Մեծ սպորտի ապագա աստղերը. Ռաֆայել Հարությունյան - Mediamax.am

exclusive
69957 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Ռաֆայել Հարությունյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկարատեւ ընդմիջումից հետո ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանն ունեցավ ոսկե մեդալ:

Հավասարակշռված, միշտ մարզական կեցվածքով ու սպորտում մեծ նպատակներ հետապնդող Ռաֆայել Հարությունյանն է «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքի այսօրվա հերոսը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզաձեւը՝ ազատ ոճի ըմբշամարտ

Հանդես է գալիս՝ 45կգ քաշային կարգում

Անձնական մարզիչ՝ Վարդան Գեղամյան

Տարիքը՝ 17

Բնակավայրը՝ Ջրվեժ

Սովորում է՝ Ջրվեժի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում

Սիրած առարկա՝ ֆիզկուլտուրա

Նվաճումները՝ Հայաստանի պատանիների կրկնակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մեդալակիր, Եվրոպայի առաջնության հաղթող

Մարզական կերպարը՝ Բուվայսար Սայտիեւ

Նպատակը՝ դառնալ Օլիմպիական չեմպիոն

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտ-մարմնամարզություն պայքարում հաղթեց առաջինը. Հայրիկս ազատ ոճի ըմբշամարտով է զբաղվել, մարզիչ աշխատել: 4 տարեկան էի, երբ նա ինձ տարավ մարզադահլիճ: Ինձ միանգամից դուր եկավ ազատ ոճի ըմբշամարտի ակտիվությունն ու արագությունը:

Հետո թողեցի մարզումներն ու սկսեցի հաճախել մարմնամարզության: Պատճառն ավելի ճկուն դառնալն էր, բայց ես սիրեցի այս մարզաձեւը: Որոշ ժամանակ անց վերադարձա, չկարողացա առանց ըմբշամարտի: 9 տարեկանից սկսեցի լրջությամբ մարզվել ու աշխատել:

Անակնկալ հարազատ դպրոցում. Հիմա դեռ դպրոցում եմ սովորում: Մարզումներն ու ուսումը համատեղել ստացվում է, դպրոցն իր տեղն ունի, պարապմունքն՝ իր: Բայց խոստովանեմ, որ ավելի շատ տուժում է դպրոցը, քանի որ հավաքների ու մրցաշարերի պատճառով շատ եմ բացակայում: Պետք է շնորհակալություն հայտնեմ ուսուցիչներիս, ովքեր ինձ ընդառաջում են:

Եվրոպայի առաջնությունում հաղթելու կապակցությամբ դպրոցում անակնկալ էին պատրաստել, շատ լավ դիմավորեցին ինձ: Անկեղծ ասած չէի սպասում, շատ տպավորվեցի: Ընկերներս ուրախացել էին իմ հաջողությամբ, նրանք շատ են օգնում ինձ:

Լուսանկարը` Մեդիամաքս


ԵԱ-ում միայն հաղթանակի հետեւից. Եվրոպայի առաջնությանը հոգեբանորեն շատ լավ էի տրամադրվել, նպատակս բոլորին հաղթելն էր: Փառք Աստծո, ստացվեց: Չէի սպասում, որ բոլորից ուժեղ կլինեմ 10:0 հաշիվներով: ԵԱ-ում իրենց երկրների ուժեղագույն ըմբիշներն են հանդես գալիս, այս անգամ այնպես դասավորվեց, որ ես ավելի ուժեղ գտնվեցի:

Առաջին գոտեմարտում բուլղարացի ըմբիշի դեմ դժվար հաղթանակ տարա: Հետո առավելության հասա ուկրաինացու նկատմամբ, որին նախորդ տարի էլ էի հաղթել: Հետո պարզ դարձավ, որ ադրբեջանցու հետ եմ գոտեմարտելու ու ինձ տրամադրեցի, որ ամեն գնով պետք է հաղթեմ: Երբ այս արգելքն էլ անցա, մի տեսակ զգացի, որ չեմպիոն եմ դառնալու:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անբացատրելի զգացողություն պատվոհարթակին. Առաջնությունը Մակեդոնիայում էր, եզրափակչում հանդիպեցի այդ երկրի մարզիկին: Գորգ մտնելու ժամանակ երկրպագուները բուռն սկսեցին աջակցել նրան, մի քիչ շփոթվեցի այդ ժամանակ, դրա համար գոտեմարտն ավելի երկար տեւեց:

Չեմ կարող ասել, թե ինչ էի զգում հաղթանակից հետո: Պետք է հաղթես, որ իմանաս դա ինչ է, բառերով չես կարող ասել: Հիշում ես տարիների աշխատանքդ, բոլոր նրանց, ովքեր քեզ համար չարչարվել են ու իրենց սպասելիքներն արդարացրել ես:

Միշտ հեռուստացույցով նայում էի պարգեւատրման արարողություններն ու ասում, տեսնես, սա ի՞նչ պահ է: Ես էլ էի ուզում զգալ դա: Շատ անբացատրելի է, յուրաքանչյուր մարզիկ, ով մեկ անգամ հաղթել է, նա կիմանա:

Վստահություն ձեռք բերելը. Երբ հաղթում ես, տարիների չարչարանքդ աչքերիդ առաջ է գալիս, ամեն ինչ հիշում ես՝ ցավերը, դպրոցից, էքսկուրսիաներից բացակայելը, ընկերներիդ հետ շատ ժամանակ չանցկացնելը: Բայց հասկանում ես, որ արժեր այդ ամենին գնալ հանուն մեդալի:

Մեդալն իմ կյանքում ոչինչ էլ չփոխեց, միգուցե ավելի վստահ դարձա, հավատացի, որ կարող եմ հաղթել: Բայց սա մի շատ փոքրիկ հաջողություն էր, հիմա իմ նպատակն Աշխարհի առաջնությունն է: Ազատ ոճի հավաքականից պատանիների առաջնությունում ոչ ոք ոսկե մեդալ չի նվաճել, շատ եմ ուզում կոտրել այդ սառույցը: Պետք է այս ընթացքում շատ մարզվեմ, աշխատեմ, որպեսզի հասնեմ նպատակիս:

Լուսանկարը` Մեդիամաքս


ԱԱ-ն ու մարզիչների դերը. Հաջողությունը մոռանալ է պետք, ես արդեն տրամադրվում ու պատրաստվում եմ Աշխարհի առաջնությանը: ԵԱ-ում սխալներ արեցի, դրանց վրա պետք է աշխատեմ մարզիչների հետ: ԱԱ-ն ավելի բարդ է լինելու, եթե նման բացթողումներ թույլ տամ, մրցակիցներս չեն ների:

Մարզիչները շատ կարեւոր դեր են խաղում մարզիկների կյանքում, քեզ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ հոգեպես են պատրաստում: Նրանք շատ են օգնում ինձ: Ես շատ ակտիվ եմ, չեմ սիրում գոտեմարտի ժամանակ կանգնել, անընդհատ շարժման մեջ եմ:

Մարզիկի համար շատ մեծ դեր ունի հոգեբանական պատրաստվածությունը, եթե քեզ ճիշտ պատրաստես, ամեն ինչ լավ կավարտվի, եթե ինչ-որ վախեր կամ կասկածներ ունեցար՝ կպարտվես:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դահլիճն ու մարզաձեւը կարոտելը. Ինձ ամենաշատն օգնում է հայրիկս: Ինչքան էլ պարտություններ ունենամ, նա ինձ միշտ հույս է տալիս, գիտի, որ մի օր պետք է հաղթեմ: Պարտությունն ինձ նոր լիցք ու նպատակ է տալիս, որ մյուս անգամ հաղթեմ:

Լավ մարզիկ դառնալու համար տաղանդավոր լինելը քիչ է, պետք է շատ պարապել, մարզիչների ասածները լսել: Ես շատ եմ պարտվել, բայց միշտ շարունակել եմ պարապել, որպեսզի հասնեմ նպատակիս:

Լինում է, որ հոգնում եմ մարզումներից: Ամբողջ օր դահլիճում անցկացնելուց հետո օրգանիզմդ կարծես էլ չի ուզում ենթարկվել քեզ: Որոշ ժամանակ դադար եմ վերցնում, վերականգնվում ու էլ ավելի ոգեւորված վերադառնում: Բայց ասեմ, որ շատ չեմ կարող հանգստանալ, սա իմ ամեն օրվա կյանքն է դարձել, որ երկու օր չեմ պարապում, կարծես կիսատ լինեմ, կարոտում եմ ու վերադառնում:

Չեմ պատկերացնում իմ օրն առանց մարզման, դահլիճը կարծես կանչում է, ասում է սպասում եմ քեզ: Ըմբշամարտն իմն է, այն ինձ իսկապես ուժ է տալիս:

Ռաֆայել Հարությունյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին