Անահիտ Պողոսյան. «Հայաստանը ես եմ» - Mediamax.am

2178 դիտում

Անահիտ Պողոսյան. «Հայաստանը ես եմ»


Անահիտ Պողոսյան
Անահիտ Պողոսյան

Ամեն աշուն Հայ ազգի համար գալիս է մի օր, երբ պետության անցյալը հանդիպման է գալիս ներկայի հետ՝ քննարկելու անցած ճանապարհն ու նախանշելու ապագան: Այն ապագան, որի նկատմամբ անհանգիստ անորոշությունն էր պատել Քե՛զ սուրբ իմ երկիր, դեռևս քսան տարի առաջ: Իսկ հիմա, երբ նենգ թշնամու խղճուկ քայլերը լոկ առհամարական ժպիտ են առաջացնում, իսկ առջևում արև է, Ես՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիս, համոզված ասում եմ, որ մեզ հաջողվեց: Այո՛, հաջողվեց բարձր պահել նախնիների պատիվը՝ պաշտպանելով, որպես արդար ժառանգություն մեզ հասած սուրբ հողը, և վերականգնելով մեր ազնվական անկախությունը:

90-ականների կեսերին, երբ ցանկացած հետխորհրդային երկրի մանուկ ուրախության, հրճվանքի պահին «ուռա՜» էր գոռում, ես իմ տարեկից երեխաների հետ բակում խաղալիս, ուրախանալիս «Ղարաբաղը մերն ա՜» էի գոռում... գուցե առանց հասկանալու, գուցե մեծերից լսած, բայց դա էր մեր բոլորիս արյան մեջ խոսում...  Ու այսօրվա մանուկն արդեն քաջ գիտի, որ «մերն ա», բա էլ ու՞մը պետք է  լիներ:

Այսօր, մեր Մեծ Տոնի շեմին, պետք է գիտակցենք, որ տատասկ ճանապարհի այս կետում ունենք պետություն, որը երեկվանից հզոր է, երեկվանից կանգուն և ավելի հզոր ու կանգուն է լինելու վաղը: Հզոր է լինելու իր արծիվ զինվորներով, իր մեծ գիտական ներուժով, զարգացող տնտեսությամբ, մեզանով՝ ներկա ու ապագա դիվանագետներով,  մեր սփյուռքի և Արցախի քույրերով ու եղբայրներով, բոլոր այն մարդկանցով, ում հայրենասիրությունը զգացմունքի լոկ կարճատև պոռթկում չէ, այլ հանգիստ, հաստատուն նվիրվածություն, որ կյանք է տևում:

Մեծագույն հարգանքի է արժանի այն ազգը, որը տեսել է տառապանք, ունեցել է կորուստներ, բայց պայքարով իր վեր խոյացող ուղին է գտել մթությունից: Իմ Սու՛րբ Երկիր, դու տեսել ես ամեն ինչ և առաջ ես գնում հպարտ, հաստատուն քայլերով՝ հաղթանակի լուսաշող թագը գլխիդ և արժանապատվության թիկնոցն ուսերիդ: Եվ չկորցնելով զգոնությունը՝ առաջ ես գնալու, ետևում թողնելով նենգին, չարին, նախանձին, տեսածդ բոլոր գորշ օրերը, ապրածդ բոլոր կսկիծները:  Ազատության սուրբ լույսով պատված ես առաջ գնալու՝ շարունակելով լինել հույսի փարոս սփյուռքի զավակներիդ համար:

Իմ իմաստուն ազգ՛, հպարտ եղիր ինձանով, իմ քույր-եղբայրներով, իմ ընկերներով, քանզի ես եմ Հայաստանը, նրանք են Հայաստանը, քանզի մեր սրտին միացող ամեն  երակ ուժ է առնում Հայոց սուրբ հողից, ուրեմն հպա՛րտ եղիր Քո Մայր Երկրով, որ Նա էլ հպարտ լինի Քեզանով:

Ծնունդդ շնորհավո՛ր, անկա՛խ Հայաստան, մեր բոլորիս ծնունդը շնորհավո՛ր, օրհնվի Հայոց Երկիրը և անկախ հանրապետության հպարտ քաղաքացին:




Մեր ընտրանին