Ծովինար Կոստանյան. «Հայաստանը ես եմ» - Mediamax.am

2866 դիտում

Ծովինար Կոստանյան. «Հայաստանը ես եմ»


Ծովինար Կոստանյան
Ծովինար Կոստանյան

Եվ կանգ առավ տապանը յոթերորդ ամսին,
ամսվա յոթերորդ օրը,
Արարատ լեռան գագաթին…
(Լինելություն, գլ. 8:4)

Ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը:
(Ու.Գլադսթոն)

Հայաստանը ես եմ:

Հպարտության և վեհության աննկարագրելի զգացում է պարուրում ողջ էությունս, երբ շուրթերս արտասանում են այս սուրբ բառը` Հայաստա¯ն… Մա¯յր Հայաստան… Ազա¯տ Հայաստան… Անկա¯խ Հայաստան… Հզո¯ր Հայաստան… Հպարտ և աստվածայի¯ն Հայաստան: Սիրում եմ քեզ: Սիրում եմ հոգուս ամեն մի բջիջով: Դու ես իմ հոգին, անհաղթ հայրենի¯ք: Աստվածատուր հող… քո օդն ու ջուրն են ինձ կյանք տվել, սնուցել:

Հայաստանը ես եմ:

Աշխարհի ոչ մի ծագում արևն այնքան վառ չի ճառագում, արևի երկիր, գունազարդ Հայաստան: Իմ խոցված, բայց անկոտրուն հայրենիք, դարեր շարունակ ենթարկվել ես բարբարոս թշնամու հալածանքներին, բայց մնացել ես անսասան քո զավակների տոկունության ու հզոր մշակույթի շնորհիվ, մնացել ես անսասան և ապացուցել, որ արժանի ես ապրել ազատ ու անկախ:

Հայաստա¯ն, ողջ մարմինս լի է անսպառ և առաքինի եռանդով, որի աղբյուրը դո°ւ ես: Հայաստա¯ն իմ, հպարտ եմ, որ ինձ պատիվ է ընձեռնվել ծնվել քո սուրբ հողի գրկում… լինել քո զավակը…  Հավատա° մեզ, մա°յր հող:

Հայաստանը Մենք ենք` երիտասարդ սերունդը, որ մեծացել է ազատ և անկախ: Երդվում ենք արժանի լինել հայ կոչվելուն, երդվում ենք քաջաբար պայքարել և զոհվել քեզ համար: Հայաստա¯ն իմ չքնաղ, դու ամեն մանկան հետ նորից ես ծնվում, ապրում յուրաքանչյուր հայի աչքերում: Մենք ձուլված ենք իրար: Դու կապրես հավերժ:

Չնայած աղջիկ եմ, բայց երդվում եմ, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքս կվերցնեմ: Ես կիմանամ, որ պաշտպանում եմ հնագույն պատմություն և մշակույթ ունեցող մի երկիր, որը քաղաքաքկրթության օրրանն է, կիմանամ, որ պաշտպանում եմ իմ ժողովրդի ավանդույթները, մեր հավատքն ու պատիվը: Քեզ ծառայելը իմ կոչումն է:

Իմ քաջ հայրենիք, մենք չենք հավատում թշնամու կողմից ներարկվող սին գաղափարներին` իբր մենք թույլ ենք և որ մեզանում բացակայում է միասնականության զգացումը: Դա զրպարտանք է: Մենք ուժեղ ենք, բարոյապես ու ֆիզիկապես կայուն, և հպարտ, ինչպես Քո խրոխտ լերները: Այս դարը քանակով չի չափվում` այն որակի, մտավոր զարգացման ու ներուժի դար է, և ապագան մերն է:

Հայաստանը ես եմ, դու ես, բոլորս ենք, ողջ մեր հզոր ազգը: Սիրելու, պատվելու և խոնարհվելու ենք Քո առջև: Պայքարելու ենք մեր նախնյաց նվաճումների համար: Պայքարելու ենք մեր երեխաների արժանի ապագայի համար:

Վաղվա օրը մե’րն է:




Մեր ընտրանին