ ավելի մեծ գումարներ են վճարում.

«Այնինչ, արտասահմանում դիմում են հենց մեր մասնագետների օգնությանը: Շվեյցարիայի համար սարքավորումներ ենք պատրաստել, որոնց որակը չի զիջում այլ լաբորատորիաներում պատրաստվածներին եւ ավելի մատչելի են»:
Ավետիս Սիմոնյանը Ավետիս Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ավետիսն անհրաժեշտ է համարում ուղեղների արտահոսքի կանգնեցումը, ինչը կարող է լինել, եթե գիտաշխատողները Հայաստանում նորմալ վճարվեն եւ մասնագիտական նորմալ աճ ունենան:

«Իմ օրինակով կարող եմ ասել` արտասահմանում իմ մասնագիտությամբ շատ բարձր են վարձրատրում, բայց ես մնում եմ, քանի որ ինձ հոգեպես այստեղ շատ լավ եմ զգում եւ կարծում եմ, որ անելու գործ ունեմ: Միայն փող աշխատելը չի կյանքում կարեւոր: Այն, ինչը գրավում եւ Հայաստանից տանում է հայ գիտաշխատողներին, ես փորձում եմ բերել Հայաստան: Համոզված եմ, եթե նույնիսկ գիտությամբ զբաղվող 100 մարդ մնա, կապրեցնեն գիտությունը եւ չեն թողնի մահանա: Էնտուզիաստները գիտության մեջ շատ են»:

Մարի Թարյան
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին