Աննախադեպ մրցանակ «Հայաստանը ես եմ» մրցույթի հաղթողին - Mediamax.am

26673 դիտում

Աննախադեպ մրցանակ «Հայաստանը ես եմ» մրցույթի հաղթողին



Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Անկախության 20-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովը եւ Մեդիամաքսը ներկայացնում են «Հայաստանը ես եմ» մրցույթը, որին կարող են մասնակցել Անկախության հռչակման եւ Անկախության հռչակագրի ընդունման տարեկիցները` 1990-91թթ. ծնված երիտասարդները:

Մրցույթն ունի մեկ աննախադեպ մրցանակ` հաղթողը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին կուղեկցի արտասահմանյան այցերից մեկի ժամանակ:

Մրցույթի մասնակիցներն իրենց ընտրությամբ կարող են ներկայացնել.

- Էսսե (շարադրություն) (առավելագույն ծավալը` 500 բառ կամ 1.5 էջ)` «Հայաստանը ես եմ» թեմայով;
- Լուսանկար կամ լուսանկարների շարք (մինչեւ 6 հատ լուսանկար)` «Հայաստանը ես եմ» թեմայով;
- Տեսահոլովակ (առավելագույն տեւողությունը` 3 րոպե)`«Հայաստանը ես եմ» թեմայով:

Մրցույթի պայմանները

- Մրցույթին կարող են մասնակցել 1990-91թթ. ծնված ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր մրցույթի անցկացման պահին բնակվում են ՀՀ-ում: Մրցույթին կարող են մասնակցել նաեւ 1990-91թթ. ծնված ՀՀ այն քաղաքացիները, որոնք մրցույթի անցկացման պահին գտնվում են արտերկրում ուսման նպատակով` համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում:

- Հեղինակները պետք է երաշխավորեն, որ ներկայացված աշխատանքների հեղինակային իրավունքներն իրենց են պատկանում: Հեղինակային իրավունքների խախտման դեպքում մասնակիցը կորակազրկվի:

- Աշխատանքները չպետք է ունենան քաղաքական երանգ եւ որեւէ կերպ մատնանշեն հեղինակի հնարավոր քաղաքական պատկանելությունը, հնարավոր անդամությունը քաղաքական կուսակցություններին:

- Մրցույթը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին, աշխատանքների ընդունումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 20-ը (ներառյալ);

- Աշխատանքները հարկավոր է ուղարկել contest@mediamax.am հասցեով:

Աշխատանքին կից անհրաժեշտ է ներկայացնել.
- մասնակցի անձնագրի պատճենը (մասնակցի տարիքը եւ բնակության վայրը հաստատելու համար);
- մասնակցի մեկ լուսանկար (աշխատանքի հետ հրապարակման համար);
- մասնակցի հեռախոսահամարը;

Այն աշխատանքները, որոնք կներկայացվեն առանց անձնագրի պատճենի, լուսանկարի եւ հեռախոսահամարի, մրցույթին չեն մասնակցի:

- Ստացված բոլոր աշխատանքները կհրապարակվեն Մեդիամաքս-ի կայքում բացված հատուկ`http://www.mediamax.am/am/specialprojects/contest/ բաժնում,    
բացառությամբ այն աշխատանքների, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանի մրցույթի պայմաններին եւ տրամաբանությանը, կպարունակեն թեմային չվերաբերող պնդումներ եւ նյութեր, վիրավորական արտահայտություններ:

- Մրցույթի ընթացքին ու ստացվող աշխատանքների հրապարակմանը, ինչպես նաեւ հետադարձ կապի պահպանման համար անհրաժեշտ է գրանցվել Facebook սոցիալական ցանցի Մեդիամաքսի էջում ` https://www.facebook.com/Mediamax.am;

- Մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի սեպտեմբերի 26-ին;

- Մրցույթի հաղթողին կորոշի ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովի եւ Մեդիամաքսի կազմած համատեղ ժյուրին;

- Այն դեպքում, եթե ժյուրին չի ճանաչի բացարձակ հաղթողին, ժյուրին իրեն իրավունք կվերապահի հարցազրույցի հրավիրել լավագույն աշխատանքների հեղինակներին` հաղթողին ընտրելու համար:

- Մրցույթն ունի մեկ մրցանակ` հաղթողը կուղեկցի ՀՀ նախագահին դեպի արտերկիր կատարվելիք այցերից մեկի ընթացքում: Այցելության երկրի ու այցի ժամկետների մասին մրցույթի կազմակերպիչները կհայտնեն լրացուցիչ:

ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովը եւ Մեդիամաքսը հաջողություն են մաղթում բոլոր մասնակիցներին:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին