Լուսինե Համբարյան. «Հայաստանը ես եմ» - Mediamax.am

3285 դիտում

Լուսինե Համբարյան. «Հայաստանը ես եմ»


Լուսինե Համբարյան
Լուսինե Համբարյան

Եթե անգամ արևը թաքնվի 7 սարի հետևում, ու երկինքը կուրանա, եթե անգամ ջուրը խառնվի հողին ու կուլ տա սարերը, եթե անգամ օդը ծանրանա կոպերիս ու սեղմի կոկորդս, ես` հայս, կկանգնեմ թանձր ջրի անդիմագիծ դեմքին ու թափ կտամ գիշերը ոտքերիցս, կուլ կտամ ամբողջ օդը ու կսկսեմ թռչել:

Ու որովհետև ես նման եմ հողին, բայց ավելի ամուր եմ, որովհետև նման եմ սարերին, բայց ավելի համառ եմ, կբարձրանամ երկնքի կույր աչքերին ու կդառնամ լույս, կկանգնեմ շուրթերին, կդառնամ ձայն... ու կկանչեմ ջրի հատակին քնած հայ եղբայրներիս:

Եթե անգամ եղբայրներս չարթնանան ձայնից, ես կբազմապատկեմ ձայնս ու կալեկոծեմ անշարժացած ջուրը, ալիքների հետ կտարածվեմ, կշոյեմ եղբայրներիս փափուկ վարսերը ու կշշնջամ բոլոր շշուկները... Ես բազում թևերովս կգրկեմ նրանց ու դուրս կհանեմ տիղմոտ խորքերից:

Ու եթե անգամ ջուրը կատաղի ու ամուր բռնի մեր թաց ոտքերը, ես, միավորված իմ եղբայրներով, հազարապատկված իմ հզորությամբ, կքամեմ ջուրը խորտակված հողից, կազատեմ բոլոր սարերը բանտարկյալ ու կգոռամ.

- Հայաստանը ե՜ս եմ...

Եթե անգամ լույսս սպառվի երկնքի աչքերից, ես, տրորելով մթությունը ճանապարհիս, կվազեմ փնտրելու արևը: Հևիհև կբարձրանամ ու կիջնեմ բոլոր 7 սարերը...

Եթե անգամ արևը չցանկանա գալ ինձ հետ, եթե անգամ չկարողանամ համոզել նրան, կմոտենամ նրա ձեռքերին ու կվառվեն ձեռքերս, կմոտենամ նրա աչքերին, կվառվեն աչքերս...

Իսկ հետո, հետո ամբողջովին այրված` կմոտենամ նրա սրտին ու վերջին շունչս կբաշխեմ նրան...

Ու նրա սիրտը, իմ շնչով լցված, կգրկի արևին ու կբարձրանա, կբարձրանա բոլոր սարերից էլ վեր, կհասնի երկնքին, կհամբուրի կույր աչքերը նրա ու լույս կդառնա` հավերժական լույս նրա աչքերին:

Ու ամեն անգամ, երբ սեր կաթկթա անհուն երկնքի մեծ ու բաց սրտից, ես էլ սիրո հետ կիջնեմ իմ հողին, ամուր կգրկեմ երկիրս ամբողջ ու եղբայրներիս արև-աչքերը... Աչքեր, որոնք ներշնչում են կյանք, արտաշնչում սեր ու անմահություն:

Ու եղբայրներս, սարերը բոլոր, ես ու արևը, երկինքը անծայր, ջուրն ու հողը մեր, միմյանց ձեռք բռնած, մի շունչ կդառնանք ու մի Հայաստան:




Մեր ընտրանին