Ես հայ եմ:
Մի փոքրիկ ու տաղանդաշատ ժողովրդի զավակ: Հպարտ եմ, որ հայ եմ, որովհետև իմ ժողովրդի պատմությունը լի է հերոսական էջերով: Մենք սիրել ենք խաղաղ երեկոները, թոնրի ջերմությունը, գութանի երգը արտերի մեջ:
Բայց դժվարին պահերին զենք ենք վերցրել ու համառ և հաստատուն կանգնել ենք թշնամու դեմ: Կանգնել ու հաղթել ենք, նորից շենացրել մեր տունն ու այգին:
Այսպես անցել են ժամանակներ: Անհետացել են շատ ազգեր, իսկ մենք կանք: Ապրում ենք` աշխարհին ապացուցելով, որ վաստակել ենք այդ իրավունքը:
Քուռկիկ Ջալալին է եղել մեր ընկերը: Թլոլ Դավթի պես բարի ենք եղել ու միամիտ: Բայց և նրա պես արդար և քաջազուն:
Այսպես ենք ապրել:
Թշնամու դեմ կռվելով պահել ենք մեր լեզուն, մեր երկիրը, մեր ավանդույթները:
ԵՎ այսօր նշխարաչափ, արևաշող ու ձյունահոտ այդ երկիրը հասել է ինձ, իմ սերնդին: Ես չեմ տա իմ երկիրը ոչ ոքի: Ես նրա դուստրն եմ, նրա նվիրյալ զավակն ու նրա պահապան զինվորը:
Փոքրիկ էի, երբ մտա տատիկիս նկուղը: Կիսամութ ու փոշոտ անկյուններից մեկում մի նկար տեսա, որն ինձ տխուր և գեղեցիկ թվաց:
Սրբատաշ ավերակների մեջ նստած հերարձակ գեղեցկուհին հոգնել էր ողբալուց: Նրա փոխարեն իրենց քարեղեն լեզվով խոսում էին շրջապատի ցաքուցրիվ բեկորները:
Ես փոքրիկ էի, և ինձ համար դժվար էր հասկանալ տատիկիս արցունքները:
Իսկ նկարը կոչվում էր <<Մայր Հայաստան>>:
Տարիներ են անցել: Տատիկս չկա: Ես արդեն քսան տարեկան եմ:
Իմ սերունդը դժվար մեծացավ` կտրոնով հացի հերթերի մեջ դասերը սովորելով, նավթավառի թունոտ բոցերի մեջ տեսնելով ականների պայթյունը, տանկերի դղրդոցը, երազելով մեր հաղթանակն ու երկրի արևոտ ապագան:
Մենք մեծացանք մեր երկրի հետ:
Ես և իմ ազատ երկիրը ոտքի կանգնեցինք միասին և հաստատուն ու վստահ քայլում ենք առաջ: Քայլում ենք պատանեկան երազանքներով ու անխոնջ եռանդով:
Ես` քսանամյա ուսանող աղջնակս, իմ անկախ ու ազատ երկրի հասակակիցն եմ:
Ես անսահման հպարտ եմ, որ հայ եմ, որ սովորում եմ Հայաստանի լավագույն համալսարաններից մեկում, իմ գիտելիքներով, կարողություններով նպաստելու եմ իմ ժողովրդի առողջությանը, զորացմանը:
Ընկերներիս հետ կառուցելու եմ իմ հրաշք երկիրն ու ապագան, լսելու եմ նրա մեծ սրտի ջերմ թրթռոցը, մուրճերի զնգոցին խառնված համակարգիչների կտկտոցը, եկեղեցական զանգերի սրբասուրբ ղողանջները, քարերին ծաղկած լուսածիր շատրվանների մրմունջը, արևի տաքուկ համբույրից շիկնող մրգերի հյութեղ շշուկը:
… Տե~ր աստված, այս ամենն իմն է, իմը …
Իմն են նորաբաց ակոսի զգլխիչ բույրը, ոսկեհուռ հասկերի խշխշացող աղոթքը, կանաչ-կարմիր դաշտերի հասունացող տքնությունը, զմրուխտ այգիների փափուկ սոսափը, երկնաքեր, վարդագույն շենքերի քարե ճախրանքը, կամուրջների վսեմ կամարները, հնձաններից արցունք-արցունք գլորվող անապակ կաթիլների բուրմունքը, կապուտակ Սևանի լուսե խայտանքը, արծաթահեր մատյանների ազնվաշող գրերը, Բյուրականի աստղածոր երկնքի անհաշիվ աստղերը, ողջ Հայաստան աշխարհը…
Ես եմ այս ամենի տերը: Ես և իմ սերնդակիցները: Մենք ենք մեր ամուր ու տաք մատների մեջ պահելու այս փոքրիկ, փխրուն ու թրթռացող կյանքը, որ կոչվում է հայրենի հող, հայրենիք, Հայաստան:
Մենք ենք լույսը, հույսն ու հավատը աշխարհասփյուռ հայության: Մեզնից է կախված նրա ապագան, հզորությունը:
Այո’, ես եմ Հայաստանը, իմ շեն գյուղերը, բարետես քաղաքները, ընկերները, ծանոթ-անծանոթ մարդիկ, նրանք բոլորը ես եմ, իմ հայ ժողովուրդը:
Իմ մանկությունից տարիներ են անցել, հիմա ես գիտեմ, թե ինչ էր պատկերված մանկական հուշերիս այն նկարում: Գիտեմ և հասկանում եմ, որ մենք արդեն քսան տարի ոտք ենք դրել այն ճանապարհին, որը տանում է դեպի մեր տարաբախտ հայրենիքը, դեպի այն սրբատաշ, փորագիր քարերը, որոնց վրա մեր քաղաքների նշխարված անուններն էին:
Մենք ենք հավաքելու այդ քարերը և շենացնելու ենք այդ քաղաքները: Գիտեմ նաև, որ այդ ճանապարհն անցնում է մեր վերածնված երկրով, շողշողափայլ Երևանով, Ծիծեռնակաբերդով, Սարդարապատի հուշահամալիրով և հասնում է աշխարհի ամենահեռավոր անկյունը, ուր թեկուզ և մեկ հայ կա:
ՈՒրեմն, նա իմ կողքին է, ես` նրա կողքին:
Մենք մեկ ենք, միասնական, միակամ, որովհետև ես և նա հազարամյա և պատանի, արյունով սնված հայոց հողն ենք, հայոց հույսը, ապագան:
Մենք ենք անկախ և ազատ Հայաստանը, ողջ հայությունը: Ես` նրանցից մեկը:
ՈՒրեմն` Հայաստանը ես եմ: