Եդեմի մեջտեղում՝ «Գորշ գայլերի» ձեռքում. Հին ու Նոր Խարբերդ - Mediamax.am

exclusive
2697 դիտում

Եդեմի մեջտեղում՝ «Գորշ գայլերի» ձեռքում. Հին ու Նոր Խարբերդ


Լուսանկարը` Ա.Յըլդըզ

Լուսանկարը` Ավետիս Հաջյան

Լուսանկարը` Ավետիս Հաջյան

Բերդակը՝ նախքան ջրամբարի կառուցումը
Բերդակը՝ նախքան ջրամբարի կառուցումը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


Եթե Մալաթիայի ու Երզնկայի լեռներն այն վայրն են, ուր դրախտն այդքան իրական ու շոշափելի ես զգում, ապա պատմական Խարբերդը Եդեմի հենց կենտրոնում է ընկած՝ այս աշխարհի դրախտային մասնիկներով լրիվ «շրջափակված»:

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


Հյուսիս-արեւմուտքից՝ Անտիտավրոսյան լեռնաշղթայի հենց ստորոտում փռված ծաղկաշատ Արաբկիրն է ու ավելի վեր՝ առաջին իսկ հանդիպումից երբեք մտքից չջնջվող երանելի Ակնը: Քիչ ավելի հարավ՝ ծիրանագույնի ու Եփրատի ամենաջինջ կապույտի մեջ կորած Մալաթիան, իսկ արեւմուտքից՝ հեքիաթային Դերսիմն ու Արեւելյան Եփրատի հենց սրտում մխրճված, Խարբերդի ու Դերսիմի միջեւ հավասար իրեն բաշխած պատմական Բերդակը, ուր նավարկելու առիթն ունենալուց հետո իսկապես դրախտը տեսածի վստահությամբ ես սկսում ապրել:

Դե իսկ հարավից Խարբերդը գրկում է Ծովքը՝ Արեւմտյան Տիգրիսի ակունքներում ծավալված Խարբերդի «ապակյա» գեղեցկուհի լիճը, որին այսօր թուրքերը կոչում են «Հազար»:
Բերդակը՝ նախքան ջրամբարի կառուցումը Բերդակը՝ նախքան ջրամբարի կառուցումը


Նախկին Խարբերդի վիլայեթի կենտրոնը՝ ներկա Էլյազըղ քաղաքը, որն այսօր արդեն նույնանուն նահանգի կենտրոնն է, կառուցել են 17-րդ դարի սկզբներին՝ Հին Խարբերդ քաղաքից մի փոքր վեր: Ի սկզբանե Մազիրե անունը ստացած քաղաքը բուն Խարբերդից 5 կմ հարավ-արեւմուտք էր ընկած եւ հիմնադրվեց ու աճեց հիմնականում Հին Խարբերդից, Ակնից ու Բալուից եկած հայերի կողմից: Մեմուրեթ ուլ Ազիզ, Մեզրա, Նոր Խարբերդ, Էլ Ազիզ եւ մի շարք այլ անուններով հիշատակված քաղաքը 1937-ին ի վերջո ստացավ Էլյազըղ անունը:

Լուսանկարը` Ավետիս Հաջյան


Այսօր բարձրահարկերերի ու բազմամարդ աղմկոտ պողոտաների անդեմ պատկերներով ասոցացվող Էլյազըղը ժամանակին այլ հարստություններով էր հիշվում. հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին տաճարն ու Սուրբ Սարգիս եկեղեցին, ինչպես նաեւ բողոքական եւ կաթոլիկ մի քանի եկեղեցիները զարդարում էին զարգացած արհեստների ու աշխույժ առեւտրի շնորհիվ օր օրի աճող քաղաքի թաղամասերը: Այստեղ տեղավորվել էին նաեւ 9 հայկական դպրոց, ինչպես նաեւ բողոքական հայերի հիմնադրած, իսկ հետագայում պետականացված ու Էլյազըղում մինչ օրս գործող համալսարանի հիմքը հանդիսացած լեգենդար «Եփրատ» քոլեջը:

1895-ի ջարդերից հետո քաղաքում տեղ է գտել նաեւ ամերիկյան հիվանդանոց, ֆրանսիական ու գերմանական որբանոցներ, որոնք հոգում էին աբուլհամիդյան դժողքի միջով անցած հայերի կարիքները:


Առավել հարուստ է այստեղից հաշված րոպեների հեռավորության վրա գտնվող Հին Խարբերդի «ասելիքը». այն հին հայկական բաղնիքի ավերակների վրա տնկված «Գորշ գայլերի» դրոշակների շնորհիվ դառնում է շատ կարճ, հստակ, ցավոտ ու ավելի քան սթափ:

Օրերի ու դարերի ընթացքում անցնող դարձող բոլորին իր անխախտ լռությամբ ու նախանձելի համբերությամբ նայող բերդը, որի անունով էլ տեղաբնիկները սիրով կոչել են պատմական Ծոփքի այս հրաշալի անկյունը, այժմ կոչվում է Հարփութ, նույն կերպ այստեղ կոչում են այսօր արդեն մասամբ բնակեցված հին քաղաքը:

Մի քանի տարի առաջ ավտոկայան դարձած, իսկ այժմ էլ քաղաքապետարանի խոստացած վերակառուցմանը համբերատար սպասող հայ բողոքական Սուրբ Մարիամ Աստվածածնի՝ առանց կտուր մնացած բարակ, կարծես ամեն րոպե մեծ աղմուկով վայր ընկնելու պատրաստ, բայց մեր հիշողության խորությունը ստուգող պատերը կանգնած են Հին Խարբերդի չորս խոշոր հայկական թաղամասերից մեկի հենց մեջտեղում:

Լուսանկարը` Ա.Յըլդըզ


1880-ին այստեղ հիմնադրված թատրոնի, ինչպես նաեւ նույն տարում այստեղ բացված տեղական տպարանի շենքը ժամանակակից խարբերդցիները դժվարանում են մատնանշել, մինչդեռ 1909-1914-ին այստեղ ամեն շաբաթ լույս տեսնող հայկական թերթի անունը շատ խորհրդանշական էր՝ «Ամենուն համար»:


Ըստ 1878 թվականի Պոլսո Հայոց պատրիարքարանի՝ իր ենթակայության տակ գտնվող բոլոր թեմերին հանձնարարած բնակչության մարդահամարի, Խարբերդի ամբողջ գավառակում հայերի թիվը հասնում էր 42 766-ի, թուրքերինը՝ 35 676-ի: Գավառակում ապրում էր նաեւ 28816 սուննի քուրդ եւ 3220 ղըզըլբաշ/ալեւի:

Հատկանշական է, որ ասորական համայնքը, որն, ի տարբերություն տեղի հայերի, այսօր ունի Էլյազըղում գործող եկեղեցի, 19-րդ դարավերջում ունեցել է ընդամենը 740 հոգի բնակչություն, այն էլ՝ Հին Խարբերդում ու դրան հարակից գյուղերից մեկում միայն:


Ի դեպ՝ Խարբերդի հայությունը նույնպես գլխավորապես դեպի մեծ քաղաք էր ձգտում, ի տարբերություն հարեւան թուրքերի: Ըստ օսմանյան պաշտոնական արխիվների՝ եթե 1914-ի դրությամբ Հին Խարբերդի շուրջ 4250 հայերը քանակապես զիջում էին այստեղ ապրող մոտ 8700 թուրքերին, ապա վիլայեթի կենտրոն Էլյազըղում 4500-ի հասնող հայերը ավելի քան մեկուկես անգամ գերազանցում էին մահմեդական բնակչությանը: Հին ու Նոր Խարբերդների միջեւ ընկած Հուսեյնիկ գյուղում հայերի թիվը գերազանցում էր 6000-ը, իսկ Էլյազըղի հարեւան Քեսիրիկում հասնում 2300-ի: Այսպիսով՝ Հին ու Նոր Խարբերդների միջեւ ընկած ընդամենը 5 կմ-ի երկայնքով տեղի հայերի բնակչությունը 17 000-ից ավելին էր:  

Թե ուր են հասել պատմական Խարբերդի փրկված հայերը՝ հուշում են Հայաստանում դրա անունը կրող ժամանակակից բնակավայրերը: Իսկ, թե ովքեր, ինչպես եւ հանուն ինչի շարունակեցին ապրել իրական Խարբերդում՝ հարցրեցինք ու լսեցինք Պոլսի հայաշատ թաղամասերից մեկում, խարբերդցի պարոն Ավետիսի արհեստանոցում:

Ավետիս, 65 տարեկան, Ստամբուլ

«Էլյազըղում, հայեր, իհարկե, կան: Ինքս անձամբ երկու հորաքրոջ աղջիկ ունեմ հիմա այնտեղ, ամուսնացած չեն: Կա, մի 7-8 տուն կա:

Մեր անունները բոլորինս հայերեն էր, էլյազըղցի հայերը երեխային թուրքական անուն դնելու սովորություն չունեին: Անդրանիկ, Մարգար, Կարապետ, Զաքար, Աղավնի, Լուսիկ… Կային որոշ ընտանիքներ, որոնք թուրքական անուններ էին դրել երեխաներին, բայց դրանք այն ընտանիքներն էին, որոնք 1937-ի բռնագաղթին էին ենթարկվել: Տեղահանվել, հետո վերադարձել էին: Աքսորավայրում, օտար միջավայրում ստիպված թուրքերեն են կոչել երեխաներին, վերադառնալուց հետո էլի հայկական ինքնությամբ էին ապրում, բայց այդ անունները մնացին: Կոնյա եւ այլ վայրեր աքսորվողներ կային, միշտ թուրքական անուն էին օգտագործում:

Զատիկի պահքը պարտադիր պահվում էր մեզանում: Մինչեւ Աստվածածնի տոնը խաղող չէինք ուտում: Պատկերացրու՝ նստած ենք այլազգի ընկերների հետ, խաղող է դրվում սեղանին, չէի ուտում: Մի պատճառ հորինում էի: Բայց, իհարկե, բոլորն էլ գիտեին, որ հայ ենք: Հնում Խարբերդը շատ քաղաքակիրթ տեղ էր: Մարդիկ փողկապով էին զբոսնում, կանայք իրենց հագուստի ընտրության մեջ ազատ էին: Հիմա ամեն ինչ փոխվել է, մեր ժամանակվա ազատությունը չկա:

Լուսանկարը` Ավետիս Հաջյան


Հայկական դպրոց իմ ժամանակ չի եղել արդեն, գործող եկեղեցի՝ նույնպես: Հայերը հիմնականում ասորական եկեղեցի են գնում: Իհարկե՝ մենք իմ մանկության տարիներին էլ էինք արդեն ասորական եկեղեցուց օգտվում: Խարբերդում բերդի տակ մի հայկական եկեղեցի եղել է, հիմա բանալին ասորական համայնքից մեկի ձեռքին է: Ներսում հայերեն արձանագրություն կար: Վերջերս ասորի ծանոթներիցս մեկն ասում է՝ «Դա ասորական եկեղեցի է»: Ականջներիս չեմ հավատում… Ասում եմ՝ «Էս ի՞նչ ես խոսում»… Ինքն էլ, թե՝ «Չէ, մերն է»: Այդ եկեղեցին իմ մանկության տարիներին միայն Աստվածածնի տոնին էր բացվում: Քահանա չկար: Երբեք էլ չի եղել, ինչ ինձ հիշում եմ: Կնունքները Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսից եկող քահանան էր իրականացնում, ոմանք էլ ասորական եկեղեցում էին կնքվում: Մեր ընտանիքում, օրինակ, մկրտությունները բացառապես Դիարբեքիրից եկած հայ քահանայի կողմից են իրականացվել: Հիմա դա էլ չկա: Այս պատմածներս հաշվիր մոտ 50 տարի առաջվա վաղեմության են, երբ ես փոքր երեխա էի: Իմ մանկության տարիներին Էլյազըղում մենք՝ հայերս, քիչ չէինք, ահագին մարդ կար: Չեմ կարող թիվ նշել, բայց տոներին, օրինակ, երբ բոլորս միասին գնում էինք Վարդավառ կամ այլ տոն նշելու, հաստատ մի 2-3 մեծ ավտոբուս կայինք միայն մեր թաղամասով: Բայց երբ համայնքը նոսրանում է՝ քահանա ուղարկելու կամ նման արարողակարգերի պահանջն էլ հօդս է ցնդում: Մեր ժամանակ անգամ մեր մեջից մի մարդ կար, որը օծված քահանա չէր, բայց գիտելիքն ուներ, Սուրբ գրքին տիրապետում էր, անգամ մահացածների հոգեհանգիստն ինքն էր անցկացնում: Հայերս, իհարկե, առանձին գերեզմանատուն ենք ունեցել: Մի հին գերեզմանատուն կար, որը ոչնչացվեց, իմ հոր գերեզմանն էլ էր այնտեղ: Սակայն այժմ հայ համայնքը մեկ այլ հայկական գերեզմանատուն է օգտագործում՝ Էլյազըղի գյուղերից մեկում:

Բուն Էլյազըղ քաղաքում Նաիլբեյ կոչվող թաղամասում հատկապես շատ էին հայերը: Դերձակ Վահանը կար, մոտ 60 տարի առաջ է ապրել Էլյազըղում, Փարիզում ուսում էր ստացել եւ վերադարձել: Բոլորը գիտեին նրան, ինչ-որ տեղի ուղղություն տալիս ասում էին՝ դերձակ Վահանի կողքը, դերձակ Վահանի խանութը չանցած, դերձակ Վահանից մի քիչ ձախ, եւ այլն:

Հայերն, անշուշտ, միայն քաղաքում չէին: Էլյազըղը շրջապատող մի շարք գյուղերում էլ շատ հայ կար, բավականին շատ: Մինչ ցեղասպանությունը, դե էլ չասեմ, բոլորն էին հայ: Խարբերդում միայն գիտես քանի-քանի հայկական եկեղեցի կար…  

 «Մեր հին ազգանունը»

Հայրս մեզ հաճախ էր տանում զբոսնելու հին Խարբերդով, ցույց էր տալիս՝ սա ֆրանսիական որբանոցն էր, սա այս էր, սա այն էր: Հին թաղամասի բաղնիքի ավերակը տեսե՞լ ես, այ դրանից ներքեւ, պատկերացրու, ամբողջը բնակելի թաղամաս էր, անթիվ տներ: Իհարկե՝ քո գնացած ժամանակ արդեն ոչինչ մնացած չի եղել հին Խարբերդից, դու ավերված վիճակն ես տեսել, մենք մի փոքր ավելի հին տեսքը դեռ հիշում ենք:   


Ձորի ներքեւով որ իջնես՝ Հուսեյնիք գյուղը կա, մաքուր հայկական գյուղ է: Բերդակ չհասած Թիլ գյուղ ունեինք, այնտեղ էլ մի եկեղեցի ունեինք, Վարդեվորին այնտեղ էինք հավաքվում: Հետո, երբ ջրամբարը սարքեցին, այդ գյուղն ամբողջությամբ մնաց ջրի տակ: Թիլ գյուղը պատմական հայկական գյուղ էր, թեեւ այդ ժամանակ արդեն հայ բնակչություն չուներ: Մենք եկեղեցու համար էինք գնում այնտեղ, ուխտատեղի էր: Հենց այգում էլ վրանները խփում քնում էինք, շաբաթ կիրակի տոնում, երկուշաբթի վերադառնում քաղաք: Դիմացը գետ կար, Վարդավառին մտնում էինք գետը, միմյանց ջրում, ձուկ էինք բռնում, գնում եկեղեցի, մոմերը վառում, աղոթքն անում: Գյուղացիները մաքուր էին պահում եկեղեցին, խնամում էին: Նույնիսկ պատմում էին, թե սկզբում խոտի պահեստ են դարձրած եղել, մի առավոտ էլ արթնացել, տեսել են՝ խոտը դրսում է: Վախեցել են, ասել՝ սա սուրբ տեղ է, սկսել են մաքուր պահել: Իհարկե, դրանք լեգենդներ են, ամենայն հավանականությամբ մեկը գնացել, խոտը դուրս էր հանել:


Մենք Մազգիրտից (Մեծկերտ) ենք եկել, Դերսիմից: 1937-ի ջարդերի ժամանակ ենք տեղահանվել: Պապիս գյուղն այնտեղ էր, ինքն էլ գյուղի աղան էր: Հայրս ասում էր՝ ոտաբոբիկ, գլխաբաց եկանք Էլյազըղ: Մեր հողը մեր ձեռքից վերցրել էին, մերոնց աքսորել: Տարիներ անց հայրս իր հարազատ գյուղի կողքով անցնելիս իր իսկ տնկած ծառից ցանկացել է միրգ քաղել, հրացանով քշել են: Ողորմած հայրս գրեթե չէր պատմում այս մասին: Վախից չէր, պարզապես չէր ուզում մեր մեջ քեն հավաքվեր այլոց հանդեպ: Չէր պատմում: 1960-ականներին ես պապիկիս գյուղի դիմացի գյուղ աշխատելու էի գնացել: Գետի այս մյուս ափը: Դե, տարեց մարդիկ կային, գալիս էին, մոտենում, զրուցում: Մի օր ասացին՝ «Որտեղացի՞ ես»: Ասացի, որ Էլյազըղից եմ, բայց մեր արմատները Մազգիրտից են, այս կողմերից: Հարցրեց, թե ում թոռն եմ, ում տնից ենք: «Քեյեյաններն ենք», ասացի: Իհարկե, դա մեր հին ազգանունն է: Գիտես, որ 1934 թ.-ի օրենքով Թուրքիայում բոլոր փոքրամասնությունների ազգանունները փոխվեցին: Մարդը զարմացավ: Ասաց՝ «Դու Կարապետ աղայի թոռն ե՞ս»: Տեսնեմ՝ լաց է լինում… Մարդը մուսուլման է, այլազգի: Ձեռքիցս բռնեց, տարավ մի բարձունք: Դիմացը մեր գյուղն է, ներքեւում՝ Մնձուր գետը: Ասաց՝ «Այս դիմացի գյուղը տեսնո՞ւմ ես, ձեր գյուղն է»: Ասացի՝ «Գիտեմ»: Ասաց՝ «Էս ամենը ձերն էր»: Ասացի՝ «Դա էլ գիտեմ: Դու ո՞վ ես»: Պարզվեց, որ պապիս մոտ է աշխատել: Ամեն ինչ մանրամասն պատմեց: Բոլոր եկող գնացող պաշտոնյաները պապիս տանն էին հյուրընկալվում, գրեթե ամեն օր մի ոչխար էր մորթվում: Մերոնց գնալուց հետո այս մարդն էլ կողքի գյուղ է տեղափոխվում, նույն տեղում չի մնում: Ի վերջո՝ մեզ մի շաբաթ որպես հյուր պահեց իր տանը, վերջում էլ հեռախոսահամար տվեց, ասաց՝ «Իմ երկու տղաները քաղաքում են, մեկը ոստիկան, մյուսը՝ ենթասպա: Խոսք տուր, որ եթե մի բան պատահի՝ կզանգես իրենց»: Ավելի ուշ բանակ զորակոչվեցի, հետո տեղափոխվեցի Ստամբուլ, եկա այստեղ,այդպես էլ չզանգեցի»:

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին