Մեդիամաքսը շարունակում է «Հայրեր եւ որդիներ» շարքը, որում միեւնույն մասնագիտության տեր հայրերն ու որդիները պատմում են իրենց փոխհարաբերությունների եւ աշխատանքի առանձնահատկությունների մասին:
Շարքի այսօրվա հերոսները Գեւորգ եւ Անդրանիկ Սաֆարներն են, որոնք ներկայացնում են կոշկակարության եւ կոշիկի արտադրության գաղտնիքները:
Գեւորգ. Կոշկակարությամբ եւ կոշիկի արտադրությամբ սկսել եմ զբաղվել, քանի որ դա հորս արհեստն էր: Հայրս դեռ 1950-ականներից է զարկ տվել կոշիկի կրունկի գործին: Այնուհետեւ երիտասարդությանս տարիներին նրան միացա նաեւ ես, միասին աշխատելով՝ գործն ավելի լավ էր առաջ գնում: Աստիճանաբար առաջադիմեցինք ու անցանք տակացուներ պատրաստելուն:
Երբ որդիս՝ Անդրանիկը, մեծացավ, սկսեց ինձ օգնել: Այնուհետեւ Անդրանիկը մեկնեց Իտալիա ու հմտացավ այդ գործում: Սիրիայում տակացուների արտադրությամբ էինք զբաղվում, իսկ կյանքն այնպես դասավորվեց, որ հայրենիքի մեջ սկսեցինք ամբողջական կոշիկ արտադրել:
Դա Անդրանիկի նախաձեռնությունն էր, ես էլ իր կողքին եմ ու օգնում եմ, որ այդ գործը շարունակվի ու հաջողության հասնի: Միշտ ասում եմ, որ կրունկի ու տակացուների արտադրությունը մերն է, իսկ կոշիկը՝ Անդրանիկինը:
Անդրանիկ. Այս մասնագիտությունը շատ սեր է պահանջում, ես դեռ մանուկ հասակից էի տարվել դրանով: Դպրոցական տարիներին միշտ նկարում էի ու կոշիկների դիզայն անում: Եվ երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, որոշեցի իմ սիրած գործով զբաղվել: Արդեն այն ժամանակ միշտ ցանկացել եմ կոշիկի արտադրությամբ զբաղվել, սակայն Սիրիայում պատերազմ սկսվեց, ու ամեն ինչ խառնվեց իրար:
Մեզ սակայն հաջողվեց Երեւանում կոշիկների արտադրություն սկսել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կոշկակարության նկատմամբ սերս շատ մեծ է, այն ինձ անընդհատ ուղղորդում է, կատարելագործման ու առաջընթացի մղում: Միշտ ուսումնասիրում ենք շուկան, տեսնում, թե ինչ կոշիկներ կան խանութում, մարդիկ ինչ են նախընտրում ու անում ենք լրիվ այլ բան, որը տարբերվում է եղածից:
Տարբերվող արտադրանք ու վստահելի հարաբերություններ
Գեւորգ. Ջուրը միշտ փոսի մեջ է թափվում, անկախ նրանից, թե որտեղից է գալիս: Նույնն էլ մեր դեպքում է, ինչքան էլ տարբեր կարծիքներ ունենանք, միշտ համաձայնության ենք գալիս: Կարեւորը լավ ու ճիշտ արդյունք ստանալն է, իրար գաղափարներ տալն ու միշտ միասին լինելը: Անդրանիկը միայն գծագրություն չի սովորել ինձանից, մնացած ամեն ինչ ստացվում է նրա մոտ:
Անդրանիկ. Միանշանակ միասին աշխատելը շատ դժվար է: Հայրս իր գաղափարներն ունի, ես՝ իմ: Ընդհանուր հայտարարի հեշտությամբ չենք գալիս, բայց միասին աշխատելն էլ իր հետաքրքրություններն ունի: Կոշիկի վերաբերյալ ամեն ինչ հայրիկից եմ սովորել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գեւորգ. Գործի մեջ ստախոսություն չպետք է լինի, եթե ես հաճախորդին ասում եմ կոշիկը կաշվից է, ուրեմն այդպես էլ կա, եթե լինի դերմանտին, անպայման կասեմ: Ստի պարանը կարճ է՝ իրար չհավատալով ու ստելով ՝ոչնչի հնարավոր չէ հասնել: Այդ հիվանդության մասին այստեղ իմացանք, Սիրիայում նման բան չկար:
Քմահաճ հայ սպառողն ու արտաքին շուկա դուրս գալու ցանկությունը
Գեւորգ. Հայ սպառողը շատ քմահաճ է եւ մեծ պահանջներ ունի, միշտ ուզում է այնպիսի արտադրանք ստանալ, որ ուրիշը չունենա: Այստեղ ամեն ինչ բոլորովին այլ է. Սիրիայում մարդիկ միայն խնդիր ունեցող ոտքի դեպքում էին պատվեր անում, ընդ որում՝ ընտրությունը ցուցադրված տեսականուց էին կատարում:
Անդրանիկ. Հայերի հետ աշխատելը մի քիչ դժվար է, բոլորն էլ դիզայներներ են, բոլորն էլ հասկանում են այդ գործից ու սիրում են իրենց կարծիքն արտահայտել: Երբեմն իրենց ուզածն այդքան էլ լավ կարող է չստացվել, բայց մինչեւ վերջ այն պնդում են: Առաջին բանը, որ ասում են խանութ մտնելիս՝ պատվեր ընդունո՞ւմ եք:
Աստիճանաբար հարմարվել ենք շուկային, մի քիչ էլ իրենց սովորեցրել մեր աշխատելաոճին:
Գեւորգ. Մենք գիտեինք, որ Հայաստանը փոքր երկիր է, մարդիկ քիչ են ու աղքատ, այդ պատճառով էլ գործը սկսելիս մեր հույսը արտաքին շուկայի վրա էինք դնում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Անդրանիկ. Եթե դրսի շուկա դուրս գալը ստացվի, շատ լավ կլինի, հակառակ դեպքում՝ օրական 3-4 զույգ վաճառելով ոչինչ չի ստացվի:
Գեւորգ. Կոշիկի արհեստը շատ նման է ոսկերիչների աշխատանքին, շատ կարեւոր է լավ ճաշակը: Երբ այն ունես, միշտ ուզում ես ինչ որ բան ստեղծել, մարդկանց նորություն մատուցել: Անշուշտ, պետք է սիրել կատարածդ աշխատանքը, որ եւ հաճույք ստանաս, եւ կարողանաս հացդ վաստակել:
Անդրանիկ. Կոշիկ ստեղծելը շատ գրավիչ գործ է, այնքան սովորելու ու հմտանալու բան կա: Ամեն մի մանրուք գրավում է ինձ, կարող եմ ժամերով աշխատել կոշիկի վրա: Այն գեղեցիկ լինելուց բացի, պետք է նաեւ միաձուլվի ոտքի հետ ու հանգստություն պարգեւի:
Գեւորգ եւ Անդրանիկ Սաֆարների հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: